Հավանաբար ամենազազրելի գիրը մատնագիրն է, որը փորձաքարի պես նետվում է ասպարեզ՝ իրենով հանգուցելով փորձության ենթարկվող ճակատագրերն ու ճանապարհները: Գուրգեն Խանջյանի առայժմ վերջին գիրքը խորագրված է «Մատնագիր»: Այն ավելի շուտ խոստովանագիր է՝ պոչը կապույտ գրիչը թաթախած կապտականաչ ջրերի այլակերպումների մեջ: Ինչպես որ «Մատնագիր» գրքի տիտղոսաթերթին է ներկայացված, այն գիր է` «Կենսագրություն` ըստ ենթագիտակցության»: Գիրքն սկսվում է հանելուկային խոռոչի գոյությամբ և հորդորով. «Խոռոչին մոտ չգնաս, հեռո՛ւ կանգնիր»: Թե ում է հղված ակնարկված զգուշացման սլաքը, հուշում է գրքի առաջին էջի ընծայագիրը` «Ինձ, Քեզ, Նրանց»:
Գուրգեն Խանջյանի «Մատնագիրը» ունի 21 բաժին, որոնք ենթատեքստի կենսաժամանակի զարգացմամբ, մեկ սերնդով պայմանավորված գալար են կազմում, որի 1-ին և 21-րդ բաժինները համարյա նույնն են, համընկնող, սակայն հայտնվել են տիեզերական ակնթարթի վերձիգ տիրույթի տարբեր կետերում, պատմության պարուրաձև զարգացման տրամաբանությամբ. «Ասում են` չափումներն անթիվ են լինելու, հնարավոր է` ես ուրիշ չափման մեջ հայտնվեմ, դու` ուրիշ, հնարավոր է նույն չափման մեջ իրար տեսնենք` չճանաչենք, հնարավոր է` ոչ մի ուրիշ չափում էլ չկա, պատրանք է, այս հեքիաթն էր` տեսանք` գնաց, մնացինք միակ չափման մեջ` ոչինչն է, խավարը… Չափում` ոչինչ, չափում՝ խավար…»:
Ուստի «Մատնագրի» ասելիքը լոկ դեպքերի ու իրադարձությունների ժամանակագրություն չէ, այլ՝ նաև զգացմունքա-հուզական իմաստասիրության արձա- գանք: Հետևաբար «Մատնագրի» ընկալման ենթակայական տիրույթը մեծ է, խոռոչի պես խորքային, այնուհանդերձ ունի առանցք, որով հոսում են և՛ ժամանակը, և՛ մարդկային ճակատագիրը. «Սա այն դեպքը չէ, երբ աչքդ պիտի լարես տեսնելու համար, սա չեն տեսնում, սա գիտեն, սա վերապրում են, սա քնքշորեն շոյում են, համոզում` հանում դուրս…Ճիգ, ճիգ, էլի ճիգ… Ահա…»:
Գուրգեն Խանջյանի գիրը արգասիքն է նրա ենթագիտակցության վկայաբանության, մասնավորապես` գեներով ժառանգված և իր անձով պայմանավորված շերտերի տեկտոնիկ շարժումների, որոնք ի հայտ են գալիս կարոտախտի տարաբնույթ երանգներով` «Երկրի ձգողականությանն անենթակա», որտեղ ժամանակը տարածություն է, ու միտքը նրանով սուրում է ետ ու առաջ՝ թողնելով իր հետքերը՝ որպես «Մատնագիր» գրքի կենսապատում:
Գուրգեն Խանջյանի ներըմբռնումը (ինտուիցիա) գիտակցության վերաձևված ենթագիտակցություն է, որը փորձում է հասկանալ և վավերացնել, թե որտեղ և երբ սկսվեց կյանք կոչվածը, որն այդպես էլ անսկիզբ է թվում, ինչքան էլ հստակ տեսնում է շեմը` իր տատ ու պապին: Թերևս հենց նրանք են աներևույթ սահմանը` գենային և անձնական ենթագիտակցության, կամ առասպելի և հիշողության, որով ներկայանում է ես-ը, իսկ «Ես-ը սկյուռիկի պես դուրս է գալիս խոռոչից և սկսում է վազել պտտվող թմբուկի մեջ և ինչքան արագ է վազում, մեկ է` մնում է տեղում»: Թմբուկն աշխարհն է, որն առանց ես-ի էլ պտտվում է ու պտտվում, և ճերմակ-վարդագույն բծերով գազանանոցի ձին էլ, առանց ես-ի կդառնա միս` փայլուն կեռից կախված, աթարի մոտ գեղեցիկ աղջնակը կբռնաբարվի ու կսպանվի, ծիրանագույն սրտերի բաբախյունը կտարածվի, հազար ու մի բան կլինի, միայն մի բան առանց ես-ի չի լինի` սկիզբը` հայի ծնունդն ու կենսագրությունը, որն սկսվում է 1915 թվականից, որտեղից էլ տրոհվում ու թրթռում են հայ մարդու ուղեղն ու գիտակցությունը: Իսկ 15 թվականը, օրինակ` ըստ «Մատնագրի» տեսիլքվում է: «Մութ երկնքից թափվող ճերմակավուն լորձ: Լորձացող ծառեր, լորձածածկ փողոցներ, լորձոտ ագռավներ, լորձալվա շուն, լորձամած ձի… Կծկված մարդիկ, որբացող պառավներ, լորձոտ ոռնոց, լորձոտ ծվծվոց, լորձոտ մկկոց, լորձոտ շշուկներ… Մարդիկ, ձիեր, շներ, ոչխարներ, աթարի դեզեր, երկնքով չվող մսակտորներ, ճերմակ-վարդագույն ծվեններ, կեռերից կաթող արյուն, դիահերձարանի սեղանին են կտրտված մայրեր, հայրեր, պապեր, տատեր, դիահերձարանի սեղանին` խզխզան սղոց, հատված գանգեր, հատված վերջույթներ, բացված որովայններ, սպիտակ սավանի ներծծված արյուն, խեղդամահ եղածի ուռած գլուխ` դուրս պրծած աչքեր, կապտած դեմք: Առնետի շարժվող պոչ, միջանցքով հեռացող շշուկ, կանչող մկկոց, կանչող ոռնոց, կանչող գոռոց, կանչող հառաչ, կանչող տնքոց… Կապտավուն մշուշի մեջ տարուբերվող մութ կերպարանքներ, ինչ-որ բան ասող անատամ բերաններ, սարսափած` սարսափեցնող աչքեր, հեռուն գնացող ակնթարթներ` շարան-շարան, տռուզ, ճմռթված, էլի ինչ-որ բաներ`անդադար ձևափոխվող, անհասկանալի… Եվ քրտնած մարմին: Քրտնած, քաղցած, տնքացող, շրջակայք… Շան ոռնոց, շան կաղկանձ, վայնասուն…»:
Ծավալուն մեջբերումը, խոսքիս հաստատում լինելուց բացի, ունի ևս մեկ նպատակ. ակնառու դարձնել, թե ինչպես է Գուրգեն Խանջյանը գեղարվեստականացնում անգամ դաժան պատկերները՝ բառի մեջ ժամանակ լցնելով, այն վերածելով խտացված մտապատկերի, որի ներսում սկսում է աշխատել սյուժետային գործողությունը` դրվագը: Նույն գրական հնարամտությամբ էլ Խանջյանը բոլոր բաժիններում կարողացել է ստեղծել ժամանակային միջավայր, որտեղ միմյանց հաջորդում են մեծ ու փոքր մանրապատումները՝ հեղինակի կենսագրական տարբեր փուլեր նկարագրող, որոնք, ի վերջո, ենթագիտակցական ես-ով հաստատված ոգեղեն հայտնություններ են՝ հիշողության կծիկը քանդող, իսկ դա մի ճանապարհ է, որով տարվում է ճակատագրի խաչը, և որին չգիտես ինչու ոչ ոք չի ուզում խաչվել` ուրիշի մեղքը իր վրա վերցնելով: Ահա ենթագիտակցությամբ կենսագրված մի հատված ևս, որը արտացոլում է 37 թվականն ու այդ տարիների աքսորը. «Իսկ քո լքած տարածքում նորովի է ամեն բան, հետաքրքիր, իսկ քո թողած լուսանկարի վրա աղը դեղինով դուրս է տվել տեղ-տեղ, և ցուրտ է այնտեղ, սառնամանիք, մինուս քառասուն: Սարսափ: Իսկ ձայներիզը, որ մոռացար, շատ պտտվելուց ճաքճքել է, ինչպես ոտքի տակ ընկած ալյումին, բայց էլի պտտվում է, խզխզում, նրա պտույտների ներսում կա ամեն բան, նույնիսկ երիցուկների դաշտ, բայց ցուրտ է այնտեղ հիմա, սառնամանիք, ցրտահարված երիցուկներ, հյուսիսային արջ…»: Այսպես ընդհանրական կենսագրությունը շարունակվում է անհատականով ու ամբողջանում մի կենսագրությունում, որն ըստ ենթագիտակցության է: Գրքի առանձնահատկություններից մեկն էլ մտքի թափավազքն է ու նրա սրընթացությունը, որից սկսում է զգայականի ճախրը՝ ելման կետ չվերադարձող, քանզի նոր տարածությունում է հայտնվում, նոր թափավազքի պատճառ դառնում՝ ուրվագծելով կենսագրության շրջանների չընդհատվող շարունակականությունը: Գուրգեն Խանջյանի «Մատնագրի» գրավչությունը նրա ծածկախոհությունն է, որով ներկայանում է աշխարհին չքմեղ մեղավորությամբ, չնայած ինքն արդեն աշխարհն է, որ կա, թեկուզ մերժված կամ ընդունված, հեռու թե մոտիկ, վարում կամ վերում, աջում թե ահյակում. «Հավանաբար իմ ստվերներն էլ են նրանց ստվերների հետ քշվում, որովհետև ինչքան ջանում եմ հայտնաբերել ինքս ինձ՝ չեմ կարողանում»: Նա, այնուամենայնիվ, փնտրում է իր տեղը տիեզերական աշխարհում ու հանդիպում ոչնչին, որը կոորդինատներ չունի, ուստի անկոորդինատ ու բազմանշանակ է Գուրգեն Խանջյանի ծածկագիրը, որի բանալին թերևս իրեն հանդիպած կյանքի ոչնչություն է. «Բայց ոչինչն ինչ է, եթե իսկապես ոչինչ լիներ`անուն չէր ունենա, բայց անուն ունի` ոչինչ, այդ ոչինչից ուրիշ բան է սկսվում, թե էլի ոչինչ է…»: Գուրգեն Խանջյանի «Մատնագիրը» լինելով, այսպես ասած, ենթագիտակցության կենսագրություն, վերանձնական է, ասել է թե` տոհմի, ազգի, աշխարհի կենսագրություն է, որն ինչքան դաժան ու անողոք է, նույնքան էլ բարի ու գթասիրտ, կարևորը` միշտ պատրաստ մանկանալու, որը պակասը լցնող, լրացնող, սփոփող մի տեղ է, որտեղ «Մանկությունդ քեզ է սպասում միշտ, ուրիշ հարազատ չունի, գնա մոտը, նա կհոգա քո մասին, կհանի հոգուդ թույները, քաղաքակրթության աղբը կմաքրի, հակակշիռ կլինի չարչարանքներիդ, հոգնած անոթներիդ մեջ թարմություն կմղի` նորից կուղարկի մարտի»: Մեկ է, աշխարհը վաղ թե ուշ հանել կտա արյունովդ սնված դիմակդ, ու… կպարզվի սարսափելին, որ ծիծաղելի կլինի նաև, քանի որ քո դեմքը այն չի լինի, ինչ եղել է, ինչպես և անձրևից հետո արթնացած սունկը այն չէ, ինչ որ երկինքը պայթելուց հետո, երբ այն «վիթխարի սունկի պես իջավ երկրի վրա»: Ու անպատասխան է մնում հարցը` «Արդյոք գտածների մեջ չե՞ն մեր կորուստները», քանի որ հնարավոր է տագնապներին, տառապանքներին, անգամ սիրուն ինչ-որ բանի մատն է խառնված: «Մատնագիրն» ասում է, որ կենսագրությունը խաղաղություն տանող որոնումների ճանապարհ է, ու քանի ընթանում է, միշտ էլ անհանգստություն է տիրում, մինչև լսվում է քրիստոսաբար «Ճիշտ եմ ասում»-ը. «Չվախե՛ք, լավ է լինելու, ձեր տունն էստեղ չի, էստեղ լիներ` հոգիներդ խաղաղ, անտագնապ կլիներ, գնալու եք տուն, հիմնական տուն, հենց հասնեք, տեսնեք` միանգամից հիշելու եք ձեր իսկական հասցեն, զարմանալու, ուրախանալու, պար եք գալու, երգ եք երգելու, ճիշտ եմ ասում, հավատացե՛ք»: «Մատնագիրը» գրողի և ժամանակի նույնացումից առաջացած ճնշում բարձրացնող գոլորշին բաց է թողնում մշուշե ուրվականի պես, որը երկար ժամանակ ծիկրակում էր, երբեմն խելացի, երբեմն հիմար, երբեմն անհասկանալի, ժամանակակից արձակի տողատակերում սքողված, անավարտ թռիչքի անկումին հլու: Այդ ուրվականը մտքի ծավալումներով «Մատնագրի» տեքստում սեղմվում է բառի մեջ, շողարձակելով ձեռք բերում պահի անհրաժեշտ գույնը, ապահովելով աշխարհի շարժը՝ որպես ենթագիտակցության ժապավենով հոսող պատկերաշարժ. «…ահա` տատիկդ, պապիկդ, եղբայրդ, հորաքույրդ, հայրդ, մայրդ, ընկերդ, սա էլ գիժն է` հարևան մուտքի Կիկան, ահա, ահա նրանք…»: Գուրգեն Խանջյանի «Մատնագիրը» կարելի է «պոստմոդեռնիստական» համարել: Եթե ետխորհրդային գրականության մեջ, մասնավորապես՝ ռուսական, «պոստմոդեռնիզմը» հակված է աշխարհը գորշացնելու, սևացնելու անիծյալ մի շրջանակում, ապա Խանջյանի մոտ, ի վերջո, վհուկները չեն, որ իրեն կանչում են, այլ՝ հրեշտակները. «Անուշիկ մի ձայն էլ պատուհանի ետևից է կանչում՝ արի՛ մեզ մոտ, արի՛: Բացում ես պատուհանը… Թևատարած հրեշտակները շրջապատում` պտտվում են շուրջդ, երգում են` արի՛, արի՝ քեզ բռնած հանենք երկինք, արի` տանենք քեզ ուրիշ աշխարհ, լրիվ ուրիշ, արի, թռի, դե թռի, դե՛…Դե՛…»:
Գրքի կազմին պատկերված է մի ուրվականակերպ, բայց այն դեպի ետ է նայում, դեպի լույսը: Ենթագիտակցությունն էլ ետինի լույսն է, որը «Մատնագրում» կենսագրորեն ձգվում է՝ ոչինչ չանտեսելով ու չմերժելով, միևնույն է, ամեն ինչը փնտրում է մարդկային աչքերում. «Աչքերիդ եմ նայում, /ու էնտեղ, խորքում,/ տեսնում եմ, ու ոչ միայն, /Այլ նաև` ինձ, քեզ, նրանց…»:
Գուրգեն Խանջյանի «Մատնագիր» գրքի գեղարվեստական արժանիքը կյանքի բնազանցության չափազանց իրական արտացոլանքն է ժամանակագրական և կենսագրական համադրությամբ, որը տեսնում և զգում են հոգով` ենթագիտակցաբար, իմաստավորում մտքով, սրտով, այսինքն` գիտակցաբար, մի խոսքով` մարդկայնությամբ, որը քաջալերում է. «Հեքիաթի միջից օճառի փուչիկներ ուղարկի՛ր իրականությանը որպես վրեժ»:
ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՍՏՈՎԱՆԱԳԻՐ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
