ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է, արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ
ՀՐԱՉՅԱ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ԻՄ ԸՆԿԵՐ ՀՐԱՉԸ
Վերնագիրը ծնվեց հենց այն պահին, երբ համակարգչիս մեջ հոբելյարին նվիրված խոսքիս համար բացեցի նոր էջը. այդպես միշտ չէ, որ պատահում է, եղել է՝ օրեր են անցել գրվածքիս (լինի պատմվածք կամ հոդված), մինչև վերնագիրը «եկել» է: Իսկ հիմա… գրեցի վերնագիրն ու ինքս ինձ ասացի՝ բա էլ ինչպե՞ս, դու չե՞ս, որ Հրաչի հերթական հրապարակախոսական հոդվածը կամ պատմվածքը ստանալուց հետո զանգում ես խմբագրի կարգավիճակով ու րոպեներ անց մոռանալով այդ մասին՝ առնվազն կես ժամ խոսում, պատմում ես, լսում ես նրան, կիսում մտածումներդ նրա հետ ու հեռախոսն անջատելուց հետո զգում՝ օրդ իզուր չանցավ: Այսքանից հետո ասեմ, որ Հրաչ Բեգլարյանին մեկ անգամ եմ հանդիպել՝ 2022-ի ապրիլին, Պատանի հանդիսատեսի թատրոնում ներկայացվում էր նրա «Վերջին գահը» պիեսը, եկել էր հեղինակի լիիրավ իրավունքով պրեմիերային: Իսկ մինչև այդ տարիներն են մեր գրական ու մարդկային բարեկամության միջնորդը եղել, սկիզբը 2001-ն էր, «Գրական թերթը», իսկ երբ Հրաչը որոշեց պիես գրել, «Դրամատուրգիա» հանդեսն ու tatron-drama.am կայքն էլ գտան նոր հեղինակի՝ իր ուրույն խոսքով ու խաղով, աշխարհայացքով ու արժեհամակարգային ի՛ր չափանիշներով: Եթե մի բառով բնորոշեմ Հրաչ Բեգլարյանին, պիտի ընտրեմ «պարկեշտ» ածականը: Որ տաղանդավոր արձակագիր է, սկզբունքային հրապարակախոս, մանկան հոգին վերծանող հրաշալի մանկագիր, կերպարներ ստեղծող հմուտ դրամատուրգ, պրպտուն միտք ունեցող գիտնական, աներկբա է, բայց այդ ամենը ողորկվում, անկրկնելի արժեք է ստանում բեգլարյանական պարկեշտությամբ:
Հոբելյանը ևս մեկ առիթ է՝ գնահատելու, արժևորելու անցած գրական ուղիդ: Քառորդ դար տևողության մեր համագործակցությունը, որն աննկատ վերածվեց համախոհների ընկերության, ինձ իրավունք է տալիս ասել՝ մեր գրական համայնքում դու ունես քո՛ ուրույն տեղն ու անուրանալի վաստակը: Իսկ ես շարունակեմ սպասել քո հերթական հոդվածին, պատմվածքին, վեպին ու պիեսին՝ ի սկզբանե համոզված, որ մեկ անգամ ու նորից պիտի բացահայտեմ հրաշալի գրող, իմ լավ ընկեր Հրաչ Բեգլարյանին:
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
Սիրելի Հրաչ, իմ լավ բարեկամ, Ձեր յոթանասուն տարիների ստեղծագործական կյանքի ճանապարհը պարզապես թվերի շղթա չէ, այլ՝ մտածված ու վերապրած ճակատագրերի մի ամբողջ աշխարհ։ Ձեր գրիչը շնչում է, շարժվում, իսկ բեմում դառնում է կենդանի մարդու ճակատագիր։ Դրա վառ ապացույցներից մեկը հանդիսատեսի սերը վայելող, արդեն 9 տարեկան «Արծվաբույն» հերոսապատումն է, որը մինչ օրս լեփ-լեցուն, հուզառատ դահլիճներով ընդունվում է հանդիսատեսի կողմից։ Սա Ձեր խորը խմորումների և հույզերի արգասիքն է։ Դուք հաճախ եք հումորով կրկնում, թե այդ պիեսը գրելու ժամանակ, որպես բեմադրիչ՝ Ձեզ շատ եմ տանջել։ Բայց ուզում եմ միշտ հիշել և ընդգծել, թե որքան նրբանկատ, որքան պատրաստակամ, առանց գրողների մեծ մասին հատուկ այլևայլ սեթևեթանքների ու կամակորությունների և որքան համբերատար ու ազնիվ էիք ողջ ստեղծագործական ընթացքում։
Ազնիվ, խորը և անսահման բարի Հրաչ Բեգլարյան, Ձեզ հետ միասին հղացան մեծ նվիրումով գրված «Սեպը» դրաման, հետո «Վերջին գահը» պատմական դրաման, որի անդրանիկ ցուցադրությունը բախտ վիճակվեց ԵԹԿՊԻ-ի իմ ղեկավարած դերասնական կուրսի ավարտական շրջանում։ Ձեր գիրը կենդանի է, տաք, մարդկային, անկեղծ և, կարևորը, լավատես ու լուսավոր։
Հետադարձ հայացք գցելով՝ ուզում եմ ասել, որ Ձեր հոբելյանական օրը պարզապես առիթ չէ․ այն նոր սկիզբ է՝ նոր մտքերի, նոր թատերգությունների, նոր ասելիքի։ Ձեր փորձառությունը, խորությունը և ստեղծագործական անկեղծությունը շարունակում են ներշնչել և հուզել ընթերցողին՝ դառնալով ուղենիշ նրանց համար, ովքեր ընտրում են արվեստի դժվար, բայց լուսավոր ճանապարհը։
Ուզում եմ միշտ լսել, որ Ձեր անխոնջ, անդադար ստեղծագործական մղումով ու գաղափարներով նոր գրքի կամ նոր պիեսի վրա եք աշխատում, որտեղ խոսում եք մարդու մասին, նրա ներքին պայքարի, արժանապատվության, սիրո և կորստի մասին, նրա լռության։ Եվ առհասարակ, Ձեր ստեղծագործություններն ընթերցելիս, մարդ ակամա բարիանում է։
Մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական անսպառ ուժ և երկար տարիների բեղմնավոր աշխատանք։ Թող Ձեր անունը շարունակի հնչել որպես ճշմարիտ արվեստի խորհրդանիշ։
Խոնարհումով՝ Ձեր արվեստը գնահատող՝ ռեժիսոր Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Եվ ինչպես Դուք եք ասում՝ ո՛ղջ լեր։
