ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծուհի, արձակագիր, գրականագետ Կարինե Ռաֆայելյանին հոբելյանի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Երեք օր առաջ վատ երազ է տեսած եղել Ելենը: Լեզուն կապ ընկած՝ մտել է կողքի հարևանուհու՝ դասախոս Արաքսյա Սուրենովնայի տուն ու պատմել.
– Տեսածս կենդանին ո՛չ մուկ էր, ո՛չ կռիս, բայց դրանց շատ նման մի բան էր: Ես երեխուս ծնեցի, տղա էր, ուզեցի՝ գրկեմ, էդ կրծող անասունը թռավ վրաս, ատամները խրեց կոկորդս: Սառը քրտինքի մեջ արթնացա, վախեցած կողքերս նայեցի, մտածում էի՝ տանս մեջ ա էդ անտերը…
Արաքսյա Սուրենովնայից խնդրել էր իր գրքերը բերել, որ կենդանիների նկարները նայի, իմանա տեսած կենդանու անունը, գնա Վարսիկի մոտ՝ նրա երազահանով պարզի տեսածի իմաստը:
Արաքսյա Սուրենովնան բերել-շարել էր ունեցած պատկերագրքերը: Ելենը գտել էր երազի հրեշին:
– Tуш-кан-чик,- վանկ-վանկ կարդացել էր անծանոթ կենդանու անծանոթ անունը ռուսերեն գրքում, հետո անօգնական նայել գիտնական կնոջը:
– Սրա անունը Վարսիկի երազահանում կլինի՞,- թոնթորացել էր,- էդ երազահանը հարյուր տարի առաջ Վարսիկի պապն ա առել կնկա համար Թուրքիայի եսիմ որ ջհանդամից, դրա մեջ ռուսերեն բառեր չկան:
– Արևմտյան Հայաստանի՛ց, աղջի՛կ: Էդ խելքով էլ երեխա պիտի դաստիարակես,- զայրացել էր Արաքսյա Սուրենովնան:
Հետո դժկամորեն գրապահարանից հանել էր ռուս-հայերեն հաստափոր բառարանը:
– Վարսիկին կասես՝ երազում ջերբոա ես տեսել: Հիշի՛ր՝ ջերբոա: Թեև չեմ հասկանում, թե էդ անգրագետ կինը ոնց է կարդում հնատիպ երազահանը:
Ելենը թուղթ ու գրիչ էր ուզել, կենդանու հայերեն ու ռուսերեն անունները գրել վրան, վազել Վարսիկի ծակուռը:
Վարսիկը բախտ բացող էր, թաղի, անգամ քաղաքի մարգարեն, էքստրասենսը, մի խոսքով՝ Կաշպիրովսկին: Նրա տան դռներին հերթ կանգնողները երբեմն գիշերում էին հենց փողոցում՝ շեմի մոտ փռված խսիրների վրա, լավագույն դեպքում՝ իրենց այդտեղ բերած ավտոմեքենաների մեջ: Վարսիկի մոտ ընկնելը նախապաշարված այդ ամբոխի համար բաղձանք էր, Աստծու պարգև: Իսկ ամբոխը բազմազան էր. տանը մնացած աղջիկներ, անբուժելի հիվանդներ, սկեսուրներից հալածված հարսներ, ամուսիններից դավաճանված կանայք, չար աչքից տուժած անհաջողակներ, թուղթուգրի զոհեր և այլն, և այլն:
Թաղում մի քանի հոգի արտոնյալ էին, նրանք կարող էին մտնել Վարսիկի տուն ցանկացած պահի, ցանկացած օրակարգով: Մեկն Աիդան էր: Սա, բնավորությանը համաձայն, դեսից-դենից շաղակրատում էր Վարսիկի դռանը հավաքվածների հետ, ապա բակի կողմից աննկատ սողոսկում նրա սենյակ ու հաղորդում կորզած տեղեկությունները:
– Ձեր մեջ Անոն ո՞վ ա, հիվանդ էրեխա ունի,- դեմքին կատարյալ անմեղություն նկարած՝ իր խցից ձայն էր տալիս պայծառատեսը:
Ու Անոն քիչ էր մնում ուշաթափվեր իրեն վիճակված բախտավորությունից:
Աիդայի թեթև ձեռքով Ելենը դարձավ Վարսիկի մշտական հաճախորդը: Նրա դարդերը շատ էին ու բազմաբովանդակ: Աիդան, որպես իրազեկ տեղեկատու, լավ գիտեր, թե կյանքի որ փուլում ինչ փորացավ ունի Ելենը: Թաղում հայտնվելու առաջին տարիներին չբերությունն էր սրա դժբախտությունը: Ինչ թույն ու թարախ ասես չլցրեց փորը՝ Վարսիկի ձեռամբ պատրաստված: Էն ժամանակ, երբ նա ու Մարոն ընկերուհիներ էին, Մարոն հաճախ կատակում էր.
– Դու Ռուբենի հետ քնո՞ւմ ես, թե՞ մենակ Վարսիկի սարքած անմահական ջրերի հույսին ես: Խելքի՛ արի, էդ վհուկի պատճառով մի ցավի տեր կդառնաս:
Ելենը կոտրված ժպտում էր ու մաղձոտում. ոմանք ընդամենը քնում են իրենց ամուսինների կողքին ու առավոտյան հղի արթնանում, իսկ ինքը տապակվում է սեփական յուղի մեջ ու դեռ ծաղրվում:
Որոշ ժամանակ անց Ելենի ուզածը Ռուբենին թուղթուգրերով կալել-կապելն էր. իր երկարամյա չբերությունը խթանել էր ամուսնու սերը ռուսաստաններում ծնված «բճի» հանդեպ: Ռուբենն սկսել էր արձակուրդներին որդու մոտ գնալ, հաճախակի ծանրոցներ ուղարկել:
Ավելի ուշ Ելենն անցավ նոր մարտավարության: Մարոյի հեգնանքը, Գևորգի փողոտ գործը, նրանց առողջ, սիրուն երեխան՝ Գարոն, խոցի պես կրծում էին Ելենի հոգին: Ու ինքն էլ չիմացավ, թե ինչպես ձեռնարկեց և սկսեց քայլ առ քայլ գլուխ բերել իր վտանգավոր խաղը:
Ռուբենն արդեն անկողնային հիվանդ էր, որ սա մտքին դրածի մասին խոսել էր իր անձնական օգտագործման ամենափրկիչը դարձած Վարսիկի հետ:
– Թուղթուգիր կանե՞ս: Ուզում եմ տղամարդուս փոխեմ: Երևի ուրիշից հղիանամ,- ասել էր՝ առանց ձևականությունների:
Վարսիկն ուզել էր էդ ուրիշի նկարն ու կարկամել…
Աիդան հենց սկզբից էր իմացել Գևորգի ու Ելենի մասին, բայց Մարոյին բան չէր ասել: Հաշվարկել էր Ելենից ստացվող իր ու Վարսիկի եկամուտը, գցել-բռնել-եզրակացրել. «Թող ինձնից դուրս չգա, մեկ ա՝ գողի ու բոզի ճամփեն քառասուն օր ա»:
Երազ տեսած օրը Ելենը մտել էր Վարսիկի սենյակ՝ ձեռքին Արաքսյա Սուրենովնայի տանը գրած թղթի կտորը: Վարսիկը յոթ տակ փաթաթանները բացել, հանել էր սևացած, քրքրված կազմով գիրքը: Ամեն անգամվա պես, միայն իրեն հայտնի հունարով, կարդացել էր ջերբոայի մասին գրվածը. «Եթե տղամարդը երազում ջերբոա տեսնի, հարստության նշան է, ջերբոան ցույց է տալիս բարիքի չափը, որը գալու է, ու տեսանողը վայելելու է այն երջանիկ և հանգիստ՝ Ամենակարող Աստծո հրամանով»:
Գիրքը փակել էր, աչքերը հառել կիսամութ սենյակի առաստաղին, ձայնին խորհրդավորություն հաղորդել ու մեկնաբանել.
– Էդ երազը դու չես տեսել, փորիդ միջի տղեն ա տեսել: Երազն ասում ա, որ տղեդ շատ հարուստ մարդ կդառնա: Ջերբոան նրա համար ա հայտնվել:
Ելենը շռայլ վարձատրել էր Վարսիկին ու խաղաղված հեռացել:
Երեկոյան Վարսիկն Աիդային խոստովանել էր, որ երազահանում գրվածը Ելենի համար լրիվ չի կարդացել, մեղքը եկել է:
Աիդան, որ անգիր էր արել երազի մեկնաբանության թաքցրած հատվածը, բառ առ բառ հաղորդել էր թաղի հետաքրքրասերներին, ու բոլորը լսածից սահմռկել էին: «Ջերբոայի երազը,- գրված էր եղել Վարսիկի երազահանում,- տեսանողի համար նախազգուշական երազներից է: Երազում ջերբոան կարող է վերաբերել մի կնոջ, որը մարդկանց միջև շատ վեճեր և բախումներ է առաջացնում, և, հետևաբար, նա պետք է դադարեցնի այդ տգեղ արարքը, խուսափի ավելի մեծ մեղքեր գործելուց: Երբեմն երազի մեջ ջերբոան խորհրդանշում է ատելություն և չարություն, որոնք առկա են տեսանողների սրտերում: Դա կարող է նշանակել, որ տեսանողը բռնել է անհնազանդության, մեղքերի ճանապարհը: Անհրաժեշտ է, որքան հնարավոր է շուտ, ետ կանգնել այդ ճանապարհից, որպեսզի ժամանակը չանցնի և չանցնի։ Նա պատասխանատվություն է կրում իր ամոթալի արարքների համար: Աստված ամեն ինչ տեսնում է»:
– Բա հիմի ի՞նչ կլինի էդ բոզի հետ, կարող ա՞ վիժի,- շտապօգնությունով Ելենին տանելուց հետո հարցրել էր Աիդան Վարսիկին:
– Չէ՛, էրեխուն բան չի լինի, բայց ինքը… Ինչ Աստված կուզի, էն էլ կլինի:
Էս բանդագուշանքի մանրամասները, որ ամենայն խորհրդավորությամբ ներկայացրեց Աիդան, չհասան Մարոյի գիտակցությանը: Նրա միտքը մի բանի վրա էր կենտրոնացած. Ելենի ու Գևորգի երեխան ողջ է, բոլորից մերժված-նետված է ծննդատան կեղտոտ լաթերի մեջ, անպաշտպան ճչում, մորն է փնտրում: Անառա՛կ մորը: Ինքը կարո՞ղ է խուլ լինել, ականջները փակել էդ ճիչի առաջ, պատժել նրան՝ իր տունը քանդած մոր ու իրեն ստորացրած հոր վրեժը լուծելով:
– Մարո, ասածներս լսում ե՞ս, թե՞ ինձուինձ եմ խոսում, ա՛յ կնիկ,- Մարոյի բացակա ներկայությունից վրդովվեց Աիդան:- Տնաշե՛ն, ոնց որ էս աշխարհից չլինես: Նույնիսկ էն ինտելիգենտ Արաքսյա Սուրենովնան չէր դիմանում. քո պատճառով Ելենին քանի՜ անգամ ա չորել: «Ինչ բարձր գիտակցության տեր կին է Մարոն,- ասում էր,- մի օր ձայն չհանեց, էժան տեսարաններ չսարքեց, Ելենի հետ հաշիվներ չպարզեց, ինչպես դավաճանված ուրիշ կանայք: Լռությամբ ու արժանապատվությամբ արհամարհեց էդ ստոր արարածի ու իր տխմար ամուսնու անբարոյականությունը»:
– Աիդա, ես բարձր գիտակցության տեր կին չեմ, է՛շ եմ, է՛շ,- ճչաց Մարոն:
– Էստեղ հետդ համաձայն եմ: Բարձր գիտակցությունս ո՞րն ա: Տունդ քանդվում ա, դու՝ սո՜ւս, գրադարանումդ գիրք ես դասավորում: Հիմի ինձ լսի, տանդ բարձերը մի լավ թափ կտաս: Ինչ թուղթուգիր ասես լցրել ա դրանց մեջ էդ սատկածը: Վարսիկն ասում էր՝ քո վրա էլ, Գևորգի վրա էլ, էրեխուդ վրա էլ լիքը թուղթուգիր կա: Մինչև դրանք չքանդվեն, օր ու արև չեք տեսնի: Ասում էր՝ Մարոն թող գա մոտս, քանդեմ, ինձնից լավ իմ արածը ոչ մեկը չի քանդի: Կուզե՞ս՝ ասեմ քեզ առանց հերթի ընդունի:
– Որտե՞ղ է ծննդաբերել,- Աիդային ընդհատեց Մարոն:
– Եսի՞մ: Շտապօգնությունով ո՞ւր պիտի տարած լինեն: Երևի Արեշի ծննդատուն:
– Երեխան հաստա՞տ ողջ է:
– Հա՛, էդպես են ասում: Բայց դե, անտեր մնացած էրեխեն երկար կապրի՞: Աստծու ձեռքին ա ամեն բան. կարող ա մեկնումեկը որդեգրի: Էնքա՜ն չբեր կնանիք կան:
– Ու էնքա՜ն հրեշավոր արարածներ… Առողջ նորածիններին տանում, մասնատում, օրգաններն իրենց հիվանդ հարազատներին են պատվաստում,- ոչ թե Աիդայի, այլ ինքն իր համար խոսեց Մարոն:
– Քամին մեռավ ցրտից: Ելենի բճի դարդը քեզ են տվել:
– Ների՛ր, ես գնալու տեղ ունեմ: Գարոն բակում խաղում է, մեկ-մեկ աչք գցիր, մինչև կվերադառնամ:
– Ես՝ քո համար, դո՞ւ՝ ում համար,- փնչացրեց Աիդան՝ վիրավորված, որ Մարոն ոչ միայն չէր հետաքրքրվել իր պատմածներով, այլև իրեն տանից դուրս էր հանում՝ թե գնալու տեղ ունի:
*Հատված անտիպ վիպակից