Մենակ ու մոլորված կանգնել էր իրենց մեծ տան մեծ սրահում, թեև երեք օր առաջ էին չորս եղբայրներից, այսինքն՝ մոլորակի չորս աշխարհամասերից իրեն՝ հինգերորդում հանգրվանածին հասել երկվորյակ երկու ավագների և երկվորյակ երկու կրտսերների՝ աշխարհը մի փոքրիկ հողագնդի վերածածներից միջնեկին, այսինքն՝ իրեն (մայրն ամեն պատեհ ու անպատեհ առիթներով՝ խեղճ-խեղճ. «Աստված ջան,- էր մրմնջում,- Աստված ջան, գոնե էս երեխիս էլ մի երկվորյակ քույր տայիր, ի՜նչ կլիներ…») հեռախոսազանգերը. «Կգանք, անպայմա՛ն կգանք, բայց մի փոքր ուշացումով. դու էլ գիտես, թե ինչպես են դասավորվել ոչ մի կերպ չհետաձգվող, նախօրոք պլանավորված հանգամանքները…»:
Գիտե՛ր…
Հայրենիքից՝ մոր անժամանակ… լուրն առնելուց ընդամենը հաշված րոպեներ անց արդեն գիտեր, և ինքն իրեն հենց այդպես էլ՝ մենակ ու մոլորված էր տեսել հայրական՝ հեռավոր մեծ տան մեծ սրահում կանգնած, որտեղից իրենց՝ հինգ եղբայրների պատվախնդիր ու ամեն ինչ հասկացող բազմաթիվ ընկերները, երեք՝ տունն ու պարտեզը հոգեհանգստի նախապատրաստողների, հիվանդանոց, նաև՝ գերեզմանոց մեկնողների խմբերի բաժանվածներն իրեն որոշ ժամանակով ինքն իր հետ մնալու էին թողել… հիշելու, թե ինչպես քսանևհինգ տարի առաջ իրենց՝ սովորական ընտանիքի սովորական հինգ երիտասարդ, բայց դեպքերի… աշխարհ ցնցած դեպքերի բերումով՝ շատերի նման աշխատանքից զրկված, հետևաբար և՝ այլևս մեծ ընտանիք պահելու անկարող տղամարդիկ, հոր. «Աստված ձեզ հետ»՝ օրհնությունն առած և դուրս եկած տանից… երկրի՜ց, և ամեն մեկն ականջալուր իր մտքի ձայնին՝ առանց իրար հետ պայմանավորվելու, ընկավ մեկ այլ երկիր… Երկի՞ր. մեկ այլ աշխարհամա՛ս, փող աշխատելով գոնե հեռավար կարգով ընտանիք պահելու…
Մի խոսքով. ժամանակի ընթացքում ընտանիքները կամաց-կամաց հինգ աշխարհամասեր տեղափոխած և հինգ աշխարհամասերի լինելիության անսահման ծանր բեռն իրենց ուսերին առածներից չորսը՝ չկարողանալով բախտի քմահաճույքին թողնել մարդկության լինել-չլինելու խնդիրը (պատկերացրե՜ք միայն. ուստրերի ու դուստրերի հարաճուն խնդիրներ, թոռներ ու թոռնուհիներ մեծացնելու և պսակելու, կոպեկ-կոպեկ ետ գցած փողերով գործեր դնելու, գործեր ընդարձակելու հարցե՜ր-հարցե՜ր… հարցե՛ր)՝ չկարողացան հասնել իրենց մոր թաղմանը…
Եվ հարևանները, հասկանալով աշխարհասփյուռ չորս եղբայրների աշխարհաշեն մեծ գործունեության խորհուրդը, հավաքվեցին իրենց մանկության, պատանեկության, երիտասարդության ընկերոջ՝ ութսուներեքամյա հանգուցյալ Համասփյուռ մայրիկի միջնեկ որդու. անձայն ու ցավով՝ չորս եղբայրների՝ ա՛յս՝ ամենակարևո՛ր օրն իր կողքին չլինելու մեղքն ամբողջությամբ իրեն վերագրող որդու շուրջը. տասնևհինգ տարի առաջ՝ մեկ մարդու նման՝ շատ սիրելի հոր «վերջին կոչնակով» շտապ հավաքված և նրան առոք-փառոք հայրենի հողին հանձնած՝ երկու ավագ և երկու կրտսեր երկվորյակ՝ մեկը մյուսի թիկունքին բերդ ու պարիսպ եղբայրները, որ. «Նա պետք է մեկնումեկիս մոտ…»,- «խորհրդակցությունն» ընդհատվել էր ներս մտած մոր՝ դեռևս աներեր ձայնով, որ. «Նա՛,- էր ասել,- նա՛,- այսինքն՝ ինքը, այսինքն՝ մինչև «նա»-ն իջեցված մայրը,- չի՛ կարող դուրս գալ… լքե՜լ իր տունն ու իր երկիրը, իր ամուսնու գերեզմա՛նը…»,- և՝ ներսից փշրված, իսկ դրսից՝ անթեք մեջքով ու վերջնական պատասխանով՝ դուրս եկել մեծ սրահից…
Եվ, չկարողանալով կոտրել մենակ մնացած մոր՝ իր մայրենի հողից ու սիրելի ամուսնու գերեզմանից կտրելու դիմադրությունը, երկվորյակ ավագներից՝ հինգ րոպեով ավագ, ուրեմն և՝ հոր թափուր մնացած աթոռը՝ «օրինաց կարգով» զբաղեցրած եղբայրը՝ բարձրացնելով գլուխը.
– Ուրեմն,- հայտնել էր իր անբեկանելի որոշումը,- ուրեմն՝ պետք է վաճառել հայրական տունը (էլ ի՜նչ հայրական), և մոր համար բնակարան գնելով՝ նրան ազատել այս՝ արդեն ոչ մեկին պետք չեկող և ամենօրյա խնամքի… մե՜ծ խնամքի կարոտ՝ վեց հարկաբաժիններով տունը…
Եվ համաձայնությամբ տմբտմբացող չորս գլուխների դիմաց բարձրացել էր նրա՝ միակ և առանց երկվորյակ զույգի (մայրը եթե մեծ սրահից դուրս եկած չլիներ, ամեն անգամվա նման պիտի թախծոտ նայեր նրան. «…գո՜նե մի քո՜ւյր…»… «գո՜նե…»)՝ մենակ, բայց… երևի գիտությանն անհայտ զույգ՝ և՛, որդու, և՛ չծնված դստեր սրտերով ծնված միջնեկ որդու գլուխը.
– Մեր մայրն ամբողջ կյանքում չի՛ ապրել լուցկու տուփ մի բնակարանում՝ մենակության մատնված:
Եվ ավագ երկվորյակներից հինգ րոպեով ավագը՝ ավագության կարգով, ծանրումեծ ասել էր իրենցից երկու… երկու է՜, երկո՛ւ տարով փոքր (սրա՜ն տեսեք) միջնեկին.
– Ինչո՞ւ լուցկու տուփ մի բնակարան, այլ, ասենք՝ փոքրիկ մի տուն:
– Փոքրիկ, թե՝ մեծ, բնակարան, թե՝ տուն, միևնույն է՝ դա նրա համար կլինի օտար տուն՝ օտար շրջապատով…
– Օտար շրջապատո՜վ…- ասել ու մի պահ լռել էր ավագներից ավագը,- օտար շրջապատո՜վ… Իսկ մե՜նք էլ…- և լեզուն կծելով ու «ԻՍԿ»-ը՝ փոխարինելով իր կարծիքով՝ փրկարար «ԲԱՅՑ»-ով,- բայց,- ասել,- բայց մենք էլ՝ հազար ու մի հոգսի, հազար ու մի գործի տեր՝ այսքան տարի հետո չենք կարող ընտանիքներով ետ դառնալ դեպի զրոյական կետ…
Եվ նա՝ միջնեկը. «…գո՜նե…»-ն.
– Բոլոր դեպքերում,- էր ասել ցածրաձայն,- բոլոր դեպքերում՝ երևի մեզանից մեկնումեկը…
Եվ ավագ ու կրտսեր եղբայրները՝ քմծիծաղո՜վ ու հոնքատակերի՛ց նայել էին իրար. «Ահա՜ թե ինչ»,- ապա և՝ միջնեկ եղբորը. «Ահա՜ թե ինչ…»:
Եվ. «Ահա՛ թե դուք ինչպես եք նենգափոխո՜ւմ…»,- գլուխն ամոթով մինչև գետին էր խոնարհել ու այլևս չխոսելու ինքնախոստումով՝ լռել միջնեկը. «Ահա՛ թե…»:
Եվ…
Եվ մինչ այդ մեծ սրահի մեծ սեղանից հեռու՝ բազկաթոռներին ու բազմոցներին, աթոռներին լուռ ու մունջ տեղավորված, և եղբայրների, իրե՛նց «եղբայրական» «խորհրդակցությանն հրավիրված» ու «նո՛ւյն գետնի» վրա հաստատուն մնացած – դիմացած հարևան-ընկերները ճիշտ ժամանակին խզել էին արդեն լիդրանոց քարի նման ծանրացող լռությունն ու մեկ մարդու նման.
– Առայժմ,- ասել ու… լուռ համաձայնությամբ խոսքը տվել իրենցից ամենատարեցին, ով.
– Առայժմ,- էր ասել,- առայժմ. ձեր գործերին նայեք և զանց առեք հապճեպ որոշումներ կայացնելու պարտադրանքը. այսօր աշխարհը մի փոքրիկ հողակոշտի վերածած համացանցն անսահման հնարավորություններ է ընձեռել բոլորին. հարցը՝ բոլոր «թեր ու դեմ»-երով, բոլոր «բայց»-երով՝ իրար հետ՝ ընդամենը վայրկյանների ընթացքում մանրամասնորեն քննարկելու հնարավորություն, իսկ մենք…- ու լռել մեկ, ընդամենը մեկ վայրկյան,- իսկ մենք՝ ձեր հոր ու մեր հայրերի ընկեր Արտաշեսի մեծ տան շուրջը՝ նրա թույլտվությամբ ու օգնությամբ, նաև՝ խորհուրդներով տներ կառուցածների որդիներս՝ դեռ ողջ ենք, ուրեմն և՝ ձեր մոր ու մեր Համասփյուռ մայրիկի հետ՝ դուռ դռան… Նա ինչպե՞ս կարող է մենակ մնալ կամ հեռանալ իր տանից ու բնակվել որևէ… Եվ, ճիշտն ասած. հո դուք չե՞ք կարող ընդմիշտ դրսում… դրսերո՜ւմ մնալ…
Եվ զրույցն ավարտվե՛լ էր:
Ավարտվել էր տասնևհինգ տարի առաջ սկսված և ավարտին չհասա՛ծ, բայց և ընկեր-հարևանների չմոռացած զրույցը, որ հիմա… Որ հիմա դարձել էր. «Կգա՛նք, անպայմա՛ն կգանք, բայց…»:
Բայց, սովորական մի «բայց»-ով՝ մենակ ու մոլորվա՜ծ… Ինքն իր հե՛տ մնացած… Ում.
– Մի քիչ քնեի՜ր,- էդքան ճանապարհներ կտրած ու վշտից կռացածին ասացին իր կարծիքով՝ մենակ, իսկ հինգ եղբայրների՝ անթիվ-անհամար հարևան-ընկերների… ախպերների՜ կարծիքով՝ նույնիսկ ավելի ջահելներին. «Աստծո սիրուն, ոտքի տակ մի՛ ընկեք՝ առանց էն էլ…»,- իրենց տներ ճանապարհածնե՜րը, որ. արագ, կարծես՝ մի քանի փորձով լավ սերտած դասի… տեսակի՛ դարավոր փորձով՝ բաժանվել էին երեք. ընդարձակ տունն ու ավելի քան ընդարձակ բակը՝ շոգ ամառվա երեկոյան հոգեհանգստի նախապատրաստողների, հիվանդանոցից՝ մայրիկին տուն տեղափոխողների և գերեզմանոց՝ Արտաշես հայրիկի շիրիմի կողքի հողը սոսկ գերեզմանափորների հույսին չթողնողների խմբերի…
Բակի՝ փափուկ ծածկոցներով պատված իշոտնուկներին՝ շունչ քաշելու համար առաջին նստածները տունն ու բակն իրենց կանանց հետ նախապատրաստողները եղան, ապա նրանց միացան գերեզմանոցից՝ մռայլ ու անծպտուն վերադարձած ու, կարծես՝ հայացքով մեկին (իհա՛րկե՝ տանտիրոջը) փնտրողները և վերջում՝ հիվանդանոցից՝ «Համասփյուռ մայրիկին»…
Եվ կեսգիշերին՝ մեծ տան մեծ սրահից հոգեհանգստի եկած վերջին այցելուից հետո, միջնեկ՝ «…գո՜նե…» որդու անձայն խնդրանքը. մի քանի րոպեով իրեն մենակ թողնել մոր հետ՝ կատարվել էր իսկույն…
Երբ վերջապես դուրս էր եկել բակ, փափուկ ծածկոցներով պատված բոլոր իշոտնուկներն արդեն զբաղված էր գտել իրենց՝ հինգ եղբայրների, ընկեր-հարևան-բարեկամներո՛վ, որ հավաքվել էին շուրջն ու.
– Հավատա՛, մենք էլ ենք քաղցած,- ասել:
– Բայց…
– Հավատա՜…
Եվ, լռությամբ ընկերոջ տուն մտած, ու լռությամբ «կտրված մի կտոր հացն ու մի կում գինին» բացել էին նրանցից ամենաավագի և մռայլներից ամենամռայլի բերանը.
– Առավոտյան հավաքվելու ենք՝ ծեգը-ծեգի՛ն:
Եվ ոչ մեկը չէր հարցրել՝ ինչո՞ւ. եթե՝ ծեգը-ծեգին, ուրեմն՝ ծեգը-ծեգին:
– Իսկ դու,- դիմել նրան՝ հացին ձեռք չմեկնած ընկերոջը,- իսկ դու մնում ես մեր տանը:
– Բայց…
– Մայրիկը «մենակ չէ». շրջապատված է մեր որդիներով ու իրեն շատ սիրող թոռներով…
Առավոտյան՝ ծեգը-ծեգին, թարմացված ճաշասեղանին մոտենալով.
– Նստե՛ք,- էր ասել մռայլ տանտերը՝ երեկվա՝ մեկ մարդու նման ներկայացածներին,- նստե՛ք:
Եվ միջնեկ որդին՝ «գոնե»-ն, մեկ առ մեկ նայել էր բոլորին. «Մի՞թե ժամանակ ունենք, թե՞… Թե՝ ինչ-որ այլ բան կա ընկերների՝ երեկվա՝ մի պահից պինդ փակված լեզուների տակ. ի՞նչ…»:
«…Ի՞նչ…»:
Ընկերոջ լարված դեմքի «ինչ»-ը տանտիրոջն ստիպել էր դիմացը դրված բաժակի մեջ ջուր լցնել և դանդա՜ղ. միայն թե արագ չվերջանա՜… միայն թե հենց ինքը չլինի այդ «ինչ»-ը պարզաբանո՜ղը… միայն թե՜…
Եվ՝ նույնիսկ կաթիլների վերածվելով՝ միևնույն է՝ պիտի բաժակի հատակին հասներ սառը ջուրը…
«Ի՜նչ…»:
Մի «ինչ», որ օտար ու մարդատյաց լաբորատորիաներից դուրս թռնելով՝ արդեն, ավելի քան երկուսուկես տարի՝ անընդհատ կերպարանափոխվելով՝ հաղթարշավում էր Երկիր մոլորակում՝ այն դարձնելով… համատարած մի… Ի՞ՆՉ:
Ջուրը վերջացա՛վ, և «ինչը» մնաց առկախ ՄԻ՝ Ի՛ՆՉ…
Եվ ընկերներից ոչ մեկը…
Եվ տան տերը…
Եվ Համասփյուռ մայրիկի միջնեկ որդին՝ «գոնե»-ն, մեկ առ մեկ նայեց բոլորին. էս ինչքա՜ն են փոխվել… էս ինչպե՜ս են տարիները ծերացրել ընկերներին…
Եվ տան տերը՝ հասկանալով, որ ոչ մեկն իրեն չի օգնելու… խորը շունչ քաշելով.
– Գերեզմանոցում…- ասաց,- գերեզմանոցում՝ Արտաշես քեռու… – և լռելով մի պահ՝ ազատվելու համար խեղդող ասելիքից, վրա տվեց.
– Գերեզմանոցում… Արտաշես քեռու… Մեր ձեռքերով շարված եզրապատերից ներս՝ ոչ մի ազատ տեղ չեն թողել… Ո՛չ մի…
Երևի բոլորի համար ավելի հեշտ կլիներ, եթե Արտաշես քեռու միջնեկ որդին… իրենց ընկե՜րը… Հարցեր տալու, զայրանալու փոխարեն՝ չնստեր այսպես քարացած…
Տանտերը նորից սառը ջուր լցրեց իր բաժակի մեջ…
Եվ ընկերները, վերջապես հասկանալով «բանախոսի» վիճակը, սկսեցին իրար ընդհատելով՝ չասված «ինչին»՝ ոչինչ չասող լրացումներ կատարել.
– Ամեն ինչ այնպե՜ս է խառնվել իրար, այնպես…
– Եվ մեղավորը… Ամեն ինչի մեղավո՜րը…
«Ի՞նչն է իրար խառնվել, երբ և որտե՞ղ… Ասում են՝ գերեզմանոցո՞ւմ… Բայց գերեզմանոցում… Դա էլ հո տուն կամ բնակարան չէ, որ ամեն ինչ… Ինչպե՜ս… Կամ՝ ո՞վ է թույլ տվել… Եվ եթե նույնիսկ՝ ամեն ինչ, ապա՝ ո՞վ է մեղավորը…»:
Եվ վերջապես.
– Ի՞նչ է պատահել,- կուլ տալով կոկորդում կանգ առած գունդը,- ոչինչ չեմ հասկանում,- կրկնեց դանդաղ,- ի՞նչ է պատահել…
Եվ, իրենց իսկ կիսատ-պռատ խոսքերից շվարած հարևանները՝ իրար լրացնելով, մի կերպ հայտնել էին, որ. Արտաշես հայրիկի տապանաքարի կողքի՝ գրեթե երեքից չորս տեղ ազատ տարածքում հայտնվել են թզաչափ ամրաններին զոդված փոքրիկ՝ տարբեր ազգանուններով և ծննդյան ու մահվան թվականներով… «հայտնիության» կարգավիճակի հավակնող ծանուցումներով… օտար գերեզմանաթմբեր, որ… ումի՞ց և ինչպե՞ս հաշիվ պահանջես «կորոնայի» այս թոհուբոհո՜ւմ…
Եվ մենակ ու մոլորված՝ դեմքը ափերով ծածկած միջնեկ որդին. «Այ քեզ բա՜ն,- էր ասել մտքում,- այ քեզ բա՜ն. էս էլ՝ հինգ որդիներիդ վերջին նվերը քեզ ու մեր հորը, մե՛ր ջան, իմ անո՜ւշ մերիկ…»: Երկար էր լռել…
Եվ մեծ լռությունը երրորդ բաժակ սառը ջրից հետո դժվարությամբ խզողը դարձյալ տանտերն էր եղել. իրենից երկու տարով մեծ ավագ եղբայրների ընկերը.
– Եվ քանի որ չենք կարող արդեն… արդեն գրավված տեղերն ազատել… Մենք որոշեցինք,- էր ասել՝ նայելով շուրջը. կարծես՝ թույլտվություն խնդրելով և այն ստանալով գլուխները դրականորեն շարժող ընկերներից,- մենք որոշեցինք…- ու շարունակել,- ավելի ճիշտ՝ կարծում ենք, որ ձեզնից՝ իրենց հինգ երեխաներից մեզ չտարբերող մեր Արտաշես հայրիկին ու Համասփյուռ մայրիկին պետք է… Քո… Ձե՛ր թույլտվությամբ՝ այստեղ՝ իրենց… ձե՛ր իսկ ընդարձակ այգու՝ քարե, բարձր՝ «ան-ոտնահարելի» պարսպի հովանու ներքո…
Աչքերից սարսափ կաթացող որդին բարձրացրել էր գլուխն ու.
– Չի՛ կարելի,- էր ասել դանդաղ՝ թուջի ծանրությամբ երկու բառերը,- չի՛ կարելի:
– Ին-չո՛ւ,- ոչ թե՝ տանտերը, այլ բոլոր համամիտ ներկաներն էին ասել միաձայն,- ին-չո՛ւ:
– Նախ որ. չի կարելի օրհնած գերեզմանը բացել և արտաշիրիմում կատարել և երկրորդ…
– Այդ տեսակետից՝ անհոգ եղիր. արդեն զանգել ենք այդ գործի պատասխանատուին՝ մեր… ավելի ճիշտ՝ քո վաղեմի դասընկերոջը…
– Բայց… բայց,- մի շատ կարևոր «բայց» մոռացածներին ցանկացավ հիշեցնել փոքր-ինչ ուշքի եկած որդին,- բայց ո՞վ թույլ կտա բնակելի թաղամասի գրեթե կենտրոնո՜ւմ…
– Արդե՛ն տվել են:
– Սխա՛լ են արել…
Մեկ այլ առիթով ընկերներն անպայման պիտի ժպտային իրենց՝ ոչ թե ձևական, այլ՝ իսկապես օրինապահ… օրինապա՜շտ ընկերոջ… «Սխա՛լ են արել» խոսքի վրա:
Եվ լռությունը խզողը դարձյալ տանտերը պիտի լիներ.
– Ու երբ անցնեն սգո յոթն օրերը, մենք քեզ անպայման կտանենք աշխարհակործան «համավարակով» իրենց սահմանները ոտնակոխ արած ու անարգել կերպով բնակելի թաղամասերից «գողացված» տարածքներ լցված գերեզմանոցներ… Որտեղ, իմ… նաև՝ մյուսների կարծիքով, ամուսնու կողքի իր սեփական տեղը հանիրավի կորցրած, բայց ով, Փառք Աստծո, իսկապե՛ս սեփական տեղ ունեցող ու իր ԲՆԱԿԱՆ ՄԱՀՈ՛Վ «հեռացած» մեր Համասփյուռ մայրիկը, ահա՛ նրա մահվան բժշկական եզրակացությունը, նաև՝ փաստորեն իր տեղն էլ կորցրած և սխալների ուղղման կարգով՝ «տուն դարձող» Արտաշես հորեղբայրը գործ չունե՛ն…
– Բայց դա՝ այդ «բժշկական եզրակացությունն» արդեն ի՞նչ նշանակություն ունի,- զարմացան և՛ որդին, և՛ տան ու մյուս գործերին մասնակից հարևան-բարեկամ-ընկերները,- ի՞նչ նշանակություն…
– Մե՛ծ… Այս տեղի թույլտվության համար՝ մե՛ծ նշանակություն, որպեսզի հավիտյանս-հավիտենից, ոչ ոք չմտածի, թե…
Իհա՛րկե, չէին մտածի, չպիտի՛ մտածեին…
Եվ յոթնօրեքի հաջորդ օրն իսկ Երկիր մոլորակը մի բուռ հողակոշտի վերածած առաջագնա տեխնոլոգիաների ցանցից դուրս պրծած և՝ անսխալ կերպով անհրաժեշտ տեղեր հասած ու «իր՝ միջնեկ որդու շուրջը հավաքած» տեսա-զանգը՝ հրամանի հանգույն. «…Մեզանից՝ հինգիցս յուրաքանչյուրը, այսուհետև,- էր բարբառել և՝ մոռացության չտրվելու համար կրկնել,- մեզանից՝ հինգիցս յուրաքանչյուրը, այսուհետև պիտի մեր տանը՝ մեր Արտաշես հոր ու մեր Համասփյուռ մոր տանն ու մեզ համար նրանց սուրբ գերեզմաններին պահապան ու խնամող, նաև՝ իրար թիկունքի կանգնելու կոչված մեկական որդի՝ իրենց ընտանիքներով ուղարկենք, իհա՛րկե, անհրաժեշտության դեպքում՝ նրանց տրամադրելով դրամական օգնություններ, կամ, ցանկության դեպքում, ամբողջ «աղխով» (եթե հիշում եք՝ մեր հոր կառուցած ու յուրաքանչյուրիս հատկացված ընդարձակ հարկաբաժինները մեզ լի ու լի կբավարարեն՝ որդվոց-որդի) վերադառնանք ու սերնդեսերունդ՝ ապահովելով նաև մեր վերջին հանգրվանի լինելիությունը, հավիտյանս-հավիտենից ապրենք մեր սուրբ ու Աստվածատուր ա՛յս հողի վրա…»:
Ու երբ ավարտած համարելով ասելիքը՝ անջատել էր հեռակապը, հեռավոր ու մոռացված… չը՛-մոռացած մի բան հիշելով՝ նորից էր բոլորին. երկորյակ երկու ավագներին և երկվորյակ երկու կրտսերներին՝ հիշեցման կարգով ու կեսի կես նախադասությամբ՝ հրավիրել «անսահմանափակ հնարավորությունների տեր» համացանց և. «…քմծիծաղով ու հոնքատակից» նայել իրարից աշխարհամասերո՜վ հեռու ավագ ու կրտսեր եղբայրներին.
– Ահա՛ թե ինչ…