Բռնադատվածների հիշատակի օրվա առիթով
ստալինյան ռեպրեսիաների զոհի՝ Գեղամ Եգորի Սարգսյանի հուշագրությունից մի հատված
Ինձ կալանեցին 1937 թվի հունվարի 10-ին, երեք ամիս պահեցին Չեկայի բանտում և քննություններն ավարտելուց հետո՝ մարտի 15-ին, ուղարկեցին Երևանի կենտրոնական բանտ, իսկ օգոստոսի 15-ին աքսորեցին Հեռավոր Արևելք՝ «ուղղիչ աշխատանքային ճամբարները»՝ 5 տարվա ազատազրկման և բոլոր իրավունքներից զրկելու դատավճիռ կայացնելով՝ առանց հիմնական մեղադրանքի, որպես սովետական իշխանության համար կասկածելի անձնավորության: Ինձ Չեկայի քննություններում մեղադրում էին, թե իբր Ախտայում աշխատելիս անդամակցել եմ հակահեղափոխական կազմակերպությանը, թե իբր տեղյակ եմ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Քեմալ փաշային Թիֆլիսում ովքեր են տեռորի ենթարկել, որ ափսոսանք եմ հայտնել Խանջյանի սպանության առիթով: Այդ մեղադրանքներից ոչ մեկը չապացուցվեց: Ինձ և ինձ նման մարդկանց ազատելու փոխարեն՝ Չեկայի դատախազի ներկայացմամբ մեր գործերը քննվում են Մոսկվայում, որտեղ «Հատուկ գործերի խորհրդակցությունն» անխտիր բոլորին, իբրև սովետական իշխանությունների համար կասկածելի անձնավորությունների, աքսոր է նշանակում:
Երբ Երևանի բանտում էի, մեր բանտախցի կողքին գտնվող մահվան բանտախցում կալանված էին Հայաստանի լուսժողկոմ Ներսիկ Ստեփանյանը, Կենտրոնական գործկոմի նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյանը, Կոմունալ տնտեսության նախարար Արամայիս Երզնկյանը, Ժողկապի Հայաստանի լիազոր Մանուչարյանը, բանաստեղծ Եղիշե Չարենցը և մի շարք անձինք, ովքեր մեծ ներդրում ունեին նոր Հայաստանի կառուցման գործում:
1937-ի օգոստոսին մի մեծ խումբ քաղաքական աքսորյալների, ձևականորեն բժշկական քննության ենթարկելուց հետո, բեռնատար մեքենաներով հասցրին կայարան և լցրեցին նախօրոք գծերի վրա կանգնեցրած բեռնատար վագոնները՝ թույլ չտալով վերջին անգամ տեսակցել հարազատների հետ: Հետս ունեի իմ անկողինը, որ տնից էին ուղարկել ամիսներ առաջ, մի հին ճամպրուկ, մեջը՝ մի քանի կտոր սպիտակեղեն, և գրպանումս՝ միայն 3 ռուբլի փող: Հարազատներիս, որ կայարանում էին և ցանկանում էին ինձ տեսնել և շատ բաներ հանձնել, թույլ չտվեցին մոտ գալ: Գիշերը Լենինականի կայարանում դարձյալ մի խումբ քաղաքական կալանավորների լցրին մեր վագոնը՝ թվով ինը մարդ, որոնցից չորսը՝ ուսուցիչներ: Մինչև Վլադիվոստոկ հասնելը տևեց 40 օր: Մեծ քաղաքների կայարաններում տեղի էր ունենում գնացքների փոփոխություն, ինչպես նաև՝ կալանավորներին ուղեկցորդ զինվորական խմբերի փոխարինում: Մի քանի կայարաններում էլ մեզ տարան բաղնիք: Այդ բոլոր գործողություններն օրերով ուշացնում էին գնացքների մեկնումը: Մեզ տալիս էին օրական 700 գրամ հաց, ձավարով սուպ՝ առանց մսի, և եռացրած ջուր: Երևանի բանտից մեզ կցել էին մի ոչ քաղաքական կալանավորի, որը գնացքների կանգառների ժամանակ կալանավորների համար գնումներ էր կատարում: Ես իմ 3 ռուբլին վաղուց էի սպառել և քնելու համար հատկացված տեղիցս համարյա դուրս չէի գալիս: Կալանավորներն իմանալով, որ ուսուցիչ եմ եղել, խնդրեցին մի բան պատմել՝ ճանապարհի ձանձրույթը փարատելու համար: Մինչև Վլադիվոստոկ հասնելը ես մեծ սիրով պատմեցի «Յո երթաս», «Սամվել», «Դավիթ Բեկ», «Գևորգ Մարզպետունի» վեպերը: Ընկերներիս հետաքրքրությանը չափ ու սահման չկար: Ամբողջ ճանապարհին նրանք ինձ առատորեն բաժին էին հանում իրենց գնումներից:
Կայարաններից մեկում մեզ տարան բաղնիք: Բաղնիքում մեզ սպասարկում էին 20-30 կանայք՝ նույնպես կալանավորներ: Մեր հագուստները կապոցներով տարան մաքրման, իսկ մեզ մերկանդամ մտցրին բաղնիք, որտեղ սպասարկում էին այդ կանայք: Նշանակված բժշկուհին երկու բուժքրոջ հետ ստուգում էր մեզ, իսկ մյուս կանայք վավաշոտ հայացքներով զննում էին կալանավորներին: Ակամայից հիշեցի Աստվածաշնչի Սոդոմ-Գոմորը: Աստվածաշնչյան պատկերը իրականություն էր դարձել…
Մեր վագոնի նեղլիկ պատուհաններից տեսնում էինք շատ հետաքրքիր վայրեր՝ Վոլգայի կամուրջը, Օբ և Իրտիշ գետերը, Բայկալ լիճը, Արևելյան Սիբիրի պատկերները և այլն:
Սեպտեմբերի 25-ին հասանք Վլադիվոստոկ: Այստեղ մեզ տեղավորեցին քաղաքի հարավարևելյան կողմում՝ մի բարձունքի վրա կալանավորների համար կառուցված բազայում՝ շուրջը մոտ 10 հեկտար տարածություն՝ փշալարերով պատված, 5-6 տեղում՝ պահակների աշտարակ-դիտակետերով, և բակում՝ մի շարք շենքեր՝ ննջարանների և այլ պետքերի համար, կանանց և տղամարդկանց համար առանձին-առանձին: Գիշերները կանայք իրենք էին տղամարդկանց հրապուրում իրենց մոտ, և արդեն վակխանալիան սկսվում էր:
1937 թ.-ի նոյեմբերի 5-ին «Ջուրմա» անունով օվկիանոսային նավով մեզ տարան Մագադանի մարզի «Կալիմա» աքսորավայր: Մարզը տարածվում է Կալիմա գետի ավազանում՝ մոտ 100 000 կմ2 տարածությամբ, իսկ Մագադան քաղաքը գտնվում է Ախոտի ծովի հյուսիսային ափին՝ Բուխտա-Նագաևա նավահանգստով: Մարզի գլխավոր հարստությունը ոսկին էր. 1937 թ. մարզում շահագործվում էր մոտ 230 հանք: Գերմանիայի՝ Ռուսաստանի վրա հարձակվելուց հետո Ստալինն առևտրատնտեսական պայմանագիր կնքեց իր դաշնակից Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ 10 տարի Կալիմայում արտադրած ոսկին ԱՄՆ-ին հանձնելու և փոխարենը պարենամթերք, մանուֆակտուրա ու բեռնատար ավտոմեքենաներ ստանալու պայմանով: Ամերիկայից ապրանքներն ուղարկվում էին Պարսից ծոցով և Մագադանով: Ամերիկյան մի փոքր զրահանավ մշտապես կառանվել էր Մագադանի նավահանգստում, որում ապրում և աշխատում էին 30 ԱՄՆ ներկայացուցիչներ: Մագադանում «չեկային համակարգ» գոյություն չուներ. ամեն ինչ առատ էր ու էժան: Մարզում միայն 3 ամիս էր ամառ անում, մնացած ինն ամիսը ձմեռ էր՝ 40-50 աստիճան սառնամանիքներով: Ամռանն անտառները՝ տայգան, արթնանում էր, խոտը՝ կանաչում, նույնիսկ անտառներում հատապտուղ էր հասնում: Հյուսիսային բևեռին մոտիկ լինելով՝ այստեղ ամռան ամիսներին արևը մայր չէր մտնում, իսկ ձմռանն արդեն սպիտակ գիշերների լույսը ցերեկվա պես լուսավորում էր շրջակայքը:
Մագադանում 2 օր պահելուց, բժշկական քննություն կատարելուց և ձմեռային հագուստներ տալուց հետո մեզ խումբ-խումբ փակ ավտոմեքենաներով ուղարկեցին զանազան վայրեր՝ աշխատանքի: Ինձ 30 հոգու հետ ուղարկեցին Մագադանից 700 կմ հյուսիս-արևմուտքում գտնվող Բերելյոխ (գերմաներեն նշանակում է արջաձոր) կոչվող ավտոբազան, որը կառուցված էր Սուսոմ գետի ափին՝ համանուն բնակավայրի մոտ: Բազայից մի քանի խճուղիներ տանում էին դեպի այդ վայրերում շահագործվող ոսկու հանքերը: Գիշեր-ցերեկ ավտոմեքենաները երթևեկում էին այդ խճուղիներով: 30-ից երկուսս հայ էինք: Ընկերոջս անունն Արտաշ էր՝ Լենինականի Ախուրյանի շրջանից՝ իրենց գյուղի տիրացուն: Լավ մեկնաբանում էր երազները. կալանավորներիս միակ մխիթարությունը երազների մեկնաբանումն էր: Մենք կտրված էինք աշխարհից. թերթերն արգելված էին մեզ համար: Բերելյոխի ճամբարում ևս 2 հայ կար: Մեկի անունը Թանգո էր. Հոկտեմբերյանի շրջանի Ղուզի Գիդան գյուղից էր, անգրագետ մի կոլխոզնիկ. հարբած վիճակում խորհրդային կառավարության անդամ Օրջոնիկիձեին հայհոյել էր, որ իր հարվածային կնոջը խանութում ստացած մահճակալներից չէին տվել: Դատապարտվել էր 8 տարվա կալանքի, 5 տարվա իրավունքների ազատազրկման և աքսորվել հեռավորարևելյան ճամբարներ: Մյուսի անունը նույնպես Արտաշես էր. ավտոմեխանիկ էր՝ Միջին Ասիայից. անգլիացիների մոտ վարորդ աշխատելու համար կալանել և աքսորել էին Կալիմա:
Մյուս օրը՝ վաղ առավոտյան, մեզ մի բրիգադի հետ տարան գետի ափը, որտեղ խճաքար պիտի հավաքեինք ցեմենտի շաղախի համար: Բրիգադավարը, որ 10 տարվա կալանք ուներ, գործարանում մեխանիկ էր աշխատել. միջահասակ, համակրելի դեմքով մի մարդ էր: Գիշերն իմ ձմեռային բամբակյա ձեռնոցները գողացել էին՝ թողնելով բրեզենտե ձեռնոցները, որոնցով աշխատում էի: Չնայած զգում էի, որ ձեռքերս մրսում են, սակայն Սիբիրի սառնամանիքի մասին գաղափար չունեի: Մի երկու ժամ աշխատելուց հետո հավաքվեցինք խարույկի շուրջ՝ տաքանալու: Բրիգադավարը բռնեց ձեռքերս և ուշադրությամբ զննելով՝ գլուխը տարուբերեց ու ասաց, որ ձեռքերս ցրտահարել եմ, ու ինձ տարավ հիվանդանոց: 15-օրյա բուժման ընթացքում գլխավոր բժիշկը՝ 10 տարվա աքսորի դատապարտված, մոտ 40 տարեկան մի համակրելի հրեա, ամեն օր մկրատով մատներիս ծայրերից ցրտահարված մսերը կտրում, դեղ էր դնում վրան և նորից վիրակապում: Իմ բախտից, եղունգներիս արմատները չէին ցրտահարվել: Կալիմայում շատ կալանավորներ հաշմանդամ էին դառնում ձեռքերի և ոտքերի ցրտահարումից: