Սերգեյ ՍԱՐԻՆՅԱՆ
Թերևս նույնիմաստ են, բայց ինքնին բացառիկ ու անակնկալ է վերնագրի ընտրությունը՝ է – էություն, որ նշանակում է վերծանելին իրերի բնույթում և ստեղծագործական լայն նշանակությամբ ակնարկում Միլիտոնյանի գրական կերտվածքի ինչ-որ անհայտ հանելուկի մասին: Ժողովածուն հյուսված է բազմաթիվ շարքերից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր մոտիվ-գաղափարը, բայց ամբողջության մեջ այն անհամասեռ է, և կապակցվող «մեխանիկան» վերացարկված Է-էությունն է: Սակայն բարդությունը ոչ այնքան շարքերի անհամասեռությունն է, որքան էութենականի ավարտվածության պատ- րանքը խոսքային միավորում: Դիտենք, օրինակ, «Աներևույթ կուռքը» քերթվածը.
Նրա աչքերը դանդաղ ձգվում էին դեպի ծովեր, / Գլուխը՝ լեռներ սեպագրի: / Սրտի մեջ գյուղեր էին կղմինդրե տանիքներով, / Որոնց տները սարն էին ելնում / Հոգնած հնձվորի, զվարթ մանչուկի / Երկթև ցանկությամբ…
Սա բանաստեղծության նախադրույթն է, որին հաջորդում են հղացումը կազմավորող բառ-հասկացություններ ու բառակապակցություններ՝ վիշապաձուկ, հաղթանակի ու պարտության որձաքար, պորտաքարերի հղացման սերմ, մեգապոլիսների մթամած երկինք, կոնսուլների ուրացող ծեսեր, բրոնզափայլ առյուծներով դամբարան, կիկլոպյան կրքի աղբը կտցող ագռավներ, գիսախռիվ գորգոն, բանական էֆթանազիա և այլն:
Հազիվ թե բառերի այս սեմանտիկ կապակցությունից հնարավոր է կռահել «աներևույթ կուռքի» պոետական «կերպարը»: Պարզապես այն պետք է վերագրել Միլիտոնյանի ասոցիատիվ մտածողության դեստրուկտիվ ստորոգությանը, ինչպես նա ընթերցում է տիեզերքը, ընկալում տեսանելին ու անտեսանելին՝ «Գետ», «Շրշյուն», «Սիրտ», «Թռչունների դատաստան», «Ես և կաչաղակը», «Էկոլոգիա», «Թզենի», «Դեպրեսիայի խլուրդներ», «Ճագարի աչք», ու ամենուրեք Աստծուց շնորհված ամենատես բանաստեղծը.
Նա քարանձավ է,/ Արձագանքում է Աստծո / Ձայնն ու լռությունը: / Նա ստվերն է Աստծո, / Ընկած մարդկանց / Ու ամեն ինչի միջև: / ¥«Բանաստեղծը»¤
Փիլիսոփայական հայտնի դրույթ է՝ «Եթե երևույթն ու էությունը համընկնեին, ամեն մի գիտություն ավելորդ կլիներ»: Այսինքն՝ գիտության նպատակն է բացահայտել երևույթի էությունը: Բայց կա նաև գրավիչը՝ երևույթից էության անցման մեջ: Դա ճանաչման հաճույքն է, որից սկիզբ է առնում ազատության զգացումը, երբ «ինքնին իրը» դառնում է «իր մեզ համար» և ներդաշնակություն ստեղծում մեր հոգեկան աշխարհում: Էսթետիկական հաճույքի այս զգացողությունը ուրույն իմացական արժեք է տալիս Միլիտոնյանի պոեզիային.
Ոչինչ չի մնա քեզանից գաղտնի / Եվ դա է հիմքը ներդաշնակության:
Բայց բանաստեղծությունը Միլիտոնյանի գործառությամբ ոչ միայն արտահայտության ձև է, այլև իմացական խոսքարվեստ: Այլ կերպ ասած, նա աշխարհն ընկալում է բանաստեղծությամբ, և դա պայմանավորում է նրա տաղաչափական բազմաձևությունն ու իր-երևույթների բազմերանգությունը.
«Բանաստեղծական տուն /Առանց քեզ անօթևան եմ /Այս շքեղ աշխարհում», սա հետաքրքիր խոստովանություն է, և գաղափար է տալիս վերծանելու պոետական շարքերի, և խոսքային միավորների բացարձակության հասնող այլաբանությունը: Այն, ինչ տրամաբանությամբ կարող է աբսուրդ թվալ, բանաստեղծական արտահայտությամբ գեղեցիկ է ու տպավորիչ.
Մշուշները արածում են մեզ / Գլուխները կախ, / Դանդաղ ուռճանալով: /Ով պատրաստ է մահվան՝ /Ծաղկած երիցուկ է:
Այլ կերպ, քան բանաստեղծությամբ կարելի է ներզգայել ասույթը, թե «Սա է օրենքը սկզբից մինչև հիմա ///Արձանները չեն կարող չճչալ ///Երբ ահագնորեն մոտենում է ///Լռության ժամը»:
Այսպես, յուրաքանչյուր շարքում բանաստեղծության առարկան վերացարկվում է միստիկական նախադրույթով. «Մի սպանաներ»-ում մեղքի ու քավության աստվածաշնչյան պատգամն է. «Գիր»-ում բանի ու լոգոսի սկզբնականությունը «Առաքելությունում» խաչելության, հառնումի և աստվածաշնչային «Գիրք ժողովողի» երկնագիրը, «Ջակոմետիի քայլող մարդը»-ում, կատարյալ մարդ-ֆենոմենի անէացումը «վաղնջական հորիզոնում», «Ծովի երգ երգոցում» կանացի քմայքների հաճույքը «ցավի և սիրո մարտադաշտում», և այսպես, այլաբանությամբ ձևաբանված մյուս շարքերը՝ «Քշիշտոֆ Պենդերեցկի», «Դիվանագիտական պոեզիա», «Ծաղկաձոր», «Մարաթոնյան վազք», «Հին աշխարհի պատմություն» և այլն:
Ես թվարկում եմ շարքերը ըստ մոտիվների, ցույց տալու համար, թե ինչ անեզր տրամագծի վրա է Միլիտոնյանը կառուցում իմացությունների իր աշխարհը: «Դիվանագիտական պոեզիա» ասքում, առանց չափազանցության, ամբողջ հայոց պատմությունն է՝ աշխարհաքաղաքական, հոգևոր, մշակութային, բարոյական հատկանիշներով: Չկա որևէ շրջանառվող հասկացություն, որ հիշատակված չլինի նրա տողերում: Եվ զարմանք է պատճառում, թե այդ ամենն ինչպես է նա համատեղում բանաստեղծություն կոչված տպավորական ասույթում: Միլիտոնյանի տաղանդի այս մետամորֆոզը ժամանակին նկատել է անվանի գրականագետ Ս. Աղաբաբյանը, դիտելով, թե նա «կարողանում է որսալ սովորական առարկա- երևույթների անսովոր գաղտնիքը, կարողանում է ներքին համաձայնության բերել մոտիկն ու հեռուն, երկնայինն ու երկրայինը, առօրեականն ու ֆանտաստիկը»:
Միջանկյալ նկատեմ, որ միայն պոեզիայի շրջանակներում անկատար կլիներ ուրվագծել Միլիտոնյանի գրական դիմանկարի ամբողջությունը: Առավել ևս այն անջատել գեղարվեստական արձակի և ժանրային այլևայլ ձևերի միասնությունից: Մեթոդաբանական դրվածքով առավել կիրառելի է վերլուծության հերմենևտիկ եղանակը, բացահայտելու անձնական նախասիրությունների կենսագրական ազդակները գրողի ստեղծագործության կառույցներում: Իհարկե, ինչպես Սարոյանն է ասում, գրողի ամբողջ ստեղծագործությունը նրա կենսագրության անդրադարձն է, բայց միանգամայն շոշափելի են «Ծաղկաձոր», «Մարաթոնյան վազք», «Սարի թաղ» երկերում ուղղակի կենսագրական աղերսները: Կամ ակնհայտ է, որ Միլիտոնյանի պոետական բնապատկերներում ներզգայելի է նրա գեղանկար- չական վրձինի շարժումը:
Մետաֆորը Միլիտոնյանի պոեզիայի պատկերային հիմունքն է և պետք է դիտել միայն, թե մոլորակային ինչ ազդակներ է որսում Միլիտոնյանի պոետական զգայարանի անտենան: Այս իմաստով ինքնին ուշագրավ է, որ նա, ըստ մետաֆորի, գրեթե առանց բացառության վերնագրում է իր բանաստեղծությունները: Բայց ահա «Ծովի երգ երգոց» շարքը ամբողջովին անվերնագիր է, քանզի այստեղ անանուն հեքիաթներ են հյուսում մերկության հաճույքները: Ջունգլիների մտապատրանքներից ազատված կանայք հեգնում են նրանց, «ովքեր գիծ են քաշում սիրո և սեքսի միջև», որպես թե «Սերը սոցիալիզմի որդեգիրն է, Սեքսը՝ կապիտալիզմի»: Այնինչ բացարձակը բնությունն է, որ հառնում է Գոգենի «Ծղոտե գլխարկի» տակից.
Նա վրձինը բարձրացրեց. / Քանզի սեռազգայուն պահը հասունացել, / Կաթում էր տանձի պես: / Եվ ճչում էին հսկա ծաղիկներն ինքնամոռաց / Շնաձկան երախով: / Թող լինի ցամաքի ու ջրի սիրահաչ / Լուսնային փուլերով / Նշանված:
Ասեմ, որ միտում չունեմ հանգամանորեն վերլուծելու ժողովածուի շարքերը և ընդհանուր հայտարարի բերելու Միլիտոնյանի բանաստեղծության գեղագիտական ու իմացաբանական համարժեքները: Դրա համար ժամանակ է պետք, նյութի համակարգում և որ, առավել կարևոր է, հարցադրումների տեսականացում: Տվյալ պարագայում ես փորձում եմ թռուցիկ հայացքով որոշ դիտարկումներ գրանցել ժողովածուի կառուցվածքի, մտահղացումների ու ոճի անհատականության վերաբերյալ:
Ինձ համար միանգամայն նորույթ է «Սարի թաղ» ասքը, Միլիտոնյանի ստեղծագործության ամենագեղեցիկ կատարումներից մեկը: Վիպա՞կ է, պոե՞մ, թե՞ խրոնիկա, նորույթ է ոչ միայն ժանրային բնույթով, այլև կենսագրության ժամանակի նոստալգիկ հուշերով:
Նախերգանքում թաղի պատկերն է՝ անտառ, բազալտի քարհանք, էքսկավատորի շռինդ, բազալտի պես ամուր քարտաշի հոգնատանջ գոհություն, ապա ներգաղթի հայությամբ նորոգված համայնքի կենցաղի ու բարքերի գերռեալիստական այլափոխումներ՝ մարդկային ճակատագրերի, կրակոցների, սպանության դրամատիկ դարձերով, որոնք կարծես ներձուլվում են կիրակնօրյա ծիսական հեքիաթներում.
Ու գնում էր մայր առուն, ինչպես մի երգ, / Որ բառեր չունի, սիրելի է ամենից շատ…
Այդ հեքիաթներից առավել գրավիչ են Գեղամա լեռներից հնչող Տատրաների քարանձավային կանչերը, եգիպտական բուրգերի ու ջրհեղեղ ալիքների նվագը, ռոմանտիկ եզերքների, կյանքի ու մահվան գաղտնաթաքույց հնչյունների՝ միայն իրեն լսելի արձագանքը տակավին անանուն Բախի երգեհոնից: Եվ երբ խզվում են երգեհոնի հնչյունները, ռոմանտիկ հուշերում փշրվում է երազների բյուրեղապակին և թաղի հեքիաթն ավարտում ափսոսանքի ու զղջման ներհուն խոհերգությամբ.
Ձեր տնից վերև մարդ էին խփել, / Արնոտ դանակը ընկած էր հողին, / Դա քո մանկության ճակատին, Աբել, / Նշան էր ահեղ, չի ջնջվում ցողից: / Գերեզմաններն են արածում խոտը, / Ուր ճանաչեցիր վազք, խաղ ու խրխինջ, / Այստեղ դու տեսար մողես ու գորտեր, / Եվ քարի տակ օձ: Եվ գժի քրքիջ: / Ու ծաղկած ծառեր: Երազանքի հորթն / Հոտոտում էր սինձ և ապագայից / Արշավում է ձին դեպի քո սիրտը՝ / Թրծած էպոսի անեծք-աղոթքից:
Կարելի է նկատել, որ այս թռուցիկ ակնարկով ես առավելապես բնութագրում եմ Միլիտոնյանի «Է» ժողովածուի երևույթը, քան էությունը: Այս պարագայում արդեն խնդիրը դիտելի է Աստված-Բնություն-Մարդ համադրությամբ, ուր արտացոլվում է Միլիտոնյանի պոեզիայի փիլիսոփայական աշխարհընկալումը, նրա պոետական կերպարի ազնվական կոչումը: «Եվ ապրեցինք ժամանակը /Եվ մեռանք հանուն տարածության» և համատիեզերական մեր գոյությամբ «կայինք և չկայինք»: Աշխարհն այսպես է կառուցել բացարձակ ոգին, նույն ինքը Աստված, որ սկիզբ ունի, բայց չունի սահման և աներևույթ մի շարժում, ուր «Ամեն ինչ ձգտում է կատարելության»: Այստեղ է Միլիտոնյանի պոեզիայի գեղագիտական իդեալը:
One thought on “ԷՈՒԹՅԱՆ ՊՈԵԶԻԱ՞Ն, ԹԵ՞ ՊՈԵԶԻԱՅԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ”