Չգիտեմ, թե երբվանից, ընդունված է ասել, որ ձին կատարված երազանքի կամ դեպի երազանքը տանող ճանապարհի խորհրդանիշ է: Գուցե, իսկապես, հենց այդպես էլ պատկերացվել է երազանքներին տանող ճանապարհը՝ սեփական ամենավերջին բջիջների միջով ու միջոցով, ասել է թե՝ անմնացորդ անկեղծությամբ արձակվող բառ-խրխինջների ճանապարհ, որը տանում է ցանկության վերջնակետին: Վերջնակետը Ռոլանդ Շառոյանի համար մի հասցե ունի, Տուն՝ Էրգիր: Տուն, ուր քարացած սպասում կա, որ լայն բացված թևերով գրկելու է նրան, հենց որ հասնի այնտեղ: Այդպես, խատուտիկի թերթիկների պես, մաս առ մաս տարածվող, այս ու այն կողմ սփռվող բառ-խրխինջներով Ռոլանդ Շառոյանի բանաստեղծական նժույգը բռնել է երազանքների իր ճանապարհը, որ տանում է Էրգիր, տանում է Տուն: Այդ ճանապարհին, մինչ յուրաքանչյուր քայլի տակն ու գլուխը զուտ իրենը դարձնելու տառապանքը, կար սկիզբը՝
Այնժամ, երկիր իմ, երբ փնտրում էի քեզ՝//աչքերս կորցրի մութուլուսի մեջ//և լսեցի ընկնող կաթիլի ձայնը, որ//օվկիանոս պիտի դառնա,//և զգացի աղի ծովաջուրը, որ//կաթիլից պիտի առաջանա:
Ահա Ազգագրություն կոչվող օվկիանոսը, և Ռոլանդ Շառոյանը, ով նրա ծառս եղած ալիքների ու կամ էլ՝ լացացնելու աստիճանի նրա մտերմիկ օրորումների դիտորդը չէ, այլ լողորդը՝ հենց նրա մեջ: Գեղարվեստական խոսքով վերհանված անձնական կյանքի մասնակցություն՝ ազգի պատմությանն ու գրությանը: Մասնակցություն՝ սեփական կյանքի ելևէջներով, անհանգիստ շնչառությամբ ու սրտի թրթիռներով: «Ես մնացի մեն-մենակ օվկիանոսի մեղեդու հետ» ասվածը չի նշանակում կանգնել ու վիզը ծուռ նայել օվկիանոսի ջրերին, այլ նետվել նրա մեջ՝ սեփական մաշկի վրա զգալու համար աղի նստվածք ունեցող կաթիլի շոյանքը.
Անկարող եմ նստել հացկերույթի սեղան,//Սուրբ Կարապետ վանքի աղբրիկի կողքին,//Երբ Մշո կանաչ դաշտերի միջին//Գերանդիներ եմ տեսնում կակաչներից զատ://Մհերի դուռ, ասա, ո՞նց ես դիմանում,//Ի՞նչ պայման դրիր զավակներիդ դեմ//Քուռկիկ Ջալալին ամպերը հեծել,// Դանդաղ լողում են աստղերից էլ վեր:
Կյանքն իր վարուվերումների մեջ երբեմն շատ տգեղ ու տխուր շարժումներ է անում: Զգայուն հոգին երբեմն զայրանում է, երբեմն՝ ինքնամփոփվում, երբեմն էլ նույնիսկ դուրս գալիս հավասարակշռությունից… Իսկ ի՞նչ է անում ազգ ու երկիր, մայր ու մանուկ, ընկեր ու բարեկամ իր շնչառության թևերին առած զգայուն բանաստեղծ Ռոլանդ Շառոյանը: Նրա «միտքն արարում է բանն աստվածային, որ սուրում է ցած, որպես ուրուր»: Միայն զգացմունքներով կյանքը ճիշտ չես ապրի: Մտքի թռիչք է պետք՝ «Թռիչք, թռիչք, թռիչք և ոչ երկնային…»: Մտքի օգնությամբ և տրամաբանված ապրելու արդյունքում է բանաստեղծի որոշումը՝
Թեպետ ես հարգում եմ իմ ապրած կյանքը,//Սիրում եմ ձեզ հետ մսխել խինդով,//լացուկոծով,//Մի՛ համոզեք ինձ, պետք չէ թիկունքիս//Կապույտ թռչուն դաղել կաշվե մտրակով:
Զգացմունքները, սակայն, մնում են իրենց դերում: Խնդրելով հեռու պահել իրեն կյանքի տգեղ ու կեղծ արժեքների ընդունման պարտադրանքից, բանաստեղծը կյանքի գեղեցիկ խաղերի կողմնակիցն է: Եթե նույնիսկ ընկնել, ապա՝ «անցավ, սիրուն…».
Ես ձեզ սիրում եմ թաց շան պես՝ անբառ,//Ոսկոր կրծելով և կաղկանձելով,//Ինչպես ճղակոտոր տերևն ընկուզենու-//Անցավ ու սիրուն կընկնեմ վայր ի վերո:
Ռոլանդ Շառոյանի յուրաքանչյուր բառ խոր ապրված ցավի միջից դուրս թռած և դեպի նպատակակետ ուղղված մտքի թռիչք է: Ահա, ցավ է՝
Ես չեմ ուզում ապրել այնտեղ,//որի բնակիչները գիտեն, թե ես ինչպես//պետք է ապրեմ:
Ներկա դարի համար «կայֆ» է, բայց Ռոլանդ Շառոյանի համար ցավ է այն, որ «21-րդ դարում մարդիկ ուզում են այլոց կյանքով ապրել»: Չի ընդունում նման քաղաքականությունը, որովհետև վախ կա՝ չխառնեն հանկարծ զուգերգի նոտաները: Հեռո՛ւ նմաններից, և թող անհայտ լինի իր ճանապարհը, որը գոնե «մի պուտիկ երջանկության» արժեք կունենա: Քանի՞ օր և որքա՞ն կտևի այդ «պուտիկ երջանկությունը», չես կարող ասել, որովհետև, ինչպես խոսվում է «Երկիր-Էրգիր» զուգերգի մեջ, ժամանակը որքան քաղցր, նույնքան էլ դաժան խաղեր կարող է ունենալ.
21-րդ դարում մարդիկ ուզում են այլոց կյանքով ապրել-//այս դարի կայֆն է դա,//ես ուզում եմ թոռներիս ձեռքից բռնել//և գնալ դեպի անհայտություն…
Անհայտություն՝ «մի պուտիկ երջանկություն» ապրելու համար: Այստեղ էլ, սակայն, ցավ կա: Անհայտությունն ու հայտնությունը ժամանակի չափումների մեջ դնելով՝ հանդիպում ես իր աղավաղումների մասին աղաղակող ժամանակի պատճառած ցավին: Անհայտություն՝
…որ չգիտեմ քանի օրվա կյանք կունենա՝//Անապատի ավազուտների մեջ թաղված,//Լեզուն կտրած սասունցի մանչի նման-//Թոպետ 100 տարի առաջ, բայց մինչև հիմա:
Գոյությունն ապահովող սեփական բոլոր բջիջների ներդրումներով են ահա բառերը ձգվում իրար ետևից, ինչպես դեպի երազների տուն առաջնորդող նժույգի կանչ ու կարոտ:
Իրականությամբ ապրված երազների զմայլելի տարածականություն: Ահա նժույգների վարգի դաշտը, որտեղ, սակայն, արթուն չի կարող մնալ աստվածատուր միտքը: Եվ դա է խրխինջ-բառերին ուժ հաղորդող ճշմարտությունը.
Հարկավոր չէ ինձ ոչինչ այս դարից,//Սեր և ընտանիք – ահա միակ սպեղանին,//Տերը կտա ինձ մի առկայծող հույս-//Գտնելու կորած Էրգիր հայրենին:
…………………………………………..
…Տո թլոր տղա, Դավիթ Սասունցի,//Համբերության դատարկ բաժակ էլ չկա-//Քո հերոսական նիստին ու կացին,//Հայրս է մնացել Աշնակում՝ Վկա…
Էրգրակարոտ: Ահա մաքուր տարածքներում վարգող շառոյանական նժույգների բնորոշումը: Էրգրակարոտ՝ նշանակում է տեսակի կարոտ, տեսակի փնտրտուք, որովհետև ժամանակը մի նոր խաղ է սկսել, որի կանոնների մեջ «Չղջիկի կյանքով ապրելն ընդունված ձևամոլություն է»: Միայն թե՝ ոչ դա… Տանելի է անգամ «քամու խաղն արևի հետ», նույնիսկ մի անմեղ բան կա դրա մեջ, որովհետև գիտես, համոզված ես, որ արևը մի օր կկանգնեցնի իր հետ խուտուտներով խոսող քամուն և կասի նրան՝ «Բարեկամ, թարգ տուր այս անհամ խաղերին»:
Ռոլանդ Շառոյանն էրգրակարոտ բանաստեղծի տեսակ է, ում նժույգն իր զգացմունքները փայփայելով առաջ է վարգում, սակայն՝ մտքի թռիչքներով: Միտքը թռչում է՝ բարձրացնելով, մոռացումից փրկելով ազգի կյանքին ու կենցաղին բնորոշ առանձնահատկությունները, դնելով դրանք ոչ միայն ճանաչողության ու հիշողության դաշտում, այլև «հուրուհավիտյան» կենդանի արժեքների կողքին:
Հայի պատմությունը «հուրուհավիտյան կախվածի» պատմություն է: Քրիստոնեաբար կախվածի պատմություն: Ահա նրա պատմությունը որպես նյութված դավերի նշանակետ՝ «մի պարապ տակառ՝ սարդոստայնով լեցուն»: Շատ բան խորհրդանշող, շատ բանի մասին խոսող այդ պատկերին բանաստեղծը հանդիպել է Սասնո գավառի պապերի տան նկուղում: Այնտեղ էին նաև՝
Կոտրած մի կճուճ և անձեթ ճրագալույց,//հազիվ նշմարվող նախշազարդ մաշիկ://Լավաշ բացելու կլոր սեղանին՝// փտած գրտնակ և ցեցը կերած՝//դժգույն մի գոգնոց և//պարմանուհու ապրշումե շապիկ՝//տրուբադուրյան սերերով օծուն:// Կար մի թարեք անբույր՝ լավաշահացի//և մի փրթած մախաղ, գլգիլի ողկույզ-//արծաթե փոշով պսպղուն…
Այսպիսին է «Ամանորը Էրգրում», որը երկինքն ի վեր կախվածի պատմություն է՝ հուր ու հավիտյան չմոռացվող, քրիստոսաբար կախվածի պատմություն:
Ռոլանդ Շառոյանի մտքի ու զգացմունքների բանաստեղծական տարածքներում մաքրությունը ճաշակած մարդու բավականություն կա: Ինքնահամոզման միջոցով ամեն «քեն ու ոխ» հանած, դրանք իրենից հեռացրած վիճակում ինքնության փնտրտուք ու ինքնաճանաչում կա: Այստեղ երազանքի խատուտիկից այս ու այն կողմ տարածվող բառ-խրխինջներից յուրաքանչյուրը երկրի ու Էրգրի տեղանուն է կամ՝ անձնանուն: Այստեղ փոքրիկ կտավի խոշոր պատկերներ են, ափաչափ սրտում տեղավորվող հորից պապ ու պապից նախապապ ձգվող անսահման տարածքներից արթնացրած համբուրելի հիշողություններ: Այդ ամենի ֆոնին, ահա, կախարդական աղեղն առած, ժամանակի վրա խաղում է թավջութակահար քամին… Արվեստի մի հրաշալի ներկայացում է ցուցադրում «Հայկական ջազը».
Ուջանի դրախտից Սապեի Միսակին բերեմ՝//Իր երկար զուռնայով,//Կաքավաձորի դրախտից Մգրոյին բերեմ՝//Իր պուկիով,//Աշնակի դրախտից Վարազդատին բերեմ՝//Իր կարճ զուռնայով,//Շղարշիկից՝ Մամիկոնին՝//Իր պարկապզուկով,//Աշնակի դրախտից քիչ էր մնում//Կարոյին մոռանայի՝// Խոզի կաշվից իր դհոլով,//Ծիրանի փայտից կոպալներով://Աշոցքի դրախտից՝ խելառ Ջրի//Ձորի թավջութակահար քամուն բերեմ,//Կարսից Եղիշե Չարենցին բերեմ՝//«Ես իմ անուշ Հայաստանին» երգի:
Վերջակետը հանիր, Ռոլանդ Շառոյան: Վերջակետը փակում է քո ետևից եկող իմ ճանապարհը: Քո «թավջութակահար քամին» վիրտուոզ է, իմ սիրտն էլ է տեղից հանում, բայց թող որ մի րոպե դադար առնի… ուզում եմ երկար լսել Չարենցին ձայնակցող Միսակին, Մգրոյին, Վարազդատին, Մամիկոնին, Կարոյին… Քո պարզ, անկեղծ ու ազնիվ բառերով այնպիսի զուգերգ ես ստեղծել, որը չի կարող սահմանափակել ամեն ինչի ավարտը հորինողների հորինած վերջակետը: Հանիր վերջակետն ու շարունակիր, հիշիր բոլորին տարածք առ տարածք, անուն առ անուն… Ով է ասել, որ զուռնան, պուկին ու պարկապզուկը ջազ նվագող գործիքներ չեն: Բա ինչպե՞ս են նվագում այստեղ, քո տողերի մեջ: Ջազային այս նորահայտ ներկայացման համար հատուկ գնված տոմսեր ու պայմանագրեր պետք չեն: Ընդամենը հարկավոր է տալ մի անուն ու ներս մտնել: Ես տվել եմ քո անունը, Ռոլանդ Շառոյան: Ես տեսել եմ, թե ինչպես են ջութակահար քամու աղեղի տակից բառերի խրխինջներ ծնվում ու տարածվում Երկրից Էրգիր: Այս պահին քամին չէ, այլ իմ ձեռքն է թերթում «Բառերի խրխինջ» վերնագրված քո գիրքը, որի մեջ զուգերգ է՝ Երկրի ու Էրգրի չլսված ու չտեսնված մաքուր զուգերգ հայ գրականության մեջ: