Նանեի պոեզիան և հրապարակագրությունը գրական ու հանրային միջավայրում վաղուց վկայել են ներհուն մտավորականին` տարածության և ժամանակի ընկալման օբյեկտիվ չափանիշներով, ներքին դիմակայության սեփական սահմաններով: Ներկա գիրքը` «Վերջին երանին» (Երևան, 2019 թ.), բնավ էլ հեղինակի առաջին ճիչը չէ: Այս անգամ նրա ժողովածուն համատեղում է պատմվածքի ժանրն ու հրապարակախոսական խոհագրությունը` ամփոփելով գրական մամուլում տպագրված և դեռ անտիպ մի շարք ստեղծագործություններ: Գրքի խմբագիրն արձակագիր Ալիս Հովհաննիսյանն է:
Հեղինակի առջև դրված գեղարվեստական գլխավոր խնդիրը, ակնհայտորեն, ամենևին էլ երկուսը չեն, այլ մեկը. այն է` գեղագետի հայացքի քննադատական միջամտությամբ մատնացույց անել մերօրյա աղետները` ընտանեկան, հանրային, բնապահպանական, առողջապահական, աշխարհաքաղաքական, անհատական-հոգեբանական թե խմբային: Այս խնդիրներն իրականում ամենուր են, եթե դու Հայաստանում ես:
Տեսականորեն ներըմբռնելի է, որ գրողը վերջին հեղափոխության հոգևոր շառավիղն է և փորձում է օգտակար լուծումներ գտնել` առողջացնելու բնաշխարհի սերնդի ժառանգորդի` արդի հայ մարդու հոգևոր, հասարակական, անձնային տարածքն ու միջավայրը: Ով է ժամանակակից հայ մարդը` խնդրադրում է Նանեն, և շարունակում որոնել Թումանյանի հարցի պատասխանը, թե ինչ է ուզում նրա հոգին: Վերջիններս, թվում է, թե արձակագրի գեղագիտական ելակետի առանցքային հարցադրումներից են, որոնք մերժում են բոլոր արագ համախմբումները, այդ թվում` կուսակցական: Եվ եթե կա որևէ միություն, որին գրողն ապավինում է, ապա դա հայ ընտանիքն ու նրա հիմնասյուներն են` ժառանգը, մայրը, տատը, հարսը, պապը, նորածինը, հարևանի կինը, արյունակիցը, ի վերջո, բոլորը` ամբողջության մեջ իբրև գերդաստան ու հայկական գյուղ:
Անհատը մեծ է, ըստ գրողի, երբ նրան հասկանում են միմյանց կապված բոլոր սերունդները: Հետևաբար, հայ ընտանիքի գոյատևման պատմությունը ցեղի հարազատ լարի հնչողությունն է, որը հարազատորեն գրառում է:
Կարելի է նկատել, որ արձակագիրն իրապաշտ է` իբրև պատմող ու ստեղծագործող: Եվ հատկապես հետամուտ է քաղաքակրթական-մշակութաբանական ծրագրի իրագործման: Հայապահպանում, բնաշխարհի պատվախնդիր տնօրինում, դարավոր արժեհամակարգի շրջանառություն, սերունդների միջև լիակատար փոխըմբռնում: Դրանք անկշռելի մեծություններ են անգամ մեր օրերում, երբ հոգևորը և ազգայինը երկրորդ պլան են մղվել շատերիս գիտակցության մեջ: Գրողի ծրագրի հիմքում արյան կանչն է, որը բխում է սրտից ու հոգուց, թեև անհրաժեշտորեն պետք է այդպես լիներ ցեղի շղթայի հերթական օղակում, որում ինքն է:
Այնուամենայնիվ, գեղագիտական հղացքը ֆաբուլայի միջոցով վերաճում է հասարակության այլևայլ խոցերի քննադատության, իսկ ժողովածուի երկրորդ բաժնում` հրապարակախոսի շտապ արձագանքի: Հակառակ պարագայում` թվով ինը խոհագրությունները այս գրքում տեղ չէին գտնի:
Այսպիսով, Նանե գեղագետի ծրագիրը միտվում է հայ հոգու և անդաստանի արժևորմանը` սերելով նախորդ դարասկզբի գրական շարժումներից, պայմանականորեն` արևմտահայ «գավառապաշտ» հեղինակներից, որոնք նույնպես հենվում են ժողովրդի ուժի ու տոկունության վրա` իբրև առաջադրույթների:
Հայ հոգու ներուժությանը ծառայող մի շարք պատմվածքներում գլխավոր տեղում ժամանակակից գյուղաշխարհի մարդու պատկերն է` պատմողի հովվերգական շղարշի ներքո: Այդպես են գրվել «Վերջին երանին», «Արամուս գյուղի չխոսկան հարսները», «Լավ եմ, փա՜ռք Աստծո», «Բարդոն» պատմվածքները: Գավառը եզրն է, ըստ այդմ, որը թույլ չի տալիս սայթաքել` մեր ուժի և ոգու պատվանդանը:
Բարդոն տիպական բնավորություն է, բնականաբար, անունը Բարդուղիմեոս պապի պատվին է ստացել: Թերևս, մեզանում ոչ թե մեկ, այլ մի քանի գրական նախատիպեր ունեցող կերպար է, որովհետև փորձով տարածվում է ցեղի բոլոր մասնիկների վրա: Ավագ է տարիքով, զգույշ, զգոն, իրական հայի բնօրինակ նրանով, որը հույսը դնում է աշխատանքի ու հողի վրա, ինչպես նախնիները: Այդտեղից էլ` աշխատանքի ու հողի փառաբանության գաղափարական հիմքը պատմվածքում: «Ու երբ կյանքի մեծ շրջադարձերի տարիներին բոլորը, նախ, պարտքեր, հետո էլ` վարկեր էին վերցնում մանր ու մեծ խնդիրներ լուծելու համար, ամբողջ գյուղում միայն նա մնաց այդ հարցում անդրդվելի ու ընտանիքի անդամներին թույլ չտվեց գայթակղությունների մեջ ընկնել… Օրեր էր լինում, երբ հացի կարոտ նստում ու իրար երես էին նայում, բայց. «Սովից վնաս չկա: Հենա բախչում միրգը` ծով, բանջարի պակաս էլ չկա, գարուն ու ամառ` թարմ, ձմռանը` չորացած հո միշտ կա»:
Պատմվածքն արձակագիր Նանեի սիրո խոստովանանքն է Հայաստանի Սրտին: Մեր օրերի տիրապետող ոգուն հակադրվելով` Նանեն պատմամշակութային տեսակետ է ձևակերպում, թե ազգի փրկությունը ավանդական ընտանիքի պաշտամունքին հետևելն է: Նրա փիլիսոփայությամբ ընտանիքը հայ քաղաքակրթության հիմքն է, թերևս, տիեզերական ներդաշնակության հայկական ուրույնության մանրակերտը: Հեղինակը տեսականորեն ու գաղափարապես կառչած է այդ հանգրվանից, ինչպես շոգենավը` խարսխից:
Այդով հանդերձ` հայտնում է խիստ գնահատական, թե հայ հասարակությունը շնչահեղձության հարընթացի մեջ մի կերպ պահպանում է իր ազգային ինքնությունը:
Խոսելով ազգային ինքնության մասին` Գ. Դ. Գաչևը մեջբերում է Ն. Գոգոլի միտքն այն մասին, որ «Իսկական ազգայնությունը ոչ թե սարաֆանը նկարագրելն է, այլ աշխարհին իր ազգային տարերքի աչքերով նայելը»1: Սա առարկություն չհանդուրժող ճշմարտություն է հայ բնաշխարհի սերնդի եղերերգությունը պատկերող պատմվածքներում: Նույն տեղում Գ.Գաչևը շարունակում է. «Սարաֆանի վրայի նախշը, զարդը, ասեղնագործությունը ազգային միտքն է տիեզերքի ռիթմի մասին», ուստի` «Սարաֆանի օգնությամբ կարելի է խորհրդածել»2:
Համանշանակային հարաբերությունների կնիքն է կրում բնաշխարհի սերնդի հոգևոր նահանջի խորհրդածության ներքո ամփոփված մյուս երկը` «Արամուս գյուղի չխոսկան հարսները» պատմվածքը, որը ժողովածուի ծրագրային նշաձողերից է, թեև արտաքուստ առաջ է մղում ժամանակավրեպ սովորույթները առօրյա կիրառությունից հանելու հարցը:
Կարելի է հանգել ընդհանրացնող եզրակացության, որ «Վերջին երանին» գրքի քաղաքակրթական հայեցակարգը հաստատում է հեղինակի խորհրդածությունն առ այն, որ մեծ տերությունների աշխարհաքաղաքական շահերը, այնուամենայնիվ, չեն կարող սպառել դարավոր արժեհամակարգը` մինչև վերջ նսեմացնելու աստիճան: Դա, կարծում ենք, ազգապահպանության ուղղությամբ էական մոտեցում է, որը պարբերաբար շրջանառվում է արդի հայ արձակում: Մասնավորապես, նկատի ունենք Սուսաննա Հարությունյանի պատմվածքները, որոնք առանցքում նկատի են տալիս հայ-ադրբեջանական հակամարտության այլևայլ եզրեր: Այս իմաստով Նանեի երկերը ժառանգորդման բեղմնավոր ուղու շարունակողն են:
Նոր դիտարկման խնդիր է հարուցում ավանդական պատկերի հակառակ կողմը` նախնիների բարոյագիտական օրենքներն ու բնականոն ապրելակերպը շրջանցած դրամատիրոջ` սոցիալապես անխոցելի մարդու ողբերգության թեման:
Անհրաժեշտ է նկատել, որ դյուրին չէ նորովի նայել հայտնի ճշմարտություններին, մինչդեռ Նանեին դա հաջողվում է: Բարգավաճ կյանքով ապրողն էլ շատ շուտով, ընթերցողի համար անսպասելի ու հանկարծորեն, ինքնասպանության մտադրությամբ նույն կամրջի վրա է, որտեղ սնանկ տղամարդն է: Նրանք երկուսն էլ, ընդհանուր առմամբ, դժբախտ են, որովհետև միևնույն ողբերգության` արդի հայոց պատմության դերակատարներն են` նույն ողբերգության երկու տարբեր թևերը:
Սա գրողի` և մեր ներսում ազգաշահ քաղաքականության բացակայության քննադատությունն է, և գլոբալ քաղաքականության մեկնաբանությունը` անհամեմատ լայն ընկալումով, քան արտաքուստ պահանջում է պատմվածքի ժանրի տարածական սեղմությունը: «Փրկեք ժամանակակից հային կործանման բոլոր դավերից, որտե՜ղ է նրա կանգնելու կետը»,- հնչեցնում են գրողի ներքին ձայնի պրկված ձայնալարերը:
Եթե, իբրև պատմող, Նանեն թեթևակի ժպտում է նախորդ երկու հարյուրամյակի կարգավորված օրինաչափություններին, որոնց պաշտամունքն ունի, ապա «Կամուրջ» պատմվածքում գրողն ինքն իրենից հասուն է և թռիչք է գործում` փրկության ձեռքը մեկնելով աղքատին ու հարուստին, մեղավորին ու անմեղին` հանուն Մարդ էակի` անկախ հանգամանքներից, որովհետև համաքրիստոնեականի ընկալումն է պարտադրում ամփոփել` մարդ մարդու դատավորը լինել չի կարող (Ֆ. Դոստոևսկի):
Այնուամենայնիվ, Նանեն գծագրում է ավանդական արժեհամակարգի տրոհումը` որպես դիպվածի հոգեբանական բովանդակություն` սարկաստիկ ամենատարբեր կամ մարդագրական ձևախեղումների տարբեր պատկերների հենքով: Մեկ ծիսական խոնարհությամբ ներկայացնում է բնաշխարհի հովվերգությունը, ուր պատիվը խոնարհությունն է, իսկ հարստությունը` գերդաստանի միասնությունը, մեկ էլ, ընդհակառակը, ալելուիա ասում խելակորույս դարում արյունոտ դրամից չհագեցածին: Հատկապես հոգեբանական վերլուծության ներքին կարողության շնորհիվ է նա ընթերցողին համակում հուզական համարժեք ընկալումներով, ներազդում երբեմն անգամ պարզ տողի հոգեկան վսեմությամբ: Որևէ բարդություն չկա ընթերցողի հետ հեղինակի այդ նույնացման մեջ: Գուցե թվա` գրական վարպետության հարց է, բայց բոլորովին այլ հատկանիշ է` պատկերման այնպիսի ձևի ցուցիչ, որը կապվում է ուրվագծային տեխնիկայի կիրառությանը գրականության մեջ` սպիտակ-սև գույների համաչափ համադրության, որովհետև դասական պարզության ձգտելը նշանակում է անզարդության ձգտել պատկերակերտման ու լեզվամտածողության մեջ: Խիղճը, որպես գեղագիտական կատեգորիա, նաև` աշխարհայացքային ձեղուն, Նանեի պոետիկայի հաղթաթուղթն է, որը մեր օրերում սակավ հանդիպող մարդկային, ոչ սակավ դեպքերում` գրական որակ է: Ուստի օգնում է գրողին` հավատալու արդի հայ հասարակության առողջացման իր տեսլականին, ընթերցողին էլ` կապում գրքին:
Բոլորովին այլ հարց է, թե որքանով քննություն կբռնեն մշակութաբանը և հայոց պատմության վերլուծողը գլոբալիզացիայի` էլ ավելի արագընթաց ժամանակներում: Արդյոք առաջադրվածը` իբրև օգտապաշտ գաղափար, շարունակություն կգտնի՞: Դժվար է ասել այո կամ ոչ. «Պատմությունը եթե-ներ չի սիրում» (Ս. Սարինյան): Նշանակալի են, ինքնին, հարցադրումները և գեղարվեստական հյուսվածքը:
Հաջորդ կարևոր խնդրադրումը, ինչպես նշեցինք, արտատեքստային տարածքի ընդգրկումն է պոետիկայում, որը չէր կարող սահմանափակվել միայն ազգայինի հաղորդմամբ: Նանեն դրա պատկերման ճիգով ստեղծում է հոգեբանական սուր ճգնաժամի սյուժեներ, որոնք բնորոշ են հատկապես մայրաքաղաքային միջավայրին, զի քաղաքը սոցիալ-մշակութային փոխակերպման իրական բարձրակետն է:
Դրա դիտարկումն են «Կյանքի երկու բևեռները», «Խելագարը», «Կամուրջ» պատմվածքները, որոնցում սոցիալական ծայրաբևեռների պատկերումը ասպարեզ է բերում թշվառության մեջ գալարվողին և բուրգի գագաթին կանգնածին` տարբեր և երբեմն` մեկ ստեղծագործության ու սյուժեի շրջանակում:
Գաղտնիք չէ, որ մեր երկրում միջին խավ գոյություն չունի, իսկ սոցիալական կշեռքի նժարը վերջին երեսուն տարիներին հիմնավորապես խախտվել է: «Կամուրջը», ըստ էության, դրա այլաբանումն է: Միայն անվանում չէ, այլ` բառ-խորհրդանշան: Հայաստանը` Արևելքի և Արևմուտքի կենտրոնում` որպես գեղարվեստական հնարանք: Ակնարկում է Մերձավոր Արևելքի` յուրատիպ տարածաշրջանի աշխարհագրական էությունը: Մի ուրիշ մազե կամուրջ էլ դեռևս մեր ներկան է` գոյության թույլ հենարաններով: Դրա մետաֆորիկ արտահայտումն Էդվարդ Միլիտոնյանի, Արտեմ Հարությունյանի, Մանվել Միկոյանի, Շանթ Մկրտչյանի բանաստեղծություններում բացահայտում են այն օրերը, որոնք մեր այս կյանքի ու մահվան միջև են:
Դժվար չէ նկատել, որ հեղինակային ամենացավոտ դիտարկումներում ու կերպարակերտման բարդ` հոգեբանական դրվագներում, բոլոր եզրահանգումներում Նանեն ինտելեկտ, փիլիսոփայություն, չափի զգացում ունեցող արվեստագետ է: Նա որևէ պատկերում գեղեցիկ երևալու կեղծ ճիգեր չի ցուցադրում, ինչից զուրկ չէ գեղարվեստն առհասարակ: Հենց պատկերման անպաճույճ տեխնիկան էլ նրա գեղարվեստի մեծ ու փոքր օրինաչափությունները` դետալից մինչև մշակութաբանական եզրահանգում, կարգավորում է:
Այսպիսով, «Վերջին երանին» հայ բնատիպ կյանքի անզարդ պատումն է` մեր ցավի ու իրական ողբերգությունների հոլովույթում: Եթե նույնիսկ պոետիկ հնչի` իր երկով Նանեն նման է ծիծեռնակին, որ գարնանը նորոգում է բույնը:
—————————————
1. Гачев Г. Е., Национальные образы мира, М., 1988, ст. 40.
2. Նույն տեղում: