Բանաստեղծության դյութանքը տիրում է ընթերցողին Նոնա Պողոսյանի գրքի էջերից, և բանաստեղծություն առ բանաստեղծություն ընթերցումը դառնում է ոչ միայն ինքնասույզ հայեցում իրականությունից դուրս գեղեցկության աշխարհում մենավորելու պատրանքով, այլև մտքի տոնական վերադարձ ճանաչելիի սահմաններում սեփական ուղիների խորհուրդը ապրելու նվիրումին:
Պատասխանատվություն և սեր, խոնարհում իդեալի առջև՝ բանաստեղծական ես-ի ներհատուկ հատկանիշներ, որոնք՝ որպես ես-ի գոյության կերպը որոշող կենսաուժ, պայմանավորում են նրա գործուն, բայց և ներարժեք ներկայությունը իրականության և իդեալայինի միջև: Նոնան տիեզերական հարցեր չի քննարկում, ընդհակառակը, խոսում է իր մասին, և բանաստեղծական կառույցի առանցքը ես-ն է, որն անգամ որոշակի անձնական-կենսագրական ուրվագիծ է արտացոլում:
Առհասարակ գրքի առաջին շարքը՝ «Հաշտության սահման», բանաստեղծի անհատականության պատկերն է: Եվ, այնուամենայնիվ, առաջին իսկ բանաստեղծության հետ հայտնվում ես Աստծու, ոչ թե մարդու ստեղծած աշխարհում, որոնց հակադրությունը բանաստեղծական համակարգի առանցքն է, և հայտնվում ես կարծես արարչագործության առաջին օրը, երբ իրերն ու երևույթները պարզվում են իրականությանը նախնական թարմությամբ և մատուցում են իրենց դեռ նախակա իմաստներն ու խորհուրդը. անգամ տեքստի ձևակերպը՝ տրամաբանության ռացիոնալ և բանաստեղծական երևակայության իռացիոնալ ներունակության համադրումը, ոչ թե խոչընդոտում, այլ ծավալում, շարժման մեջ է դնում բանաստեղծական բառի մեջ ամբարված իմաստների հաջորդաբույլքը: Ահա շարքի հենց առաջին բանաստեղծությունը.
Թե ձայնս լսեք առավոտների քրքիջում մաքուր,//Ուրեմն լույսի բերկրանքն անձկալի ես տրոհել եմ իմ երակներում://Թե խինդս տեսնեք քարերին ծաղկող փշի պերճանքում, //Ուրեմն ցավիս խռովքը լուսե թևածել է լուռ մինչ ճշմարտություն://Թե կարոտներիս հանկարծ հանդիպեք ծովեր գուշակող անապատներում,//Ուրեմն ապրելու կորովը իմ մեջ ձգվել է հույսի ճամփով անհատնում://Թե ստվերներս բողբոջեն մի օր հավիտենության ծառի ճյուղերին, //Ուրեմն ոգու երակն անսպառ միահյուսվել է իմ արմատներին://Թե երգերն իմ խենթ մի օր թրթռան հեռավոր աստղի զնգոցում արծաթ,//Ուրեմն գիշերն ամենքից թաքուն ինձ փայփայել է իր ձեռքով սևսաթ:
Բանաստեղծական ես-ը՝ գոյության հանդեսի մի ակնթարթը լինելու զգացումով, խաղաղ գեղեցկությամբ ապրում է երկու աշխարհների սահմանագծով անցնող իրուղին /Ես սկսվում եմ երկնքի ու երկրի հաշտության սահմանից,/Ես ավարտվում եմ երկնքի ու երկրի հաշտության սահմանին: /Ու երբ օրը գա, ու թափորն հսկա /Ինձ տանի իր հոծ ուսերի վրա, /Երկինքն իմ գիրկը ծաղիկներ կնետի, /Հողը ուսերիս տակ կբարձրացնի սյուներ…/: Եվ հաշտության քմծիծաղ է կաթում մարդկանց ստեղծած աշխարհի սահմանին, իջնում է նաև պատկերի բանաստեղծականությունը՝ ասես համապատասխանեցվելով իրականությամբ սրբագրված- գեղեցկությունից մերկացված աշխարհին. /Այնժամ գուցե ինձ չչարախոսեն, /Թե ծեսն հրաժեշտիս իր նմանը չուներ…/:Երկու աշխարհների զուգահեռը՝ բանաստեղծական համակարգում այսքան նշանակալի և կենտրոնական տեղ գրավող, արտահայտվում է որպես ոչ միայն իդեալի և իրականության հակադրության մետաֆոր /Ու քշում է մեզ մթան թևերով գիշերը…/, ոչ միայն ներհուն անհատի մտահայեցում /Ինձ մի հագցրեք խշխշան շորեր/, այլ նաև որոշակի կենսաբանական իրավիճակի ապրում, ես-ի կողմից ապրված իրականություն: Այստեղ պետք է առանձնացնել հատկապես «Վերադարձ» բանաստեղծությունը, որը ընթերցման անբացատրելի հաճույք է պարգևում և՛ իր փիլիսոփայական գեղեցկության աստիճանական մատուցմամբ, և՛ բանաստեղծության նյութեղեն-տեսանելի- շոշափելի շինվածքի ինտելեկտուալ-ոգեղեն շքեղությամբ:
Նոնա Պողոսյանի բանաստեղծական իդեալին հատկապես մոտ է բնությունը՝ իր մարդայնացված պատկերավորությամբ, մետաֆորներով, որոնց տրամաբանական միտքը ասես մրցում է փարթամ պատկերների տակ թաքնված մտքի հետ: Ստեղծվում է բազմապլան հնչունություն, ուր երկու պլանն էլ հյուսում են անհատի կյանքը, առարկայականը՝ ինտելեկտուալ-էսթետիկական, արտահայտչականը՝ էմպիրիկ-կենսագրային: /Ո՞ւր գնացին տափաստաններում մոլորված արևները, / Ո՞ւր կորան հյուսիսներում բևեռված ձյուները, /Ե՞րբ ծիծեռնակը կտրեց անհոգությունն իմ, / Ե՞րբ զատիկն այլևս չնստեց իմ ձեռքին/. մտորումներ բեկված ճակատագրի մասին, ուր հռետորական հարցերի հերթագայությունը փիլիսոփայական պատասխան է առաջարկում հայտնի անհայտի առկախ պարզությամբ:
Բնության անձնավորումը զուգահեռ կապ է ստեղծում անհատի և արտաքին աշխարհի միջև, երկու կողմն էլ առնում գոյության տարերքի մեջ՝ միավորելով ոգեղենն ու առարկայականը: Այսպես տեսանելի պատկերները ներկայանում են և՛ որպես աննյութեղեն գաղտնիի նշաններ, նախակա իմաստների կերպավորումներ, և՛ որպես բանաստեղծական ես-ի ռեֆլեքսիա առարկայական աշխարհի միջոցով՝ անդրադարձնելով անհատի ճակատագրի սեփական ընկալումը:
Առարկայականի և ոգեղենի փոխադարձ ներթափանցումների շղթան ծավալվում է գրքի նշված ու նաև «Թրթիռներ», «Աշնան արև, արի ինձ հետ» շարքերի մի շարք բանաստեղծություններում՝ երազանքի պես անխռով, երազանքի պես պատկերային-աննյութեղեն, քանզի առարկան, երևույթը ներքուստ լուսավորված են բանաստեղծի գիտակցության և հոգու բովանդակությամբ, ուր կազմակերպող օրենքը ինտելեկտուալ ներուժն է: Պատկերները ձևավորվում են գերազանցապես բնության երևույթներից կազմված մետաֆորներով, որոնք մարմին առնող անձնային հատկանիշին հաղորդում են բարոյական գեղեցկություն, քանզի բանաստեղծական համակարգում բնությունը հանդես է գալիս իր որակների բարձրագույն արժեքայնությամբ: Իրերը վերաիմաստավորվում են նոր հատկանիշներով, բառերը ձեռք են բերում ինքնուրույնություն՝ որոշակիություն ստանալով միայն բանաստեղծական տողի մեջ, ուր դարձյալ ստեղծվում է իմաստային նրբերանգների խաղ՝ բառիմաստի հիմնական հատկանիշի մթագնում- ակտիվացումով: Ահա մի հատված, ուր գրեթե բոլոր բառերը միայն հեռավոր զուգորդումներ ունեն իրենց հասկացական նշանակությունների հետ. /Իմ ճերմակ-ճերմակ բացականչության մեջ աղավնիներ են,/Իմ կապույտ-կապույտ մոլորության մեջ երկինքներ են,/Իմ կանաչ-կանաչ հանդարտության մեջ հովիտներ են,/Իմ դեղին-դեղին անտարբերության մեջ աշուններ են,/Իմ սևծամ-սևասարսուռ միայնության մեջ գիշերներ են/: Հաջորդող երկտողը, ինչպես շարքի շատ բանաստեղծություններում, կարծես պատկերների բացատրական եզրակացությունը լինի. /Իմ ներկապնակում անխառնածին զգացմունքներ են, /Ես պարգևատրում եմ նրանց …բանաստեղծությամբ…/: Հասկացություններն ու երևույթները հանգույցներ են բանաստեղծի ինտելեկտի, բարոյականության և զգացմունքի միջև, որոնք փոխադարձաբար լուսավորվում, իմաստավորվում և իմաստազատվում են միմյանցով: Բանաստեղծուհին հոգածու վերաբերմունք ունի նոր և նորագույն շրջանի հայ ավանդական բանաստեղծության նկատմամբ, որի ինտուիտիվ տարերքը ապրում է նրա գեղարվեստական պատկերի ետնածալքերում, զարգացնում այն, նորովի ցոլացնում հայ բառ ու բանի գեղեցկությունը:
Նոնա Պողոսյանի ստեղծագործությունը կարելի է ինքնադիմանկար անվանել, ինչպես հավանաբար յուրօրինակ ինքնադիմանկար է արվեստի յուրաքանչյուր գործ:
Հիրավի, մի մեծ դիմանկար, բայց, թերևս, ավելի ճիշտ է բնորոշել հենց ինքը՝ բանաստեղծուհին՝ առարկայական պատկերներում երևակված «Անսրբագիր ներկայություն»: