Արամ Հայկազի «Մոռացված էջեր»-ի Դ հատորն այժմ արդեն գրասեր հանրության ձեռքում է: Մինչ այդ ընթերցողը հասցրել էր հիանալ Հայկազի նույն գրքի նախորդ հատորներով ու հատկապես «Ապրող ծառ մը» ժողովածուով, որի պատեհությունը ևս նվիրել էր սույն հեղինակին անդուլ վերծանող ու մոռացության ճիրաններից փրկող անխոնջ գիտնական Մարգարիտ Խաչատրյանը: Շնորհակալական խոսքերը, արդարև, քիչ են կազմողի համար, ում հայեցակարգում շահախնդրությունը մտասևեռման սոսկ մի ձև է՝ գրական մոռացված էջերի վերհանում: Մի անգամ Հայկազին հարցնում են. «Դուն, որ քառասուն այսքան տարի ի վեր գրականութիւն կը բանիս, քանի՞ տոլար ստացած ես իբրեւ նուէր…» (Արամ Հայկազ ,«Մոռացված էջեր» Դ հատոր (1967-1969), Երևան, 2013, էջ 80): Այս խոսքերը վկայում են նաև կազմողի աշխատանքի իրական նկարագիրը: Վստահ ենք, որ Խաչատրյանի ջանքերով Արամ Հայկազը հառնեց ոչ միայն գրականագետների ու նրան արժևորողների, այլև ընթերցողների լայն շրջանակի առջև:
«Մոռացված էջեր»-ի Դ հատորը, ինչպես և նախորդները, կազմված է ժամանակագրական եղանակով, ըստ որի՝ զետեղված են գրական բազմապիսի ստեղծագործություններ՝ պատմվածքներ, ակնարկներ, հոդվածներ, հրապարակախոսական արձակ, գրախոսականներ՝ Արամ Հայկազի գրքերի ու ստեղծագործությունների մասին, Հայկազի գրախոսությունները և այլն: Թռուցիկ հայացքն իսկ բավական է տարբերելու, գնահատելու գրվածքի յուրօրինակ կերպը, որով առանձնանում է այս հեղինակը: Յուրաքանչյուր գործ շաղախված է հեղինակային կենսափիլիսոփայական ու բարոյահոգեբանական ձևաչափերով, անխառն բարությամբ, զգացական նրբին հյուսածո բնավորությամբ ու ազնվաբարո սրտից բխող անհամեմատելի մարդասիրությամբ: Հիշենք Անդրանիկ Ծառուկյանի «Ամերիկա» հուշագրությունից մի հատված, որ զետեղված է սույն գրքում. «Արամ Հայկազը միշտ բաց պատուհան է սակայն գարունին վրայ՝ բարեխառն եւ խելօք կլիմայի մը մէջ, ուր խենդ եղանակին հմայքը եւ վտանգը կազմող ակնկալները չկան եւ ոչ ալ յուսախաբութիւնները» ( էջ 282):
Արամ Հայկազը եղեռնազարկ եղած գրողներից է, ով մինչ կյանքի վերջ յուրաքանչյուր ակնթարթի մեռնում էր իր հոգին ծվատող հիշողություններում: «Միթէ շա՞տ թանկագին են տառապանքի ու նահատակութեան այդ սեւ յուշերը, որ ամէն առիթով միտքս կու գան ու, նոյնիսկ, գիշերներու հանգիստս կը խռովեն…» (էջ 168),- վկայում է նա:
Նրա՝ երբեք չսպիացող ցավը միշտ մխում էր ու վերաձևվում որպես հուշ, պատում, գեղարվեստ… Այս հատորում էլ, ինչպես այլ գրքերում, Հայկազի՝ իբրև ականատեսի ու մասնակցի հուշերը ագուցվում են Շապին Գարահիսարի հերոսամարտին. «Ահաւոր ու անհաւասար է կռիւը: Կը կռուինք այս բոլորի դէմ, բնութեան տարրերուն դէմ, քաղցի ու ծարաւի դէմ, ցերեկուան տաքին ու գիշերուան պաղին դէմ, կարկուտին ու անձրեւին դէմ, ճակատագրին դէմ» (էջ 110): Հեղինակը գեղարվեստական ներշնչանքով վերապատմում է հերոսամարտը, հիշում անգութ կոտորածը, սրտակեղեք մայրերին ու լալահառաչ մանուկներին ու… անիծում Աստծուն: Ուշագրավ է, որ «Օրհնութիւն մը, որ չհասավ ինծի», «Կ’անիծեմ այն աստուածը, որ մեր ճակատագիրը գրեց», «Աստուած անիծողները», «Վերստին յաւելուած» գործերում սպանդի տեսարանները սրտի խոր կսկիծով մշտապես ապրող հեղինակը նաև, ակներև է, որ համաժամանակյա մեծագույն աստվածասեր էր: Հայկազի՝ մանկությունից սերմանված այս պաշտամունքը հենց ցուցանում է մերձավորի, մարդու հանդեպ սիրով օրինագծված այն բարոյականությունը, որով Հայկազը վերտառում է իր ստեղծագործությունները:
Գրեթե յուրաքանչյուր դեպք ու նորություն եղել են Հայկազի գրական, կենսական քննասիրության ծիրում: Գիտահանրամատչելի նյութերն անգամ շարադրված են նրա լեզվական գունեղ ներկապնակի գրական նրբին վրձնահարվածներով: Խնձորի տեսակների ստեղծման, մեղրի արարման, Լուսնի՝ մարդկանց կողմից յուրացվելու պատմությունները Հայկազի գրչի տակ գեղարվեստական թույրեր են ստանում: Առավել արժեքավոր են այն պատմվածքները, որոնք խտացնում են հեղինակի կենսափիլիսոփայությունը, ներհուն աշխարհընկալման կերպերը: Նրա խոսքաշարում բանադարձումները ուշագրավ առանձնահատկություններ ունեն. Հայկազի ասելիքը սկսվում է այնտեղից, որտեղ հեղինակը կարծես կիսատ էր թողել ասելիքը. նա անմիջապես շարունակում է միանգամից՝ առանց ավելորդ ծեքծեքումների ու պերճաբանության: «Անգամ մը՝ շատ տարիներ առաջ, աղւոր աղջիկ մը տեսայ: Խելքս տարաւ: Ուզեցի խօսքի բռնուիլ իրեն հետ» (նույն տեղում, «Մեղրի մասին», էջ 192) կամ «Օգոստոսի վերջերէն ի վեր՝ երկար ատեն, տղուս ու մեր տան մէջ իրարանցում կար» («Պիտի երթայ-պիտի չերթայ», էջ 198):
Արամ Հայկազը կերպար ստեղծելու վարպետ է, ում գրիչը առանց ճիգի մարդկային ամենախոր ապրումներ ունեցող գրական գեղարվեստական պատկեր-կերպարներ է ստեղծում: Այսպիսի համապարփակ կերպարներ են «Փիթն ու Քեյթը», «Էտկըրէն նամակ» պատմվածքների հերոսները. առաջինում հեղինակը արժևորել է մարդկային կարեկցանքը՝ գտնելով, որ այն կեցության խորհուրդ է օտարի հանդեպ խանդաղատանքում ու խղճի բանաձևման մեջ: Հեղինակը գտնում է, որ մերձավորի հանդեպ սիրո ու գութի բացակայությունը ունակ է սպանելու մարդուն, իսկ մարդկային ամենասովորական ապրումները վեր են դրամական արժեքից, ճղճիմ կենցաղից, ձևական նորմերից (էջ 186): Երկրորդ պատմվածքում Հայկազը, ում համար ակներև բացարձակ արժեք էր հայկականությունը, հայի կարոտին զուգահեռում է ամերիկացու կարոտը, որի իմաստույթը արժեքավոր է նույնքան, որքան մարդ արարածի յուրաքանչուր ապրում, որ սրտից ու հոգուց է բխում: «Կարօտի զգացումը, մեզի համար, նոր բան մը չէ. դարերու հնութիւն ունի մեզ մօտ… Հովերէն ու աշնան երկինքէն անցնող կռունկներէն իսկ «խապրիկ» ենք ուզեր մենք, հայրենի երկրէն ու դաշտերէն բերուած ափ մը հողը բարձ ենք ըրել, ու նաեւ կտակ, որ եթէ մեռնինք պանդխտութեան մէջ, այդ հողը թափեն մեր կուրծքին վրայ… Հերթը հիմա անոնցն ըլլալ կը թուի…» (էջ 211): Հեղինակը հավատում է, որ «home»-ի գաղափարը (նա գտնում է, որ այդ բառը համարժեքը չունի հայերենում) հասու է ամբողջ մարդկությանը, իհարկե, բացառություն անելով թուրքին՝ «Մարդկութեան ու աստուածային ստեղծագործութեան ամօթանքին» (էջ 109):
Հայկազի խոսքաշարում, թերևս, հիմնարար, կառուցողական դերակատարում ունի երգիծանքը՝ որպես ոչ միայն անհատի բնավորության առանցքային գիծ, այլև խոսքարվեստի ուրույն դրսևորում: Շատ գործերում յուրաքանչյուր դիպված ու մարդկային տեսակ, ընդսմին, և ինքը՝ հեղինակը, համեմված են նուրբ հումորով. առավելապես կանանց հոգեբանության բացահայտման ճիգերն են կիրարկվում երգիծանքով… «Կիները կը խօսին ոչ թէ բան մը ըսելու, այլ՝ խօսելու հաճոյքին համար. ըսելու բան մը ունենան կամ ոչ՝ կը խօսին: Խօսիլը շնչելու պէս ու շնչելու չափ անհրաժեշտութիւն է իրենց համար: Իրենց բառամթերքը, այրերու բառամթերքէն աւելի չըլլալով հանդերձ, կրնան հակառակ տպաւորութիւնը ձգել ունկնդիրներու վրայ» (էջ 240):
Արամ Հայկազի գեղագրությունից այսօր արդեն, շնորհիվ Մարգարիտ Խաչատրյանի սրտացավ վերաբերմունքի, մոռացման փոշին թոթափված է: Հայկազի գիրը վերգտել է իր ուրույն տեղը հայ գրականության պատմության մեջ՝ ստեղծագործություններում առկա խղճի ու մարդկային ցավի հանդեպ անբավ կարեկցանքի գրական բանաձևումների, տիեզերքի և հյուլեի հանդեպ մարդասիրություն կոչնակող և պատգամվող հայրենասիրության համընբռնումների համար:
Անգամ մը եւս՝ վարձքդ կատարշ Մարգարիտ։
Վրէժ-Արմէն
Շնորհակալություն Մարգարիտի անունից:
Հիմա միայն կը մնայ, որ հայ գրականութեան պատմութեան մէջ իր ուրոյն տեղը վերագտնելէ ետք, Արամ Հայկազը իր ուրոյն տեղը գտնէ ընթերցողներու գրադարանին մէջ։