Հայաստանում Սերբիայի պատվո հյուպատոս, տաղանդավոր բանաստեղծ ու թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանի ստեղծած երկարամյա ու եզակի հայ-սերբական բարեկամության մի մասնիկը դառնալով՝ ես երկրորդ անգամ փառահեղ Բելգրադում եմ և այս անգամ հնարավորություն ունեցա լինելու Սերբիայի մի շարք տեսարժան վայրերում, որոնց մի մասն առաջին անգամ չէի տեսել: Դրանցից առաջինը Գոլուբաց ամրոցն է, որը կառուցված է Դանուբ գետի ամենալայն մասում և նմանվում է ծովի: Այդտեղից Դանուբը հոսում է դեպի Կարպատյան լեռները: Շատ գեղատեսիլ վայրում է Գոլուբաց ամրոցը, որի մասին պատմական փաստերը հիշատակում են XIV դարի սկզբից: Այն կառուցվել է Եվրոպան թուրքական արշավանքներից պաշտպանելու համար: Վերջին տարիներին ամրոցն ամբողջովին վերականգնվել է նախկին տեսքով, ու դեռ զգացվում է թարմ վերանորոգման, ներկերի հոտը: Շատ տպավորիչ թանգարան ունի, և կարող եք բարձրանալ աշտարակների նեղ սանդուղքներով ու վայելել բնության գեղեցիկ տեսարանները, զմայլվել ջրի վրա սահող սպիտակ կարապներով: Թանգարանի վերածված տարածքը խնամված է, և ամենուր մեծ թաղարների մեջ աչք են շոյում տարբեր գույների Անյուտայի աչիկներ կոչվող ծաղիկները: Կա նաև զգուշացում՝ խոտերի մեջ կարող են լինել թունավոր օձեր: Գոլուբաց ամրոցն իր անունը ստացել է աղավնի թռչունի անունից, որի հետ կապված է հնագույն մի լեգենդ:
Ընդհանրապես Սերբիան գարնան ծաղկունքի ու կանաչի մեջ էր: Քանի որ մեքենայով տարբեր տեսարժան վայրեր գնալիս անցնում էինք գյուղերով ու ճանապարհների մոտ գտնվող դաշտերով ու այգիներով, հաճույքով տեսնում էինք, թե որքան մշակված է հողը: Գրեթե չտեսանք անմշակ հողային տարածք: Սա մեծ հարգանք էր ներշնչում սերբ ազգի նկատմամբ: Ընդհանրապես սերբերը հյուրընկալ են, մեղմ, բարեկիրթ, պատրաստակամ օգնելու և բացատրելու, եթե դրա անհրաժեշտությունը կա: Երիտասարդությունն ազատ խոսում է անգլերեն և հագնված է առանց արտառոց շեղումների: Բոլոր քաղաքներում տեսա մեծաքանակ գրախանութներ: Բելգրադի պետական օպերայի թատրոնում բեմադրվում էր «Սևիլյան սափրիչը» օպերան, որի տոմսերը մեկ ամիս առաջ սպառված էին: Բելգրադը տուրիստական քաղաք չէ, մշակութային կյանքով ապրում են տեղացիները:
Սերբիայի մեծությամբ երկրորդ քաղաքը Նովի Սադն է, որում ևս կա միջնադարյան ամրոց ու հետաքրքիր թանգարան, որը պատմական բնույթի է, այնտեղ կարելի է տեսնել մեզնից 5000 տարի առաջ ապրած սերբերի գրերը՝ խեցեղեն անոթների վրա, հաստաբուն ծառից պատրաստված հնագույն նավակը, տնայնագործական ու զինուժի նմուշներ: Եվ այդ ամենի կողքին կա սենյակ, որտեղ հայտնվում ես տիեզերքում ու թվում է, թե քայլում ես աստղերի միջով:
Շատ հետաքրքիր քաղաք է Սուբոտիցան, որը գտնվում է Հունգարիայի սահմանին: Այն եղել է հրեական քաղաք ու աչքի է ընկնում արտնուվո ճարտարապետությամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստները ցեղասպանել են քաղաքի բոլոր հրեաներին: Քաղաքն ունի հիանալի թատրոնի շենք, գեղեցիկ հրապարակներ, շքեղ սինագոգ, զարմանահրաշ շենքեր և թանգարաններ:
Սերբիան 1389-1878 թթ. գտնվել է թուրքական լծի տակ: Երկիրը լիովին անկախացել է 1878-ի Բեռլինի կոնգրեսից հետո: Մինչ այդ Սերբիայում կառուցվել են 300 մզկիթներ, այժմ մնացել է միայն մեկը: Եղա բազմաթիվ եկեղեցիներում, որոնցում խիստ զգալի էր բյուզանդական ուղղափառ եկեղեցու ոճը: Եկեղեցիները խճանկարային գունեղ որմնանկարներ ունեին: Ես չեմ տեսել Կոստանդնուպոլսի աշխարհահռչակ Սուրբ Սոֆիայի տաճարը, որը կառուցվել է Հուստինիանոս կայսեր նախաձեռնությամբ՝ VI դարում: Այդ տաճարի որմնանկարներն իրենց ազդեցությունն են թողել Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարի պատերի զարդարման, ավստրիացի նշանավոր նկարիչ Գուստավ Կլիմտի արվեստի վրա: Հայտնի ֆրանսիացի բյուզանդագետ Շառլ Դիլը, որը հիացած է Սուրբ Սոֆիայի տաճարով, նշում է, որ X դարում տաճարի գմբեթը վերակառուցեց Անիի հռչակավոր Տրդատ ճարտարապետը: Նա միաժամանակ ենթադրում է, թե VI դարում կառուցված տաճարը նույնպես հայ ճարտարապետի գործ է:
Բելգրադի զարդերից է Սուրբ Սավայի տաճարը, որի կառուցումն սկսվել է 1936 թվականին, սակայն ավարտվել է 2004-ին: Այդ տաճարը Բալկանյան թերակղզու ամենամեծ հոգևոր կառույցն է և կրկնօրինակն է Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիա տաճարի: Տաճարը շքեղ որմնանկարված է, և Հիսուսի որմնանկարն իր աչքերով քեզ մեղմ շոյում է տաճարի տարբեր մասերում կանգնելիս:
Շքեղ որմնանկարված է նաև տաճարի ներքնահարկը, որը նախատեսված է զանազան արարողությունների համար: Տաճարի մուտքի հսկա մետաղյա դռան վրա գրաբարով փորագրված է Տերունական խոսքը:
Սերբիայում հայերին ու Հայաստանը գիտեն ամենացանկալի ձևով. այդ գործում Բաբկեն Սիմոնյանը, անշուշտ, մեծ դեր ունի: Նրանք գիտեն, որ Հայաստանն առաջին քրիստոնյա պետությունն է աշխարհում, գիտեն, որ Արարատ լեռը Հայաստանի խորհրդանիշ պաշտամունքն է, հիացած են հայկական կոնյակով և այն համարում են աշխարհում լավագույնը:
Բելգրադում շատ թանգարաններ կան: Նիկոլա Տեսլայի (1856-1943) թանգարան մտնելու համար մեկ ժամ հերթ կանգնեցի անձրևի տակ: Հերթում կանգնածները տեղացի երիտասարդներ էին, որոնք խիստ հետաքրքրված էին իրենց ազգի հանճարի գործին ավելի մոտիկից ծանոթանալու խնդրով:
Տեսլան, որի անունով կոչվում է նաև Բելգրադի օդանավակայանը, սերբերի պարծանքն է: Նա էլեկտրաէներգիայի գծով 70 գյուտերի հեղինակ է ու թանգարանում ցուցադրված են այդ գյուտերից, նաև ֆիլմ կա նրա կյանքի մասին: Տեսլան 35 տարեկանում դարձել է ԱՄՆ-ի քաղաքացի, աշխատել է հռչակավոր Էդիսոնի լաբորատորիայում: Անսահման սիրել է Սերբիան: Հայրը եղել է քահանա, իսկ հորեղբայրը՝ Սերբիայի պատրիարքը: Տեսլայի մայրը բացառիկ ընդունակությունների ու հիշողության տեր կին է եղել: Տեսլայի աճյունասափորը ոսկեգույն գնդի ձևով դրված էր թանգարանում՝ նրա զգեստների, պայուսակի, ժամացույցի, կոշիկների ու այլ իրերի կողքին: Տեսլայի սիրելի գրողը եղել է Մարկ Տվենը:
Տպավորիչ էին նաև Սոցիալիստական Հարավսլավիայի երկարամյա առաջնորդ Տիտոյի դամբարանն ու Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության պատմությունը ներկայացնող թանգարանը:
Երկրորդ անգամ էի լինում Բելգրադի հռչակավոր ամրոցում, որի մեծ զբոսայգում գտնվող մի քանի հայերի հայատառ գերեզմանները (XVII դարից) խնամքով պահպանում են: Ամրոցում կա հրաշագործ ջրով, չքնաղ որմնանկարներով մարդաշատ եկեղեցի:
Վերջին երկու օրը հանդիպեցի Խորենացու «Հայոց պատմության» սերբերեն հրատարակիչ, անսահման հմայիչ ու տաղանդավոր գրող Վեսնա Պեշիչին, որն, առանց չափազանցնելու, Սերբիայի դեսպանն է աշխարհում: Վեսնան Հայաստանին նվիրված «Կոչիր ինձ Գարուն» հիանալի վեպի հեղինակն է՝ Սերբիային նվիրյալ Բաբկեն Սիմոնյանի և ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի ջերմ բարեկամը:
Ոչ վաղ անցյալում Սերբիան անցել է ծանր պատերազմի միջով, սակայն փյունիկ թռչունի նման վերակենդանացել է և այժմ ապրում է խիստ արժանապատիվ կյանքով։ Սերբիայի ռեստորաններում մշտապես կարելի է լսել նրանց ազգային-հայրենասիրական երգերը, որոնցում ես զգում եմ ինչ-որ հայկականություն, որովհետև դրանք զարմանալիորեն հուզում են ինձ: Ես վերստին եղա իրենց հայրենիքն անսահման սիրող, Հովհաննես Թումանյանի բնորոշմամբ՝ ամենահերոսական երկրում: