ԹԱՔՈՒՆ ԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԷԼԻ ՇԵՔՍՊԻՐՆ Է ՄԵՂԱՎՈՐ / Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Լրատվությունը տեղ հասցրեց, որ Ստամբուլում հանդիպել են Էրդողանն ու Ալիևը։ Նրանք փակ առանձնազրույցի ընթացքում քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր։

Դե, առանձնազրույցը թաքուն է, և մենք՝ քերթողներս, ձգտում ունենք բացահայտելու թաքունը, գաղտնին։

Ի՞նչ է ասել Էրդողանը։

Երևի հորդորել է «բնապահպան» բառի տակ թաքնված յաթաղանը փաթաթել մի այլ գույնով, էս անխիղճ աշխարհը թքում-մրում է ու դատապարտում, էդ ոչինչ, խաղեր են տալիս, բայց հարկ է ցույց տանք, որ լսում ենք նրանց կոչերը, ոչերը, հորդորները, դատապարտումները, ուրիշ դեպքում՝ թքած, բայց էս անխիղճ երկրաշարժը ստիպում է ավելի ճկուն լինել, և՛ ռուսներին, և՛ Ամերիկային, և՛ Եվրոպային ու Իսրայելին եղբայր ու զինակից անվանել, որ մեր հիմնական երազանքը քշենք Կասպից ծովից դեպի Չինաստան, հա՛, ժամանակը չի երևի Իրանին զայրացնելու, թող մեր վարիչները մի քիչ համբերեն, թող ռուսներն էլ չանհանգստանան, թե իրենց երկրի մեծ մասը մեր քարտեզում ենք գծել։ Հասկացա՞ր, Իլհա՛մ ջան, Չինաստանը, զգացիր, մոտ-մոտ է անում պարսիկներին ու ռուսներին։ Մեր քավոր ՆԱՏՕ-ն էլ է անհանգիստ։ Էնպես արա, որ ռուս խաղաղապահներն ու եվրոպական առաքելության ժանդարմներն իրար պոզահարեն։ Այնպես որ, ոչ էլ ռուսները բորբոքվեն, առանց էդ էլ ամեն ինչ սպասելի է նրանցից։ Ռուսները, ինչպես Զատուլինն է ասել՝ պոնտացի Պիղատոսի պես ձեռքները լվացին, տեր չկանգնեցին Ռուբեն Վարդանյանին. այս մեթոդով գործիր։ Իրար հասկացանք, չէ՞։

Ալիևի խոսքն է՝ հա՛, շե՛ֆ։

Էրդողանը շարունակել է երևի։

Հայերի մեջ կռիվ քից, դա նրանց ավելի է հաջողվում, հիշիր՝ մենք հիմնականում նրանց թշնամին ենք, նրանք էլ՝ մեր, բայց հիմա պիտի ոխերիմ մարդասեր խաղանք։ Պարզ է, չէ՞։ Նրանց պետք է ներշնչել, թե գլխավոր դերակատար են, կարող են և՛ ռուսներին, և՛ Արևմուտքին թելադրել ինչ-որ հարցեր, երկու կողմից էլ գլուխները կշոյեն, մինչև մի օր կապտակեն, մենք էլ՝ կողքից։

Իլհա՛մ ջան, հայերին պետք չէր, կարծում եմ, ասել, թե ՀԱՊԿ-ում ավելի շատ են մեր բարեկամները, քան նրանց, դե, դա պարզ էր, երևի պետք չէ ասել, որ Արևմուտքում էլ են շատ մեր բարեկամները, դա հասկանալի է, թող հայերը միամիտ լսեն նրանց, բայց գլխի չեն ընկնի, թե ինչ են մտածել, ինչ են ասում և ինչ են անելու, այսպիսին է մեր փորձը, մենք եվրոպացիքին լավ գիտենք, դե, Ամերիկան էլ մեր փադիշահն է, գիտեք ու գիտենք, թող հայերին թվա, թե մեր բայրաքթարներով Ուկրաինային ենք օգնում, ուրեմն ռուսներն իրենց կպաշտպանեն, թող մտածեն, մենք մեր գործը կանենք՝ ռուսները թող սարքեն մեր ատոմակայանը, նավթն ու գազը, մեր հաբում հավաքենք ու բաշխենք աշխարհին, նրանք մեր ձեռքին կնայեն, հասկացա՞ր, Իլհա՛մ ջան, մեծ առևտուրը չի նայում փոքր երկրների երեսին։ Նրանք թող ինքնավստահ մե՛կ ձախ զարկվեն, մե՛կ՝ աջ, հետո իրար ուտեն, մինչև խելքի գան, մերն է լինելու ժամանակը։

Ալիև՝ հա՛, շե՛ֆ։

Էրդողան՝ կոշտ ուժ, փափուկ ուժ, հարևան-բարեկամ՝ բոլորին առնել, տո էդ թշնամիներին էլ առնել-ծախել, պա՞րզ է։

Ալիև՛ հա՛, շե՛ֆ։

Էրդողան՝ բայց միջանցքը բացելու ենք։

Ալիև՝ ո՞րը։

Էրդողան՝ մերը։

Ալիևը ժպտաց։

Էրդողան՝ փորձիր ճիշտ հասկանալ. երբ-որը։ Պետք է խառնել իրար։

Ալիև՝ հա՛, շե՛ֆ։ Որքան սլավոններն իրար ուտեն, էդքան մենք Թուրանին կհասնենք։

Էրդողան՝ համոզեցիր, որ պտուղը ծառից հեռու չի ընկել։ Հե՜յ գիտի, Հեյդա՛ր։

Ալիևի խոսքը՝ հա՛, շե՛ֆ։

 

Հիմա գանք իմ բացահայտումների պարզունակությանը։ Ախր Էրդողանը լավ գիտի, որ իրեն հետևում են ու ամեն բառը լսում, մի օր երեսին կասեն, թե Ալիևին ինչո՞ւ ետ պահեցիր կանաչների սրբազան ուխտից, բա նա ի՞նչ կպատասխանի, ասի, թե Իլհամը շատ ինքնավստահ կանաչ է, կարող է մի տեղ սայթաքի, ասենք՝ բանանի կեղևի վրա։ Բա չասե՞մ, որ յաթաղանը պահի լավ օրերի համար, համ էլ հայերը եղեռն են հիշում ու մեզ էլ թույլ չեն տալիս իրենց գլուխը շոյենք։

Բա Ալիևը չի՞ խոսում։ Խոսում է, ըստ իս, դժվարությամբ է համաձայնվում յաթաղանը պահել ավելի ծածուկ տեղ, էդ շանորդի կանաչները բավականին անխելք միլլաթ են, արագ ցուցադրեցին, որ իմ ջրած, պահած ոչ թե կանաչ, այլ խակի գույնի ենիչերիներ ու վարձկաններ են։ Գուցե իսկական բանակով փակի, վերջացնի էդ Լեռնային Ղարաբաղ կոչվածը։

Էրդողանը, ըստ իս, գլուխը կախել է, ընկել մտքերի մեջ, էդ ժամանակ՝ հեռախոսազանգ Ռուսիայից…

Մինչև զանգին պատասխանելը Ալիևը շշնջաց՝ ամեն բան իր ժամանակն ունի։

Հետո զանգ Ամերիկայից, Անգլիայից, Պակիստանից, Եվրամիությունից… Էրդողանը շրջվում է Ալիևի կողմը և մրմնջում՝ հայերը մուխանաթ են, մեզ վրա սև բիծ են գցում, ցույց տանք մեր օսմանյան իմաստնությունը, ճկունությունը, յաթաղանը իր տեղում։

– Լաչինը բացե՞նք,- հարցնում է Իլհամը։

Էրդողանը բազմանշանակ քթի տակ մրմնջում է.

– Բացե՞լ, թե՞ չբացել, այս է խնդիրը։ Էս խառը ժամանակ Շեքսպիրն էր պակաս։

Ալիևը հասկացավ, թե Շեքսպիրն է մեղավոր ամեն ինչի համար։ Իր երկիր գնալուց անմիջապես հետո արգելեց՝ առժամանակ նրան չհրատարակել։

Իսկ ես իմ թերի բացահայտումներով եկա միակ եզրակացության՝ աշխարհի վրա ամենամեղավորը իսկապես Շեքսպիրն է, որ չգրեց պետություններին, նրանց ղեկավարներին ու քաղաքացիներին խելքի բերող մի ձեռառնոցի կատակերգություն, թե չէ՝ հա ողբերգություն, դրամա…

Վերջն էլ սա է, թաքուն և բացահայտ։

 

Հ.Գ.

Երբ ընկած Էրդողան-Ալիև փակ զրույցի մեկնությանն էի, ըստ իս, գրի առնում, առավոտ շուտ Լեռնային Ղարաբաղից գուժեցին հրաշալի բանաստեղծ և ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի մահը։ Ցավալի է, նա չտեսավ Լաչինի միջանցքի բացվելը, և գիշատիչ բնապահպանների հերթական զոհն է մեր ընկերը, որին չկարողացան օգնել բուժելու հոգու և մարմնի հայրենական ցավը։ Դու, սիրելի՛ Վարդան, կձուլվես հայրենի հողին, և այն ավելի կհզորանա, կդիմանա նենգ հարվածներին, ոխերիմ հարևան-մարդասեր կոչված չգիտեմ ինչերին։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։