Ժաննա  ՀԱԿՈԲՅԱՆ / ՄԱՅՐԻ՛Կ, Ե՞ՐԲ ԿԲԱՑԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Երեսունհինգամյա Աննան, լուսամփոփի առջև նստած, իր սաների գրավոր աշխատանքներն էր ստուգում: Նա հայոց լեզու և գրականություն էր դասավանդում Ստեփանակերտի դպրոցներից մեկում: Մի քանի օր առաջ ցածր դասարանի աշակերտներին հանձնարարել էր գրել շարադրություն «Իմ հայրենիքը» խորագրով: Ու հիմա նրա ուշադրությունն ավելի շատ սևեռված էր ոչ այնքան ուղղագրական սխալների վրա, որքան պարզելու, թե ինչպիսին էր երեխաների հոգեբանական վիճակը շրջափակված Արցախում: Բարեբախտաբար, նրանց մոտ հիասթափություն չտեսավ, այլ միմիայն ցանկություն՝ իրենց ծննդավայրում ապրելու, սովորելու, միշտ լինելու ընկերների ու ծնողների կողքին: Միայն թե երազում էին Արցախը տեսնել ազատ ու անկախ: Երիտասարդ մանկավարժը թախիծով մտածեց այն մասին, որ ինքն էլ ծնվել էր 1988-ին՝ ազգային-ազատագրական շարժման օրերին, որին հաջորդեց Արցախյան գոյամարտը: Թերևս այն օրերին չկար մի ընտանիք, որի անդամներից մեկը զինվոր չլիներ: Հայրն էլ մասնակցել էր պատերազմին ու վիրավորվել Մարտակերտում՝ Սարսանգի ջրամբարը պաշտպանելիս: Ու թվում էր, թե Արցախյան առաջին պատերազմում հաղթանակ տանելուց հետո վերջապես Արցախը ձեռք կբերի իր անկախությունը: Ցավոք, այդպես չեղավ: Հայաստանի «վայ» ղեկավարները ոչ միայն պաշտոնապես չճանաչեցին Արցախի անկախությունը, այլև չհամարձակվեցին այն Հայաստանի մաս դարձնել: Մինչդեռ Արցախի հարցը կախված մնաց օդում՝ մինչև տասնամյակներ հետո հաջորդեց Արցախյան 44-օրյա պատերազմը: Աննան նորից հիշեց պատերազմը սկսվելու օրը, երբ հրթիռակոծում էին Ստեփանակերտը, և իր դպրոցահասակ որդու և մոր հետ արագ իջան ապաստարան: Եղբայրը դիրքերում էր, քանի որ պայմանագրային ծառայող էր: Իսկ երկու օր հետո ինքը ստիպված որդու հետ տեղափոխվեց Երևան՝ բարեկամուհու մոտ: Մայրը մնաց քաղաքում: Այնտեղից էլ ամեն ժամ շունչները պահած հետևում էին, թե ինչ էր կատարվում Արցախում: Ու թեև ամեն օր հեռուստալուրերով կեղծ տեղեկություններ էին հայտնում այն մասին, որ «հաղթելու ենք», իրականում իրենք հավաստի լուրեր ունեին, որ, ընդհակառակը, Արցախի ազատագրված տարածքները մեկը մյուսի ետևից հանձնվում էին թշնամուն: Հանձնվեցին նաև Շուշին ու Հադրութը: Արցախը պարտվեց: Այնուհանդերձ, Աննան կարծում էր, որ Ադրբեջանին մասամբ հաջողվեց հասնել իր նպատակին: Ադրբեջանական զորքերը չեն կարողացել լիարժեք հաղթանակի հասնել, քանի որ կանգուն է Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին: Ուրեմն՝ պատերազմը դեռ ավարտված չէ…

Մայրը՝ թոշակառու տիկին Աստղիկը, կամաց բացեց ննջասենյակի դուռը, աղջկան առաջարկեց միասին թեյել: Այդ պահին ինչ-որ պայթյուն լսվեց մոտակայքում: Աննան մոտեցավ պատուհանին՝ տագնապով ետ քաշելով վարագույրը: Որդին, որ քնած էր, վախից արթնացավ և տեսնելով մորն ու տատիկին՝ շփոթված նստեց տեղաշորի մեջ:

– Ի՞նչ անեմ, մայրի՛կ: Շորերս հագնե՞մ… Նորի՞ց պատերազմ է սկսվել:

– Ո՛չ, Միքայե՛լս… Հանգստացի՛ր… Հրավառություն է: Երևի ինչ-որ տեղ մեկը ուրախ ծննդյան տարեդարձ է նշում:

Գանգուր մազերով սիրունատես տղան կրկին պառկեց և կուչ եկավ անկողնում: Աննան անջատեց լուսամփոփի լույսը, մոր հետ դուրս եկավ սենյակից: Այն, որ պատերազմից հետո յուրաքանչյուր աղմուկից, պայթյունից մարդկանց մոտ տագնապ ու վախ էր առաջանում, անհերքելի փաստ էր:

Իսկ առավոտյան Միքայելը, բացելով քնաթաթախ աչքերը, դարձյալ հարցրեց.

– Մայրի՛կ, բացե՞լ են Արցախի ճանապարհը:

– Ո՛չ, որդի՛ս: Ամեն օր նույն հարցն ես տալիս: Չէ՞ որ եթե բացեն, միևնույն է, մենք ոչ մի տեղ չենք գնա:

– Գիտեմ, մայրի՛կ… բայց ուզում եմ, որ թուրքերը բացեն մեր ճանապարհը:

Ճանապարհի բացումը ամեն մի արցախցու երազանքների երազանքն էր դարձել: Հումանիտար այդ աղետն էլ իշխանությունների մեղքով էր, քանի որ թշնամուն հանձնվեցին Բերձորը, Աղավնոն, Սոսը, որտեղով անցնում էին նաև կոմունիկացիաները: Ահա ինչու ադրբեջանցիները երբ ուզում էին, Հայաստանից եկող թե՛ գազն էին անջատում, թե՛ էլեկտրաէներգիան, թե՛ ինտերնետային կապը: Հոգեբանական գրոհի միջոցով ադրբեջանցիները ցանկանում էին հասկացնել, որ միևնույն է, հայերին չեն թողնի ապրելու իրենց պապենական հողերի վրա:

Որդուն դպրոց ճանապարհելուց հետո Աննան գնաց աշխատանքի: Առաջին դասը չորրորդ դասարանում էր: Մի քանիսին գրատախտակի մոտ կանչելուց հետո նկատեց, որ աշակերտներից ոմանք անհանգիստ շարժումներ էին անում, գլուխները իջեցնում, պայուսակներից ինչ-որ բան էին հանում, թաքուն ուտում: Աննան հասկացավ, որ շատերը տնից առանց նախաճաշելու էին եկել դպրոց:

Տեսնում եմ, որ դուք քաղցած եք, երեխե՛ք… Հանեք ձեր պայուսակներից ուտելիքը, կերե՛ք, հետո կպատմեմ նոր դասը,- դիմեց իր սաներին:

Աննան գիտակցում էր, որ ծանր ու ողբերգալի օրեր էին ապրում բոլորը, հատկապես երեխաները: Իր որդին էլ մասնավոր պարապմունքների էր գնում ուսուցիչների մոտ ու երբեմն վերդառնում էր մի խնձոր, մի մանդարին կամ նարինջ ձեռքին: Ամենից շատ մրգի ու քաղցրավենիքի կարիք ունեին նրանք: Մինչդեռ շրջափակումից ի վեր դատարկվել էին բոլոր խանութները, քաղաքի միակ շուկան: Բնակչությանը տրամադրած կտրոններով ստանում էին որոշ մթերքներ: Մնացած մթերքների համար ժամերով հերթ պիտի կանգնեին: Արցախում մարդիկ պարզապես իրենց գոյությունն էին պահպանում: Փողոցում ծանոթների հանդիպելով միմյանց տոպրակներին էին նայում՝ հարցնելով, թե որտեղից կարելի է նույն մթերքը ձեռք բերել:

Դասերի ավարտից հետո Աննան, ինչպես միշտ, շրջեց խանութներով՝ հաց ու մթերք հայթայթելու նպատակով: Վերջապես հոգնած ու քաղցած տուն հասավ: Մայրը դիմավորեց նրան՝ ձեռքի տոպրակները վերցնելով:

– Ի՞նչ նորություն կա, մայրի՛կ:

– Գազը անջատել են նորից:

– Դա շատ վատ է: Նորից դպրոց չենք գնա: Ծրագիրը ո՞նց ենք հասցնելու: Այսպես ինչքա՞ն կարող է շարունակվել:

– Չգիտեմ, աղջի՛կս, միայն թե պատերազմ չլինի:

– Իսկ եթե լինի, ռուս խաղաղապահները մեզ կպաշտպանե՞ն:

– Իհարկե, կօգնեն:

Աննան տարակուսանքով նայեց մորը և ոչինչ չպատասխանեց: Նա համոզված չէր, որ ռուսները հայերին կպաշտպանեն, քանի որ փաստերը հակառակն էին ապացուցում: Պատերազմից հետո հենց ռուս խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանցիները գրավեցին Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին Թաղեր հայկական գյուղերը, Փառուխը, Քարագլխի մի մասը և էլի որոշ բարձունքներ: Ի վերջո նրանց հսկողության ու պատասխանատվության տակ է Լաչինի միջանցքը, որը փակ է շուրջ երկու ամիս: Իսկ թե ինչ են որոշել նրանք ադրբեջանցիների հետ, հայտնի չէր… Պատերազմների միջով անցած արցախցին մնացել էր թակարդում ու չգիտեր դավերից ոնց ազատվել…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։