ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է
արձակագիր, բանաստեղծ
ՖՈԼԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
ծննդյան 80-ամյակի
առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
Ինքս ինձ հետ…
Երգը
Մի երգի վրա ես տառապեցի
Քաղցր տանջանքով
մինչև լուսաբաց…
Իսկ առավոտյան
մոտիկ մի ընկեր՝
Լավ ու սրտաբաց,
երբ երգս կարդաց,
Ասաց զարմացած.
-Ահա, թե ինչու դարձել
ես այսօր
Ավելի դալուկ, ավելի դողդոջ,
Լավ երգ գրելիս
դու նմանվում ես
Ծննդատնից դուրս եկող կնոջ…
Կանանց
Դուք՝ մայր, դուք՝ քույր,
դուք՝ սիրած,
Այս մարդկային աշխարհում
Դուք և՛ մարդ եք, և՛ աստված:
Ա՛խ, ձեր մասին, ձեր մասին
Այնքան երգեր են ասված…
Դուք, պարզապես, տիեզերք,
Դուք՝ աստծո ստեղծած,
Որ ձեզ մի օր ստեղծեց,
Ինքն էլ մնաց զարմացած:
Մորս
Միայն դո՛ւ ինձ սիրեցիր,
Միայն դո՛ւ ինձ հասկացար,
Դու, որ աշխարհ ինձ բերիր,
Ինձնով դու քեզ մոռացար:
Հիմա գնամ ո՞ւմ պատմեմ
Անպատմել ցավ, մա՛յր,
Երբ քո ցավերն է պատմում
Մի մամռակալ շիրմաքար…
Հնձած արտը
Հնձած արտը նիրհել է լուռ,
Չի սվսվում էլ զեփյուռից,
Չկա, սակայն, սրտում մրմուռ՝
Քաղված, տարված
իր հասկերից:
Չէ՛, հասկերը մարդը տարավ՝
Հեզ մշակը բերրի արտի,
Արտի սրտում չկա էլ ցավ,
Մարեց պարտքը հպարտ սրտի:
…Երնեկ ես էլ այս արտի պես
Մարդկանց տայի երգեր ու ասք,
Շռայլեի բերքերս այնպես,
Որ չմնար ինձ ոչ մի հասկ:
Եկեք
Դուք, իմ գյուղից հեռու ապրող
Լա՛վ մարդիկ,
Թե ձեզ մի օր նեղացնի
Ինչ-որ մեկը նենգամիտ,
Եկեք տանեմ գագաթները
Իմ զովասուն սարերի:
Կզրուցեք, կուրախանաք
Սարվորի հետ սրտաբաց,
Հետո կուզեք հյուր մնացեք,
Կուզեք՝ նորից իջեք ցած:
Սարում ապրող իմ այս մարդիկ,
Միշտ անկեղծ են ու բարի,
Նրանց սրտից ձեր սրտերի
Ցավը, անշուշտ, կմարի,
Կհամոզվեք, որ աշխարհում
Դեռ մարդիկ կան անթերի:
***
Մեկս մեկից մի բան ավել,
Մեկս մեկից մի բան պակաս,
Ում ինչ բախտ է
վերուստ տրվել,
Ի՞նչ իմանաս, ի՞նչ իմանաս:
Բայց ավելից մի բան առնում
Ու պակասին մի բան տալիս,
Կարծես ճիշտ է տնօրինում
Բնությունը բախտ խաղալիս:
Խոհ ծննդյան օրվա
Ծերացել եմ, բարեկամնե՛ր,
Արդեն ծերին եմ հասել,
Ախր ես ո՞նց թողնեմ, գնամ,
Վերջին խոսքս չեմ ասել:
Ինձ անծանոթ
լավ մարդիկ կան
Աշխարհի չորս կողմերում,
Որոնց հետ դեռ հանդիպումի
Մի կում գինի չեմ թասել:
Տատի դարձած իմ սիրածը
Տանս հոգսերն է ուսել,
Բայց ես նրան մինչև հիմա
«Քեզ սիրում եմ» չեմ ասել:
Ուր նայում եմ՝
այս աշխարհում,
Չարությունն է շատացել,
Զարմանում եմ, թե ինչո՞ւ է
Բարությունը պակասել:
Թշնամիներ ունեմ պես-պես,
Սիրում են ինձ բամբասել,
Պետք է նրանց դարձի բերել
Եվ բարությամբ հակասել:
Տարիներն իմ ճակատին
Նոր ցելեր են ակոսել,
Նորոգում են վերջին հույսով
Մի խափանված կարուսել:
Ծերացել եմ, բարեկամնե՛ր,
Արդեն ծերին եմ հասել,
Ո՞վ ինձ կասի՝ ինձ տրվածից
Դեռ ինչքա՞ն է մնացել…
ՄԻ ՍԻՐՏ Է ԲԱԲԱԽՈՒՄ ՔԱՐԱԳԼԽԻՆ
Մեր լեռնաշխարհի խոլական ծերպերին կռթնած Վայոց ձորի Քարագլուխ գյուղում է ծնվել ուսուցիչ ու հայրենի բնության երգիչ Ֆոլիկ Հակոբյանը:
Հարազատ բնության ու մանուկների նկատմամբ ունեցած սերը նրան կախարդել, կապել է հայրենի գյուղին, նրա դպրոցին: Ունկնդրենք նրա բանաստեղծական ձայնը, որը, կարծում ենք, ավելի պերճախոս կբնորոշի իրեն՝ բնապաշտ-ուսուցչին:
Ոչխարներն իմ անմեղ
Քշեմ սարերը ծանոթ,
Կարոտել են ինձ այնտեղ
Վայրի ծաղիկ, կանաչ խոտ:
Նրա սիրտը տագնապ է ապրում հայրենի վայրերից հեռանալու մտքից անգամ, եթե նույնիսկ որպես աստղագնաց վերադառնա Երկիր, պիտի գոչի.
Թողեք գրկեմ հողը թաց,
Դառնամ նորից հողահամ,
Չպատահի, որ հանկարծ
Հողի լեզուն մոռանամ…
Ամենանվիրականը նրա համար հայրենի գյուղն է՝ թեկուզ փոքր, թեկուզ աննշան.
Թեև եղել եմ քաղաքներում մեծ,
Նրանց շառաչուն հևքով եմ արբել,
Բայց ինչ թաքցնեմ, ասում եմ անկեղծ,
Ինձ քո զովաշունչ սարերն են կանչել:
Ահա ամենաանկեղծ ու անապական այն զգացմունքները, որոնք հունդ առ հունդ ամեն օր գցում է նա երեխաների մատաղ հոգիների մեջ՝ համոզված լինելով, որ դրանք աճելով կտան իրենց արգասավոր պտուղը, նրանց կդարձնեն մարդասեր.
Թե ուզում եք ձեր աչքերում
Մարդիկ բարին տեսնեն սրտանց,
Մի՛ մոռացեք այս աշխարհում
Մոր աչքերով նայել մարդկանց:
Սերը, կյանքը, լեռները, աշխարհը, մարդիկ ստիպում են, որ պոետը երգ գրի, թղթին հանձնի իր մտորումները: Բայց հեշտությամբ չեն ծնվում այդ գողտրիկ երգերը: Դրանք հաճախ ներքին տառապանքի, ծանր երկունքի արդյունք են: Ամեն մի նոր երգ նրա մոտ ծնվում է նոր զգացմունքների ու նոր հույզերի խառնարանում: Նա հրամայում է իրեն.
Խի՛ղճ իմ, խի՛ղճ իմ,
Մնա՛ այսպես՝
Քո կոչումին հավատարիմ:
Սրտիս շեմին այնպես հսկիր,
Որ փոքրոգի խոհերն օտար
Ներս չխուժեն՝ անանցագիր:
Ինչ լավ է, որ Քարագլխին կեցած բաբախում է իսկական ուսուցիչ-բանաստեղծի՝ Ֆոլիկ Հակոբյանի ջերմ սիրտը:
Բաբկեն ՇԱՀՈՒՄՅԱՆ
«Սովետական դպրոց», 1979 թ.
***
Քարագլխի քարը տաշեց, գիրք դարձրեց Ֆոլիկը,
Դղյակն ի՞նչ է, փայփայում է պապենական հոլիկը:
Եվ ղողանջեց քարերն ի վար՝ աղբյուրների պես զանգակ,
Հյուսեց երգեր՝ պարզ ու վարար, քարափների շուքի տակ:
Մե՛կ սիրո մեջ, մե՛կ դարդի մեջ, ո՞ւր է գնում Ֆոլիկը,
Արևոտ ու կայծակնոտ է, լավ ընկեր է Ֆոլիկը:
Արթուր ԲՈՒՆԻԱԹՅԱՆ
«Վայոց Ձոր» թերթի խմբագիր, 1995 թ.
***
…Լույս է տեսել ուսուցիչ, բանաստեղծ Ֆոլիկ Հակոբյանի «Քարագլխի ղողանջներ» բանաստեղծությունների ժողովածուն, որը հեղինակը նվիրել է ծննդավայրի՝ Քարագլուխ գյուղի դպրոցի հիմնադրման 100-ամյակին: Ֆ. Հակոբյանի ներշնչանքների առանցքում հիմնականում հայրենի գյուղի բնապատկերներն են, ընդհանրապես գյուղական իդիլիան: Ժողովածուում տեղ գտած բանաստեղծությունները սրտաբուխ ձոն են մարդուն, ազնիվ աշխատանքին, մորը, սիրուն, մեր ժողովրդի անվանի զավակներին:
«Կրթություն», 1998 թ.
***
…Մենք անցյալը հիշում ենք՝ նրա հիմքի վրա ապագայի համար պայքարելու նպատակով: Իսկ անցյալն առաջին հերթին մարդիկ են: Այս առումով խիստ շնորհակալ գործ է կատարել իմ երբեմնի ուսանողական տարիների դասընկեր Ֆոլիկ Հակոբյանը՝ ստեղծելով «Լուսապսակ» գիրք-ակնարկաշարը Վայոց ձոր աշխարհի երևելի ուսուցիչների մասին: Շնորհակալություն Ֆոլիկ Հակոբյանին, որ իրական փաստերի հիման վրա, գեղարվեստորեն մեծարում է կրթության բնագավառի մեծերին:
Ֆրիդրիխ ԽԼՂԱԹՅԱՆ
Վ. Բրյուսովի անվան պետ. համալսարանի
հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, 2007թ.
***
Ֆ. Հակոբյանի «Ծննդավայր Քարագլուխ» գիրքը, որը նրա երկար տարիների մեղվաջան պրպտումների արդյունքն է, դուրս է գալիս մեկ գյուղի՝ որդիական սիրով ու ջանքով գրված պատմության շրջանակներից և սահուն կերպով ձուլվում մեր ժողովրդի պատմության կարևորագույն դրվագների ընդհանուր համայնապատկերին: Ընթերցողին մատուցվում են պատմական տարբեր աղբյուրներից փաստարկված բախտորոշ իրադարձություններ: Տարեգրությունը համեմվում է գեղարվեստական մատչելի անդրադարձներով, բանահավաքական չափածո նմուշներով: Գիրքն աներկբայորեն ունի հայրենասիրական, դաստիարակչական մեծ ներուժ:
Ջանի ԱՍԼԱՆՅԱՆ
Վաստակավոր լրագրող, արձակագիր, 2013 թ.