ԻՄ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԸ / Սերգեյ ԱՂԱՋԱՆՅԱՆ

Քնարերգու հեղինակին անհամապատասխան, ոչ բանաստեղծական դեմք-դիմագիծ: Հարիր թերևս փիլիսոփային, աշխարհի չարն ու բարին կշռած, կյանքում այլևս ոչնչից չզարմացող իմաստունին:
Անբեղ-անմորուք իմաստուն: Ինչքան նայում ես, այնքան ներառում է իր խորհրդավոր էության ոլորտները: Երևելի ճակատ: Ոչ թե տեսնող աչքեր, այլ մտասևեռումն արտահայտող հայացք, ընդգծված գծագրությամբ ծնոտ` անվիճարկելի ճշմարտություններ ասելու համար:
Բայց բնությունը նրա համար նախատեսել էր ավելին, քան կարող է լինել փիլիսոփան կամ իմաստունը:
Իր ցեղի գենետիկ հիշողության պոռթկումով նա ծնվել էր Քուրմ լինելու համար: Քուրմը նախաստեղծ հրաշագործության, որը հայտնաբերել էր տիեզերքի չնչին մի անկյունը զբաղեցնող իր ծննդավայրում: Դրա համար նա ծնվել, մեծացել էր ճիշտ տեղում` հեռու կրթական-գրադարանային դոգմատիզմից, քաղաքային բնակարանների անձուկից, բնական ամեն ինչի վրա դագաղի կափարիչի պես ծանրումեծ փռվող ասֆալտից, լավ ու վատ նորի հետևից շնչա­կտուր վազող ճղճիմ առօրեականությունից:
Նա ծնվել էր լինելու համար ոգեշնչված Քուրմն ամենակատարյալի, ինչը մենք անգիտությամբ ընկալում ենք իբրև անշունչ-անհոգի բնություն:
Ակնհայտ է նրա քրմական-պաշտամունքային հաճույք-հիացումը բնությամբ: Դրանից էլ նրա պոեզիայում մեգու­մշուշը, մասրենին, քամին ու անտառը, քարն ու ժայռը, արծաթ եղյամը, ամպի ծվենը, կապույտ մշուշը, ժայռից կաթացող մասուրը, հորթը, կիրճը, հերկած սևահողը… նույնքան մեծարելի ու պաշտելի են, ոգեղեն խրախճանքի, հաճույքի ու հիացումի առիթ, ինչքան որ, ասենք, Քուչակի համար կնոջ ճերմակ տաճար ծոցն ու վառվող կանթեղի նման ծծերը:
Այդպես էլ ապրեց ու գրեց` իրեն զգալով այդ քարոտ ու դաժան, բայց աստվածարար խորհրդավորության բաղկացուցիչը:
Նրա պոեզիան ոչ միայն պաշտամունքային ծես է, այլ նաև բնության ամեն մասնիկի շնչավոր լինելու գիտակցում, նրա կյանքը ապրելու ինքնատիպ տաղանդ:
Բոլորիս է տրված այն, ինչն իր պոեզիայի նյութն է: Բայց միայն նրան էր տրված շնչավոր-անշունչի հետ արյունա­կցական հարազատության և այդ ամենի Քուրմը լինելու բարեբախտությունը: Դրա համար էլ կարդում ու զարմանում ես, որ նայել ու չես տեսել այդքան ակնհայտը, չես ունեցել հարազատության այդ զգացումը: Աշխարհի հետ նախա­ստեղծ ոգեղեն հարազատություն, որը կորցրել է մարդը` աղքատանալով իր կորցրածի չափով:
Դա գիտակցելու համար պիտի որ Համո Սահյան ունենայինք: Աննկարագրելի լուսավոր է նրա նույնիսկ կարոտն ու տխրությունը: Նրա պոեզիան շքահանդես է: Անաղմուկ շքահանդես, որտեղ շողշողում է խոսքի զարմանալի յուրօրինակությունը` լցված գյուտ պատկերներով:
Քուրմ-բանաստեղծի իր գենետիկ կանխորոշումը հայտնաբերեց բավական ուշ, երբ, ըստ քնարական բանաստեղծության ոլորտում ձևավորված օրինաչափության, արդեն պիտի որ իր աղունն աղացած-վերջացրած լիներ: Նրա ինքնահայտնաբերումի այդ հրաշալի պահից էլ սկսվեց ու իմացողների համար ընդմիշտ շարունակվելու է բանաստեղծական հոգեմտավոր այն խրախճանքը, որը մեզ բախտ է վիճակվել ունենալ որպես Համո Սահյան:
Երջանիկ մարդ, ում երբևէ բացակա չի դրվելու այս աշխարհում, որովհետև նաև իր աչքերով ենք տեսնելու, իր զգացողություններով ենք իմաստավորելու, իր հեթանոս ոգով վարակված ենք արժևորելու այն նախաստեղծ կատարյալը, ինչն իրեն բանաստեղծ դարձրեց:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։