Արփիկ ԻՆՃԻԿՅԱՆ / ՀԱՅՐՍ (հիշելով Արամ Ինճիկյանին)

«Մարդկային հոգին որոնող է… տենչացող և հավերժ ծարավի… Ու այդ է, որ նրանում ամենից վսեմն է ու գեղեցիկը:

Որոնել, որոնե՛լ հավերժ գեղեցիկը, ճշմարիտը, վսեմը – գերագույնը… Ու չգտնել…»:

Սա հայրիկը գրել է, երբ տակավին պատանի, բայց արդեն մեկընդմիշտ զինվորագրված հայ գրականությանը, գրելու փորձեր էր անում:

Մենք երեք քույր ենք. մեկը ծնված պատերազմից առաջ, Ախալցխայում, մյուս երկուսս՝ հետո, Երևանում: Ապրում էինք Մարքսի փողոցի վրա՝ կոմունալ բնակարանում, տարիներ հետո տեղափոխվեցինք առանձին բնակարան, Պուշկինի փողոցի վրա: Այս տների բակերում էլ անցել է մեր մանկությունը: Ականջներումս է մայրիկիս ձայնը հինգերորդ հարկի (երկու դեպքում էլ) պատշգամբից մեզ տուն կանչելիս: Հևիհև ներս էինք ընկնում՝ նախաճաշելու, ճաշելու, ընթրելու… Մայրս դիմավորում էր մեզ ուրախ, պայծառ ժպիտով: Երբ հայրիկը տանն էր (միջնակ քույրս հայրիկ էր ասում, մեծ քույրս ու ես՝ պապա), նրան հիմնականում տեսնում էինք գրասեղանի առջև նստած աշխատելիս: Երբ գիշերը արթնանում էի, գրասեղանի կանաչ լամպը վառվում էր, հայրիկը էլի գրում էր, գրում: Չնայած իր զբաղվածությանը, դուստրերի համար՝ հատկապես փոքրերիս, միշտ ժամանակ էր գտնում: Կիրակի օրերը գնում էինք մեր տան հարևանությամբ գտնվող երկու՝ 26 կոմիսարների և Կիրովի անվան զբոսայգիներից մեկը՝ զինված գնդակով, ցատկապարանով, փոքրիկ դույլ-բահերով: Հայրս նստարանին թերթ էր կարդում ու միաժամանակ հետևում մեզ: Ուրախ ժամանակ անցկացնելու համար այգում ամեն ինչ կար՝ կարուսելներ, օդային նավակներ, Ծիծաղի (ծուռ հայելիների) սենյակ, լճակում զբոսանքի համար նավակներ: Այգու մի հատվածում շարված էին փոխառությամբ տրվող հեծանիվներ՝ գույնզգույն թղթերով զարդարված – քիչ ավելի ուշ սա նույնպես  «ծրագրի» մաս դարձավ (մեր սեփականները քշում էինք Օպերայի այգում, նոր տուն տեղափոխվելուց հետո): Որոշակի ժամի սկսվում էին պարերը: Մենք, երեխաների մի մեծ բազմություն, շարվում էինք՝ սպասելով պարելու սկիզբը հայտարարող ազդանշանին: Միջահասակ, ճաղատ մարդը բարձրախոսով հրահանգներ էր տալիս: Ահա հնչում է հանրաճանաչ երաժշտություն, և համընդհանուր ուրախությունը թևածում է այգով մեկ…  Հաճախակի հնչում էր մի մեղեդի, որը, ինչպես հետո իմացա, Բրամսի հունգարական պարերից մեկն էր՝ N 5-ը: Հաճախ գնում էինք կինո «Պիոներ»՝ մուլտեր դիտելու: Պատահում էր, որ նույն մուլտը դիտում էինք շատ անգամներ. Դիսնեյի «Ձյունանուշիկը և յոթ թզուկները» մի տասն անգամ դիտած կլինեինք: Հայրիկը չէր դժգոհում. մեր ուրախությունը նրա ուրախությունն էր: Երեկոները տեղավորվում էինք գրասեղանի երկու կողմում ու կլանված լսում նրա ընթերցած գիրքը: Տուրգենևի Մումուի դժբախտ ճակատագիրը քրոջս շատ էր հուզել, բայց ահա պարզվում է, որ դա վերջը չէ. պատմվածքն ավարտվում է Մումուի զարմանահրաշ փրկությամբ: Մեր ուրախությանը չափ չկար…

Րաֆֆու հատորները… կարդում էինք մի շնչով. անսքող գոհունակությամբ հայրիկը գրադարանից իջեցնում էր հերթական հաստափոր հատորը:

Ձմեռային մի պատկեր – երկուսով, կարմրատակած, բազմած ենք սահնակին, հայրիկը ձգում է պարանը՝ ձյան վրա խորը ակոսներ են:

Մինչ մենք «շահագործում» ենք հայրիկին, մեծ քույրս՝ Ռուզանը, օգնում է.  Լենինգրադ է մեկնելու պրակտիկայի (ուսանող է, ապագա ճարտարապետ): Ըստ հայրիկի տված ցուցակի, այնտեղից գրքեր է ուղարկում. դրանցից՝ Գեորգ Բրանդեսի երկերի երկու տասնյակի հասնող հատորները:

Հայրիկի ընկերներից տպավորվել է Սարիկ Սարյանի բարձր, ուրախ ծիծաղը և հսկա ափը, երբ կռանալով ինձ էր մեկնում ձեռքը: Ես շատ լուրջ, մեծ հանդիսավորությամբ փոքրիկ ճկույթս տեղավորում էի հսկա ափի մի անկյունում:

Աբաս Իսահակյանը մի օր եկավ մի մեծ տուփ գրկած՝ մեջը երկու աղավնի, շատ սիրուն. նրանց մենք անուններ դրեցինք, երկար ապրեցին մեր պատշգամբում – թռչում էին ու վերադառնում: Մի օր էլ թռան ու այլևս չվերադարձան: Հիշում եմ Սաքո Սուքիասյանին ձեռնափայտով, միշտ կատակներ էր անում ինձ հետ, Քրիստափոր Թափալցյանին, Սասունցի Գրիգորին՝ Հարությունյան: Ցավոք, հայրիկի ամենամոտ ընկերոջը՝ Հրայր Մուրադյանին, լավ չեմ հիշում: Առանձնակի մտերիմ էր Խաչիկ Դաշտենցի հետ, ում երբեմն ուղեկցում էր Ժան Էլոյանը – մեծ ոգևորությամբ արտասանում էր «Ֆայտոն Ալեքը», Էպոսից հատվածներ… Հուզիչ են հայրիկին նվիրված Դաշտենցի չափածո  տողերը  իր գրքի ընծայականում:

Կարդացի  ընկերներից ստացած մի քանի նամակ. զարմանալի անկեղծ էին, ջերմաշունչ: Ձեռքս ընկավ  հայրիկիս մահից երկու օր հետո ավագ ընկերոջ՝ Մ. Վեսպերի գրած բանաստեղծությունը – ահա մի քանի տող.

Իմ անզուգական բարեկա՛մ պայծառ,

Իմ գրչի, հոգու ձե՛ռք մխիթարող,

Ձմռան ձյուներում հո՜ւյս իմ ոսկելիճ,

Ա՛խ, ինչու նորից տունդ չդարձար…

……………………………………………

Որոնո՜ւմ եմ քեզ հիմա ամեն տեղ…

Ա՛խ, որբիս դարձրիր կրկնակի դու որբ,

Մի ուղեմոլոր մանո՜ւկ անսփոփ:

Հայրիկը 1939-1940 թթ. մասնակցել է ռուս-ֆիննական, ապա և Երկրորդ համաշխարհային պատերազմին: Իրենց գնդի շտաբի հետ շրջապատման մեջ է ընկել և երկու տեղից վիրավոր, գերվել: Ռազմագերիների, ապա և Դախաուի համակենտրոնացման ճամբարներում անցկացրած տարիները նկարագրված են նրա «Մահվան ճամփաներով» հուշատետրում, որ գրի էր առել Մյունխենի հիվանդանոցում, 1945-ի մայիս-հունիս ամիսներին (տպագրված «Սովետական գրականություն» ամսագրում, 1985 թ. ապրիլ):  Գերությունից ազատվել է ամերիկյան 3-րդ բանակի կողմից, զորացրվել՝ 1945 թ. դեկտեմբերին: Վերադառնում է հյուծված, հիվանդություն «ձեռք բերած», բայց չկոտրված, ապրելու, աշխատելու ծարավը սրտում:

Հայրս գրքերի, ուսումնասիրությունների, գրաքննդատական, բանասիրական հոդվածների (տպագրված թերթերում, գրական, գիտական հանդեսներում, հանրագիտարաններում, «Հայ նոր գրականության պատմություն» բազմահատորյակում), տեքստաբանական աշխատանքների հեղինակ է:

Կյանքի  վերջին   տարիները  խիստ  ծանրաբեռնված   էին  աշխատանքով: Տարիներ  ձգվող, օր օրի սրվող հիվանդությունը ուժերի գերլարում էր պահանջում: Այսուհանդերձ, հայրս իր սուղ ժամանակից բազում ժամեր նվիրեց շատ մարդկանց՝ իրենց գործերն առաջ տանելու, ավարտին հասցնելու. ինքը կյանքից հեռացավ, երբ դեռ շատ ասելիք և անելիք ուներ: Մնացին «իղձերի և ծրագրերի» մի երկար ցուցակ, թերավարտ շատ գործեր… Կուզեի հիշատակել Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության պատմության երկրորդ գիրքը (1899-1923) և Ավետիք Իսահակյանի գիտական կենսագրությունը: Հսկայածավալ աշխատանք էր արված, ափսոս, որ երկու արժեքավոր գիրք ծնունդ չառավ: Մի քիչ հանգամանալի՝  Իսահակյանի  Հիշատակարանի  մասին, որի վրա հայրիկն աշխատեց մինչև իր վերջին օրերը:  Հիվանդանոցում էր, վիճակն օրեցօր վատանում էր.   մի օր ասաց. «Հանձնաժողով թող կազմեն» – խոսքը Իսահակյանի Հիշատակարանի մասին էր:

Բանաստեղծի  100-ամյակին հաշված ամիսներ էին մնում: Այդ մեծ հոբելյանին հայրս արժանի նվեր էր պատրաստում՝ Իսահակյանի Հիշատակարանը: Դեռևս 1960 թվականին «Ավ. Իսահակյանի ձեռագրերի աշխարհում» հոդվածում (<<ԳԹ>>, 1960, հոկտ. 16, թիվ 42) Ինճիկյանը գրում է. «Խոսքի դյութիչ արվեստագետի ձեռագիր ժառանգությունը գրական պատմական  անգնահատելի  արժեք է ներկայացնում: Բազմաթիվ տետրերն ու ծոցատետրերը, հազարավոր մեծ ու փոքր ձեռագիր թերթիկները մեր առջև բաց են անում սքանչելի  բանաստեղծ-մտածողի  հոգեկան  աշխարհը, նրա կյանքի մեծ ճանապարհը՝ որոնող, հախուռն, երազատես պատանեկությունից մինչև իմաստության կատարն հասած, բայց պատանեկան սրտի ջերմությունը, ավյունն ու բույրը պահած ծերության տարիները…»: Մի այլ տեղում գրում է. «90-ական թթ. երկրորդ կեսից օրագրերին (Հիշատակարանին) փոխարինում  են  ծոցատետրերն  ու  տետրերը, որտեղ գրառումները բազմապիսի են, սակայն, հաճախ  առանց ամիս-ամսաթվի նշումի»: Ահա այս  տետրերից, ծոցատետրերից,  թղթերից գրառումները հայրս  հավաքել էր, վերծանել, կարգավորել, պատրաստել  Հիշատակարանի ամբողջական տեքստը: Դա տարիների երկարատև, տքնաջան աշխատանք էր:  Առաջաբանը գրել չհասցրեց (թեև գոնե իր մտքում այն հաստատ գրված-ավարտված էր) և այժմ, հավանաբար,  մտավախություն ուներ, որ երբ  իրենից հետո գիրքը լույս տեսնի, հարցեր  է  հարուցելու:

Հիշատակարանին  վերաբերող  հայրիկի  թղթերում  պահված Առաջաբանի մանրամասն պլանը վկայում է, թե ինչ համակողմանի էր ներկայացվելու գիրքը: Կետ առ կետ նշված են բոլոր այն հարցերը, որոնք լուսաբանվելու էին. «1. Սկիզբը (գրության հանգամանքները, ստեղծագործության պատմությունը, ի՞նչ է մեզ հասել): 2. Հիշատակարանի տեքստի պատրաստման սկզբունքները: 3. Իսահակյանի Հիշատակարանի առանձնահատկությունները: Ընդհանուր բնութագրականը և գնահատականը»:  Մանրամասն  անդրադարձ  էր  լինելու  գրքի բուն բովանդակությանը. «Բանաստեղծի առաջին սերը Հիշատակարանում: Ստեղծագործական մտահղացումները, ծրագրերը: Գրական-գեղագիտական հայացքները: Ժողովրդի քաղաքական ճակատագիրը: Սոցիալական հարցեր: Փիլիսոփայական խոհեր (կյանքի իմաստի որոնումը): Ինքնություն (իր տեղի և դերի որոշումը հասարակության մեջ, նպատակի որոնում): Հիշատակարանը որպես գեղարվեստական երկ: Նկատառումներ Հիշատակարանի տեքստը վերջին անգամ վերանայելիս»:

Ծանոթագրությունների  համար  տասնյակ  ծրարներում,  առանձին թերթիկների վրա դուրս են գրված անուններ, փաստեր, հիշատակություններ, օտարալեզու բառեր և դարձվածքներ, նշված են աղբյուրները, որոնցից տեղեկություններ էր քաղել և քաղելու էր:

Գրքի վերջում լինելու էր անձնանունների բառարան, անվանացանկ, Հիշատակարանում հիշվող Իսահակյանի ստեղծագործությունների, նաև անհայտ, անավարտ երկերի և մտահղացումների ցանկ, էջեր Հիշատակարանի ինքնագրերից (լուսատիպ պատճեններ): Հայրիկը նաև գրի է առել Իսահակյանի «տեղաշարժման մարշրուտը»:

Առաջաբանի  բնաբան  լինելու  էին  պոետի  խոսքերը՝  «Շատ  մտածեցի,  բայց  քիչ  գրեցի»:

Երկար կարելի է խոսել գրքի վրա արված աշխատանքից, ներկայացնել մեծաթիվ նյութեր. բայց ում և ինչ ապացուցելու համար:

Չգիտեմ ինչ մտավախություններ ուներ հայրս, երբ ասաց հանձնաժողով հրավիրելու մասին:

Երբեմն ինձ թվում է, չնայած հիվանդության կրկնվող սրացումներին, նա «մահվանը չէր սպասում»  առնվազն տասը տարի.  հաճախ էր  կրկնում իրեն հատուկ մեղմ ժպիտով. «Մեռնելը հո հեշտ բան չի»: Ենթադրել կարելի է ֆիզիկական ցավերի հետ նրա մտատանջությունները  կիսատ մնացած գործերի համար…

Այսուհանդերձ, Հիշատակարանը հայրիկի կողմից մի յուրահատուկ հուշարձան է Վարպետին, ում պաշտում էր:

Մեր գրադարանի  աչքի ընկնող տեղում, շրջանակի մեջ դրված էր Թումանյանի քառյակի  ձեռագիր լուսապատճենը.

 

 

Այս տողերը վերաբերում են և հայրիկիս:

Մեր հայրենիքին պատուհասած դաժան փորձությունների այս ժամանակաշրջանում հատկապես, հետաքրքիր է կարդալ Իսահակյանի Հիշատակարանի գրառումներից մի քանիսը մեկ դար առաջ արված. «Մենք ձգտում էինք ազատության՝ կռվելով, զոհվելով՝ հույսերս դրած քրիստոնյա, լուսավոր, քաղաքակրթված Եվրոպայի վրա, երեխայի պես հավատալով, թե Եվրոպան Հայաստանը կազատե, թուրքին կպատժե. բայց մենք եվրոպացուն չէինք ճանաչում. թուրքը հրաշալի է ճանաչում նրան. հայությունը ջնջեց, վստահ լինելով, թե հաշիվ ուզող չկա իրենից, վստահ լինելով եվրոպացու քարասրտության, շահամոլության, կաշառակերության վրա… Եվ չխաբվեցավ թուրքը… Նա հայությունը կոտորեց, կողոպտեց և այդ կողոպուտով կաշառեց եվրոպացուն՝ թերթ, մամուլ, սենատորներ, նախարարներ, միսիոներներ: Ինքը սրիկա է, և հույսը սրիկաների վրա է, որով լցված է Եվրոպան… (Հիշ. հոկտեմբերի 22, 1921 թ., Ազոլո):

…Եվրոպան օձը նորից տաքացնում է մարդկության կրծքի վրա… Սո՛ւտ են եվրոպացիների գովեստները մեր մասին, նրանց ճառերը, սո՛ւտ, շա՛հն է միակ ղեկավարող ոգին նրանց գործերի և մտածումների: …Եվ այլևս մարդ չկա, աշխարհի վրա ո՛չ մի մարդ, որ հավատա եվրոպացու կամ ամերիկացու հայասեր խոսքին. խաբեցին հայերին 40 տարի շարունակ, ոչնչացնել տվին մի ազգ, գրգռելով թյուրքին… (Հիշ. դեկտ. 21, 1921 թ., Վենետիկ):

Աներևակայելի, անհավատալի ոճիրներ գործեցին թուրքերը… և հիմա անպատիժ, հարգված հացասեղան են նստում «քաղաքակրթված» մարդագայլերի մոտ… Սարսափելի է, երբ տեսնում ես, որ սա երազ չէ, այլ իրականություն… (Հիշ. ապրիլի 26, 1922 թ., Վենետիկ):

…Այժմ այլևս անմտություն է հույս դնել Արևմուտքի վրա՝ ո՛չ մի օգնություն. սա պարզ է… Եվրոպան երբեք ընդունակ չէ եղել և չէ մարդասեր լինելու… (Հիշ. 1922, հունիսի 16, Վենետիկ):

Իսահակյանին մոտ եղող մարդիկ անհնար է, որ նկատած չլինեին բանաստեղծի առանձնակի ջերմ վերաբերմունքն ու վստահությունը Արամ Ինճիկյանի նկատմամբ (այդ մասին նրանցից շատերն են վկայել): Դրա ապացույց է և իր մի շարք ձեռագրեր (բոլորը տպագրված) հայրիկին նվիրելը, «թող մնա քեզ մոտ»,- ասել էր քառհատորյակը պատրաստելիս: Աննկարագրելի հուզմունքով էր հայրս ձեռքն առնում նվիրական մասունքներով թղթապանակը: Անշուշտ դրանք  կհանձնվեն  Թանգարանին:

Արամ Ինճիկյանը մարդ էր ազնվագույն, անշահախնդիր. իր սիրելի Վարպետի նման Հայաստանը պաշտող, նրա ցավերով տառապող:

Միտքս են գալիս Թումանյանի տողերը՝ «Ախ, երանի ով մարդ կգա ու մարդ կերթա անարատ»:

One thought on “Արփիկ ԻՆՃԻԿՅԱՆ / ՀԱՅՐՍ (հիշելով Արամ Ինճիկյանին)

  1. Հիշատակարանում բազմաթիվ միջամտություններ են արված և հանված են ռուսական հակահայ դիվանագիտությանը վերաբերող հատվածները, այդ պատճառով էլ, թերևս, Ինճիկյանը հանձնաժողով է պահանջել…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։