ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆԻ «ԴՐԱԽՏԻ ՇԵՄԸ» ՇԱՐՔԸ
Նանար ՍԻՄՈՆՅԱՆ
Բան. գիտ. թեկնածու
Ռոբերտ Եսայանն ինքնատիպ մտածողության ու գեղագիտության արվեստագետ է: Նրա պոեզիան ներծծված է քնարականությամբ, փիլիսոփայական ընդհանրացումներով և նուրբ զգացմունքայնությամբ: Կարդալով վերնագիրը` «Արամորդու գիրը», հիշեցի ամերիկահայ գրող Հակոբ Կարապենցի «Ադամի գիրքը» վեպը, քանզի նույն անկեղծ ապրումն ու նախամարդու մաքրություն են երազում և՛ Արցախում ապրող ու ստեղծագործող Ռոբերտ Եսայանը, և՛ հեռավոր ամերիկաներում հայրենիքի կարոտն իր ստեղծագործություններում անթեղած Հ. Կարապենցը: «Արամորդու գիրը» նոր մտահղացման արդյունք է: Գրքի «Դրախտի շեմը» շարքում վաթսունի շեմին հասած բանաստեղծն իր սրտի խորքերից խոսք է բացում աստվածապարգև ու առեղծվածային սիրո ապրեցնող հույզերի մասին: Շարքը գրված է Հին Կտակարանի «Երգ-երգոց»-ի շնչով.
Թող քո շուրթերով սահի հայացքս,//որպես գաղտնաբառ.//այդպես բողբոջի շուրթով սահում է սարսուռը լույսի,//և ծաղիկներն են բացվում համբույրից հրեշտակների…
Բանաստեղծի համար դրախտի շեմը սիրելիի անունն է, նրա ջերմ համբույրն ու առեղծվածային ժպիտը, նրա լույս հայացքն ու տաք մարմինը: Ռոբերտ Եսայանը երազում է շողի նման թեթև արթնանալ և Սիրո լույսն ամբողջ տիեզերքի համար դարձնել հենակ («Ոգի կառնի սիրո դողը»): Բանաստեղծի լռության ակունքներից անգամ սեր է հորդում: Սերը Ռոբերտ Եսայանի համար ծնվում է ներշնչանքի սահմաններից դուրս: Սերն Անհունն է, իրականության հաճելի եզրը, որը սրբագործվում է հոգիներ վեհացնող համբույրով («Հորիզոնի միրգը»).
…Չէ որ իրականության հաճելի եզրը//ո՛չ թե այս մայթն է//կամ այս փողոցը,//այլ մեր… համբույրը,//որ տարածության ճյուղից կախվելով,//շողում է, որպես//հորիզոնի միրգ:
Բառը Ռոբերտ Եսայան գեղագետի բանատողերում նոր գուներանգներ ու իմաստներ է ձեռք բերում: Բառը շնչում ու ապրում է բանաստեղծի յուրաքանչյուր տողում: Բառն ունի հայացք, հոգի ու երազ: Նա պատրաստ է անգամ բառի տաք թևերով համբուրել սիրելիի լռությունը:
Բառս բողբոջի պես կուզեմ այսօր պայթի,//Համբույրի պես ապրի մեր շուրթերի միջև…
Առանց սիրած էակի մենությունը ցավի ցանց է հյուսում բանաստեղծի հոգում («Սիրո տարածությունների միջև»): Փոխադարձ սերն է՛լ ավելի երջանիկ ու ամբողջական է դարձնում պոետին: Նա խնդրում է սիրելիին չվանել իրեն, քանզի այդ սերն է լուսավորում ու սնում երկու սիրահարների կարոտների հունդերը: Ինքնաըմբռնման նոր եղանակի մեղեդին է լսվում Ռոբերտ Եսայանի սիրային շարքի յուրաքանչյուր բանաստեղծություն ընթերցելիս: Բանաստեղծն այնքան ուժգին է սիրում, որ այդ սիրուն ու գգվանքին մասնակից են դառնում անգամ ծաղիկներն ու աստղերը («Մասնակցության տեսակները»):
«Աղջիկը նվագում է ստեղներին հորիզոնի» բանաստեղծության մեջ գիժ գարունն ու սիրո ծիծեռնակներն իրենց տեղը զիջում են ամենակուլ հողմերին, հոգեվարք ապրող թռչուններին ու արցունքոտված հրեշտակներին: Դուրյանական «Սիրել»-ի (Ոհ, խուրձ մը վարս, եդեմ մը շունչ`/ Շրջազգեստ մը շրշեց իմ շուրջ) հոգեբանական ապրումների շղթան ենք տեսնում Ռոբերտ Եսայանի հետևյալ տողերում.
Կյանքի//Ու մահի միջև հայտնվում են և անհետանում//թովչանքը քայլերիդ,//Շրջազգեստիդ շրշյունն առինքնող://…Մի տեղ գրկում է ինձ և հրապուրում//պտտահողմը թախծի://Մի այլ տեղ ընդառաջ է գալիս ինձ//խայտանքը լույսի,//և ես ըմբռնում եմ,//որ ուսերիս տանում եմ աճյունը Համբույրի:
«Խոսք` կնոջը» բանաստեղծության մեջ երևում է կնամեծար բանաստեղծը, բանաստեղծ, ում համար կինն աստվածուհի է, «լուսաբացից առաջ աշխարհին շնորհված լուսայգ»: Կինն անուրջ է ու կարոտ: Կինն Անհունն է: Նա իր մեջ ամփոփում է գենի շարունակականությունն ապահովելու կարևոր ու մեծ առաքելություն` աստվածաշնորհ, հրաշք մայրություն: Բանաստեղծն ակնարկում է, որ առաքինի հայ կնոջ արյան խորքերում է նստած հատկապես հայ մարդ ծնելու ու հայեցի դաստիարակելու գաղափարը:
«Դրախտի շեմը» շարքում Ռոբերտ Եսայանը փորձում է պեղել սիրո անհատնում գանձերը, շոշափել այդ «աներևույթ տեղանքի» ամեն հյուլեն, շոյել սիրուց բացվող «հայտնության ծաղիկները», վանել «արցունքի մոխիրն» ու տրտմությունը: Սիրելիի անունը բուրող վարդաստան է, շունչը` կոկոն վարդ, մարմինը` չխամրող արշալույս: Բանաստեղծի համար տառապանքների քարանձավներն ասուպի նման լուսավորող համբույրն ու սիրելիի գիրկն է իրական երջանկության կղզին: