Ռեքվիեմ / Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Բան. գիտ. թեկնածու, դոցենտ

 «Աշխարհում ոչ ոք չի կորցնում ոչինչ,

Աշխարհում ոչ ոք ոչինչ չի շահում…»

(Ռազմիկ Դավոյան, Ռեքվիեմ, 1969 թ.)

 

«Ռեքվիեմում» ամեն ինչ պտտվում է Մարդու շուրջը՝ որպես հավերժության լողորդի։ Սկսած գործի առաջին իսկ մասից, որ խոսք է միայն «կյանքի հրաշքների մասին», տրտմություն ու ցավ կա՝ ծանրացող, կապարե։ Եվ լուծվում, տարրալուծվում է ինքը՝ ընթերցողը, գնում տողերի՝ զուլալ ջրերի համար արդեն բացված ճանապարհով, հեղինակի խոսքերով՝ «Աչքերից կախ՝ սրսուռ երգեր…»։

«Ո՞ւր է Արարիչը,//Որ խեղդվելով մթից,//Գոռաց//«Եղիցի լույս». խոհի, մտածումի, լայնահուն մի ասպարեզ է՝ աշխարհի արարման օրից մինչև Գոյը և նրանում դաշնավորվող լույսը՝ ծնված «խեղդվելով մթից», քաոսը, որ որպես կարգավորում և կամ թե ինքնակարգավորում՝ «խճճվում է ինքն իր մեջ», և աշխարհն ինքը՝ որպես ողբերգականի ու կատակերգականի միացություն, ինքնատիպ մի դրամա՝ անհերքելի՜ այնքան, որպես «տկլոր լեգենդ», և ճշմարիտ՝ հավանական-անհավանական։

«Ինչո՞ւ չեն խոսում երգերը։ // Մի՞թե նրանք տառապել են ավելի, // Քան մարդիկ»։ Երգը, այս դեպքում Բառը բանաստեղծի՝ ծնված նույն ակունքից, երգերը՝ ձևավոր կաղապարների մեջ ու անձև, եթե կուզեք՝ տձև, բայց… Գրքի յուրաքանչյուր մասը մեկ նախադասությամբ՝ հռետորական հարց է և՛ մարդկային հոգու ավերմունքների, և՛ ճչացող լռության, և՛ ցավի մասին իհարկե։ Կա՞ պատասխան. կա, և այն պետք է որոնել սեփական ներսում. չէ՞ որ յուրաքանչյուրն իր երգն ունի։

«Քարանձավները ժպտում են արցունքներով։ // Մաքուր արցունք է նրանց ծիծաղը… // Մենք մեզ հետ արցունքների արձագանքն ենք տանում։ // Մենք ասում ենք մի խոսք-արցունք-ճշմարտություն»։ Ի վերջո գրողը հասնում է բաղձալիին. չէ՞ որ թեկուզ կայծակով ճեղքված, բայց միևնույնն է, ներքին անքակտելի կապով միացած են միմյանց, կեսկիսված, երկփեղկված՝ ինքն ու Ճշմարտությունը, Մարդն ու Ճշմարտությունը։ «Տեր ճշմարտություն», որ գերիշխողն է ամենուր՝ սեփական անվամբ ու անանուն։ Եվ հանկարծ մահին չճանաչողը, նույնիսկ անհավատը մահի հանդեպ բացում է քողը Ճանաչումի. բացվում են կոպերը հարթմնի, քանզի սեփական փորձով ու ապրումի գիտակցումով «ուրիշները, որ քայլել էին // Ջարդված օրերի գիշերվա միջով…», ողբացին, թե մահ կա աշխարհում՝ հավատացնելով ականատես-վկայի վստահությամբ։ Իսկ տողերին հաջորդում է մահվան՝ ոչ այնքան սարսափելի գոյության, որքան գիտակցության՝ գեղարվեստական անկրկնելի նկարագրությունը՝ պատկերներով ճոխ և միաժամանակ՝ անզարդ։ Եվ ընդհանրապես, տրտմությունը, ամենեցուն Տեր ճշմարտությունը, կյանքն ու մահը՝ ձեռք ձեռքի, կարոտը, թախիծը. սրանցով են ծփում էջերը։ Ապա Բանաստեղծությունը ակամա պատրաստվում է պայքարի։ Ո՛չ, պարզապես ճզմելու այն ամենը, ինչը ցավեցնում է՝ թախիծը առաջին հերթին։ Իսկ գինը, ի տրիտուր «քայլեցեք երազներ»՝ կոչի, պահանջի և կամ թե խորհրդավոր ժամկոչի նման՝ «քա՛յ-լե՛-ցե՛ք»՝ ամենուր՝ «բոբիկ ոտքերի տակ ճզմելու թախիծը բյուրեղյա»։ Եվ անպայման լույսը՝ «Լույսի ճառագայթներ, // Լույսի խաչեր, // Լույսի… բեռնակիրներ անթիվ…», լույսը՝ որպես վերջաբան յուրաքանչյուր հատվածի, «Լույսը, որով կարող ենք մենք // Խավարի չորացած շուրթերը ցնցուղել, // Խավարի ճաքճքված արյունը ցողցողել, // Որ լերդացած չիջնի մեր խոհերի վրա»։

Եվ թեկուզ «Երազները դարձան քարե քառակուսի պատվանդաններ», միևնույնն է՝ «հող ենք մենք՝ // Անապակա՜ն, // Անգա՜րշ… // Մեր արյունը հող է՝ արևի մեջ հալված»։ «Եվ գիշերվա մութը // Կտրտելով շերտ-շերտ նարնջի պես՝ // Խնջույք պիտի սարքենք՝ // Ծիծաղելով արևի շեփորներով», որ Լույսի ու Ծիծաղի անտառները կրկին բարձրանան։ Կյանքի ու մահվան անքննելի խորհուրդն է վսեմ, կրկին լավատեսական խոհով ավարտամասը՝ խորհրդանշական «մոլորյալ աչքի» տեսանողի դիտանկյունից։

«Իսկ մենք թախիծ էինք ըմպում անհագորեն…», ու թախիծը ամենակուլ է ասես իր «կապույտ նարինջներով»։ «Տիեզերքի բոլոր անկյուններում // Կա մի արցունք՝ // Եվ անպայման անդունդների վրա կախված»։ Տրամաբանական հերթագայությամբ՝ Աստված արքաներ կարգեց երկրի վրա՝ հրամայելով կառավարել մարդու Բախտը անգոսնելի՝ մոռանալով, սակայն, ի թիվս շարոց՝ նաև տալ «Ձայնն իր աստվածային, // Որ լույսի պես կախվում երկնի շրթունքներից // Եվ աղոթք է դառնում՝ «Փա՜ռք ի բարձունս»… // Որով երկինք տանող ճանապարհն է գտնում // Ամեն մահկանացու»։

Պոեմի մասերից յուրաքանչյուրը իսկապես սուզումների ուղեծիրն է գծում՝ տող առ տող, հիմն ի վեր, հիմն ի վար, նախա-նախասկզբի արարումների, և Մարդն է՝ առ այսօր՝ իր տեսակով, հույզի ու ապրումի ընկալումներով, խոհով ու յուրովսանն փիլիսոփայական ըմբռնումներով, անհատական մոտեցմամբ կյանքի ու մահվան փոխներթափանցումներին, ալեկոծության ու անդորրի ներքին բերկրությամբ։

Խոսքում անշուշտ ակտիվորեն գործում են ներհակ պատկեր-արտահայտությունները։ Իսկ որտե՞ղ որոնել Մարդուն. ըստ գրողի՝ աստղերի փշրանքներում, այլ ոչ «մեր մեջ», նաև փնտրել հողում, «թե շուշան է բացվում»։ Եվ ինչո՞ւ մշտապես կես է մարդ էակը, կիսված՝ լույս ու մութի, կիսված հողի, կեսկիսված, մեն-մի հատիկ բյուրեղ դարձած։ Իսկ եթե լիարժեք՝ երկու կես՝ մեկ ամբողջություն է, ուրեմն՝ գուցե կատարելության է հասած, գուցե և աստվածացած է, բայց քանի դեռ կես էություն է, ուրեմն՝ մարդուն փնտրել քարերի մեջ, ջրերի մեջ։ Իսկապես կատարյալ, որովհետև «մենք կատարյալ կեղևների մեջ ենք»,- հեղինակի խոսքերն են՝ այս անգամ վերնագրային-անվանողական սկզբունքով։ Եվ «եթե ճշմարտությունն ինքն է հասունացել, // Կատարյալ կեղևներն անզոր են պահելու»։ «Է, ո՞ւր պիտի փնտրել դուռը տիեզերքի.- // Իմ բաց տանիքի տակ, իմ դռների առջև»։ Բանաստեղծը պահանջում է ձեռքերը, աչքերը՝ բարձրանալու անմատչելի երազների օղակներով, գտնելու անվախճան որոնումի տեսքով Սերը, պահանջում է սիրտը և շուրթերը, որ երգի գուցե. «Իմ բարությունը ծառս է լինում աշխարհի չարի դեմ իր ամբողջ զորավոր ահեղությամբ»։ Թեպետ մշտապես մարդը մեկ ոտքով հակված է դեպի անդունդը, սակայն երբեք-երբեք չի հանձնվելու նրան, «Քանզի մեր մի ձեռքը սիրո հավատարմությամբ // Ձուլել ենք արևի ճառագայթին, // Իսկ մյուս ձեռքով շոյում ենք // քրտնած ճակատների հոգսը հավերժական»։

Տողերի ռիթմը՝ հաստատուն, վստահ, տոկուն, իսկ գործը կառուցված է ներքին հակադրամիասնությունների՝ ասես թերթվող պատարագի ներդաշնակության սկզբունքով։ «Աշխարհը բարձրանում է իր թաթերի վրա, // Պարանոցը երկարում է առաջ, // Որ տեսնի վերջին մարգարեին…»։ Չկա տխրություն, թախիծ, ժամանակը իր տեղն է գցում ամեն ինչ, և մարդը սպասում է գեղեցիկ-տխուր աչքերով, հոգնատանջ դեմքով, հասակը կարճ… Վերջին մարգարեին։ Իսկ գրողի նպատակը՝ «…իմ խորաններում // Իմ մոլորված հարյուր աստվածների // Իմ մարդ-աստվածային մկրտությունն անել»։

Եվ վերջապես խոսքը գնում է դեպի մասնավորը. այժմ արդեն երևում է հայրենիքը՝ հոգևոր խոշորացույցի տակ։ «Ծաղկում է Հայաստանի հողը սալահատակ, // Թախիծը ծաղկում է ուղղակի ձեռքերիդ մեջ՝ // Երբ քարերի ճեղքից մի բուռ հող ես հանում.- // Եվ դու, երջանկության համար խելագարված, // Ծաղկում ես գլխիվայր, դեպի խո՜րքը, խո՜րքը, // Ախր ո՞ւր ես ծաղկում, դեպի ո՞ւր ես ծաղկում…»։

Որպես ամփոփում. ի վերջո, ըստ բանաստեղծի, ի՞նչ է հարկավոր Մարդուն մեծ՝ համամարդկային հաշվով. «Մարդավայել մի մեծ կռվից հետո // Վերջացներ պայքարն ինքը իր մեջ… // Եվ կռիվ տար ոչ թե ընդդե՜մ, ընդդե՜մ, ընդդե՜մ, // Այլ լոկ // Հանո՜ւն, // Հանո՜ւն, // Հանո՜ւն ուրիշների»։ Մարդուց մինչև Մարդը կատարյալ, մինչև Տիեզերք՝ տառապանքով, ինքնաճանաչումի, ինքնամաքրման, ներքին պայքարի թավ գծվող ուղին է՝ ի վերջո Տեր Ճշմարտության ու Լույսի հաղթանակով պսակված։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։