Հայ գեղարվեստական մտքի հոլովույթում շարունակվում է Արցախյան հերոսամարտը գովերգող ու սգացող, փառաբանող ու խնկարկող, վավերագրող ու պատմական իրականությունը փաստող ստեղծագործությունները հանրությանը մատուցելու առաքելությունը: Արդի գրականության՝ այս թեմային վերաբերող ստեղծագործություններից առանձնացրել ենք կեսդարյա կենսագրություն ունեցող, բայց գրականության մեջ քչախոս մի հեղինակի՝ Սլավի-Ավիկ Հարությունյանի պոեզիան. նրա «Երկինք և Երկիր» գրքի «Քանզի մահն էլ մյուս թևն է կյանքի»1 ենթավերնագիրը հղվում է Արցախյան հերոսամարտին, որին անմիջական մասնակցություն է ունեցել ինքը՝ հեղինակը:
Հարությունյանի պոեզիան բնորոշվում է կառուցվածքային մի շարք առանձնահատկություններով՝ բազմաշերտ տողերի կտրատում, որ ներքին մեծ լարում է առաջացնում, կինոյի տարրերի ցայտուն դրսևորումներ, գրական տեքստի մեջ առկա բացատներ, որ ֆիլմերից եկող մոնտաժի՝ գրականություն ներմուծման արդյունքն են, հակոտնյաների՝ հակադիր երևույթների կառուցումներով, որտեղ գեղարվեստական հնարքներով զատորոշվում են լույսի, ձայնի, պատկերի համամասնությամբ ստեղծված կադրիկները, ինչպես նաև ոճական հնարքներով՝ ժամանակի և տարածության հետ բազմաբարդ խաղով, գիտակցության հոսքի տարաշարժ դրսևորումներով, գրող-ընթերցող-քնարական հերոս փոխադարձ, երբեմն մեկը մյուսին փոխարինող կապով, առօրյան գեղարվեստորեն ներկայացնելու յուրօրինակ ձևերով: Վերջինը հենց զատորոշ այն գիծն է, որով այս հեղինակը տարբերվում է մյուսներից: Ոչ միայն առօրյա տեսարաններ, այլև առօրյա-խոսակցական ոճին հարիր բառեր ու խոսքային միավորներ, անգամ հայհոյախոսություն. սրանք սակայն այն գործոններն են, որ պայմանավորում են կյանքի գեղարվեստականացված ուրույն պոեզիան: Անդրադառնալով նրա պոեզիային՝ Դավիթ Գասպարյանը այս առթիվ գրում է. «Այո՛, ամեն ինչ պոեզիա է: Այո՛, պոեզիան խոսք է կյանքի և մահվան սահմանագծում: Այո՛, պոեզիան գնդակահարությունից առաջ մահապարտի վերջին խոսքն է: Բայցև առաջին հերթին պոեզիա է կյանքի մեծ առօրյան: Առօրյա և պոեզիա. թվում է` հակառակ բևեռներ են, դիմադրության հաղթահարումն այդտեղ է: Առօրյայի՛ պոեզիա և ո՛չ թե առօրեական, ինչն ստեղծում է երկրի ու երկնքի միջով քայլող մարդը…»2:
Լոտմանի հիշատակած իմաստաբանական «հայելային» համաչափությամբ արտահայտված երկվորյակ միֆերը, որոնց իր գիտական հոդվածներից մեկում Հարությունյանը անդրադարձել է և գտել, որ դրանց իմաստային հակադրությունը առաջացնում է երկու գրեթե համարժեք մասեր3, երևան են գալիս վերոնշյալ գրքի վերնագրում և հիշատակված ենթավերնագրում:
Կյանքի և մահվան խորհրդանիշով ենթավերնագիրը մեկտեղում է բանաստեղծություններ և երկու պոեմանման շարք, որոնցով բացվում ու փակվում է այն: Սա պատահականություն չէ, քանզի այն, լինելով մաս գրքում, միաժամանակ յուրօրինակ համատեքստ է «Երկինք եվ Երկիր» գրքի ընդհանուր համատեքստում: Ինչպես նշում է հեղինակը վերոնշյալ հոդվածում. «Հաստատապես կարելի է ասել, որ ցանկացած տիպի տեքստի ձևավորման ու վերլուծության ժամանակ էական դեր է խաղում համատեքստի վերլուծությունը, որը նպաստում է տեքստի իմաստի կամ նոր իմաստի ձևավորմանը:
Համատեքստի հետ հարաբերության մեջ տեքստը վերածվում է ենթահամակարգի, և համատեքստի փոփոխության հետ փոխվում է նաև տեքստի իմաստը: Բարդ տեքստերի դեպքում գործ ունենք մի քանի համատեքստերի կամ համատեքստերի տարբեր մակարդակների հետ՝ ուղղահայաց և հորիզոնական, որոնցից յուրաքանչյուրը յուրովի է ձևավորում տեքստի իմաստը»4:
Երկու պոեմանման շարքերը՝ «Պատերազմի վատը» և «Գոյության սիմֆոնիա», կազմում են այդ համատեքստի արտաքին շրջանակները, որ երևակում են ներքին՝ բանաստեղծությունների շրջանակները:
«Վիգենի և Մհերի հիշատակին», «Անքնություն», «Մի օրվա կյանք», «Առաջին գործուղում» բանաստեղծություններում հեղինակը տեքստ է ներմուծում իր ընդունած աշխարհը՝ հիմք նախապատրաստելով ընթերցողի՝ այդ աշխարհն ընդունելու և ընթերցել-ընկալելու համար:
Ըստ Հարությունյանի՝ պատերազմն անընդհատական է, գոյության կերպը պատերազմի կիսատ խաղը շարունակելն է այն ընկերների հետ, որոնց՝ պատերազմի ընթացքում բացված անկեղծությունը կորել է տարբեր դրսևորումներում: //ընկերներս բախտի//որոգայթն են ընկել//ու ցրվել են//հազար կյանքերի մեջ…//(«Վիգենի և Մհերի հիշատակին»)5: Բանաստեղծության հակընդդեմ պատկերները, որոնք, վանելով իրար, ամբողջանում են մեկ գեղարվեստական պատկերի մեջ, էլ ավելի են շիկացնում հույզը. //ես ծնվել եմ// ծեր-//ինձ բաժին է հասել// չվերջացող պատերազմ//: Ենթատեքստը բացահայտում է գենային ախտանիշը՝ ծնված օրվանից իր վրա կրել նախորդ սերունդների պատերազմական խնդիրը ու փնտրել նրանից ձերբազատվելու իր ուղիները, որոնք պարադոքսալ կերպով նորից տանում են դեպի պատերազմ:
Հերոսամարտի հերոսների, զոհվածների անունները մշտապես հնչում են եթերից, բայց անհայտ են մարտնչածների անունները. //միայն՝մեկ-մեկ//հոբելյանական ցուցակներում//պիտի հնչի անունդ// «և այլն», «և ուրիշներ» //հապավումներում//ու ոչ ոք չպիտի իմանա//որ ամռան գիշերներին//սառել են ոտքերդ//(մանավանդ ձախը)//(«Անքնություն»): Նշանակություն չունի այս պարագայում արդեն կանանց կապտասպիտակ ներկայությունն իսկ, որ շաղկապված է եղել մասնակիցների պատերազմական առօրյայի մտածումներին: Մեկ այլ գործում՝ «Մի օրվա կյանք», առօրյայի, քնարական հերոսի կենսագրական պատումին հընթացս պատկերայնության ֆոն է ստեղծվում, որտեղ կռիվը կարծես միայն հայ և թուրք տիրույթում է, քանզի դարեր շարունակ հայի արյան մեջ է այդ թունաթմբիրը՝ թուրքի դեմ կույր մոլեռանդությունը: Բայց ընդվզումը, թե պատերազմը իմաստ չունի, ավելորդ է, մնալու է միայն գաղափարապես, չի փրկելու նաև կյանքը արժևորող փողն էլ, որովհետև ըստ հեղինակի՝ մասնակիցների կյանքն ավարտվում է մեռնելու տարիքում, երբ պատերազմում մեկը կենդանի է մնում, մյուսը՝ զոհվում: «ես մեռնելու տարիքում չկախվեցի// Մերոն զոհվեց ականի պայթյունից//:
Այսպես է, որ պատերազմը, կյանքի և մահվան սահմանագծում խեղելով բնականոն նկարագիրը, իրականում աղճատում է մարդկային կեցության հոգեկան ներդաշնակությունը: Կենդանի ապրումը՝ պատերազմի հանդեպ վախը, շարունակվում է արտածման էֆեկտի ձևով երևան գալ անգամ լուսանկարից նայող մարդու աչքերում: Ըստ լուսանկարի միջոցով բանաստեղծական ճշմարտության հասնելու, լուսանկար և բանաստեղծություն փոխմիասնության՝ Հարությունյանը գտնում է, որ անկենդանը պահում է կենդանի զգացման ուժը: Պատահական չէ, որ բանաստեղծը ստեղծում է նշանակիր հղում՝ հակոտնյա՝ պատերազմի ակնարկով լուսանկար և խաղաղություն քարոզող գիրք, որոնց միությամբ ամբողջացվում է անմիանալին: //մեկ էլ Էլիզան//որ սկզբից//ոչինչ չի հարցնի// այդ գիշեր// միայն ասաց//որ վախենում է// լուսանկարից- //ասաց՝ նրա աչքերում// պատերազմի վախ կա- //լուսանկարը դրեցի Սրբազանի նվիրած//Բիբլիայի արանքում// («Առաջին գործուղում»):
Առհասարակ, հակոտնյաների ստեղծումը, ինչպես վերևում նշեցինք, հեղինակի համար ինքնանպատակ չէ: Սրանց կառուցման մեջ երևան է գալիս գրողի մտածողության ուրույն դրսևորումը պատկեր-շարժերի տեսքով, ընդսմին՝ այսպիսի կառույցներում դերակատարում ունեն նաև ժամանակակից տեխնոլոգիական նշանակիր պատկերները: Այսպես՝ //երկիրը//սև ու սպիտակ էր//առանց վինդոսի// կամ //այս անգամ արև չկար//այս անգամ ձյուն էր դրսում//, կամ //մանկան ձայն լսվեց//տղամարդու հեկեկոց//: Երևույթների հատկությունների փոխանցումը մեկը մյուսին՝ այլաբերությունը, ևս ոճական մի հնարք է, որն առավել քան դրսևորվում է նրա «Պատերազմի վատը» պոեմանման շարքում, որը ինքնին պոեմ է հիշեցնում:
Պոեմի առանցքում հետևյալներն են՝ մարդը՝ որպես հայ, որպես առանձնյակային կեցութաձև, որպես մանր կշռաքար պատերազմի և խաղաղության նժարում, ինչպես նաև պատերազմի՝ չգրված օրենքով չբարձրաձայնվող առօրեական խնդիրների գեղարվեստական արծարծումը և քրոնոտոպային իրականությունը՝ որպես պատերազմական առօրյա:
Պոեմի տողերը սեղմված են զսպանակի ուժով և ճիշտ ընթերցման դեպքում արտանետում են այն բացակա տեքստերը, որոնք պոեմում բացատների ձևով են հանդես գալիս, ստեղծված են նաև մինի ֆաբուլաներ, որոնք պատկեր-շարժերի տեսքով հոգեբանական ցնցումների են հասցնում ընթերցողին՝ նրան ուղեկցելով մինչև կատարսիս:
Պոեմի՝ պատերազմական առօրյայի վրա հենված ընթացքը արագ զարգացող է, ինչը հեղինակի ոճի առանձնահատկությունն է, որը, համադրվելով քնարական հերոսի կենսագրական փաստերին, նատուրալիստական մանրամասներին ու շարժանկարին հատուկ կառուցվածքային տարրերին, Ս.-Ա. Հարությունյանի ստեղծագործությունը դարձնում է յուրօրինակ գեղարվեստական վավերագրություն՝ ստեղծելով շարժանկարի պատրանք: Ինչպես իրավացիորեն նշում է Դ. Գասպարյանը. «Ռմբակոծությունների խոսակցական բառապաշարը, հաջորդող տեսարանները պոեմը վերածում են շարժանկարի»6: Առօրեական մանրամասները՝ հացի, բենզինի բացակայությունը, կոնյակի կանաչ սպիրտով մահվանը դեմ հանդիման կանգնելու սարսափի զգացողությունը բթացնելու ճիգերը, գումարտակ հավաքելու համար «ծեծել-քացու տակ գցելը», ի հայտ են բերում գեղարվեստականության հայեցողական չափանիշներ, որ այսօր բավական տարածված են՝ ի հակակշիռ պաթոսային ու վերամբարձ, երբեմն ճռճռան հայրենասիրական գեղարվեստի: Այստեղ հերոսները պատկեր-կերպարներ են՝ Բենիկը, Կարեն 1-ը, Կարեն 2-ը, Սենորն ու Հրամանատարը, որոնց բացահայտումը իրենց իսկ ժեստերում է, հատուկենտ խոսքերում, գլխավոր հերոսի՝ Պիսատելի՝ նրանց հետ ունեցած փոխհարաբերություններում: Նրանք են կշռում հայի ու թուրքի կռվի ակունքների իմացաբանական հարցադրումները: Ինչու-ն առօրյայի հարցուպատասխանից տեղափոխվում է գենային-ազգային տիրույթ, որտեղ պատճառահետևանքային կապերը դա այլևս անզոր են բացատրել. հարցի քայքայումը առթում է, որ այն իմաստազրկվի, բայց հաջորդիվ ծագի ներհայեցողական պատասխանը պարզ, բայց անընկալունակ ճշմարտության՝ պիտի սպանենք թուրքին, քանի կանք: //բա մինչև ե՞րբ պիտի իրար կոտորենք-//քանի կանք՝//ննջում եմ//լսվում է շուրթերի ճպճպոցը՝//20 թվին կոտորինք-իրար//41-ին կոտորինք//հիմա կոտորում ենք//41-ին ուրիշ կռիվ էր՝//Էդոն՝ քունն առած//առույգ//թափահարում է գլուխը//հետո լռություն է//լուռ//լռություն//:
Թշնամին իրականում թշնամության համապարփակ գաղափարը կրողն է, որը ևս կարիք ունի մարդկության այդ ախտից ձերբազատվելու. բանաստեղծի՝ խաղաղության որոնումները զերծ են միջցեղային, միջազգային թշնամությունից: Հեղինակը պոեմում առաջադրում է անձրևի մետաֆորը, որը պատերազմի լեշերից, հոտերից ու իրար սպանելու մարմաջից ազատվելու իղձի նշանակիրն է: //երկինք-տուր մեզ անձրև//երկինք-տուր մեզ անձրև//մեր անձրևը//հանապազօրյա-//շնչելու//լինելու//ապրելու//: Պատահական չէ, որ անձրևը սկզբում թախանձվում է երկնքից, որը մարդուց առկախ վերերկրայինի՝ աստվածայինի խորհրդանիշն է, հետո արդեն՝ երկրից, որ պոեմում մարդու ու նրա գիտակցված արարքների նշանակիրն է: Անթաքույց ակնարկումի՝ ալյուզիայի՝ Տերունական աղոթքին հղումը բանաստեղծի գոյապաշտությունը խտացնող տողերում երևան է գալիս մի քանի կրկնվող տողերի միջոցով: //երկինք-տուր մեզ անձրև// երկինք-տուր մեզ անձրև// հաց՝//պետք չէ//մեզ//նաև այս մողեսներին// այս թռչունին//ինչու չէ՝ նաև//թշնամուն մեր՝// սպիրտի բաքերի մյուս կողմում//դիրքավորված//: Այսինքն՝ մարդն ինքնուրույն պիտի հաղթի ներսում բնակվող գազանին, պիտի թողնի ապրել վերևից նայող վիրավոր թռչունին, որի ներդաշն համակեցությունը մարդու հետ պատերազմում արդեն աղճատվել է. իսկ հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է: Փաստենք՝ այս հեղինակի պոեզիայում ալյուզիան, բավական հաճախադեպ կիրառվող բաղաձայնույթն ու առձայնույթը, հարակրկնույթն ու կցուրդը հատկապես ուժգնացնում են տողերի ներքին ռիթմը, նպաստում խոսքի տարածականության ընդլայնմանը:
Գաղտնագրված ուրիշ նշաններ ի հայտ են գալիս պոեմի այլ տողերում. պատերազմի թոհուբոհի, տղամարդկային հայհոյանքի, ֆիզիկական վիճակների՝ լուծի ու փսխումի արանքներում երևան է գալիս սեռի խնդիրը: Պատերազմի առօրյայից գիտակցության հոսքը պատերազմող մարդուն տանում է տղամարդուց դատարկված տները, ուր ապրում են սպասումով լեցուն կանայք, որոնց նշանակիրները պոեմում դառնում են խշշացող դաշտերի ցորենի հասկերը. //հասկերը՝ հպատակ//հասկերը//հնազանդ//հասկերը//հասած//ձեռք տաս՝ կբլթան//, բայց… «հնձող չկա»: Խարխլված է ընտանիքի մոդելը, և այն վերականգնելու լուծումը հեղինակը առաջադրում է պոեմի վերջում:
Ինչպես նշվում էր հեղինակի գիտական հոդվածում, համատեքստը միաժամանակ ենթադրում է մի քանի տեքստերի օրգանական համակարգ, և այդ տեքստերի բացահայտումից է կախված ամբողջի նպատակադրումը: Այսպես էլ պոեմանման շարքի բոլոր մասերը կարծես առանձին տեքստեր են, որոնք բոլորն էլ, կրկնարկելով վերնագիրը, սկսվում են նույն նշանակիր գեղարվեստական պատկեր- տողով՝ «պատերազմի վատը», ինչն էլ բացահայտում է հեղինակի՝ վերնագրի միջոցով նույն երևույթի երկաստիճան համեմատության՝ պատերազմի մեջ վատը՝ վատի մեջ վատը շեշտելու նպատակը:
Տեքստի մեջ այլ տեքստի ներխուժումը Հարությունյանի՝ տեքստի հետ աշխատելու սիրած կիրարկումներից է: Նման ձևով պոեմի տեքստ է մտնում ընտանիքի՝ կնոջ, ամուսնու և նրանց երեխայի հետ կապված միջադեպն արձանագրող տեքստը, որի օգնությամբ բանաստեղծն ի դերև է հանում իր տեսլականը՝ «կինը՝// բարուրն ու տղամարդուն// գրկա-շալակ», այսինքն՝ ընտանիքը՝ մարդկության սերունդների օրինաչափ հերթագայման կոդեքսը կրող մոդելը, որի ապագայում «լուսաբացը մոտ է»: Պոեմի հենց այս վերջին տողը կարծես դառնում է բանաստեղծի՝ պատերազմի ու խաղաղության երկսայրաբանության (դիլեմա) հանգուցալուծումը:
Եզրափակում է շարքը «Գոյության սիմֆոնիա» պոեմը, որի համատեքստը բաժանված է «Երգեր» խորագիրը կրող յոթ առանձին մասերի: Երգը՝ որպես մետաֆոր, հայ գրականության մեջ նոր չէ (Դ. Վարուժանի «Հացին երգը», «Հեթանոս երգեր», Շ. Շահնուրի «Նահանջը առանց երգի», Հովհ. Գրիգորյանի «Երգեր առանց երաժշտության», Վ. Դավթյանի «Գինու երգը» և այլն), այդ պատճառով էլ շրջանցելով մետաֆորի քննությունը, նկատենք, որ, ինչպես Պ. Սևակը՝ ղողանջներից՝ համազանգեր, Ս.-Ա. Հարությունյանը համանվագ-սիմֆոնիա է կառուցել առանձին երգերից, որոնցից յուրաքանչյուրում արծարծված գործոնները՝ մարդու բնութագրական ներհակ գծերը, մշակութաբանական հայեցակետով քննված հայի տեսակի խնդիրը, բազմադարյա պատմությունից սերտած դասերը, անկեղծության մեջ մնալու, չերկատվելու ճիգերը, ժամանակի ու տարածության կեռմաններում չմոլորվելու ու այնտեղ սեփական հետքը տեսնելու փափագը, ապրելու խորհրդանիշներն են, ապրելու, որի կրկնակումներով է սկսում յուրաքանչյուր երգ-մասը: Բանաստեղծի հավատամքը արյան կանչով հողին կապված լինելու մշտնջենական կերպն է: //և իզուր ես դու//քարանձավներում փնտրում// նախապապերիդ բրածո դեմքերը,//եթե արյունդ լռում է այդ մասին…//և իզուր, այո//ոչ մի պահ արդեն քոնը չէ,//և գործ չունես դու անցյալի հետ//և ներկայի մեջ էլ չկաս//:
Ազգայինից մինչև տիեզերական հարցադրումները փնտրելու դեգերումները, թվում է, հասցվել են վերջաբանի, բայց ռազմական վերջին դեպքերի ժամանակ առօրյան իր կեղեքիչ մերկությամբ նորից ծառանում է ծնունդով արցախցի հեղինակի առջև: Խաղաղության ձգտումը մեկդի է դրվում, երբ հերթական զոհերի անուններն են հրապարակվում ու արձանագրվում են հասարակության անբարո արարքները: Վերջերս հրատարակված «Խաղաղություն և պատերազմ» բանաստեղծության մեջ հեղինակն ահազանգում է մեր՝ հայերիս՝ նյութական շահը առաջնային համարելու ձգտման մասին: Առօրեական իրականությունը՝ խաղաղ ժամանակ զոհված զինվորի շքանշանի համար ծանոթ, բարեկամ փնտրելը, կազմակերպությունների ու լրագրողների՝ «ոչ պատերազմին» կարգախոսները, ըստ նրա, բթացնում են հայի արյան կանչը՝ պատճառ դառնալով նոր ավերների, սպանությունների ու բռնաբարությունների: «նյութից//ոսկուց//դեպուտատական մանդատների //հաճույքից՝//նորից- բթանալու են մեր գրգիռները//նորից//տարիներ հետո//Բաքվում-Ստամբուլում//մեզ մորթելու են//մենք՝//բնազդներս՝//կույր-կորցրած//նյութի-ոսկու//հաճույքից//նորից-նորից-նորից//որ՝//խաղաղություն// լինի//թե՛ պատերազմ//7(«Խաղաղություն և պատերազմ»): Այստեղ արդեն հեղինակը կանգնում է նույն երկսայրաբանության առջև. պատերազմի և խաղաղության սահմանագիծը հեղհեղուկ է, և խաղաղության պատրանքը՝ ճահճի նման փափուկ ու կլանող. ընթերցող-ընտրողին է մնում որոշել՝ սահմանագծի որ կողմում է նա, հաշտվե՞լ պատերազմից խուսափելու համար, ներե՞լ, խաղաղվե՞լ, թե՞ գրգիռները բթացնելով՝ նորից սպանվել…
(«Արցախյան շարժման արտացոլումը հայ գրականության մեջ» գիտական նստաշրջանի զեկուցման լրագրային տարբերակ)
—————————–
1 Սլավի-Ավիկ Հարությունյան, Երկինք և երկիր, Երևան, հեղ. հրատ., 2014:
2 Դավիթ Գասպարյան, Առօրյայի պոեզիա, Գրական թերթ, 10 հունիսի, 2015: http://www.grakantert.am/%D5%A1%D5%BC%D6%85%D6%80%D5%B5%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%BA%D5%B8%D5%A5%D5%A6%D5%AB%D5%A1-%D5%A4%D5%A1%D5%BE%D5%AB%D5%A9-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6/
3 Տե՛ս Սլավի-Ավիկ Հարությունյան, Տեքստի տարածությունը, ՎԷմ համահայկական հանդես, 2016, Ը(ԺԴ) տարի, թիվ 1(53), հունվար- մարտ, էջ 132:
4 Նույն տեղում:
5 Բանաստեղծություններից այս և մյուս մեջբերումները «Երկինք և Երկիր» գրքից են:
6 Դավիթ Գասպարյան, Առօրյայի պոեզիա, Գրական թերթ, 2015, 10 հունիսի:
7 Գրական թերթ, Երևան, թիվ 20(3297), ուրբաթ, 17 հունիսի, 2016 թ., էջ 5: