Ներկա ժամանակը ճշմարիտ բանաստեղծի մեջ ներծծված է այնպես, որ անկախ խառնակ իրականությունից և էլեկտրոնային ու գովազդային գնահատման-ճանաչողական մերօրյա չափանիշներից, բանաստեղծի և ընթերցողի բացահայտ սուբյեկտիվ վերաբերմունքից, միևնույն է, ստեղծվում է վերլուծական տեքստ՝ հարուստ ու ընդգրկուն ենթատեքստերով: Մյուս կողմից՝ նորագույն գերժամանակակից պոեզիան կարծես թե ընթանում է որոշակի գրական խմբակների կամ ակումբային զարգացման ճանապարհով: Այնուամենայնիվ, բանաստեղծը չի կարող հաշվի չնստել հասարակական կարծիքի ձևավորման հետ, որն առնչվում է անգամ իր սեփական պոեզիայի մասին գաղափարների, և նույն կերպ՝ իր սեփական կենսափորձի հետ:
Անշուշտ, Ներսես Աթաբեկյանի պոետական ներկայությունը 21-րդ դարի հայ գրականության ընթացքում կարևոր ու շոշափելի է, և հասունացել է պահը, որպեսզի քննադատները պարբերաբար և համակարգված անդրադառնան նրա ստեղծագործությանը:
Ներսես Աթաբեկյանի «Երկրապտույտ» (Երևան. Արմավ, 2018) ժողովածուն ընթերցողին մատուցում է նոր ու թարմ պոեզիա, որի ամենից կարևոր առանձնահատկությունն այն է, որ հեղինակը կարևորում է դասական չափականությունը և վանկային-տոնիկական կառուցումները, որոնք էլ զուգահեռում է նորարարական ու փորձարարական արդիական կառույցներին.
Եվ չորս եղանակից ես ձմեռն եմ ընտրում.//«Արգելվում են բոլոր թռիչքները, մինչև…»:// Ես այն կռունկն եմ, որ չեկավ այս գարուն//ու գալ գարուն գալու կռունկը չեմ:
Ներսես Աթաբեկյանի պոետական համակարգը գայթակղիչ և հետաքրքիր է: Որպես կանոն՝ այն խաչաձև (abab) կառուցումներով է, բանաստեղծական չափականությունը գործերում հաստատում է նոր որակ, խիստ հազվադեպ են թույլատրված ազատությունները, իսկ անթույլատրելին ամենուր է: Սա արդիականության տեսանկյունից ոչ միայն հնի բացասում է, այլև նորի կառուցում, որով է՛լ ավելի է արժևորվում բանաստեղծի հանգանակը: Հակառակ դեպքում, չի կարելի միևնույն ժամանակ նայել կյանքին և անմասնակից լինել կյանքի ընթացքին: Սոսկ տիեզերքի ողբերգական իմաստը բանաստեղծությանը կտրում է հողից, դարձնում անկենդան ու թյուրընկալելի: Իսկ Ներսես Աթաբեկյանի բանաստեղծության հիմնական արժանիքը լեգիտիմությունն է, որը հաճախ հագնում է հեգնանքի դիմակ, ի հայտ բերում ընդգծված և անգամ դաժան սարկազմ:
Տոմս առ//(ավտոբուսի, օդանավի, աստղաթիռի)// արթնացիր լուսաստղից առաջ, // կոկիկ հավաքիր ճամպրուկդ// ու բոլորից վաղ հասիր կայարան// (ավտոբուսի, օդանավի, աստղաթիռի),// մեկ է, չես գնա ոչ մի տեղ,//կտեսնես ընդամենը զառամյալ//(արդեն ո՛չ տղամարդ ու կին)//մարդիկ, որ հավաքվել են քեզնից էլ վաղ//ու չեն հիշում, թե ուր պիտի գնան,//կոկիկ հագած-կապած,//ձեռներին կենսաչափական անձնագրեր:
Կյանքը փոխվել է, բանաստեղծությունն իր օրինաչափությունները փոխել է, դարձել կյանքին համահունչ: Պոետը հայելու նման արտացոլում է այն, ինչ կա իր շուրջը: Սա բնորոշ է բրիտանական վավերագիրներին, սակայն կյանքի հայելային անդրադարձը միշտ չէ, որ արտացոլքի ճշգրիտ կրկնությունն է: Ներսես Աթաբեկյանը մի յուրահատուկ հղացքով կարողանում է ծուռ հայելիների աշխարհ ստեղծել, և իրականությունը պատկերվում է բանաստեղծի անմիջական վերաբերմունքով ու դիրքորոշմամբ: Սա բերում է խտացման, ինչի արդյունքում առօրյան ներխուժում է բանաստեղծական տարածություն, առավել ընդարձակվելու հնարավորություններ են ստեղծվում, կիրառվում է մտերմիկ և նույնիսկ առօրյա-խոսակցական բառապաշար: Նման պոեզիան կոշտ ու անկողմնակալ է, հաճախ սահմանում է արտաքին պատկերների անզուսպ շարադրություն: Բառային հյուսվածքները հագեցած են, կիրառվում են իրերի թվարկումներ` անոգեղեն ու պրոզայիկ իմաստաբանական-հումորեսկային ընդգրկում- ներով.
Համբերությունդ էնքան ծով է,//որ էս տարի էլ ծով չգնացինք//(Կաբուլէ՜ծի` գնացողների հնչողությամբ),//լող տվինք քո ծով համբերության//կանաչ-թափանցիկ ջրերում,//խաղեր տվինք մեդուզաների հետ,//օրը երեք անգամ խոսեցինք դելֆիններից,//մաշկի տակ ու վրա առանք//բանականության հեռու եղբայրների արևագրերը,//հում խորոված կերանք// Coca-cola տենտի ծռված շուքին,//երկուսի կիսեցինք ջրերը,//որ Աստծո ժողովուրդն անցնի Թուրքիա:
Այսպիսի բանաստեղծությունը անընդհատ հիշեցնում է ընթերցողի ներկայության մասին, զուսպ ընթերցողի համար` զսպված ենթիմաստ է տեսանելի, անհեթեթության հոգեվիճակը` անհեթեթության մասն է լրացնում, և ի վերջո, ընթերցողի մասնակցությամբ է տեղի ունենում բանաստեղծության շրջանակի արագ և անսպասելի փակումը: Ուստի սույն գրքի բոլոր բանաստեղծություններն անավարտ են, ինչը գիտակցել է նաև հեղինակը և հրաժարվել վերջակետերից: Բանաստեղծությունների վերջում դրված բազմակետերը ոչ միայն շարունակականությունն են ենթադրում, այլև դրա անխուսափելիությունը:
Ժամանակակից պոեզիայի համապատկերում Ներսես Աթաբեկյանն այն քչերից է, որ կարողանում է այսպես կոչված ավանդապաշտությունն ու ավանգարդը այնպես ներհյուսել, որ արհեստական չլինի: Այս անցումները հիմնականում պայմանավորված են որոշ գաղափարական տաբուների կազմաքանդման և ինտելեկտուալ-մշակութային արդեն իսկ կայացած երևույթների` ուղղակիորեն հղումներով: Բանաստեղծն ստեղծում է տեսողական պոեզիայի, նամակագրական-մտերմական երկխոսության, ասոցիատիվ ազդեցական բանաստեղծության, մոզաիկայի ու փազլային պատկերաշարի և այլ նոր ձևեր: Մինչդեռ, նշված ձևերը նոր ու արդիական են ոչ միայն հայ, այլև համաշխարհային պոեզիայում:
Բանաստեղծի համար բառը դառնում է որոնման և գտնելու գաղտնի կոդ, պարունակում է բազմաթիվ իմաստներ` ներդաշնակ յուրաքանչյուր ընթերցողի ճաշակին ու պատրաստվածության մակարդակին, և այս ամենը կառուցվում է ներքին գրաֆիկական չափածոյի ձևով: Գրաֆիկական, քանզի Աթաբեկյանի պոեզիայում տողը հստակորեն մտածված, հաճախ նաև ինքնուրույն ու անկախ միավոր է:
Ժամանակակից գրականության մեջ ազատ չափածոյի ընկալումը տարաբնույթ երևումներ ունի: Իմ կարծիքով, բանաստեղծների մի զգալի մասը (հատկապես երիտասարդները) ավելի հաճախ ապավինում է կարճ արձակին, ուստի՝ հաճախ ստեղծագործության կոտրված տողագիծը պարզ չէ, պայմանական է, իմաստային շեշտ չի կրում: Իսկ սեղմված ազատ չափածոն տրվում է հազվագյուտ բանաստեղծների:
Գրական ընթացքի ստեղծարարության համար շատ կարևոր է ցիկլային մտածողությունը: Այս իմաստով ևս «Երկրապտույտ» գիրքը ուշագրավ է: Բանաստեղծական բաժիններն ունեն ներքին զարգացում, և դրանցում ընդգրկված բանաստեղծությունները արձագանքում են մեկը մյուսին: Իսկ բաժինների հաջորդականությունը ամփոփում
է գիրքը` ստեղծելով կրկնակի զարգացում: Կերտվում են պատմություններ, չնայած կո-տրված են կարճ տողագծերի: «Անպատասխան» բաժինը քաղաքացու` կյանքի և իրականության ընկալումն է` հավատի ու Տիրոջ հետ յուրահատուկ հարաբերությունը, հայրենիքի նորօրյա ընկալման և դարձյալ ճանաչման ջանքն ու մասնակցությունը պետականության կերտման ազգային ձգտմանը:
Սա այն տունն է, որ շինել է վարպետ Օհանը,//բայց դու չես ապրում այս տանը,//որ շինել է վարպետ Օհանը,//ու չես ապրում այնտեղ,//ուր ծփում է Սևանը,//ու չես ապրում այնտեղ,//ուր հայի-թուրքի սահմանը//գծել ու պահում է վարպետ Իվանը,//նույնիսկ այնտեղ,//ուր ծաղկում է յասամանը//ու իր հոտից էլ շուտ անհետանում,//ոչ էլ Էրեբունի դարձող Երևանում//կամ էլ Հոգևոր Հայաստանում,// ինչպես խոստացավ Տերյանը:
Մի առանձնահատուկ հմայք ունի «Մի գիշերվա Շուշի» բանաստեղծությունը: Սա ոչ միայն ծննդավայրին ձոնված ասքապատում է, այլև բանաստեղծի հուշ-հարաբերումը իր մանկության հետ: Կերպավորվում է քաղաքը, դառնում գեղեցկուհի, որն այնքան մոտ ու հարազատ է, ինչպես սրտի բաբախը:
Մի գիշերվա՜ Շուշի,//ընդմիշտ հիսունամյա //պապիս կարոտներով քեզ ուզեցի սիրեմ,-//էն ի՜նչ սիրուն էիր` //փրփրաժանյակ,//բարակիրան, //ճախրող մատներով նեղ,//էն ի՜նչ սրտապատառ//սպասված ու չեկած`//իմ` ուրիշի բաժին առաջին սեր,//իմ առաջին աստղի անկման պես կարճ:
Բանաստեղծություններ է դառնում ապրիլյան քառօրյան, որը բանաստեղծի տագնապն ու ցասումն է ընդդեմ մահվան, արյան ու պատերազմի: Ինչպես Ավ. Իսահակյանն իր «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծության մեջ մերժում է գարնան խորհուրդն իբրև ծաղկման ու նոր կյանքի ծես, այնպես էլ Ներսես Աթաբեկյանն է ծառս լինում կյանքի բնականոնությանը, քանզի մահվան ներկայությունը անմիջական է, ու տոնը հետաձգվում է.
Գարունը չի գալիս: //Կռիվ է, ասում է, չեմ գալու էս գարուն,//ձեր կողմերում արյունն էժանացավ,//ամեն ինչ կարմիր են նկարում`//դաշտը, բլուրը, ծառը,//փորած ակնաբիբը,//նշանառու չարությամբ//կկոցված արևն ու մահվան // ճամփեզրին քնած զինվորներին:
«Անպատասխան» շարքում հայրենիքի հետ բանաստեղծի հարաբերումը տեղի է ունենում Արարչի անմիջական մասնակցությամբ: Գրողն օգտագործում է բանատողի ասոցիատիվ ընկալման կերպը: Արարիչն ու հայրենիքը մեկ զուգահեռի վրա են, ուստի՝ բանաստեղծի համար մեկը մյուսով է գոյավորվում:
Բաց են բոլոր դռները,//դուռ բացողն է պակասել, //ցած են բոլոր լեռները, //բարձրացողն է պակասել, //մտի google, մտքինդ // կուզես Աստծուն հարցրու` //անպատասխան հարց չկա. //հասկացո՛ղն է պակասել:
Երևույթի նոր ընկալումը և պատկերումը աթաբեկյանական բանաստեղծության մեջ համակարգային է: Բանաստեղծը չափազանց մտերիմ է թե՛ Աստծու հետ և թե՛ հայրենիքի, քանզի երկուսն էլ իր կենսագրության մեջ են: Բանաստեղծի «երկրապտույտ»-ը դառնում է հոգևոր կյանքի սահմանների յուրովի ընդլայնում:
Կենսա-գրականությունը թերևս առավել ինտիմ է դառնում գրքի հաջորդ` «Սիրամարտ» բաժնում: Դարձյալ ցիկլային անցումներով քարտեզագրվում է ոչ միայն ապրումը, այլև ապրումի ներկայությունը կյանքի յուրաքանչյուր իրադրության մեջ, երբ չափազանց կարևոր է դառնում նաև իրականության պարտադրանքը.
Էս գարուն անուն չունեցար, սե՛ր իմ,//հասցե չունեցար,//ձեր թաղի տղերքը//չունեցան տղության ասպարեզ,//քաղաքապետը ծառերը կանաչ էր նկարել,//ծաղիկները` բացվող,//մայթերն` աղջկաշատ,//բայց կյանքը հերվա ճնճղապաշար էր,//անուն չունեցար, սե՛ր իմ, //նույնիսկ ընտրողների գերճշգրտված ցանկում,//հասցե չունեցար:
Բանաստեղծի սիրային «երկրապտույտ»-ը վերածվում է մերօրյա սիրահար տրուբադուրի թափառումների, որտեղ երևում է կյանքի ընթացը, պատկերվում է փողոցը, թաղամասը (Մալաթիա), իրական ու գրական սերերը: Այս թափառումներում մարդը դառում է հավերժական ասպետը` Դոն Կիխոտը, և Սիրամարտ, քանզի աթաբեկյանական սերը նույն մենամարտն է` ընդդեմ հողմաղացների.
Տիկի՛ն, ձերդ գեղեցկություն,//հմայախոսքով պարագծված տեղանքն//այլերեն է պատմում ժամանակն ու տարածությունը -//դուք միշտ ձեր ներսում եք,//ես՝ չէ,//ներսուդուրս եմ անում՝//նայած ինչ եղանակ են կամենում//մետեո-տիկնայք գրբաց ու անբասիր,//թերևս այսքանը իմ մասին,//իսկ ձե՞ր -//որ եղե՞լ եք – ոչ իմը,//որ միասին չե՞նք վերադարձել ոչմիտեղից//ու չե՞նք վառել լույսը,//որ հանգցնենք, //չե՞նք հագնվել, որ հանելիք ունենանք,//չե՞նք պրկվել շնչահատ,//մինչև լուսինը//սավանների վրա նկարեր//մոտավոր քարտեզը գիշերվա,//ուր երկու մարմին շարունակ//գտնում ու կորցնում են իրար -//ժխտականն ինչո՞ւ այսքան նախածանց եղավ,//և տեղանքն – անմուտք,//և կյանքը – անհնար…
Սիրո պատկերումը բանաստեղծը կատարում է դետալային կառուցումների ձևով, որից առթում են հայ և համաշխարհային գրականության ռեմինսցենցիոն հղումները, ուստի՝ ստեղծվում է խճանկարային պոեզիա: Կարելի է հանդիպել Իսահակյանի («ու հեռվից գեղեցիկ էր Ռիալտոյի կամուրջը»), Տերյանի («աշուն ու անձրև նմանակելով») և Չարենցի («առաջին ու վերջին քույր», «Նայադների պատկերով ու նմանությամբ») կին կերպարներին, Աննա Կարենինային, Դուլսինեային, անգամ քուչակյան լույս ու ջուր հոգին: Սիրո կորուստն ու հումորը ներդաշնակվում են Աթաբեկյանի պոեզիայում: Սիրո տառապանքին գալիս է փոխարինելու հումորային հետահայացը, քանզի աթաբեկյանական սիրո պատմությունը անցած ու կորսված սերն է: Սա նաև բանաստեղծի կողմից հատուկ է արվում, որպեսզի ծիծաղի արցունքների մեջ թաքցվի կորստի ու ցավի արցունքները:
Գրքի երրորդ` «Օգոստոսի անձրև» բաժինը ժամանակակից կյանքի քարտեզագրումն է: Գրքի այս հատվածում պարադոքսների կառուցումներով ի հայտ են գալիս գրողի պոետական դավանանքը, ես-ի ու կյանքի հարաբերումը, կենսագրական փաստը, ինտելեկտուալ հղումները, որոնց բանաստեղծը նախորդ գրքում տվել է եզրույթի արժեք ունեցող ձևակերպում` տարընթերցումներ:
Մի գիշեր հոգնեցի ինձնից,//չափածոյից չափավոր ձանձրացած`// փետրագրիչս կցեցի իր երամին,// ինձ հանձնեցի արխիվ// ու խմեցի՜// եղած ու ածանցյալ՝// մի լրիվ թանաքաման:
Սա աբստրահում չէ, այլ կոլաժային նոր մտածողությամբ փաստագրում, որը ներառում է թե՛ սիմվոլիզմի տարրեր, թե՛ կուբիստական կառուցման հնարանքներ, թե՛ գերիրապաշտական վիզուալ-պատկերային խճողումներ և թե՛ մոգական ռեալիզմի` արդի առասպելաբանությունը:
Ի վերջո, այս բաժնում բանաստեղծի «երկրապտույտ»-ը դառնում է կյանքի ճանաչողությունը, որն ընդմիջարկվում է համաշխարհային մշակութային քարտեզի` հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք խաչաձևումներով, և հասնում ընդհուպ այն կետին, որտեղից Երկնավորը հետևում է պտտվող Երկրին:
Բանաստեղծության կաղապարված, կարծրացած կառույցներն, անշուշտ, նորոգման կարիք ունեն, նոր ժամանակի ռիթմերին համահունչ ընկալումն ամենքին չէ, որ տրված է: Փորձարկումներ` ինչքան ասես, «քանդումին հեշտանքը»` ամեն օր, սակայն բանաստեղծության նոր մոդելի «կառուցման տաժանքը» ամեն ոք չէ, որ վերցնում է իր ուսերին: Ներսես Աթաբեկյանի բնագիր-կառուցումը հանգամանալի է և վարպետորեն է իրականացվում: Բնագրի ստեղծման ճանապարհին զանց են առնվում բանաստեղծական մի շարք կանոններ և օրինաչափություններ: Այնուհանդերձ, բանաստեղծությունն, ըստ Ներսես Աթաբեկյանի, դառնում է մոզաիկա կամ փազլ, որը ոչ միայն գրողն է կառուցում, այլև իր կառուցման խաղին մասնակից է դարձնում ընթերցողին: Աթաբեկյանի ընթերցողը որքան պատրաստված լինի, այնքան ազդեցիկ է դառնում բանաստեղծության հավաքման թողած ամբողջականության տպավորությունը: