ՊՈԵԶԻԱՅԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ / Սոկրատ ԽԱՆՅԱՆ

84409592_1183866101809039_6025988559675064320_n

Սոկրատ ԽԱՆՅԱՆ

Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

 

Գրասեղանիս ականավոր գրող Վարդան Հակոբյանի «Քարը` արագիլի կտուցին» բանաստեղծությունների նոր ժողովածուն է` հրատարակված Երևանում, «Անտարես» հրատարակչության կողմից, 2019թ.£ Գրքի ընթերցումն առիթ տվեց մտորելու գեղարվեստական գրականության պատմականության, փիլիսոփայության, ազգային ոգու, դրանց առնչված նաև Արցախում ստեղծվող գեղարվեստական խոսքի զարգացման արդի ընթացքի և արժեքի մասին£

«Քարը` արագիլի կտուցին» ժողովածուի վերլուծումը ու արժևորումը և՛ հեշտ է, և՛ դժվար£ Հեշտ է մեզ համար, քանզի կես դարից ավելի է, ինչ հետևում ենք նրա պոետական աճին ու հրատարակած բոլոր գրքերի մասին հանդես ենք եկել առանձին գրախոսություններով£ Դժվար է, որովհետև Վ. Հակոբյանը յուրաքանչյուր նոր գրքով ներկայանում է նորագույն հունձքով` թեմաների շերտավորման, լեզվաոճական նորահյուս երանգների, երգերի բովանդակության ու ձևի ներդաշնակության, բնապատկերների թարմության, կոմպոզիցիոն ձևերի բազմազանության առումներով£

Վ. Հակոբյանի ստեղծագործության այս առանձնահատկությունների հաշվառումով է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը ժողովածուի հանձնարարականում ընդգծել բանաստեղծի ամեն գրքի, բանաստեղծական շարքի հետ նորանալու և իր` արդեն իսկ ինքնատիպ պոետական աշխարհը նորացնելու զարմանալի հատկանիշը£ Իսկ ինքը` Վարդանը, այս արարման իր առանձնահատկությունը անվանել է «Սովորական բառերի անսովորով»£ Գիրքն էլ հենց բացվում է առինքնող մի հյուսվածքով, որը անվանված է «Սովորական ցանկություն», որը բերում ենք ամբողջությամբ.

Լիներ մեկը` խոսեր, ինչպես ոչ բոլորը, տարված լսեի,//Լիներ մեկը` երգեր, ինչպես ոչ բոլորը, լուռ ունկնդրեի,//Լիներ մեկը` գրեր, ինչպես ոչ բոլորը, գերված կարդայի,//Լիներ մեկը` ապրեր, ինչպես ոչ բոլորը, լիապես ապրեի//և իրականում, առանց ինձ թվալու, այդ մեկը ես լինեի£//Լիներ մեկը` չլիներ բոլորից մեկը, այլ բոլորի մեջ… մեկը£ (էջ 7)

Այսպես, ծանոթանալով բանաստեղծի «բոլորի մեջ… մեկը» լինելու աստվածահաճո ցանկությանը` մտնում ես գրքի բազմերանգ աշխարհը, կարդում, վերընթերցում, ուրախանում, որ այսօր մենք ունենք նման բանաստեղծ, որը կարող է սեղան նստել ուզածդ երկրի ճանաչված արվեստագետի հետ և հպարտորեն բարձրաձայնել.

Ես ստեղծել եմ մանուշակ, խոտ, քամի,//Ամեն ինչ, անգամ ժամանակ,//…Ես այդ ժամանակից դուրս եմ դնում ոտքս//և միանգամից հայտնվում եմ իմ ստեղծած//տարածքում, ուր հողը//ոտքիս հետ խոսում է,//իմ կոդով` իմ նշանն իր վրա£ (էջ 8)

Վ. Հակոբյանը հասել է կյանքի ճանաչողության, ազգայինի և համամարդկայինի ընկալման ու բացահայտման այնպիսի աստիճանի, որ առանց փիլիսոփայություն խաղալու բանաստեղծական խոսքը ներկայացնում է փիլիսոփայորեն£ Այսպես.

Երբ արևը թիկունքից է` ճամփին//զգուշացիր//քո ստվերը//քո ոտքերի տակ տրորելուց£ (էջ 9)

Մարդու ներաշխարհը բնութագրելու, սեփական ճանապարհն ունենալու, հայրենիքի գեղեցկություններով հմայվելու, ծնողներին պաշտելու գաղափարների միանգամայն նոր հյուսվածք է հետևյալ գոբելենը.

Ես այնպես եմ//ասում` իմ ճանապարհը,//ես այնպես եմ//ասում` իմ սարերը,//ես այնպես եմ//ասում` իմ սերը,//ես այնպես եմ//ասում` իմ մայրը,//ասես` Աստծո առաջ//երդվում եմ` իմ արևը£ (էջ 10)

Ահա այսպես, 21-րդ դարի հայորդին, փնջելով մարդկային ազնվության, նվիրվածության հոգեաշխարհի` դարերի ընթացքում պահպանված ավանդույթները, իսկ և իսկ իրեն ներկայացնում է որպես արևապաշտ, որը նստվածք է տվել մեր ժողովրդի արյան բջիջներում` պահպանվելով առ այսօր£ Ուրիշ էլ ո՞ր ազգի որդիներն են երդվում հոր արևով, մոր արևով, ընկերոջ արևով, վերջապես` Աստծո արևով£

Համարձակ, աստղագնա, երկնաթև է Վ. Հակոբյանի քնարական հերոսը£ Նա կարող է երկնքի ապակիները ջարդել ու ներս սողոսկել լուսնի մոտ` պատուհանով£ Վ. Հակոբյանի քնարական հերոսը կարոտում է մարդկային երջանկաբեր կյանքին.

Անապատը//թախծում է//ավազներում ընկած//կողպեքի շուրջ£//Արմավենին//դեռ չի հասել//այնտեղ, ուր ջուր չկա£ (էջ 14)

Վ. Հակոբյանի պոեզիայում անձնավորված բնությունը, իր բոլոր շերտերով լեզու առած, խոսում է իր տիրոջ, իր որդու, իր թոռ ու ծոռան հետ, որին հավասարապես արձագանքում են այդ իսկ հայրենի բնության հին ու նոր տերերը£ Այդ են վկայում գրքի «Մեծ քարին նստած ամպը», «Բոլոր քարերի վրա», «Մտածում էի…», «Ես աստվածորդի չեղա» և նման խոսուն տողերով սկսվող երգերը£

Թևավոր, ասացվածքների և առածների փոխարկված խորհուրդների ծիածան է գրքի յուրաքանչյուր շարք£ Հիացմունքի շոյող զգացումներով կարդում ենք. «Մոռացումը սպանության ձևերից մեկն է», «Ճամփան հիշողության երիվարն է», «Ժայռերը հոսում են առվի շուրջ», «Ճանապարհը բոլորի ոտքի տակ նույնն է, ամեն մեկի մեջ` տարբեր», «Ամեն ինչ գտնում են ճանապարհին£ Անգամ ճանապարհը», «Ճամփան առանց ճամփորդի չի գնում»£ Այսպես կարելի է շարունակել և կազմել աֆորիզմների մի բառարան£

Վ. Հակոբյանը բնապաշտի հմտությամբ ներկայացնում է ոչ միայն բնության գեղեցկությունը, այլև ստեղծում է տարվա եղանակների վարքագրությունը£ Նա և՛ խստապահանջ պապ է, և՛ ներողամիտ հայր, և՛ սրտանվեր եղբայր£ Այդ բարեմասնությունները մեր օրերին են հասել դարերի խորքից, Էջմիածնից, Զվարթնոցից, Գանձասարից, և Ստեփանակերտում նորակառույց ու նորաբաց Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր Տաճարից, որի զանգերի ղողանջյունից «երկիրը տաճարվում է», և յուրաքանչյուր հայորդի երախտագիտությամբ շշնջում է.

Մեր տաճարները//միշտ բարձրանում են//առաջին գծի վրա£ Եվ նրանց//մեր նահատակներն են ուղղորդում… (էջ 39)

Ժամանակին Մեծ Լոռեցին գրել է. «Գրականությունը կյանքի կախարդական հայելին է»£ Ու մեր բոլոր անվանի գրողները, ընդունելով այդ խորհուրդը, ստեղծել են իրենց իդեալական հերոսի կերպարը, որոնց գործը շարունակում է նաև Վ. Հակոբյանը.

Եթե երկինքը ես չեմ,//այդ դեպքում ես ով եմ£//Եթե գետը ես չեմ,//այդ դեպքում ես ով եմ£//Եթե հորիզոնը ես չեմ,//այդ դեպքում ես ով եմ£//Եթե խոտը ես չեմ,//այդ դեպքում ես ով եմ£//Եթե… եթեները ես չեմ,//այդ դեպքում ես ով եմ£//Իսկ եթե իրենք ես չեմ,//այդ դեպքում իրենք ով են£ (էջ 43)

Ըմբոշխնելով Վ. Հակոբյանի սույն ժողովածուի էջերը` թվում է` մտել ես մի լսարան, որտեղ հանդիպման են եկել մի խումբ իմաստուններ, ելույթներ են ունենում, և դու գրի ես առնում նրանց թևավոր ասույթները, բայց միաժամանակ չես հասցնում գրի առնել բոլորը£ Ու մնում է` գլուխդ առնես ափերիդ մեջ ու հիացմունքով հոգուդ աշխարհի մեջ առնես բոլոր թևավոր մտքերը£ Բերենք բանաստեղծի թեկուզև այս սրտապարար հետևությունը.

պիտի մոտենայի//աղբյուրին//հերթս չհասավ//պիտի գնացք//նստեի//հերթս չհասավ//պիտի Աստծուն//դիմեի//հերթս չհասավ//ասացին հետո//հետո//քո ժամանակին//սպասեցի եկավ//իմ հետոն//ասաց հետո (էջ 53)

Այսպես, կենսափիլիսոփայական պոետական պատկերներով կարդում ես մեկը մյուսի շարունակություն հանդիսացող «Ապրում ենք` մեզանից առաջ», «Ես չեմ հավատում ժամանակների ընթացքին», «Եթե քո տերը ինքդ չես», «Դու քո սիրո անունը դնում ես Հայրենիք» և այլ հյուսվածքներ, թվում է, թե լսում ես քո ապուպապերի օջախապահ, հայրենապաշտ, ծնողասեր, որդեպաշտպան, պատվարժան, հավատաթև խորհուրդները, վերջնական դասով.

կենսագրության մեջ`//անուն-ազգանուն//ու հայրանվան մոտ,//նշեք անպայման//այն ճանապարհը,//որ անցնում եք,//բայց` մեծատառով`//… որպես մայրանուն£ (էջ 68)

Էլ ինչ հայ բանաստեղծ, եթե հոգու ծիածանի մեջ չի նշմարի կորուսյալ հայրենիքի և աշխարհասփյուռ հայության սրտի զույգ կեսերը կազմող Հայաստանի և Արցախի ճակատագիր-կամարը£ Այս կապակցությամբ ևս Վ. Հակոբյանը ներկայանում է որպես մեր անմահ դասականների արժանի ժառանգորդը£ Արևմտյան Հայաստանի հանդեպ հայության օրավուր բորբոքվող ցավ-կարոտի խոսուն հյուսվածք է «Վերջնագիր Թուրքիային» բանաստեղծությունը, որտեղ մեր համաժողովրդական հիշողությունը ողբերգական զգացումից վերածվում է ցասումի ու զինվելու թթխմորի.

Ոտքերս վաղուց արդեն հրթիռներ են,//ոսկորներս`//չինական թրեր,//ձեռքերս ինքնաթիռի թևեր են,//աչքերս` միջուկային ռումբեր,//սիրտս` սեղմնակոճակների ոսկյա տուփ£ (էջ 26)

Պատմական ճակատագրական անցյալի մասին լինի խոսքը («Մեզ վիճակված էր դարեր ի վեր») թե վառող հուշերի («Հուշեր»), ժամանակակից քաղաքական խաղերի մասին լինի («Ինչպես բոլոր բանաստեղծները») թե մեծերի առջև խոնարհվելիս («Դեմքս»` նվիրված Պարույր Սևակին), ընդհանրության մեջ բանա­­ստեղծը պապենական լավատեսությամբ գնում-մտնում է աշնան գիրկը, որտեղ անձրևն ավելի վաղ է գալիս, «քան ինքը աշունը», որտեղ ամեն դեպքում կյանքն է եռում` բոստանի բերքահավաքով, ցողաթաթախ ձնհալով, ագռավի` ամռան կարոտով, և… Նախշուն անունով աղջկա սիրո առեղծվածով («Ավելի վաղ եկավ…», որտեղ աշխարհն աշխարհում մարում է, իսկ աշունը «ներսում հրդեհվում է» («Աշուն»), որտեղ Սահյանը նոր սերնդի երթի մասին խորհում է` ասելով. «Ինձ բացակա չդնեք»:

«Քարը` արագիլի կտուցին» գիրքն ընդգրկում է «Ինչ եմ ուզում չասել», «Աներկինք օր` լույսի և մութի արանքում», «Դժոխային հմայքներ», «Սպիտակ վարդի լեգենդը», «Ասելուկներ», «Հուլունքաշար՝ քո պարանոցի համար» շարքերը£ Սա նշանակում է, որ Վ. Հակոբյանը սույն գրքում ներկայացել է վեց քնարական պոեմներով` ընդգծված գաղափարական խորությամբ ու գեղագիտական իդեալի մերօրյա ընդգծումով£ Սակայն նշենք, որ նրանցում հեղինակային միտումն ու միտումի եզրույթները հյուսված են կյանքի դրամատիզմի ճշմարիտ պատկերով£ Նրա մտորումներում անտարբերության նշույլ անգամ չկա, սիրտը տրոփում ու ցավում է ողջ մարդկության, այդ թվում նաև իր մայր ժողովրդի ճակատագրի համար£ Եվ նա իմաստնաբար եզրակացնում է.

Երբ խաղաղությունը բույն է դնում//մութի և լույսի արանքում,//ուրեմն`//պատերազմներն անխուսափելի են£ (էջ 183)

Իսկ պատերազմներն, ըստ հայ պոետի, առաջին հերթին ողբերգություն են փոքրաթիվ ժողովուրդների համար£ Պատերազմների արհավիրքը հոգեբանական խորությամբ Վարդանը ներկայացնում է հետևյալ ցնցող պատկերով.

Խելագա՞ր է…//- Ո՛չ£//- Բայց ինչո՞ւ է պարում//գերեզմանոցում,//այն էլ` մի ոտանի…//- Շիրմաքարի տակ կռվում ընկած//նրա մյուս ոտքն է£     («Զորացրված զինվորը», էջ 184)

Նման ցնցող պատկերով հեղինակը անցուդարձի այրող զգացումով վերհիշում է մեր ժողովրդի պատմության 1915-ի սև Ապրիլը, որն այլևս գարուն չէ մեզ համար, ինչպես Վարդանն է նշում.

Որոտ, կայծակ չեն կարողանում ո՛չ անձրևներով,//ո՛չ ծաղիկներով, ո՛չ արևով անգամ գարուն հաստատել£ (էջ 187)

Եվ ոչ միայն ապրիլված Արևմտյան Հայաստանը£ Վ. Հակոբյանի հայրենի Հարար գյուղի կոտորածները ևս Հայոց ցեղասպանության արյունոտ շարունակությունն են£

Պատերազմական դաժան պատկերներին հաջորդում է «Դժոխային հմայքներ» շարքը£ Այստեղ բանաստեղծի կենսափիլիսոփայությունը բխում է մարդկանց` միմյանց հասկանալու կարևորությունից£ Իմաստունները չպետք է լռեն, բառերը չպետք է գործիք դառնան ճշմարտության դեմ£ Պետք է գտնել միասնության անհրաժեշտ բառը:

Պոեզիայի փիլիսոփայության նորահայտ երևույթ են Վարդան Հակոբյանի այն երգերը, որտեղ ընդգրկված են անհատի և ժողովրդի միասնության հարցը և հերոսի անձնվիրության կարևորությունը մայր ժողովրդի կյանքում£ Նման երգերից է «Սևագրություններ» հյուսվածքը, որտեղ բանաստեղծը ասեղնագործում է իր քնարական հերոսի նվիրումը մայր ժողովրդին տիեզերական գեղապատկերների միջոցով.

Մանուշակը իմ ես-ն է,//ուրեմն` ես հողն եմ£

Ժողովրդական իմաստության հիանալի մի պոեմ է Վ. Հակոբյանի սույն գրքի «Սպիտակ վարդերի լեգենդը» սիրային երգերի շարքը£ Որպես բնաբան` բանաստեղծը բերում է հետևյալ անկեղծ խոստովանությունը.

Այն, ինչ ընթերցում եմ քո աչքերում,//ինձ ստիպում է//թուղթ ու գրիչ նետել մի կողմ//և այլևս երբեք չգրել ոչ մի տող,//չգրել ոչ մի բանաստեղծություն£ (էջ 219)

Ուշագրավն ու առինքնողն այն է, որ ամբողջ շարքի ընթացքում սիրո վերաբերյալ մեր ապուպապերի ավանդական սիրո մաքրությունն ու ջերմությունն է ալիքվում£ Դրանով իսկ հաստատվում է քրիստոնեական բարոյականության այն շաղախի ուժը, որով վեր է հառնել օջախը հայոց` ամուր, երջանկաբեր, ավանդական, ապագայամետ£ Վ. Հակոբյանի քնարական հերոսի հուզաշխարհն այդ երևույթի աստղաշողով է լուսավորված£ Նա «Սիրում է սպիտակ վարդը», որովհետև ում ընտրել է, նույնպես «սիրում է սպիտակ վարդը» և խոնարհումով շշնջում է.

Սեր չեմ խոստովանում,//երբ քեզ ասում եմ, որ սիրում եմ,//ես պարզապես//միանում եմ Աստծուն£ (էջ 221)

Վ. Հակոբյանի սույն ժողովածուն եզրափակվում է «Հուլունքաշար` քո պարանոցի համար» շարքով£ Բազմաշերտ երգերի փունջ է այն, որից բուրում է սերը հայրենի եզերքի, մանկության անփոխարինելի օրերի, հայրական օջախի, առաջին սիրո հանդեպ£ Հետաքրքիրն այն է, որ շարքի երգերի ողնաշարերը օծված են թևավոր մտքերի ոսկեփոշով£ Այդ խոսքերը հնչում են առասպելված հոր շուրթերին, «Մարդու մեջ մարդ փնտրիր, որ քո մեջ չկորցնես Աստծուն», իսկ հոր ձայնի ելևէջների տակ նա տեսնում է ամբողջ մանկությունն ու պատանեկությունը, որ անց են կացել «Մեծ քարի հայացքի տակ ու նրա համար»£ Բանաստեղծի համար հայրենի դաշտում «լույսը երկնային մանանա» է, անձրևը «հանգաշեղ նվագ», «բառը ճամփորդություն», և որտեղ սիրող սիրտը բարձրաձայնում է.

Մեր զույգ աչքերը իրար ենք բերում, մի՞թե//նման չեն Նոյան տապանին, որ նոր ջրհեղեղից//փրկենք երկիրը մեր փոքրիկ անմեղսական մի սիրով£ (էջ 378)

«Քարը` արագիլի կտուցին» բանաստեղծությունը, որի անունն է կրում և գիրքը, նորություն է ոչ միայն պատկերային գաղափարափայլ առումով, այլև հայոց Արագիլի աստվածային սերը ներկայացնող հրճվանքով.

Ասում են` Հայոց աշխարհում արու արագիլը//երբ ուզում է//սիրո խոստովանություն անել էգին, կտուցի մեջ//բերում, նրան նվիրում է մի քար£ (էջ 381)

Եթե ժողովուրդը հորինել է այս հրաշք լեգենդը, նշանակում է՝ երևույթին պետք է հավատանք, որովհետև մեր ապուպապերի սերը միշտ եղել է հավերժածուփ ու ամրակուռ իրենց կերտած օջախների նման£ Այլապես այս մոլորյալ աշխարհում, կյանքի անհաստատ օրինաչափությունների մեջ այսքան ամուր և աստվածահաճո չէին լինի նաև հայոց նորօրյա օջախները` հայաշունչ, մեսրոպատառ, կոմիտասաերգ, նժդեհակամք£

Չճանաչված Արցախի ճանաչված բանաստեղծ Վարդան Հակոբյանի գրական հունձքը հայոց դարավոր գրականության ինքնատիպ էջերից է, վկան` «Քարը` արագիլի կտուցին» բարձրարվեստ ժողովածուն` պոեզիայի փիլիսոփայության նոր արևաշող սահմաններով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.