Ժամանակակից պոեզիան վաղուց արդեն միակենտրոն չէ, ավելի արտակենտրոն է, այդ իսկ պատճառով՝ բազմակենտրոն: Սա նշանակում է նաև անհատականությունների ու ոճերի բազմազանություն:
Այս նախամուտքը հուշում է Ս.-Ավիկ Հարությունյանի «Երկինք և երկիր» (հեղինակային հրատարակություն, Ե.,-2014, 272 էջ) ժողովածուն:
Գիրքն ունի բնութագրական մի քանի առանձնահատկություններ, որոնցից հիմնականներն են՝ մտածողության արագությունը, փոխաբերական բազմաշերտ մտածողությունը, իմաստների բևեռացումն ու հակադրությունը: Այլ խոսակցության են մղում խոսքի կառուցվածքը, լեզուն, բառապաշարը և ոճական այլ միջոցներ:
Մարդկային սերունդների տարբերության հիմնական հատկանիշը արագությունն է, աստիճանաբար մեծացող արագությունը, որ արտահայտվում է կապի և հաղորդակցության նոր տեխնոլոգիաներով, փոխադրական միջոցների զարգացումով՝ սայլից ու ջրաղացից մինչև գերձայնային ինքնաթիռ, հրթիռ ու արբանյակ:
Ժամանակի արագությունը նաև գրականության մեջ է արձանագրված՝ Սունդուկյանի Գիքոյի «Իժու՜ու՜ու՜մ»-ից, որ անշարժության ու պարապության ձայնարկություն էր, մինչև մեր դարաշրջանի գրողների երկերում հոլովվող ժամանակի սովը:
Գիտատեխնիկական արագությունը թափանցում է նաև արվեստի ոլորտ: Բանաստեղծական մտածողության արագության հիմքում նաև մյուս արվեստների ներգործությունն է: Շարժանկարի արվեստի միջոցները պոեզիա տեղափոխելու մասին շուրջ հարյուր տարի առաջ տեսական հանգանակներ էին մշակում ապագայապաշտները, գերիրապաշտները, էքսպրեսիոնիստները, մեզ ծանոթ մտավոր տարածքում՝ Չարենց ու Մայակովսկին: Կինոմտածողությունն աստիճանաբար դարձավ աշխարհընկալման համակարգ, և այսօր ժամանակակից մարդուն, առավել ևս՝ ստեղծագործողին, չես կարող պատկերացնել առանց կադրի (պատկեր), շարժի, շարժի հաջորդական և իմաստային արագությունն ապահովող մոնտաժի, մոնտաժի ուղղահայաց և հորիզոնական զարգացումները լրացնող կոլաժի:
Ժամանակակից գեղարվեստական մտածողության մեջ մտքի թռիչքներն անընդհատական են, իսկ հենակետերը՝ բավականին հեռու: Սա մտքի և՛ թռիչք երկարություն է, և՛ թռիչք բարձրություն, և՛ թռիչք ձողով: Նաև թռիչք ոչ միայն կշռելիության, այլև անկշռելիության մեջ: Իսկ սա արդեն նշանակում է, որ միտքը ոչ միայն կարող է ունենալ, այլև ընդհանրապես չունենալ հենակետեր:
Արագությունը հեղինակի գեղարվեստական համակարգի նախադրյալներից է, որ կարող է արտահայտվել մտավոր անցումների ու թռիչքների տարբեր ձևերով:
Մտածողության արագության փոփոխությունը պոեզիայում արտահայտվում է ամեն տեսակի լրացյալ, դանդաղեցնող ավելորդությունների վերացումով: Այս ընթացքում պատկերը խտանում, սեղմվում և ներքին մի քանի աստիճանական անցումներով փոխաբերականացվում է: Սա ոչ թե միաստիճան պարզ փոխաբերություն է, այլ բազմաստիճան, ինչը համեմատաբար բարդ է, որովհետև համեմատության եզրերը հեռանում կամ սղվում են: Գրքում դա արտահայտվել է բազմաթիվ պատկերներով՝ «…իսկ մութը // քիչ-քիչ // կուղղի ծռած մեջքը», որ նշանակում է՝ լուսաբացը մոտենում է, «այս տունը նման է // ինձ ու քեզ// դատարկ է // թե գայիր՝ // ես կարող էի գիշերներին ծածկել քեզ // միջանցիկ քամիներից» («Այս տունը»): «Գիշերներին ծածկել քեզ»-ի մեջ «գիշերներին» ձևը քերականորեն խորթ է: Համո Սահյանը նույն պատկերը կձևակերպեր այսպես. «Մեր տանը մեռածներն են, հոգիս, // Ապրողները դրսում են»: Ասելիքը նույնն է, արտահայտման կերպն է տարբեր:
Փոխաբերականացված այլ պատկերների մեջ քամին մատներով բերան է փակում, հուշերը դառնում են գիշերածաղկի արցունքներ:
Այս մտավոր անցումների մեջ վերափոխվում, տեղաշարժվում են նաև ժամանակն ու տարածությունը: Մարդկային մեկ կյանքը շատ արագ մոտենում է վերջին և վերջից վերադառնում հիշողության ելման կետերը. «աճյունս վառեին // որ թռչունները մոխիրներս տանեին // այնտեղ – ուր ազգանունս // անսխալ-շշնջում են // քամիները» («Այնտեղ»): Իրականությունը գեղարվեստական այս համակարգի մեջ նոր իրականությամբ է ներկայանում՝ նույնքան բնական, բայց արդեն իրերի և հարաբերությունների, վերջի և սկզբի միանգամայն նոր դասավորությամբ:
Գեղարվեստական ինքնարտահայտումը բառային առաջին շերտից՝ իմաստային ազդակից թափանցում է ենթադրության ու կռահման նոր փուլ: Պատկերներն իմաստային լիցքերով բևեռանում են, ներքին լարումով բախվում և առաջացնում հակադարձ լիցքերի պայթյուն, ինչի իմաստային անդրադարձը մղում է մտավոր համադրության և նոր իմաստի ընկալման:
Ստացվում է խթանիչ ազդակ – համադրությամբ՝ իմաստի ընկալում – տրամաբանական կշռադատում: Սա մտավոր բարձր աշխատանք է, որ կատարվում է միանգամից, հապաղումը միտքը կգցի բացատրական ձանձրալի քաշքշուկների մեջ: Ահա, օրինակ, այս պատկերը. «ամեն մի // անկում // ավելի կարող էր // մեզ մոտեցնել // եթե իրարից // հեռու գտնվեինք» («Անկումը»):
Այս դեպքում պատկերը երբեմն ձգտում է խորհրդանշանի: Ահա պատերազմի սև լուրը տանող «Ճանապարհները». «Ճանապարհները // ցեխոտ // սև ագռավների նման // թռած-գնո՛ւմ են // տեսնես ո՞ւմ լուրն են տանում»: Անկախության համար պայքարի պատկերն է այս երկտողի մեջ. «Ճանապարհները, որ ընտրեցինք // ետ դառնալու համար չեն»: Ահա և և «Հայրենիք» դարձած այդ ճանապարհը. «Քայլերս տագնապ են դարձել հողի վրա. // ես իմ մարմնով ծածկում եմ // ժամանակի ճանապարհը // որ կյանքիդ հիշողությունից դուրս մնացած // պատմություն չդառնան»: Անտուն քամիների հակադարձությամբ պատմությունն իր մեջ կրող մարդն է. «Այս հողն է կյանքս, // Այս քարն է ուղիս»:
Գլխավոր խորհրդանշանները հինգն են. ինքը՝ բանաստեղծը, որպես ժամանակակից Մարդ, Հայրենիքը, Բնությունը, Ժամանակը և Տարածությունը:
Այս ամենը մանրամասնվում և տարբեր պատկերների մեջ ստեղծում է ի՛ր խորհրդանշանը. «դռներ կան- // որ փակվում են- // երբ մոտենում ես»: Վերնագրված է «Դռներ», որ կյանքի խորհրդանշանն է:
Այս տեսադաշտում «Հայաստան»-ն ասես միջնադարի հայրենների ժամանակներում է, երբ «կանայք մթան եզրին լուսնի շորերով // պանդխտության են ուղարկում // ամուսիններին // …այդ գիշերները // աչքեր են տվել՝ որ // կանայք հեծկլտան // կորուստը:
Քարերը նայում են հեռացողներին, մինչդեռ. «ես խոսում եմ // ես դեռ խոսում եմ // այն թռչունի մասին // որ հատել է օվկիանոսը // առանց վայրէջքների // բայց նայում է ետ // բայց նայում է ետ // բայց նայում է ետ // այս քարերին»: Կա նաև հակադարձ պատկերը. «ասում են՝ որտեղ գերեզման ունես // այդ հողը հայրենիք է- // այսքան շատ հայրենիք մեր ինչի՞ն է պետք» («Հայի հայրենիքը»):
Գրքում նյութը խմբավորված է շարքերի մեջ, որոնք հաջորդաբար լրացնում են ժամանակակից մարդու ներսն ու դուրսը: Լուրջի կողքին կյանքի խաղն է, նաև հեգնանքը, ծաղրը, ծաղրուծանակը: Ահա կանացի երկու կերպար. «շեկ կինը, որ // միշտ նման էր // տրտում հեքիաթի- // այցի էր գալիս՝ կրքոտ ժպիտը // արևից խլած» («Շեկ կինը»), «Երբեմն չկա ավելի անհեթեթ ոչինչ // քան գիտունիկ կնոջ // զննող ակնոցը»:
Խոսքը երբեմն քնարական-խոհական է (ապրում պատկեր), երբեմն դիտողական-զննական (դիտարկում պատկեր), երբեմն պատմողական-ակնարկային (գործողություն պատկեր): Վերջինի բնորոշ օրինակներ են «Գոյության սիմֆոնիա» և «Պատերազմի վատը» պոեմները: Տողաշարը փոխես՝ չափածոն դարձնես արձակ, կդառնա հոդված կամ ակնարկ, գուցեև՝ պատմվածք: Ինքը՝ բանաստեղծը, կռվել է Արցախի ազատագրման համար, տեսել է պատերազմը: Ռմբակոծությունների խոսակցական բառապաշարը, հաջորդող տեսարանները հատկապես վերջին պոեմը վերածում են շարժանկարի. «Պատերազմի վատը // անվերջանալի թվալն է // … պախկված դիպուկահարներն են- // վըըզզզզ, // ֆըըշշշ, // դըխկ- // ուրեմն ողջ ես // … գիշերն ինքն իրեն վախ է // գիշերը՝ ամեն ինչ վախ է»…
Առավել չափով իրական աշխարհն է, որ մե՛կ դառնում է լուսանկար, մե՛կ գծանկար, մե՛կ յուղանկար: Խորքում թույլ կամ ցայտուն արտահայտված ինքնանկարն է: Ահա «Ծուլություն»-ը, որ կենսագրական շատ դիպուկ մանրանկար է. 19-ամյա բանաստեղծի ծննդյան օրն է, միջավայր, սեր, հիշողություններ, հարազատ դարձած օտարություն: Այլ գործեր՝ «Ահա առավոտը», «Մի տխուր օր լիներ»:
Բացվող տարածական նկարաշարը երբեմն խտանում դառնում է տրամաբանական պարզ դիտարկում. «Ճամփան կորչում է, երբ ետ ենք շրջվում». մեկ տողանի բանաստեղծություն է՝ վերնագրված «Կորուստ»: Նույն կերպ. «Ինչի մասին ահա խոսում են, // Ես արդեն գիտեմ: // Երբ այսքան բարձր են խոսում՝ // Գիտեմ նաև ինչի մասին են լռում» («Աստղային պատերազմ»):
Ինքնաորոնումը ջրերում լողացող սառցաբեկորի չերևացող 7/8-րդ մասն է: Կերպարը որքան լուսանկար, նույնքան էլ պարզ բացահայտում է: Ոչ թե խոստովանություն, այլ կորած-անտեսանելի համարվող մի դրվագ: Ահա այդ կերպարը «Քաղաք»-ում. «Երբեմն-համարյա-անծանոթ // կանանց գրկում // հասկանում ես // որ կյանքը // հաղթանակների համար է // և կրծքիդ տակ նորից ալեբախում է քաղաքը»:
Հեղինակն ավելորդ հավակնություններ չունի, իր համար իր բանաստեղծական ձեռագործն է անում, երբեմն՝ խճանկարը: Նրա չպարտադրված ու չպարտադրող ստեղծագործական նկարագիրն այսպիսի դրսևորում ունի. «… սիրողական է // իմ տողը հիմա // ոչ բանաստեղծ եմ // ոչ էլ գրագող // շրջանակ չկա // ուղեղիս վրա // և այս աղջիկն է երգիս գրախոս»:
Քանի որ պարտադրանք չկա, անկաշկանդ է ամեն ինչում, երբ ուզի մեծատառով է սկսում տողերը, երբ ուզի՝ փոքրատառով: Մե՛կ մեծատառեր են, մե՛կ համատարած փոքրատառեր: Անկանոն է կետադրությունը, անընդհատ տեղի ու անտեղի գծիկներ են, որ բառամիջյան իմաստային տրոհում են ենթադրում: Օգտագործում է շարահյուսական շարույթը կոտրող, կոտրատող տողանցումներ («Նամակ» և այլն):
Այս ամենը ո՛չ լավ է, ո՛չ վատ: Այդպես է: Հեղինակը տվյալ պահի ինքնարտահայտման իր ձևերի մեջ է՝ ազատ, բայց հիմնականում ոչ անփույթ: Զարմանալի է՝ արտաքին ձևի այս խաղերը ոչինչ չեն փոխում, որովհետև ներքին լարումը դառնում է տողերի զսպանակ և կարգավորում տատանումները: Կառուցվածքն ըստ էության քանդված, վաղուց մոռացված քառատողն է՝ իր խարխուլ կամրջակ-անցումներով ու հեռավոր, կորած, աղոտ հնչող հանգերով: Առավել բնորոշող օրինակը «Մասրենի»-ն է:
Ազատ է բառի ընտրությունը, օգտագործումը, ինչն ընդլայնում է խոսքի հնարավորությունները: «Արկտիկայի մեկ հինգերորդ սառույցը հալվել է // և ջերմում է մոլորակը // ինչպես կլիմաքս ապրող կին» («Կնոջ բնությունը»):
Այո՛, ամեն ինչ պոեզիա է: Այո՛, պոեզիան խոսք է կյանքի և մահվան սահմանագծում: Այո՛, պոեզիան գնդակահարությունից առաջ մահապարտի վերջին խոսքն է: Բայցև առաջին հերթին պոեզիա է կյանքի մեծ առօրյան: Առօրյա և պոեզիա. թվում է հակառակ բևեռներ են, դիմադրության հաղթահարումն այդտեղ է:
Առօրյայի՛ պոեզիա և ո՛չ թե առօրեական, ինչն ստեղծում է երկրի ու երկնքի միջով քայլող մարդը, որ գտնի պահը // ուր // երկինքն ու երկիրը // պիտի միանան // ճամփան չի հոգնում երկար քայլելուց»:
Իսկական գրախոսություն է:Հեղինակին հատուկ սուր ու խորքային ընկալումներով եւ դիպուկ վերլուծությամբ:: Կարդացի `զուգահեռաբար ստուգելով իմ տպավորություններն առ Ավիկի բանարվեստը եւ զգացի, թե որքան ճիշտ է զգում գրականագետը Ավիկ Հարությունյանի պոեզիան, շատ պահերով իմ` կոնկրետ մեկ ընթերցոիս, ընկալումներին ունիսոն…Ինձ թվում է, թե տվյալ հեղինակի ստեղծագորժծության ավելի հավաստի վերլուծություն` քան Դավիթ Գասպարյանինն է, դժվար թե լինի:
Չափանիշները չեն կարող բացառություն լինել, երբ ամեն ինչ անկում է ապրում…