Հողի, սիրո, կարոտի ՎԵՐԱՍԼԱՑՔ. Արմինե Ապրեսյան նորահայտ բանաստեղծուհու-արձակագրի խոսուն խորագրով գիրք, որ ընթերցելով` չէի կարող անտարբեր մնալ և գնահատանքի խոսք չասել: Եվ, թերևս, ոչ մի դեր չի կարող (բայց նաև` կարող է) խաղալ այն հանգամանքը, որ ոխերիմ թշնամու կողմից բռնագաղթված ծննդավայր Ստեփանակերտը ստիպողաբար լքած և իր «չքնաղ Շուշին հիշեցնող Դիլիջան գողտրիկ քաղաքում» զույգ դուստրերի հետ ապաստանած հայրենակցուհիս, ամենակարևորը, տաղանդավոր գրող է, իր գրական-ստեղծագործական ինքնատիպ ձեռագրով, հողի, սիրո, կարոտի, ես կհավելեի, նաև ցավի ու հավատի զգացումներով հյուսված էտյուդներ ու բանաստեղծություններ ներառող սույն գրքով, որ առաջինն է հրատարակված մայր Հայաստանում: Բայց պարզվում է, որ մեր Արմինեն արդեն գրական բավական ճանապարհ է անցել և երեք գրքերի հեղինակ է` «Իմ սիրո գույնը», «Կյանքի դիմագծեր», «Խաղաղության դողէրոցքի մեջ» խոսուն խորագրերով. ափսո՜ս, այդ գրքերին առայժմ ծանոթ չեմ, բայց այս «Վերասլացքն» էլ շատ բան է ասում նրա աստվածաշնորհ տաղանդի մասին: Բայց ես ի՜նչ հավելեմ հրաշալի արձակագիր Տիգրան Նիկողոսյանի առաջաբանում զգացողական ոգեղեն տարերքով արտահայտված գնահատանքի խոսքին:
Հուզիչ է Արմինեի հենց առաջին էտյուդ խոստովանությունը. «Մեծ մայրիկի խորհրդավոր սնդուկի մեջ ընդամենը մի քանի գորշ ու գունատված շոր կար ու հին լուսանկարներ: Եվ ո՞վ կարող է հիմա իմանալ, ի՞նչ էր ապրում մենության դատապարտված այդ մի բուռ մայրիկը, ով գուցե գիշերները թաքուն բացում ու զրուցում էր իր հուշերի քառուղիներում մնացած մարդկանց հետ»:
Ինքը` արձակագիրը, իր էտյուդներում ոչ միայն սիրո, ցավի, «ռմբակոծված» մանկության, «հուշերի քառուղիներում» հանդիպած թանկ ու նվիրական մարդկանց է ներկայացնում, այլև զուգահեռ փիլիսոփայական ներհուն խոհերով ու մտորումներով պարուրում է ընթերցողի հոգին` այնտեղ նույնպես արթնացնելով բարի, լուսավոր, նաև ցավոտ հուշեր, կյանքի հանդեպ ապրելու ու արարելու, սիրուն մշտապես ապավինելու երազանքով: Եվ այսպես, «Հեռավոր անցյայի փոքրիկ աղջկա անչափելի մեծ հուշերը գահավիժում են կծկված սրտից ներս ու ծանրանո՜ւմ-ծանրանում»: Եվ, այնուամենայնիվ, «հուշերի ու հոգու երկինքը երբեմն անձրևում է, ու ես սիրով ընդունում եմ այդ անձրևը, որ ներսիս սարահարթերն ու լեռնահովիտները կրկին ծաղկունք ապրեն…»: Հրաշալի է ասված: Եվ ընդհանրապես, արձակագրի խոսքն ու խոհն այնքան զգացողական, պատկերավոր տարրեր ունեն, որ դժվար է չտրվել էտյուդներից մեջբերումներ կատարելու ցանկությանը: Եվ չսիրել այն մարդկանց, ում հետ ծանոթանում ենք «հուշերի քառուղիներում»: Դրանք իր «մանկության երեխաներն» են, «թաքուն լացող» մայրերն են, «տերունական նախախնամությամբ վերև ուղղված հայացքում» և երազում հայտնված «ամրակազմ ու վայրի բնությամբ» տղամարդն է` առաջին սիրո բաբախող թրթիռներով: Բայց նաև հոգին ցնցող այս պատումն է քեռի Արծրունի ողբերգության մասին, որ կնոջ կորստից հետո հայրենի գյուղից չհեռանալու ուխտով պիտի տեր կանգներ հինգ զավակներին, բայց նոր պատերազմի բոցերի մեջ մարդակեր թշնամին կտրել էր որդու մատները, քանզի նա Անդրանիկ զորավարի անունն էր կրում: Եվ պատերազմական այս ծանր հուշերը՝ «Տեսնես` հիմա որտե՞ղ են» բաժնում ներառված էտյուդները, նույնպես հյուսված են սիրո, կարոտի, ցավի զգացումներով: Արձակ պատումներն ավարտվում են հրաշալի պատկերով-վերջաբանով. «Ուշ երեկո է: Քնած աշխարհին չարթնացնելու համար մեղմիկ քայլերով մտնում եմ այս խորթ ու հարազատ բնակարանի այն սենյակը, որտեղ այսուհետ պիտի ապրեն հավերժության խորհրդանիշ իմ անթառամները… Հայացքս ջերմանում է ու շոյում է նրանց, և թվում է` գիշերվա կեսին մի փունջ արև է ծագել իմ տանը»: Իսկ ես, Արմինե, կասեի, թող ընթերցողն արթնանա, կարդա ու վայելի ոչ միայն քո անթառամների բույրը, քո տանը ծագած մի փունջ արևի պարգևած բերկրանքը, այլև «Վերասլացքի» ճառագող սիրո, կարոտի, հավատի, ինչու ոչ` նաև ցավագին զգացումներով հյուսված էտյուդապատումները:
Հիմա արդեն կարող եմ վստահորեն մտնել քո բանաստեղծությունների աշխարհը, որ արդեն արձակ պատումներում ցավի, սիրո, կարոտի, հավատի զգացումները հորդում են ոգեղեն տարերքի նվագներով քո` «երազանքների խամրող աստղերից, յոթ սարից այն կողմ ապրող աստղերից, հոգին ավանդած խաղաղությունից» անքնության հետ զրուցող բանաստեղծուհուց մինչև սիրո խոստովանություն-երգերի մի ամբողջ շարք, մինչև հոգու նշխարներ Արցախը, Շուշին փառաբանող, նույն խորագրերով բանաստեղծություններ` քո պոեզիան ընդհանրապես բնորոշող պատկերավորությունից մինչև երբեմն նաև բարձրահունչ ձոներգերի աստվածաշնորհ հեղինակ: Այդ բանաստեղծություններից ցանկացած մեջբերում կհաստատի իմ խոսքը: Ուստի, ավարտում եմ քո գրականությանը նվիրված իմ անդրադարձը սույն բանաստեղծությամբ.
Պապ,//Դարպասը բացիր,//Տուն եմ հասնում արդեն,//Ավարտվել է հայի պատերազմը վերջին//Ու թևերը պարզած` ինձ կանչում է Շուշին:
Ո՛չ, թանկագին Արմինե Ապրեսյան, ինքդ էլ գիտես` հայի պատերազմը դեռ չի ավարտվել, դեռ կգա մի օր, թեկուզ հեռու-հեռավոր մի օր, հայ ժողովուրդը նորից կբռունցքվի, հաղթանակի զանգերը կրկին կղողանջեն մեր սրբազան Արցախում, և անարգ թշնամու լուսնակեռ դրոշի փոխարեն Հայոց եռագույնը կփողփողա Շուշիի բաց դռան վերևում:
Այդ հավատով էլ ստորագրում եմ`
Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Բանասիրական
գիտությունների դոկտոր