«ԻՆՉՊԵՍ ԳՏԱ ԻՄ ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻՆ» / Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

(Վանուհի Կամսար, Լեռ Կամսար, Եր., 2022 թ.)

Լեռ Կամսարի ոգին բոլոր առումներով պահպանողը՝ թոռնուհին՝ Վանուհի Կամսարը (Թովմասյան), առաջին անգամ և առաջինը ամենքի մեջ ներկայացնում է, իր խոսքերով, ժամանակից դուրս ապրող պապի վեպ-կենսագրությունը։ Մինչև այսօր նրա գործը, իհարկե, լռությունը չի եղել, բայց և եկել էր ժամանակը, ինչպես ինքն է ասում, վերահաշվարկը, և ահա հստակ, անաչառ գնահատականներով, ամբողջացած կենսագրությամբ ներկայանում է Լեռ Կամսար մարդը, երգիծաբանը, պապը։ Պատումի ոճը, գրքի կառուցվածքը ընդհանրապես տրամադրում են սեփական ներսում ամբողջացնելու սիրելի (կամ դեռևս անծանոթ) երգիծաբանի գրական ու իրական կերպարը։ Իսկ գրքի հեղինակը միայն ու միայն նպաստում է դրան՝ ժամանակ առ ժամանակ նաև թավ գծերով սեփական բնութագիրը տալով, մատը՝ տրոփող զարկերակի ուժգնացող-ահագնացող կետերին։ Ահա այսպես՝ «…Եվ նրա գրական ժանրը դառնում է երգիծաողբերգություն»,- արձանագրում է Վանուհի Կամսարը՝ միաժամանակ վկայակոչելով գրողի տողերը, որոնք հանգեցնում են բերվող մտքին։ Եվ ի՞նչն է այստեղ առավել հետաքրքրական. ծանոթ լինել գրողի ստեղծագործությանը այլ է և բոլորովին ուրիշ մի երևույթ է, երբ այդ նույն գրողը ներկայանում է` ևս մեկ անգամ ինքն իր միջով, իր արյան ու գենետիկ հիշողության միջով «անցնելով», բյուրեղանալով ու զտվելով՝ որպես մաքուր հիշողություն և որպես իրական, այլ ոչ երևակայական մարդ ու գրող։ Ասել է թե՝ սա Լեռ Կամսար երգիծաբանի կյանքն է՝ ժառանգորդուհու աչքերով։ Դառն ու անկրկնելի, սակայն, մի պատմություն, որ ափեափ առ մարդը, առ արդարությունը և առ ծիծաղը սիրով լցված մարդու կյանքն է, փորձություններով լցված ու դժխեմ ճակատագրին հլու-հնազանդ մի կյանք, որ դեռ բազում վայրիվերումների ու խոչընդոտների հանդիպելով՝ պիտի շարունակվեր, մինչև… Մինչև ճակատագրորեն նրա համար նախասահմանված ժամանակը։ Իհարկե, այս ամենը` գրողի տարբեր ստեղծագործություններից, առանց ժանրային տարանջատումների, առանձնացված-քաղված խոսուն մտքեր-մեջբերումներով։ Սա է Վանուհի Կամսարի երախայրիքը՝ ընդհանուր գծերով, և հիրավի արժանավոր պապի արժանավոր ժառանգորդուհին կարողացել է ամբողջացնել տարիների ընթացքում ներսում ամբարածը՝ անգամ սեփական ծնունդից էլ առաջ «տեսածը», «զգացածն» ու «ապրածը»՝ երգիծաբան-մարդ-պապ Լեռ Կամսարին բեկելով հարազատորեն նույն, բայց նաև վեր այդ ամենից, պրիզմայով։ Ծնունդ, սեր, ընտանիք, զավակներ, կյանքի դավադրություններ… Փորփրելով ընտանեկան արխիվը՝ հեղինակը նաև բազմաթիվ փաստական տվյալներ է ներկայացնում՝ ասածը հիմնավորելով բացառիկ լուսանկարներով, տքնաջան պրպտումների արդյունքներով։ Միայնակ՝ հեղինակը կարողացել է կատարել մեկ ամբողջ խմբի գործ՝ ամեն ինչ վերցնելով սեփական ուսերին, մեծագույն նվիրումով, իհարկե, ինչը գլխավոր մղիչ ուժն է եղել։ Եվ ոչ միայն. հեղինակը անգամ չի էլ փորձում թաքցնել հույզերը, զգացողությունները, և, ամենից կարևորը, դրանք անխաթար փոխանցվում են ընթերցողին՝ հարստացնելով, մաքրելով ներաշխարհը։ Գրողական վարպետություն, բառի ու մտքի տեղին գործածություն, Լեռ Կամսարից մեջբերումների մի իսկական խճանկար, որտեղ ոսկերչական բծախնդրությամբ ամեն ինչ պատշաճ բարձրության վրա է։
…Եվ կյանք, որի անհագուրդ կրունկների տակ ճզմվում էր հայ երգիծաբանության հիրավի անսասան սյուներից մեկը, կյանք, որի դաժան անակնկալներից հերթականից հետո նա՝ «միայն ծիծաղ հարուցող կոմիկ դերասանը ընկճվեց, մռայլվեց, քաշվեց ինքն իր մեջ և ներանձնացավ։ Խռովեց Աստծուց, իրեն շրջապատող աշխարհից և ուրացող ու դավաճան մարդկանցից»։ Սա գծվող ճանապարհն է երգիծաբանի, երբ ամեն մի հիասթափությունից հետո նրա համար «երկինքն ամայի էր՝ անծեղները թռել-գնացել էին…»։
Ուշագրավ են գրքի ենթագլուխները, որոնք, բնականաբար, ոչ պատահականորեն, իբրև բնաբան՝ ունեն մեծ երգիծաբանի խոսքերից հատվածներ՝ խիստ խորհրդանշական, և տալիս են գրողի նաև մարդկային կերպարի հաստատուն-իրական բնութագիրը։ Իսկ ահա Վանուհի Կամսարի անկեղծ տողը գալիս է բերելու մեծ հավատը՝ բոլոր առումներով. մի կողմից՝ գրողն իբրև ազնիվ հատիկ, անշուշտ, շարունակվում է իր սերունդների մեջ, որոնք տվյալ դեպքում թե՛ արյունն ու գեները կրող ժառանգներն են, թե՛ նրա էությամբ սնվող ընթերցողները, մյուս կողմից էլ՝ նրա ոչ մի տողը այլևս չի մնա մութ խորշերում, քանզի դատապարտված է դառնալու հանրության սեփականությունը։ «Մի՛ տրտմիր, ծերո՛ւկ, ցանածդ բարի և ազնիվ սերմերը դեռ վերընձյուղվելու են…»,- մտերմիկ դիմում է պապին Վանուհի Կամսարը։ Եվ մեկ առ մեկ էջելով գրողի օրագրային պատառիկները, հուշերը, նամակագրությունն ու դիմումները, այն ամենը, ինչը այս կամ այն չափով առնչվում է երգիծաբանի կյանքին, ստեղծագործությանը, անվանը ընդհանրապես, իր հուշերը ներառյալ՝ ստեղծում է ամբողջական, մեկ համակարգի բերված վավերագրություն, փաստականի ու գեղարվեստականի մի ինքնօրինակ հյուսք՝ ներքին ամուր կապերով կայուն կառույց որպես։ Հավելենք, որ, ըստ հեղինակի՝ գիրքը ծավալով անհամեմատ ավելի մեծ ու ընդգրկուն է եղել, և տպագրվածը նախնական տարբերակի մեկ երրորդ մասն է միայն, և որ ամբողջական տարբերակը առաջին իսկ հնարավորության դեպքում կտպագրվի առանձին գրքով։ Ներկայիս ամբողջության մեջ գիրքը միակն է՝ լրացնելով վաղուց ի վեր անհրաժեշտ՝ բաց մնացած տեղը։
Ապա երևում, ասես համրաքայլ երևակվում է ինքը՝ գրքի հեղինակը՝ ծնունդից մինչև այսօր, յուրօրինակ անկեղծությամբ, ազնիվ մղումով, համարձակ գրչով և արդարության վկա իբրև. «…Այստեղ էլ ծնվում եմ ես՝ անհարկի ավելորդս, որ հետագայում ինքնամոռաց պետք է երկրորդ կյանք տայի ինձ կյանք պարգևած Լեռ Կամսար պապիս՝ լույս աշխարհ հանելով նրա ձեռագրերը… Որևէ մեկիդ մտքով երբևէ չանցնի, որ Կամսարի անտիպ ձեռագրերին ես շունչ եմ տվել ինձ կյանք պարգևելու երախտագիտությունից։ Բնավ երբեք ու երբե՜ք։ Ժառանգաբար իմ մեջ անցել է պապիս՝ անարդարության դեմ պայքարելու զորությունը։ Իսկ որ Լեռ Կամսարի նկատմամբ տմարդի ու անարդար են վարվել, անտարակույս է։ Երբ առաջին անգամ առերեսվեցի նրա արարածին ու տեսա անտեսումն ու վերաբերմունքը նրա նկատմամբ, ուզում էի ամբողջ հոգով ցավից ոռնալ.
– Մարդի՛կ, էս ի՜նչ եք արել… Մի՞թե կարելի է այսպես վարվել ազնվաբարո ու տաղանդաշատ այսպիսի մարդու հետ…»։
Լեռ Կամսարի կյանքի վեպը… «…Հիմա լուսանկարիչը փորձում էր այնպես անել, որ գրողն անպայման ժպտա որպես երգիծաբան։ Ավա՜ղ, այդ մեկը նրան այդպես էլ չհաջողվեց։ Իր կյանքի խորդուբորդ ճամփաներին երգիծաբանը կորցրել էր ժպիտը…»։
Գիրքն ամփոփվում է երգիծաբանի արխիվային լուսանկարներով և վերջընթեր՝ հավելվածով՝ «Լեռ Կամսարի գրական արխիվում կան բազում անպատասխան նամակներ և դիմումներ՝ ուղղված երկնային ու երկրային բազմապիսի աստվածների։ Մի ստվար հատոր կարելի է կազմել դրանցից։ Դրանք ոչ միայն վավերագրեր են, այլ նաև գեղարվեստական գործեր» (Վ. Կամսար) բնաբանով, ինչպես նաև՝ Լեռ Կամսարի կյանքի ու գործունեության տարեգրությամբ։
Եվ որպես ամփոփում՝ իր՝ Վանուհի Կամսարի խոսքերով. «Կես դարից շատ ավելի է անցել Մեծի կորստից… Անձամբ ես, արդեն քառորդ դար վերծանելով նրա մասունք ձեռագրերը և մագլցելով նրա ժեռապատ, զառիվեր ապառաժներով, դեռ չեմ հասել մենավոր Կամսար լեռան անհասանելի բարձունքում անթեղված ձյունաճերմակ ԼԵՌ գագաթին…»։ Հավատ՝ անհաս Լեռան բարձունքին կհասնի նախ ինքը՝ թոռնուհի-ժառանգորդը՝ հանուն արդարության առաջամարտիկ որպես, ապա և բոլոր նրանք, ում հոգում ընկել է կամսարյան էության ազնիվ հատիկը…

Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Բան. գիտ. թեկնածու, դոցենտ

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։