Չգիտեմ դուք ինչպես, բայց ես անհարմար էի զգում, որ նրան չեմ ճանաչում: Անունն էլ չէի լսել: Չնայած, եթե ինքս ինձ հետ ավելի անկեղծ լինեի, դա պիտի վերագրեի ոչ այնքան իմ անտեղյակությանը, որքան նրա ծայրահեղ համեստությանն ու մեկուսացվածությանը: Մինչդեռ Մարկո Մարկովը արդի բուլղարական գրականության ինքնատիպ անհատականություններից է, բազմաթիվ բանաստեղծական ժողովածուների, վեպերի հեղինակ, որոնցից լավագույնները գրական բարձր մրցանակների են արժանացել:
Դե՛ արի ու իմացիր, թե նման վաստակաշատ գրողը, 70-ն անց տարիքում, ինչո՞ւ է ինքնուրույն ստեղծագործությունները մի կողմ թողել, հայ պոեզիայով տարվել: Ընդ որում առանց երբևէ Հայաստանում եղած լինելու: Դեռևս տարիներ առաջ, իր բեղուն գրական գործունեությանը զուգահեռ, նա թարգմանել ու մամուլում տպագրել է Նահապետ Քուչակի, Հովհաննես Երզնկացու, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Հովհաննես Շիրազի, Պարույր Սևակի, այլոց բանաստեղծական շարքերը: Առանց ազգային սնապարծության պետք է ենթադրել, որ այս հրապարակումների հաջողությունն է նրան դրդել հիմնովին զբաղվել հայ պոեզիայի թարգմանությամբ, առանձին գրքերով հրատարակել լավագույն երկերը:
Արդեն 1996 թ. Մարկո Մարկովը, բուլղարահայ բանասեր Հակոբ Կիլիկյանի համահեղինակությամբ, լույս է ընծայել Պարույր Սևակի «Եռաձայն պատարագը»: Այնուհետև, տարիների տքնանքից հետո, «Մայր Հայաստան» խորագրով, բուլղար ընթերցողի սեղանին է դրել Հովհաննես Շիրազի ու Պարույր Սևակի բանաստեղծությունների ընտրանին, ընդ որում նա ոչ միայն ժողովածուի կազմողն ու թարգմանիչն է, այլև հեղինակներից մեկը: Գրքում տեղ են գտել Մարկովի հայկական բանահյուսության առածների ու ասացվածքների հիման վրա գրված գողտրիկ քառատողերը:
Վերջապես, ոչ այնքան վաղուց, 2009 թ. բուլղար գրողն ու թարգմանիչը «Ոսկե փետուրով կապույտ թռչունը» ընդհանուր վերտառությամբ, մագաղաթանման ձևավորմամբ, հրատարակել է Նահապետ Քուչակի տաղերը:
Մարկո Մարկովի ծայրահեղ համեստությունն ու մեկուսացվածությունը ես զուր չհիշատակեցի: Պլովդիվում, բուլղար գրողների` ինձ հետ կայացած հանդիպման ժամանակ նրա գրչընկերներն էին փորձում վաճառել վերջին երկու գրքերը, որպեսզի գոյացած գումարով Մարկովը հրատարակի հայ պոեզիայի հերթական պրակը:
Բնականաբար, ես չհարցրի` լա՞վ են վաճառվում այդ գրքերը, այսինքն` գոյացած գումարով հնարավոր կլինի՞ հայկական պոեզիայի նոր հատոր հրատարակել, ինչպես Հայաստան վերադառնալուց հետո, այսպես կոչված, պատկան մարմիններին չհարցրի` տեղյա՞կ են բուլղար գրողի հայանպաստ գործունեությանը և եթե տեղյակ են, բարոյապես կամ որևէ այլ կերպ սատարելու համար ի՞նչ են անում:
Ինչ որ չգիտեմ, չգիտեմ: