Վարդան Հակոբյան

Խոր վշտով տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտում մահացել է հանրաճանաչ, տաղանդավոր գրող, Լեռնային Ղարաբաղի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը։ Նրա մեծ սիրտը չդիմացավ Արցախի ներկա իրավիճակին։

Ցավակցում ենք հարազատներին, գրողներին և մեր ժողովրդին…

ՀԳՄ վարչություն

 

* * *

Եթե մենք չփորձենք

գեղեցկացնել աշխարհը,

այն

անհամեմատ ավելի

գեղեցիկ կլինի…

 

* * *

Ծննդից հետո

մեր բոլոր

քայլերը

լրացնում են

մեր գալը,

անգամ

եթե գնում ենք…

 

* * *

Այդ ես եմ իմ ձին,

իմ բեռնակիրը,

թռչնի կտուցին

երգ է իմ գիրը։

Իմ ամեն բառով,

իմ խոսքով ամեն,

թողած անգիրը՝

իր շրջագիծը

նորից է սկսում

այս հին երկիրը։

————–

Ո՞ր պտույտի մեջ

տեսնես ետ կգա

հայոց Էրգիրը։

 

* * *

Իմ չլինելուց հետո

այնքան էլ շատ ժամանակ

չի անցել,

բայց արդեն տեսնում եմ,

որ վայրկյանը

եւ հազար տարին հավասար են.

 

Ինչպիսի անհավասարություն…

Գրեք մեկնաբանություն