ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ / ­Դա­վիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

­Դա­վիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Բան. գիտ. դոկ­տոր, պրո­ֆե­սոր
«Ինձ այն­պես է թվում, թե այս ժա­մա­նա­կի չար­չա­րանք­նե­րը ար­ժա­նի չեն բաղ­դատ­վե­լու գա­լիք փառ­քի հետ, որ հայտն­վե­լու է մեզ…»։

Պո­ղոս Ա­ռաք­յա­լի Թուղ­թը
հռո­մեա­ցի­նե­րին, 8։18

Պո­ղոս Ա­ռաք­յա­լի այս խոս­քե­րը նաև Չա­րեն­ցի հա­մար են. դրանց մեջ Հի­սուս Ք­րիս­տո­սի խաչ­յալ կեր­պարն է, որ դրոշմ­վեց աշ­խար­հի քա­ղա­քա­կրթութ­յունն ա­ռաջ տա­նող մարդ­կութ­յան ընտր­յալ զա­վակ­նե­րի ճա­կա­տին։
Ար­վես­տի յու­րա­քանչ­յուր ներ­կա­յա­ցուց­չի բնու­թագր­ման նա­խա­պայ­մա­նը նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան ան­հա­տա­կա­նութ­յունն է և­ ինքն ի­րեն վե­րա­պա­հած ա­զա­տութ­յան չա­փը։ Դ­րանք միա­սին են և պայ­մա­նա­վոր­ված են մե­կը մյուսով։
Այս հար­ցե­րը թե՛ ընդ­հա­նուր ձևով, թե՛ ա­ռան­ձին գրող­նե­րի ու ար­վես­տի գոր­ծիչ­նե­րի կա­պակ­ցութ­յամբ ար­ծարծ­վել են հա­մաշ­խար­հա­յին տե­սա­կան մտքի կող­մից՝ Պ­լա­տո­նից մինչև Ո­ւիլ­յամ Ջեմս, Զիգ­մունդ Ֆ­րոյդ, Լամբ­րո­զո ու նրանց հետ­ևորդ­նե­րը՝ հո­գե­վեր­լու­ծա­բան­նե­րից մինչև գո­յա­վեր­լու­ծա­բան­ներ՝ ստեղ­ծե­լով հա­րուստ գրա­կա­նութ­յուն։
Ընդ­հա­նուր օ­րի­նա­չա­փութ­յուն­նե­րից զատ, յու­րա­քանչ­յուր դեպ­քում այս հար­ցերն ու­նեն ան­հա­տա­կան սկիզբ։ Ուս­տի, ակն­հայտ և շր­ջա­նառ­ված դա­տո­ղութ­յուն­նե­րից խու­սա­փե­լու հա­մար սկզբից ևեթ այս հար­ցե­րը ո­րո­շա­կիաց­նենք Ե­ղի­շե Չա­րեն­ցի ան­վան շուրջ, ով թե՛ բա­ցա­ռիկ ու ե­զա­կի ան­հա­տա­կա­նութ­յուն էր և թե՛ օժտ­ված էր ստեղ­ծա­գոր­ծա­կան ա­զա­տութ­յան վիթ­խա­րի նե­րու­ժով։ Մեր առջև բա­ցա­ռիկ նշա­նա­կութ­յամբ հա­մաշ­խար­հա­յին հան­ճար­նե­րից մեկն է:
Պահ­պան­վել է Սո­ղո­մոն­յան գեր­դաս­տա­նի ըն­տա­նե­կան խմբան­կա­րը, ո­րի մեջ ա­պա­գա բա­նաս­տեղ­ծը հա­զիվ լի­նի ութ տա­րե­կան։ Ն­րա հա­յաց­քի, կանգ­նե­լու կեց­ված­քի, դիր­քի մեջ ար­դեն իսկ կա սխրան­քի պատ­րաստ տղան, ում կեր­պա­րը նրան ու­ղեկ­ցեց ամ­բողջ կյան­քում, իսկ վեր­ջում դար­ձավ խե­լա­հեղ մի նկար՝ պայ­թող դժգո­հութ­յու­նը դեմ­քին, այր­վող ծխա­խո­տը շուր­թե­րին։ Ա­ռա­ջին նկա­րից մինչև վեր­ջին նկա­րը, գրա­կան ա­ռա­ջին քայ­լե­րից մինչև վեր­ջին ընդվ­զում­նե­րը Չա­րեն­ցը ե­ղել է շատ նույ­նա­կան ու միաս­նա­կան։
Նա շրջա­պա­տից խիստ տար­բեր­վող ան­հա­տա­կա­նութ­յուն էր ար­դեն իսկ պա­տա­նե­կան տա­րի­նե­րից, երբ գրում էր ա­ռա­ջին բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը և մ­տա­ծում ա­ռա­ջին գրքի տպագ­րութ­յան մա­սին։ Ինչ­պես հե­տո «Homo sapiens» չա­փա­ծո նո­վե­լում պի­տի գրեր, 15-16 տա­րե­կան հա­սա­կում ար­դեն կար­դում էր գեր­մար­դու մա­սին Ֆ­րիդ­րիխ Նից­շեի գրքե­րը, լեհ գրող Ս­տա­նիս­լավ Պ­շի­բիշևս­կու «Homo Sapiens» վե­պը և­ ե­րա­զում դառ­նալ գեր­մարդ, բարձ­րա­նալ ի­րեն պա­շա­րած գա­վա­ռա­կան շրջա­պա­տից, դառ­նալ տի­տա­նա­յին, վիթ­խա­րի, ան­սահ­ման, անկրկ­նե­լի…
Այս հատ­կա­նիշ­նե­րը նրա մեջ դրսևոր­վե­ցին շատ ա­րագ։ Ան­հա­տա­կա­նութ­յան գծերն ի հայտ ե­կան ա­ռա­ջին իսկ քայ­լե­րից. ա­ռանց գրա­կան հո­վա­նա­վո­րի ու նյու­թա­կան ա­ջակ­ցութ­յան, մշա­կույ­թի ա­ռու­մով կո­րած հա­մար­վող Կար­սի ան­հայ­տութ­յան մեջ ինք­նու­րույն վճռեց և 17 տա­րե­կա­նում տպագ­րեց ա­ռա­ջին գիր­քը, ինք­նու­րույն վճռեց և 18 տա­րե­կան հա­սա­կում կա­մա­վոր մեկ­նեց գոր­ծող ճա­կատ, վե­րա­դար­ձավ ու մեկ­նեց Մոսկ­վա՝ հա­մալ­սա­րա­նում ու­սա­նե­լու, ետ ե­կավ հայ­րե­նիք, աշ­խա­տեց որ­պես ու­սու­ցիչ, ՀՀ ար­վես­տի և հան­րա­յին կրթութ­յան նա­խա­րա­րութ­յան հա­տուկ հանձ­նա­րա­րութ­յուն­նե­րի կո­մի­սար, ՀԽՍՀ լու­սա­վո­րութ­յան ժող­կո­մա­տի ար­վես­տի բաժ­նի վա­րիչ։
1922 թվա­կա­նից սկսած՝ Չա­րեն­ցի կյանքն ու գրա­կան գոր­ծու­նեութ­յու­նը դառ­նում են միա­ձույլ։ Աշ­խա­տում է խմբագ­րութ­յուն­նե­րում ու հրա­տա­րակ­չութ­յու­նում։ Գոր­ծը գիրն էր ու գիր­քը։ Ն­րա ան­հա­տա­կա­նութ­յու­նը խո­րա­պես ընդգծ­վեց հատ­կա­պես «Ե­րե­քի» դեկ­լա­րա­ցիա­յից հե­տո։ Ա­մեն գրող չէր դի­մի այդ­պի­սի հե­ղա­փո­խա­կան քայ­լի, քա­նի որ պա­հանջ­վում էր մեծ հանդգ­նութ­յուն ու խի­զա­խութ­յուն։ Չա­րեն­ցը դի­մեց, ո­րով­հետև զգաց, որ կա­րող է միայ­նակ կանգ­նել հան­րութ­յան առջև, կռվել միշտ անց­յա­լին կառ­չած նրա պատ­կե­րա­ցում­նե­րի դեմ։ Չա­րեն­ցի դեպ­քում ա­վե­լա­նում է նաև ար­տա­հայտ­ված ներ­քին ինք­նավս­տա­հութ­յու­նը, ո­րով­հետև հստակ գի­տակ­ցում էր, որ ին­քը ոչ թե պա­տա­հա­կան մարդ է, այլ կոչ­ված է ժա­մա­նա­կի կող­մից, որ ին­քը պատ­մա­կան ա­ռա­քե­լութ­յուն է կա­տա­րում, և­ իր յու­րա­քանչ­յուր ա­րար­քին, յու­րա­քանչ­յուր տո­ղին պատ­մութ­յունն է նա­յում։ Այ­սինքն, լի­նե­լով խո­րա­պես ան­հա­տա­կան նկա­րա­գիր, Չա­րենցն իր մեջ կրում էր նաև պատ­մութ­յուն կեր­տո­ղի պա­տաս­խա­նա­տվութ­յու­նը։ Սա­կայն այդ պա­տաս­խա­նատ­վութ­յան բարձր գի­տակ­ցութ­յու­նը չսահ­մա­նա­փա­կեց նրան, չազ­դեց նրա ան­հա­տա­կան նկա­րագ­րի վրա։ Իսկ ան­հա­տա­կան նկա­րա­գի­րը շատ հե­ռու էր սո­վո­րա­կա­նից. ա­զատ ու ան­կաշ­կանդ էր վար­քի բո­լոր դրսևո­րում­նե­րի մեջ և միշտ հաս­նում էր ծայ­րա­հե­ղութ­յուն­նե­րի. դա թե՛ կեն­ցա­ղում, թե՛ գրա­կան կյան­քում։ Կ­նոջ հու­ղար­կա­վո­րութ­յան ժա­մա­նակ չի կա­րո­ղա­ցել զսպել ի­րեն, ա­նընդ­հատ լաց է ե­ղել ու բղա­վել, իսկ վեր­ջում ու­շա­կո­րույս ըն­կել է նրա հո­ղաթմ­բին։ Թա­ղու­մից վեց ա­միս անց կնոջ դա­գա­ղը տե­ղա­փո­խե­լու կա­պակ­ցութ­յամբ գե­րեզ­մա­նա­փո­րին ստի­պել է բաց ա­նել կա­փա­րի­չը։ 1930 թ. փոր­ձել է ինք­նաս­պա­նութ­յամբ վերջ տալ կյան­քին և կտ­րել է զար­կե­րա­կը։
1937-ի ամ­ռա­նը, երբ Ծաղ­կա­ձո­րից ետ էր բե­րում ըն­տա­նի­քը, վար­ձել է նվա­գա­ծու­ներ, ով­քեր շարժ­վող սայ­լին հա­մըն­թաց տխուր մե­ղե­դի­ներ են նվա­գել, իսկ ին­քը զայ­րա­լից խոս­քեր է նե­տել իր ըն­տա­նի­քին հատ­կաց­րած սեն­յա­կը զավ­թած Կենտ­կո­մի ան­դա­մի հաս­ցեին։ Կ­նոջ սաս­տու­մին պա­տաս­խա­նել է. «­Թող ժո­ղո­վուր­դը տես­նի, թե ինչ­պես է հա­յոց բա­նաս­տեղծն անց­նում իր վեր­ջին ճա­նա­պար­հը»։
Ըն­կեր­նե­րը ձեր­բա­կալ­ված էին, իսկ ին­քը դրսում էր. քա­ղա­քից չբա­ցա­կա­յե­լու ստո­րագ­րութ­յուն էր տվել և գտնվում էր հսկո­ղութ­յան ներ­քո։ Այս վի­ճա­կում ան­գամ ա­մեն տե­սա­կի ար­տա­ռոց ա­րարք­ներ է կա­տա­րել, որ­պես­զի ու­շադ­րութ­յուն գրա­վի, և­ ի­րեն ևս ձեր­բա­կա­լեն։ Ա­սել է՝ որ­տեղ իմ գրա­կան ըն­կեր­նե­րը, ան­գամ՝ հա­կա­ռա­կորդ­նե­րը, այն­տեղ էլ՝ ես։ Իր տե­ղը տես­նում էր թիա­րան քշված հա­յոց եր­գա­սան­նե­րի շար­քում։
Չա­րեն­ցին ծա­նոթ էր հան­ճա­րի ու խե­լա­գա­րութ­յան վար­քը։ Բ­ժիշկ-հո­գե­բույժ Չե­զա­րե Լամբ­րո­զո­յի (1835-1909) «­Հան­ճա­րե­ղութ­յուն և խե­լա­գա­րութ­յուն» գիր­քը (1863, ռու­սե­րեն թարգ­մա­նութ­յու­նը՝ 1885) ծա­նոթ էր նրան։ Իսկ Ար­փե­նի­կը ժա­մա­նա­կին գնել էր Ս­յոլ­լի Ջեյմ­սի (1843-1923) նույ­նա­նուն «Гениальность и помешательство» (С.П-бг, 1895, «­Հան­ճա­րե­ղութ­յուն և խե­լա­գա­րութ­յուն») գիր­քը։
Ն­րա գրա­դա­րա­նը լի էր այս և հո­գե­վեր­լու­ծութ­յան տար­բեր հար­ցե­րի նվիր­ված գրքե­րով։ Բայց նա ոչ թե գրքից էր գա­լիս, այլ իր վար­քով մի նոր գիրք էր գրում, ո­րի հե­րո՛սն էլ էր ին­քը, ար­ձա­նագ­րո՛ղն էլ՝ որ­պես բա­նաս­տեղ­ծութ­յուն ու խոսք։
Վար­քի այս դրսևո­րում­նե­րը, ին­չի օ­րի­նակ­նե­րը կա­րե­լի է շա­տաց­նել, խո­րա­պես ան­հա­տա­կան, մարդ­կա­յին նկա­րա­գիր է և սո­վո­րա­կան աչ­քի հա­մար, ըստ ա­մե­նայ­նի, ա­նըն­դու­նե­լի։ Շա­տերն են փոր­ձել Չա­րեն­ցին «խրա­տել», դար­ձի բե­րել, ան­գամ նրան «Ուղ­ղիչ տուն» տա­րան, բայց ի­զուր։ Ին­քը՝ Չա­րեն­ցը ևս, եր­բեմն զղջա­ցել է ծայ­րա­հեղ լար­ման ժա­մա­նակ իր կա­տա­րած ա­րարք­նե­րի հա­մար, բայց դարձ­յալ ի­զուր, ո­րով­հետև լուրջ մի պա­հի ինքն իր մեջ վերջ­նա­կա­նա­պես փա­կեց այդ հար­ցը և գ­րեց. «Ըն­դու­նում եմ ինձ այն­պես, ինչ­պես կամ»։ Վեր­ջա­ցա՛վ։ Սա՛ է Չա­րեն­ցը, մենք ևս ն­րան պի­տի ըն­դու­նենք այն­պես, ինչ­պես նա կա և­ ոչ թե խմբագ­րենք, շրջան­ցենք, հա­մա­հար­թենք ու են­թար­կենք մեր պատ­կե­րա­ցում­նե­րին։ Պետք չէ քաղ­քե­նիա­կան «կիրթ» ըմբռ­նում­նե­րին հար­մա­րեց­նել այն հրա­բուխ կյան­քը, ո­րի յու­րա­քանչ­յուր օ­րը լի էր պայթ­յուն­նե­րով ու փո­թո­րիկ­նե­րով։ Դ­րա փո­խա­րեն՝ պետք է հաս­կա­նալ այդ կյան­քը, ո­րով­հետև դա նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան ներ­քին ա­զա­տութ­յան հա­մար­ժեք ար­տա­հայ­տութ­յունն է։
Չա­րեն­ցը չէր կա­րող շի­կա­ցած տա­րեր­քի մեջ «Ամ­բոխ­նե­րը խե­լա­գար­ված» գրել և­ ին­քը չլի­նել խե­լա­գար տա­րեր­քի մարմ­նա­ցում։ Նույ­նը վե­րա­բե­րում է բա­ցար­ձա­կա­պես բո­լոր գոր­ծե­րին։
Ս­տեղ­ծա­գոր­ծա­կան վի­ճակն ինք­նին դուրս է սո­վո­րա­կա­նից, ան­սո­վոր է, ծայ­րա­հեղ է և հե­ռու չէ խե­լա­գա­րութ­յու­նից։ Այդ մա­սին դեռևս Պ­լա­տոնն է գրել։ Չա­րեն­ցը չէր կա­րող «Աս­պե­տա­կան» ռապ­սո­դիան գրել և հան­գիստ զբոս­նել փո­ղո­ցում։ «Աս­պե­տա­կան»-ը գրե­լիս մեկ ու­րիշ աշ­խար­հից ե­կա­ծի պես է ե­ղել, իր սեն­յա­կից դուրս է ե­կել, մտել կող­քի սեն­յա­կում ապ­րող մի կնոջ մոտ և զ­րույ­ցի բռնվել։ Մի աղմկա­լի պատ­մութ­յուն էլ կապ­ված է այդ պա­հի հետ։
Չէր կա­րող գրա­կան բուռն բա­նա­վե­ճե­րի մեջ լի­նել պրո­լե­տա­րա­կան գրող­նե­րի ա­սո­ցիա­ցիա­յի մի ամ­բողջ խմբի հետ և վե­րա­բեր­մուն­քը, հոդ­ված­նե­րից բա­ցի, չար­տա­հայ­տել մարդ­կա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մեջ ու է­պի­գրամ­նե­րում։
Սա ոչ թե անզս­պութ­յուն է, այլ ան­չափ բնա­կան վի­ճակ, ո­րով­հետև Չա­րենցն ապ­րում էր այն­պես, ինչ­պես գրում էր, գրում էր այն­պես, ինչ­պես ապ­րում էր։ Ըն­դու­նո՞ւմ ենք Չա­րեն­ցին՝ որ­պես հան­ճար, ու­րեմն պետք է ըն­դու­նենք նաև նրա վար­քի ա­զատ դրսևո­րու­մը։ Այս ա­զա­տութ­յու­նը եր­բեմն նույ­նիսկ գրա­կան եր­կե­րում ան­ցել է թվաց­յալ «պատ­շա­ճութ­յան» սահ­մա­նը և թա­փան­ցել կյանք առ­նող խոս­քի կամ խոսք դար­ձող կյան­քի մեջ։ Օ­րի­նակ՝ Մագ­դա­յին, Ար­մի­կին, Ա­րու­սին նվիր­ված շար­քերն ու պոեմ­նե­րը։ Մագ­դա­յին հաս­ցեագր­ված շատ բաց նկա­րագ­րութ­յուն­ներ ու­նե­ցող և­ ա­ռայժմ ան­տիպ մի սո­նե­տի վրա գրել է. «Ա­պա­գա Ֆ­րոյ­դին»։
Հան­ճա­րը հու­շում է և­ ի­րեն հաս­կա­նա­լու ու­ղի է ցույց տա­լիս, իսկ Չա­րեն­ցի մա­սին գրող­ներն այ­սօր էլ շա­րու­նա­կում են նրան սեղ­մել-շրջա­պա­տել մտա­վոր կա­ղա­պար­նե­րի մեջ, ին­չի դեմ նա կռվեց ամ­բողջ կյան­քում։
Չա­րեն­ցի հա­մար ա­մե­նա­մեծ բա­րո­յա­կա­նութ­յունն ա­զա­տութ­յունն էր, իր կամ­քի ու նե­րաշ­խար­հի լիա­կա­տար դրսևո­րու­մը։ Դա է պատ­ճա­ռը, որ նա օր­գա­նա­պես չէր հան­դուր­ժում շին­ծու բա­րեկր­թութ­յան դի­մա­կով քո­ղարկ­ված­նե­րին։ Իր օ­րագ­րե­րի մեջ նա շատ խիստ խոս­քեր է ա­սել մի քա­նի գրա­կան ան­ձանց հաս­ցեին. ին­չո՞ւ, ո­րով­հետև տե­սակ­նե­րով տար­բեր էին, և չէր կա­րո­ղա­նում հան­րա­յին ու մշա­կու­թա­յին ե­ռուն կյան­քի մեջ հաշտ­վել նրանց մարդ­կա­յին-ստեղ­ծա­գոր­ծա­կան սառն ու մեռ­յալ խառն­ված­քի հետ։
Ին­քը՝ Չա­րեն­ցը, եր­բեք դի­մակ չդրեց, մշտա­պես այն էր, ինչ կար։ Դ­րա հա­մար էլ չէր հան­դուր­ժում երկ­դի­մութ­յու­նը, ներ­քին ու ար­տա­քին պահ­ված­քի տար­բե­րութ­յու­նը։ Իսկ նրա շուր­ջը դի­մա­կա­վոր­ված մար­դիկ էին. դա պայ­մա­նա­վոր­ված էր ոչ միայն ժա­մա­նա­կի թե­լադ­րան­քով, այլև նրա բուն մարդ­կա­յին բնույ­թով։
Չա­րենցն իր կյան­քը վե­րա­ծեց լե­գեն­դի, դար­ձավ ա­ռեղծ­ված թե՛ իր ժամա­նա­կա­կից­նե­րի, թե՛ հետ­նորդ­նե­րի հա­մար, և դա՝ գի­տակ­ցա­կան կյան­քի ա­ռա­ջին իսկ օ­րե­րից։
Այդ ա­ռեղծ­վածն ու լե­գեն­դը պայ­մա­նա­վոր­ված են նրա­նով, որ Չա­րեն­ցը կա­տա­րեց իր ներ­քին ցան­կութ­յու­նը և­ իր ա­սա­ծի պես դար­ձավ Գեր­մարդ, ին­չը նույնն է թե՝ Հան­ճար։ Գեր­մարդ՝ Եր­ևա­նի պես անմ­շա­կույթ քա­ղա­քում, ին­չը ոչ թե մայ­րա­քա­ղաք էր, այլ «մայ­րագ­յուղ»։ Գեր­մարդ՝ մարդ­կա­յին ու հան­րա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի բար­բա­րոս բար­քե­րի պայ­ման­նե­րում, ուր ձևա­վոր­վում էր բիրտ ու գռե­հիկ Homo Sovetikus-ի կեր­պա­րը։ Գեր­մարդ՝ ա­վեր­ված երկ­րում և­ ա­վեր­ված հո­գու տեր ժո­ղովր­դի մեջ, ուր բարձր ար­վես­տի պա­հանջ­նե­րը հասց­ված էին նվա­զա­գույ­նի, և­ ուր Չա­րեն­ցի պես ան­հա­տա­կա­նութ­յուն չպետք է լի­ներ, իսկ լի­նե­լու դեպ­քում էլ՝ պի­տի վե­րա­նար (ին­չը և­ ե­ղավ)։ Դա այդ­պե՛ս է, ո­րով­հետև դրութ­յան տե­րը միշտ էլ մի­ջա­կութ­յունն է։ Միշտ էլ ճա­շակ­ներն ու չա­փա­նի­շե­րը հար­մա­րեց­վում են մի­ջա­կին։ Մի­ջա­կը միշտ ըն­դու­նե­լի է, դրութ­յան տեր, ո­րո­շող, կար­գադ­րող։ Իսկ Հան­ճա­րը, էլ ո՜ւր մնաց Գեր­մար­դը, պի­տի ծաղր­վի, հա­լած­վի, պի­տի ստի­պեն, որ նա կա­խում ու­նե­նա դրութ­յան տե­րե­րից, այս­պես նրան ա­մեն կերպ պի­տի փոր­ձեն կոտ­րել, խե­ղել և, ի վեր­ջո, ոչն­չաց­նել։ Չա­րենցն զգում էր իր Գեր­մարդ լի­նե­լը։ Իր ինք­նագ­նա­հա­տութ­յուն­նե­րը՝ «Ինձ», դրա ճիշտ վկա­յութ­յուն­ներն են.
Քո ա­նու­նի, Չա­րե՛նց,//Ա­սո­նանսն է՝ «Արև» -//Եվ բառն – հան­ճա­րե՛ղ…
Չա­րենցն իր ար­ժեքն զգում էր թե՛ ազ­գա­յին մշա­կույ­թի, թե՛ հա­մա­մարդ­կա­յին քա­ղա­քակր­թութ­յան մեջ և իր մեջ ի­րե­նով գնա­հա­տում հա­յոց հան­ճա­րը։
Որ­պես ան­հա­տա­կա­նութ­յուն՝ Չա­րեն­ցը շատ բազ­մա­նիստ էր։ Օգտ­վե­լով Ո­ւիլ­յամ Ջեմ­սի հո­գե­բա­նա­կան վեր­լու­ծութ­յան սկզբունք­նե­րից՝ կա­րող ենք ա­սել, որ Չա­րեն­ցի մեջ կար և՛ բնա­կան ան­հա­տը, և՛ հան­րա­յին ան­հա­տը, և՛ հոգ­ևոր ան­հա­տը, ով մշտա­պես տրվել է ինք­նագ­նա­հա­տութ­յան (տե՛ս У. Джемс, Психология, М., “Педагогика”, 1991, с. 80-88)։ Այս ա­մե­նի հիմ­քը նրա կեն­սա­սի­րութ­յունն էր, անս­պառ ընդգր­կու­նութ­յու­նը։
Չա­րեն­ցի բա­ցա­ռի­կութ­յան ա­ռեղծ­վա­ծը շրջա­նակ­ված է նրա մարդ­կա­յին նկա­րագ­րով, հո­գե­բա­նա­կան կերտ­ված­քով ու մտա­ծո­ղութ­յան բնույ­թով։ Ե­րեք դեպ­քում էլ կա ար­տա­քուստ ան­հաս­կա­նա­լի, ան­բա­ցատ­րե­լի մի վի­ճակ, ինչն էլ նրա ա­նունն ու գոր­ծը պա­րու­րում են ար­տա­սո­վո­րութ­յամբ։
Չա­րեն­ցի ա­ռեղծ­վա­ծը պայ­մա­նա­վոր­ված է նրա ներ­քին ու ար­տա­քին ա­զա­տութ­յամբ։ Այդ ա­զա­տութ­յունն է, որ ի սկզբա­նե շրջա­պա­տի հա­մար նրան դարձ­րել է պա­րա­կա­նոն։ Այդ­պի­սին էր նա և՛ մարդ­կա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մեջ, և՛ գրա­կան-աշ­խա­տան­քա­յին ա­ռօր­յա­յում, և՛ ստեղ­ծա­գոր­ծե­լիս։ Ն­րա հո­գե­բա­նա­կան ա­զա­տութ­յու­նը կան­խո­րոշ­ված է ա­զա­տութ­յան այն չա­փով, ին­չը ներ­քին պա­հանջ­նե­րով մո­տե­նում է ան­սահ­մա­նութ­յա­նը, այ­սինքն՝ ա՛յն, ինչ ու­նի կյանքն իր եր­ևա­ցող ու չեր­ևա­ցող կող­մե­րով։ Իսկ Չա­րեն­ցի ամ­բողջ ստեղ­ծա­գոր­ծութ­յունն իր կյան­քի վեպն է՝ ժա­մա­նա­կի հան­րա­յին-քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի հա­րուստ խո­րան­կա­րով։
Չա­րեն­ցը ոչ միայն իր տեղն էր ո­րո­նում աշ­խար­հում, այլև աշ­խար­հի տե­ղը՝ իր մեջ։ Աշ­խար­հը նրա հա­մար սկզբում Կարսն էր, հե­տո՝ Հա­յաս­տա­նը, ա­պա՝ Ռու­սաս­տա­նը, այ­նու­հետև՝ հա­մայ­նը։ Նույն կերպ հոգ­ևոր աշ­խար­հը նրա հա­մար սկզբում Տեր­յանն էր, հե­տո իր ժա­մա­նա­կա­կից ռուս և­ եվ­րո­պա­ցի գրող­ներն էին, այ­նու­հետև ամ­բողջ հա­մաշ­խար­հա­յին մշա­կույ­թը՝ Աստ­վա­ծաշն­չից մինչև XX դար, ընդ­հուպ Ջեյմս Ջոյ­սի «Ո­դիսևս»-ը։ Չա­րենցն ի­րեն սկզբից ևեթ զգում էր ա­մե­նա­մեծ չա­փում­նե­րից գո­յա­ցած հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մեջ՝ բա­նաս­տեղծ ու աշ­խարհ, աշ­խարհ և բա­նաս­տեղծ։ Աշ­խար­հը նրա հա­մար բնա­կեց­ված էր կեն­դա­նի, ի­րա­կան մարդ­կան­ցով՝ հա­գե­ցած մարդ­կա­յին կյան­քը կազ­մող զգաց­մունք­նե­րի ամ­բող­ջութ­յամբ։ Ա­ռա­ջին իսկ բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րից մինչև վեր­ջին­նե­րը՝ ի­րա­կան-­առար­կա­յա­կան կյան­քը՝ ո­րո­շա­կի ա­նուն ու­նե­ցող ո­րո­շա­կի մարդ­կան­ցով ու հա­րա­բե­րութ­յուն­նե­րով, Չա­րեն­ցը տե­ղա­փո­խում է գրա­կա­նութ­յուն։ Այդ­պես նրա ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը բնա­կեց­ված է սի­րե­լի ու թշնա­մի գո­յութ­յուն­նե­րով, գրա­կան ու քա­ղա­քա­կան դեմ­քե­րով և բա­բա­խում է անց­յալ դար­ձող օ­րե­րի կեն­դա­նի թրթի­ռով։
Չա­րեն­ցը շատ հստակ զգում էր պա­հի ու հա­վեր­ժութ­յան հա­րա­բե­րութ­յու­նը։ Ինքն ա­նընդ­հատ պա­հի մեջ էր, ժա­մա­նա­կի ի­րա­կան շարժ­ման մեջ, բայց և, պա­հի ու ժա­մա­նա­կի շարժ­ման մեջ լի­նե­լով՝ մշտա­պես հա­վի­տե­նութ­յան հետ էր։ Պա­հը դարձ­նում էր հա­վի­տե­նութ­յուն, խո­սում էր հա­վի­տե­նութ­յան հետ։ Ի­րեն տես­նում էր իր գրա­կան ան­մի­ջա­կան մի­ջա­վայ­րի մեջ, բայց և զ­գում Հո­մե­րո­սի, Նա­րե­կա­ցու, Դան­տեի, Գ­յո­թեի, Պուշ­կի­նի, Ա­բով­յա­նի, Թու­ման­յա­նի, Տեր­յա­նի, մյուս­նե­րի կող­քին։ Նույ­նը նաև կեն­ցա­ղում. գրա­սե­ղա­նի առջև ինքն էր, իր դի­մաց՝ Բուդ­դա­յի ար­ձա­նը։
Չա­րեն­ցը դուրս էր թույլ ձգո­ղա­կա­նութ­յու­նից, ին­չի դաշ­տը հո­գե­բա­նա­կան նեղ շրջա­նակն է՝ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի նույն­քան նեղ տա­րած­քով։ Նա բո­լո­րի հետ էր և բո­լո­րին տես­նում էր հան­րա­յին կյան­քի մեջ։ Ան­գամ ա­մե­նամ­տեր­միկ զգա­ցու­մը և կեն­սա­կան նշա­նա­կութ­յուն ու­նե­ցող գաղտ­նի­քը նա թա­քուն չէր պա­հում։ Աշ­խար­հը պի­տի ի­մա­նար, որ սի­րում է Աստ­ղիկ Ղոն­դախչ­յա­նին, Լ­յու­սի Թա­ռա­յա­նին, Կա­րի­նե Քո­թանջ­յա­նին և ն­րանց նման­նե­րին, որ ա­տում է Ա. Վշտու­նուն, Ն. Զար­յա­նին, Լ­ևոն Ա­րիս­յա­նին և ն­րանց նման­նե­րին, որ դա­շին­քի մեջ է Բա­կուն­ցի, Մա­հա­րու և Ար­մե­նի հետ, որ այդ դա­շին­քը ճեղք է տվել և նե­ղա­ցած է նրան­ցից։ Նույն բաց­վա­ծութ­յամբ նա խո­սում էր ժա­մա­նա­կի քա­ղա­քա­կան դեմ­քե­րի հետ, ո­րոնց մեջ էին Լե­նի­նը, Ս­տա­լի­նը, Տ­րոց­կին, Բե­րիան, Մ­յաս­նիկ­յա­նը, Խանջ­յա­նը, Տեր-­Գաբ­րիել­յա­նը, Ա­մա­տու­նին, մեծ ու փոքր կենտ­կոմ­նե­րի մեծ ու փոքր պաշ­տոն­յա­նե­րը։ Չա­րեն­ցը մինչև վերջ բաց ու ան­կեղծ էր ժա­մա­նա­կի առջև և­ այդ­պես էլ իր կյանքն ապ­րում էր գրա­կա­նութ­յան մեջ։ Չա­սե­լը, գաղտ­նի պա­հե­լը նրա հա­մար չապ­րել էր, որ հա­մար­ժեք էր չստեղ­ծա­գոր­ծե­լուն։ Սա նշա­նա­կում է, որ նա նույն մարդն էր ինչ­պես կյան­քում, այն­պես էլ գրա­կա­նութ­յան մեջ, որ նա եր­բեք չզրա­հա­վոր­վեց, ին­չը նշա­նա­կում է կա՛մ դի­մա­կա­վոր­վել, կա՛մ երկ­տակ­վել, երկ­փեղկ­վել, եր­կո­ւա­նալ։ Նա մեկ ու նույնն էր և՛ կա­մա­վոր ճա­կատ մեկ­նե­լիս, և՛ սի­րո ու հրա­ժեշ­տի ծանր ու ցա­վոտ ապ­րում­նե­րի, և՛ հան­րա­յին ու քա­ղա­քա­կան կյան­քի ա­հա­վոր բարդ ու ո­լոր­ծուն հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մեջ, և՛ այդ հո­գե­վի­ճակ­նե­րի մա­սին գրե­լիս։
Այս հա­յաց­քով նա­յե­լիս ակն­հայտ է դառ­նում մի բնու­թագ­րա­կան կողմ՝ այն, որ Չա­րեն­ցի ամ­բողջ ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը խոս­տո­վա­նութ­յան բնույթ է կրում։ Նա մշտա­պես պատ­մում է, թե ինչ է ե­ղել։ Այդ պատ­մե­լու ժա­մա­նակ նա հաս­նում է զգաց­մունք­նե­րի ա­հա­վոր լար­ման, ներ­քին այր­ման ա­մե­նահ­զոր շի­կաց­ման։ Ի՞նչ է ե­ղել տխրա­դա­լուկ աղջ­կա հետ, թա­փա­ռա­կան աս­պե­տի հետ, Խա­չա­տուր Ա­բով­յա­նի հետ, ժա­մա­նա­կի հետ, հայ­րե­նի­քի հետ, ըն­կեր­նե­րի հետ և­ այդ ա­մե­նի միաս­նութ­յամբ՝ իր հետ։ Ամ­բողջ ստեղ­ծա­գոր­ծութ­յան մեջ Չա­րեն­ցը փաս­տա­կան հա­վաս­տիութ­յամբ պատ­մում է իր կյան­քը, ին­չը թե՛ անձ­նա­կան-նե­րանձ­նա­կան կյանք է, թե՛ հան­րա­յին-քա­ղա­քա­ցիա­կան։ Նա և՛ ներ­կա­յաց­նում-նկա­րագ­րում է, և՛ բա­ցատ­րում-պար­զա­բա­նում, և՛ քննում ու վեր­լու­ծում, և՛ զղջում ու ա­պաշ­խա­րում, և՛ զո­հա­բե­րում ու ող­ջա­կի­զում… Միև­նույն պա­հին նա և՛ հե­րոս է, և՛ նա­հա­տակ, և՛ հաղ­թող է, և՛ պարտ­վող, և՛ ինքն իր հետ է ու իր խոր­քի ան­սահ­ման հե­ռու­նե­րում, և՛ աշ­խար­հի հետ ու աշ­խար­հի մեջ, և՛ աշ­խար­հից ու ի­րա­կա­նութ­յու­նից դուրս՝ այն­տեղ՝ երկն­քում։
Չա­րեն­ցը ծայ­րա­հե­ղութ­յուն­նե­րի մարդ էր, ին­չը պայ­մա­նա­վոր­ված էր ամ­բող­ջի վերջ­նա­կան սահ­ման­ներն ի՛ր մեջ զգա­լու ոչ միայն գի­տակ­ցութ­յամբ, այլև բնա­բուխ բնազ­դով։ Դա նաև նրա կեն­սա­բա­նա­կան վի­ճակն էր՝ որ­պես ազ­դակ հո­գե­բա­նա­կան բռնկում­նե­րի։ Այս տե­սա­կե­տից ա­ռան­ձին քննութ­յան նյութ է նրա վե­րա­բեր­մուն­քը Ս­տա­լի­նի, Ա­մա­տու­նու հան­դեպ։ Չա­րենցն ա­տե­լով ա­տում էր եր­կու­սին էլ, ին­չի մա­սին մեկ ան­գամ չէ, որ գրել ու ար­տա­հայտ­վել է, բայց Չա­րեն­ցը նրանց հետ նաև հույս էր կա­պում, ո­րով­հետև նրանց ձեռ­քին էին իր ու իր երկ­րի բախ­տի սան­ձա­փո­կե­րը։ Ա­տե­լութ­յու­նը չթաքց­նե­լով, բայց նաև ո­րոշ դեպ­քե­րում ա­սես ներ­քին հա­մե­րաշ­խութ­յան ձգտե­լով՝ նա նաև մո­տե­ցել է նրանց։ Ինքն ընդ­հա­նուր դժգո­հութ­յու­նից սեր­ված և 1937-ի դի­մաց կանգ­նած ա­տե­լութ­յա՛ն բա­նաս­տեղծն էր, բայց դրա հետ մեկ­տեղ ոչ թե ու­րիշ­նե­րի նման քծնան­քից սեր­ված, այլ ար­ժա­նա­պա­տիվ բարձր պահ­ված­քից ե­կող հաշ­տութ­յա՛ն բա­նաս­տեղ­ծը, ո­րով­հետև նա ի­րեն երկ­րի եր­գիչ էր հա­մա­րում, երկ­րի տի­րոջ աչ­քե­րով էր նա­յում ժա­մա­նա­կին, իսկ նրանք երկ­րի ղե­կա­վար­ներն էին։ Իր բախ­տի հետ մեկ­տեղ երկ­րի բախ­տի, հայ գրա­կա­նութ­յան ու մշա­կույ­թի մտա­հո­գութ­յունն ու­ներ: «­Գիրք ճա­նա­պար­հի»-ից, 1935-ին սկսված հար­ցաքն­նութ­յուն­նե­րից հե­տո մշտա­պես տագ­նապ­նե­րի մեջ էր:
Ա­հա, մի կող­մից երկ­րի ղե­կա­վար­նե­րին հա­ճո­յա­նա­լու, գո­վա­բա­նե­լու ձևով պաշ­տո­նա­կան ա­մե­նա­բարձր աս­տի­ճա­նի հասց­ված ա­նար­ժա­նա­պատ­վութ­յունն ու պար­զամ­տութ­յու­նը և մ­յուս կող­մից՝ հա­վա­սա­րը հա­վա­սա­րի հետ խո­սե­լու Հան­ճա­րի պահ­ված­քը բախ­վում են կո­պիտ բար­քե­րի գա­ղա­փա­րա­կան ա­պա­ռա­ժին՝ ա­ռա­ջին­նե­րին սա­հուն թռիչ­քով բարձ­րաց­նե­լով վերև, երկ­րոր­դին ու նրա հա­մա­խոհ­նե­րին ծե­փե­լով պա­տին։ Այն­պես որ, ե­թե ան­գամ Չա­րեն­ցի ար­տա­քին պահ­ված­քի մեջ դույզն-ինչ նկա­տե­լի է քա­ղա­քա­ցիա­կան դիր­քո­րոշ­ման երկ­վութ­յուն, ա­պա իր իսկ վաղ բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րից մե­կի անդ­րա­դար­ձով՝ «ե­ղե­րա­կան երկ­վութ­յուն» է (ԵԺ, I, էջ 106)։
1935 թվա­կան, Մոսկ­վա, Կ­րեմլ, հայ աշ­խա­տա­վոր­նե­րի պատ­վի­րա­կութ­յան ըն­դու­նե­լութ­յուն Ս­տա­լի­նի կող­մից.
Ն. Զար­յան – Ըն­կե՛ր Ս­տա­լին, ա­սում են վատ է այն զին­վո­րը, ով չի ձգտում մար­շալ դառ­նալ։ Իսկ ես, ըն­կե՛ր Ս­տա­լին, կաշ­խա­տեմ դառ­նալ խորհր­դա­յին գրա­կա­նութ­յան մար­շալ (ծա­փա­հա­րութ­յուն­ներ)։
Վ. Ա­նան­յան (կոլտն­տե­սա­յին թեր­թի խմբա­գիր) – Դե՛, ի՞նչ ա­սեմ, ըն­կեր­նե՛ր։ Մի քա­նի տա­րի ա­ռաջ ես հո­վիվ էի լեռ­նե­րում։ Հե­տո ես գյու­ղա­ցիա­կան թեր­թի խմբա­գիր դար­ձա և­ այժմ գտնվում եմ Կ­րեմ­լում, մեր ա­ռաջ­նոր­դի մոտ, ինչ կա­րող եմ ա­սել (ծա­փե­րի պոռթ­կում)։
Չա­րենցն այս­պես ի­րեն չէր դրսևո­րի, այլ միայն եր­կիր, պե­տութ­յուն հաս­կա­ցութ­յան մեջ կփոր­ձեր պատ­կե­րաց­նել Ս­տա­լի­նի և ն­րա դրա­ծո Ա­մա­տու­նու կեր­պար­նե­րը։
Ա­հա սրա­նով պետք է բա­ցատ­րել նրա վե­րա­բեր­մուն­քը՝ ո՛չ թե պաշ­տա­մունք, այլ ա­ռաջ­նոր­դի հան­դեպ ո­րո­շա­կի հա­րա­բե­րութ­յուն՝ որ­պես երկ­րի գլխա­վոր խորհր­դան­շան։ Ան­գամ այս պայ­ման­նե­րում մար­դու ներ­քին ու ար­տա­քին էութ­յուն­նե­րը ճա­կա­տա­գ­րա­կան բախ­ման մեջ էին։ ԳԱԹ-ում պահ­վող Բա­կուն­ցին նվիր­ված «Է­պի­քա­կան լու­սա­բաց»-ի վեր­ջին մա­քուր է­ջին գրել է «­Թուղթ» պոե­մի վեր­նա­գի­րը՝ «­Թուղթ Իո­սիֆ Ս­տա­լի­նին (հատ­ված ա­նա­վարտ պոե­մից) ընդ­լուսն­յա հա­մայն աշ­խար­հում ժո­ղո­վուրդ­նե­րի միակ ա­ռաջ­նորդ-բա­րե­կա­մին՝ իմ հա­զա­րամ­յա ժո­ղովր­դին նրա ա­մե­նա­դժնի չար­չա­րա­նաց փոր­ձութ­յան պա­հին վե­րած­նութ­յան ա­ռա­ջին համ­բա­վը ա­վե­տո­ղին…», մյուս կող­մից՝ «­Դո­ֆի­նը Նա­յի­րա­կան» շար­քի «Ի­մաս­տութ­յուն» սո­նե­տի տակ նյար­դա­յին լար­ված ձե­ռագ­րով ա­վե­լաց­րել. «Тут кончается А. Х[андж]ян и начинается իս­կա­կան ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ՍՏԱԼԻՆՅԱՆ ՀԱՅ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»։ Սա ոչ թե երկ­վութ­յուն է, այլ հա­կա­դիր բևեռ­նե­րի հա­մա­տե­ղութ­յան ա­նի­րա­կա­նա­նա­լի հո­գե­բա­նա­կան փորձ, ին­չը պի­տի ա­վարտ­վեր մա­հա­ցու պայթ­յու­նով։
Չա­րեն­ցի գրա­դա­րա­նի զար­դե­րից է Վա­լեն­տին Պար­նա­խի «­Հա­վա­տաքն­նութ­յան զոհ իս­պա­նա­ցի և պոր­տու­գա­լա­ցի բա­նաս­տեղծ­ներ» (Մ.-Լ., 1934, ռու­սե­րեն) գիր­քը, ին­չի տպա­գրութ­յու­նը զու­գա­դի­պում է Չա­րեն­ցի դեմ ար­գե­լանք­նե­րի ու հա­լա­ծանք­նե­րի սաստ­կաց­մա­նը։ Ի­հար­կե, հստակ տես­նում էր, որ նոր ժա­մա­նակ­նե­րի հա­վա­տաքն­նութ­յան ա­ռա­ջին զո­հե­րից մեկն ինքն է։ Ի­հար­կե, նա շատ լավ գի­տեր, թե ով­քեր են դահ­ճա­պետ Ս­տա­լի­նը, հա­յատ­յաց Բե­րիան, ազ­գա­յին կեր­պա­րը կորց­րած Ա­մա­տու­նին և ս­րանց բազ­մա­թիվ կա­տա­րա­ծու­նե­րը, ով­քեր միա­սին նրա աչ­քին եր­ևում էին մի­միայն ծաղ­րա­ծո­ւի տես­քով, բայց նաև նա շատ լավ գի­տակ­ցում էր, որ իր նման բա­նաս­տեղ­ծը՝ որ­պես հա­յոց նո­րօր­յա ո­գու խորհր­դան­շան, նրանց շուրջ­կա­լի մեջ է։ Ի­րեն ար­ժա­նի ձևով փրկագ­նե­լու և դ­րա­նով իսկ հա­յոց ո­գին փրկե­լու նպա­տա­կով նա նաև փոր­ձեց հաղ­թա­հա­րել իր ներ­քին ա­տե­լութ­յու­նը, բայց ար­յու­նոտ սահ­մա­նա­գիծն ար­դեն գծված էր…
Չա­րեն­ցի կեն­սա­հո­գե­բա­նա­կան ա­զա­տութ­յունն ար­տա­հայտ­վում է նրա լեզ­վամ­տա­ծո­ղութ­յան մեջ։ Նա ան­սահ­ման ա­զատ է իր զգա­ցո­ղութ­յու­նը թղթին հանձ­նե­լիս, բա­ռի ու պատ­կե­րի պա­կաս չի զգում, լե­զուն հո­սա­նուտ է ու ան­կաշ­կանդ, պա­տու­մի ըն­թաց­քում չի կորց­նում ոչ մի նրբե­րանգ, ոչ մի զու­գա­հեռ գիծ, ներ­քին խո­հի ոչ մի շերտ, մտքի ոչ մի ծիլ։ Ար­տա­քին ու ներ­քին ձևի բո­լոր տար­րե­րը, սկսած պատ­կե­րը կազ­մող ման­րա­մաս­նե­րից մինչև կշռույթ ու տա­ղա­չա­փութ­յուն, են­թարկ­վում են նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան ա­զատ հոր­ձան­քին։ Այն­քան հզոր է այդ ներ­քին հոր­ձան­քը, որ ար­տա­քին ա­մեն մի տարր վե­րաձև­վում է ըստ դրա։ Ոչ թե խոս­քի ներ­քին ա­զա­տութ­յունն է են­թարկ­վում ձևին ու կա­ռուց­ված­քին, այլ հա­կա­ռա­կը, ընդ ո­րում՝ ձևի ու կա­ռուց­ված­քի ար­տա­քին բո­լոր անհ­րա­ժեշտ մի­ջոց­նե­րի պահ­պա­նու­մով։ Այդ իսկ պատ­ճա­ռով դա­սա­կան վե­պը նրա հա­մար դառ­նում է «պոե­ման­ման վեպ» ձևա­կեր­պու­մով մի նոր աս­քա­պա­տում, տո­ղա­չա­փի, կի­սա­տո­ղի, հան­գի, տան ան­փո­փոխ թվա­ցող կա­ղա­պար­նե­րը դառ­նում են հո­սուն, շար­ժուն կշռույթ, գրա­կան պայ­մա­նա­կա­նութ­յու­նը հաղ­թա­հար­վում է, և մնում է մերկ էութ­յու­նը։ Այդ մերկ էութ­յու­նը փո­խա­կերպ­վում և­ ա­ռար­կա­յա­կան հատ­կա­նիշ­նե­րով հաս­նում է գե­ղար­վես­տի բարձր աս­տի­ճա­նի։ Մտ­քի «եր­կա­թե դիս­ցիպ­լի­նը», խոս­քի «վե­րին իմ­պե­րա­տի­վը», բա­նա­կա­նութ­յան կար­գա­պա­հութ­յու­նը նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան տա­րեր­քի ու­ղե­կից­ներն են։ Են­թա­գի­տակ­ցա­կա­նի ու ան­գի­տակ­ցա­կա­նի բո­լոր ազ­դակ­նե­րը են­թարկ­վում են նրա մշտա­պես սթափ գի­տակ­ցութ­յա­նը, և դա ան­կախ նրա­նից՝ բնա­կան սթա­փութ­յան մեջ է, թե զգա­յա­վառ հու­զա­կա­նութ­յան։
Ս­րան պետք է ա­վե­լաց­նել վեր­ջին տա­րի­նե­րի հո­գե­կան լար­ված ու ջղագր­գիռ վի­ճա­կը, ա­նո­րո­շութ­յու­նը, տագ­նապ­նե­րը, իր շուրջ տա­րած­վող չա­րա­խո­սութ­յուն­նե­րը, մե­կու­սաց­վա­ծութ­յու­նը, հի­վան­դութ­յուն­նե­րը։ Կորց­րել էր հա­վատն ի­րա­կան ա­նուն­նե­րի ու ար­ժեք­նե­րի հան­դեպ։ Եր­կաթ­յա վան­դակ­նե­րի մահ­վան շուրջ­կա­լի մեջ ար­յան հոտ էր առ­նում, և­ որ­պես ա­զա­տութ­յան ու փրկութ­յան աստ­ված­ներ եր­ևում էին մե՛կ սի­րո հո­վա­նա­վոր Աֆ­րո­դի­տեն, մե՛կ կրքի հրձիգ Է­րո­սը։ Ա­պա­վի­նում էր նրանց պարգ­ևած ներշն­չան­քին՝ ինք­նա­մո­ռա­ցու­մի հաս­նե­լու աս­տի­ճա­նի։ Կար­ծես թե անկշ­ռե­լիութ­յան մեջ էր, բայց նրա առջև բաց­վում էր մա­հա­գույժ ա­ռա­վո­տը։ Ան­կա­նոն քնի կամ կի­սար­թուն թմրա­ծութ­յան պա­հե­րին ան­պա­կաս էին զա­ռան­ցա­կան տե­սիլ­նե­րը, մղձա­վան­ջա­յին հո­գե­գա­լարք­նե­րը։ Ներ­սում, շուր­ջը պտտվում էին դեմ­քեր. մե՛կ Նա­րե­կա­ցին էր ու Կո­մի­տա­սը, մե՛կ դա Վին­չին ու Բոս­խը, մե՛կ Ֆ­րոյդն ու Նից­շեն, մե՛կ Վի­յոնն ու Բոդ­լե­րը, մե՛կ Վին­կել­մանն ու Ո­ւայլ­դը, մե՛կ Վեր­լենն ու Ռեմ­բոն… Ման­կա­մարդ աղ­ջիկ­ներ էին ու Ա­րուս Ոս­կան­յա­նը, կա­պի­կի դեմ­քով ա­տամ­նա­թափ մարդն էր ու դա­վա­դիր լռութ­յու­նը… Բո­լորն իր մեջ էին, իր շուրջ էին, իր հետ էին, և­ ին­քը նրան­ցից յու­րա­քանչ­յուրն էր՝ կյան­քով, ժա­մա­նա­կով, ճա­կա­տագ­րով, ընդ­դի­մութ­յամբ։ Ի­րա­կան դար­ձած իր ա­նի­րա­կան տե­սիլք­նե­րով և­ ի­րա­կա­նութ­յունն է՛լ ա­վե­լի տե­սա­նե­լի դարձ­նող թա­փան­ցիկ երևա­կա­յութ­յամբ նա գնում էր իր խա­չե­լութ­յանն ըն­դա­ռաջ…
Բա­նաս­տեղ­ծի հո­գե­բա­նա­կան վի­ճա­կը և ս­տեղ­ծա­գոր­ծա­կան ինք­նար­տա­հայ­տու­մը շատ նույ­նա­կան են։ Իր դեմ ուղղ­ված հա­լա­ծանք­նե­րի, ան­գամ ձեր­բա­կա­լութ­յան ու մո­տե­ցող մահ­վան խոր գի­տակ­ցութ­յամբ Չա­րենցն ստեղ­ծում է իր ժա­մա­նա­կի շատ դրա­մա­տիկ պատ­մութ­յու­նը, ո­րի գլխա­վոր հե­րոսն ինքն է, իսկ հե­րոս­նե­րը ժա­մա­նա­կի քա­ղա­քա­կան դեմ­քերն են, իր գրա­կան բա­րե­կամ­ներն ու հա­կա­ռա­կորդ­նե­րը։ Չա­րեն­ցը՝ որ­պես մարդ և­ որ­պես ստեղ­ծա­գոր­ծող, եր­ևում է հո­գե­բա­նա­կան տար­բեր վի­ճակ­նե­րի մեջ՝ ո­գու խա­ղա­ղութ­յան հա­սած ի­մաս­տու­նից մինչև զգա­յա­խա­բութ­յուն­ներ (հալ­յու­ցի­նա­ցիա­ներ, էքսպ­րե­սիա­ներ), ի­րա­կա­նութ­յու­նից մինչև ցնորք ու զա­ռան­ցանք…
Նա ա­մեն ինչ տես­նում էր կրկնա­կի խոր­քով՝ ե­րազ՝ ե­րա­զի մեջ, զա­ռան­ցանք՝ զա­ռան­ցան­քում, մահ՝ մահ­վան գրկում…
Այս ա­մե­նը գա­լիս է ա­պա­ցու­ցե­լու ստեղ­ծա­գործ ան­հա­տի բա­ցա­ռի­կութ­յու­նը, նրա բա­րո­յա­կա­նութ­յան ան­հա­տա­կան չա­փա­նի­շե­րի ան­սո­վո­րութ­յու­նը։ Եվ քա­նի որ մարդ­կութ­յան հոգ­ևոր կյանքն ա­ռաջ են տա­նում Չա­րեն­ցի նման ան­հատ­նե­րը, ով­քեր ի­րենց ժա­մա­նա­կի ըմբռ­նում­նե­րից շատ ու շատ ա­ռաջ են լի­նում, ուս­տի՝ պետք է կա­րո­ղա­նալ նրան­ցով հարս­տաց­նել կյան­քի ըմբռ­նումն ու ըն­դար­ձա­կել պատ­կե­րա­ցում­նե­րի սահ­մա­նը։ Ն­րանց ո­գու սեր­մե­րը պի­տի շաղ տալ ժա­մա­նա­կի մտա­վոր դաշ­տե­րում, որ­պես­զի չխո­րա­նա հոգ­ևոր խզու­մը, չկտրվի զար­գաց­ման շղթան, և մար­դը չդա­տա­պարտ­վի ոչն­չութ­յան…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։