Տիգրան Գամաղելյան – 80

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ, լրագրող Տիգրան Գամաղելյանին ծննդյան 80-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

Պոեզիան հեղինակին համարժեք

Ո՞վ կարող է ավելի լավ բնութագրել պոետին, քան նրա իսկ բանաստեղծությունները, որոնցում արտացոլվում են հեղինակի հոգեկերտվածքը, ներաշխարհն ու մտածելակերպը: Չափորոշիչներ, որոնք պատկերացում են տալիս ստեղծագործողի մասին, հաղորդակից դարձնում նրա էությանն ու խառնվածքին: Ու եթե ստեղծագործողի ասելիքը գրվածքներում կամ արվեստի այլ տեսակներում մատուցվում է մասնագիտական վարպետությամբ, հեղինակը միանշանակ արժանանում է ընթերցողի, ունկնդրի կամ դիտողի ուշադրությանը և համապատասխան գնահատականին:
Տիգրան Գամաղելյանի ստեղծագործությունն այս առումով ուշագրավ է և առինքնող. ներառում է խոհափիլիսոփայություն, մարդապեղություն, սիրո ու լույսի պանծացում: Ժողովածուներից մեկի վերնագիրը՝ «Երկունք լույսի», թերևս բնորոշ է նաև նրա մյուս գործերին: Նրա բոլոր գրվածքների առաջին պլանում են լույսին ընդառաջ գնալը, ընդհանրացված ինքնախոկումները, և նույնքան ցայտուն է բնապաշտությունը: Բնությունը բանաստեղծի մշտական ուղեկիցն է ու պատկերավոր մտածողության աղբյուրը, բնության ու տիեզերքի նկարիչը Արարիչն է՝ «Տիրոջ վրձնի դեմ անգամ Դավինչին թվում է չնչին…»: Զի Տիրոջ նկարչակալին ամբողջ տիեզերքի կտավն է՝ Հայաստան դրախտավայրով, իհարկե: Ուստի՝ բնությունը Գամաղելյանի տարերքն է, մեծարման առարկան, պարգևը, որով մարդը ձևավորվում, լիարժեք է դառնում: Այս մոտեցումն է գերիշխում նրա բոլոր երկերում՝ «Երգեհոն» առաջին գրքույկից մինչև վերջինը հրատարակված «Գլորիա» ժողովածուն: Բնապաշտությանն ի հավելում՝ գաղափարական և պատկերավոր ընդհանրացումներն ավելի տպավորիչ են դարձնում հեղինակի ասելիքն ու ընթերցողին մղում սեփական ինքնության անթաքույց որոնումների: Այդպիսով, նրա գրվածքներից հույզերը, թախիծն ու պանծացումը, փոխանցվում են ընթերցողին՝ դառնալով նրա ինքնագտնումը:
Գրողի համար միախառնված ցավն ու պանծացումը պայմանավորված են պատմության քառուղիներում իր ժողովրդի, իր երկրի վերելքով ու վայրէջքով: Ու ինչպես ինքն է ասում՝ «Եթե դու չես եղել մեր եկեղեցու գմբեթի խաչակիրը, եթե մեր հինգ հազարամյա պատմության դասագիրքը չես դրել աշխարհի յոթ միլիարդանոց ընթերցողի առաջ, ուրեմն դու այն հայը չես, որին կերկրպագեմ»: Եվ շտապում է համակողմանի և հնարավորինս ամբողջական ներկայանալ հանրությանը.
Ինձ ողջ էությամբ տեսնելու համար//Պետք է ինձ նայեք երկնի բացերից,//Եվ այդ նայողը առաջին հերթին//Դո՛ւ եղիր, Տեր իմ…
Հաճախ է Գամաղելյանը ապավինում Տիրոջ ամենատեսությանը, անգամ ձգտում է մուտք գործել Երկնային սենատ ու ներկայացնել հայ ազգին պատճառված ցավն ու անարդարությունները: Մի ուրիշ տեղ ինքնաքննադատություն ու ինքնապահանջ է հնչում՝ «Եթե չեմ արել ժողովրդաշահ գործեր, ուրեմն անիմաստ է եղել իմ աշխարհամարտը»: Տիգրան Գամաղելյանի պոեզիան, իհարկե, բավարար ու տեղին աշխարհամարտ է:
Հեղինակը մտահայեցմամբ, պրպտելով, ինքնաբացահայտվելով, տեղ-տեղ երազելով՝ ամեն անգամ աշխարհը նորովի է տեսնում, ամենախորը տառապանքի միջից անգամ հույս ճառագեցնում, նավարկում դեպի լույսը և չի շփանում ոչ մի վայելքից: Լույսն է պոետի հոգու կանչը, տառապանքի ճիչը, ազնվագույնին ձգտումը և դեպի հավերժություն տանող ուղին: Նրա պոեզիայում ցավից ծնված խոսք ու այդ ցավից ազատագրվելու շա՜տ մեծ ձգտում կա, նրա սերն ու կարոտը, հույսն ու հուսահատությունը, պարտքն ու պահանջը աղոթք են: Նրա փիլիսոփայությունը հունցվում է ոգեղենությամբ ու մատուցվում թեթև: Ժողովածուների վերնագրերն անգամ մեղեդային են. «Երգեհոն», «Ստեղնաշար», «Առագաստն իմ մեջ», «Երկունք լույսի», «Խոյակներ ինձնից» և այլն:
Վերջերս լույս տեսած «Գլորիա» ժողովածուն ընթերցելիս աստիճանաբար տեսնում ենք, թե ինչպես է ծնվում, հասունանում ու հնչում հոգու մեղեդին («Մա՛յր, փռի՛ր ձեռքերդ աշխարհի վրա»): Եվ ավարտ չկա, դադար չկա, նա գիշեր-ցերեկ մտահայեցողության մեջ է: Նա աստղեր ստեղնաշարին նվագում է լույսի համանվագ («Ինքնապեղում»), որում հոգին նվագարան է, ինքը՝ դիրիժոր, և համանվագի տողերում կա ծովի խորություն, հորիզոնի լայնարձակություն՝ անծիր, անսկիզբ ու անվերջ… Իսկ ի՜նչ քնքուշ ու նուրբ է նկարագրում սերը, ի՜նչ գեղեցիկ համեմատություններ անում. անձրևը, ջրվեժի նմանվելը, «Հայրս երկիրն է, մայրս երկինքն է» կամ «Մարդը ձուկ է, մահը՝ երկնքից գցված ուռկան» ձևակերպումները… Անգամ մահն է պատկերավոր նկարագրում: Նա մահվան հետ հաշտ է, կարող է այդ մասին հանգիստ և այնքան խոսել («Սկիզբ և ավարտ»), մինչև որ կյանքի դրվածքին ենթակա՝ մի օր կգա ուռկանն ընկնելու պահը:
Տ. Գամաղելյանի գրածներում առկա է թեմատիկ բազմազանություն, որում ակներև է իր ով կամ ինչ, որ ազգի որդի լինելը, նա մարդ է, որը մտահոգվում է շրջապատում կատարվող ամեն ինչի համար և իր գրվածքներում փնտրում բոլոր հարցերի պատասխանները: Թեև վստահ է, որ ամեն ինչ Տիրոջ կամքով է լինում, բայց այդպես էլ մնացել է երկրի ու աշխարհի ծուռը շտկելու պատրաստակամ, անարդարությունների պատճառով տագնապող, ինքնակերպ մտավորական, որն իր կյանքում միշտ ընտրության առաջ է կանգնում և ընտրում է իր խղճի ու բարոյական պատկերացումների մտոք: Այս հանգամանքները մեծապես նպաստում են «Ինքնանկար» ենթաբաժնին գույն ու իմաստ հաղորդելուն և հեղինակի ինքնանկարի ամբողջացմանը՝ որպես լույսի ու հավատքի երկրպագուի:
Տեր Աստված, այսօր իմ հյուրը եղիր,//Քո լույսի լույսով անձս հեղեղիր,//Տուր մտքի թռիչք հնարավորին//Եվ քո կնիքը դիր իմ քնարին:
Տիգրան Գամաղելյանի խոսքերը չեն ծանրանում, այլ՝ մղում են ընդհանրացման ու տարածվում են իր երգած ծովի խորության ու անհունության, հորիզոնի լայնարձակության ու եթերայնության վրա, հասնում տիեզերքի օվկիանոսներին… Իսկ տիեզերքն իր ներսն է՝ որպես իմացության ու կենսափորձի ամբողջություն: Իհարկե, վերևում լինես թե ներքևում, ճակատագրից պրծում չկա, Բարձրյալի հետ պետք է խոսես, բայց Գամաղելյան բանաստեղծի պահանջներն իր համար չեն, նրա հոգու խռովքը համամարդկային տագնապ է ու կանչ, զորակոչ՝ փրկելու համայն մարդկությանը: Իր ճանապարհին նա մշտապես հայացք է գցում սեփական կյանքին, իր արածներին ու թողածին՝ իր մտքից ու ներաշխարհից պոկված խոյակները տալով որպես ինքնահաշվետվություն ու լինելիության հաստատում:

Անահիտ Արփեն
գրող, կինոխմբագիր

 

***

***
Ես այն արտիստին կուզեի տեսնել
Մարդը բացատրող,
Որին մինչև իսկ կծափահարեր
Դասն աստվածների,
Այն նկարիչին կուզեի տեսնել
Իր կտավներով,
Որի համեմատ Ռենեսանս անգամ
Համեստ կթվար,
Քանդակործին կուզեի տեսնել
Այն երևելի,
Ում ձեռքի հպմամբ քարը կծաղկեր,
Եվ Ֆիդիասը կապրեր հիացմունք,
Այն երաժիշտին կուզեի տեսնել,
Որի հղացած մեղեդիներից
Կվերաշոյվեր
Ողջ տիեզերքի ականջն ու հոգին:
Կուզեի տեսնել պոետին և այն,
Որ գրառում է ասելիքն Աստծո…
Իսկ գրառողն այդ թող Տիրոջ կամոք
Հենց ինքս լինեմ…

***
Եթե կտեսնեք ծաղկաշատ դաշտում
Ուրախ, ժպտերես մի վազող մանուկ,
Եվ կամ ձեր առջև եթե հայտնվի
Պայծառ գալիքի գանգրահեր տղան,
Իմացեք, որ դա հենց ես եմ, որ կամ:
Եթե կտեսնեք վասն հայրենյաց
Կռվի դաշտ մեկնող քաջարի զինվոր
Կամ թե կտեսնեք կարիքավորին
Իր ձեռքը մեկնող մի բարերարի,
Իմացեք, որ դա հենց ես եմ, որ կամ:
Եթե կտեսնեք բարձր ամբիոնից
Հույս, հավատ ու սեր քարոզող մեկին
Կամ մեր պատմության փառքին ի գումար
Եվս մի դրվագ ավելացնողի,
Իմացեք, որ դա ես եմ վերստին:
Եթե կտեսնեք երևելիներ
Ուսյալ և գիտուն
Կամ ջահակիրներ լույսի և մտքի,
Իմացած եղեք՝ դա մենք ենք, որ կանք:
Եթե կտեսնեք հայտնություն հրաշք
Եվ կամ թե տաճար մի աստվածակերտ
Կամ մտքի թռիչք տիեզերական,
Իմացեք՝ մենք ենք, դա մենք ենք, որ կանք,
Դա դո՛ւ ես, ես եմ, մենք ենք ազգովի:
Եվ ուրեմն՝ կամ, կամ ու կլինեմ
Ես հավերժորեն,
Եվ ուրեմն՝ կանք, կանք ու կլինենք
Մենք հավերժորեն,
Այդպես է, քանզի ի սկզբանե
Մեր տիրոջ կողմից մեզ է շնորհվել
Հավիտենության մի վկայական…

Հորդորանք
Ես դեռ հեծյալ եմ,
Ցած մի իջեցրեք ինձ իմ նժույգից,
Թողեք, որ նորից ընթանամ առաջ,
Դեռ ձեռքիս ջահը այս տերունական
Պիտի հասցնեմ նպատակակետ,
Դեռ որպես բանբեր, որպես սուրհանդակ՝
Ավետիսներ եմ տանել-բերելու:
Ինձ մի իջեցրեք ամբիոնից նաև,
Դեռ ասելիքներ ունեմ շատերին,
Առ մարդը կոչեր ունեմ կարևոր,
Ինձ մի՛ իջեցրեք լեռան բարձունքից,
Ուր պիտի մի օր դառնամ մահարձան:
Ինձ մի ներքաշեք բանավեճի մեջ,
Ուր դեմագոգն է, տգետն է նաև,
Չէ՞ որ մտքեր եմ ես փոխանակել
Իմաստունների և ինքս ինձ հետ:
Ոչ էլ ներքաշեք ինձ այն խաղերում
Ներքաղաքական,
Ուր սրիկան է՝ միշտ իշխանատենչ
Ու միշտ գահամոլ:
Ինձ չհռչակեք երբևէ արքա,
Գիտեմ՝ լինում են նրանք չսիրված,
Եվ գիտեմ հաստատ՝ ուր կա միապետ,
Ատելությունն ու ստրուկն է այնտեղ:
Իսկ հիմա թողեք, թողեք ինձ հանգիստ,
Ու մի բացատրեք բաներ, որ վաղուց
Ուսումնառել եմ մեր մեծաց վարքից,
Մտքերից նրանց:
Թողեք ինձ հանգիստ
Մեկնություններից կեղծ ու անիմաստ,
Մարդն ու աշխարհն եմ քանզի հասկացել
Դեռ նախնադարից…

 

***
Առհասարակ գնահատական տալը անշնորհակալ և դժվար գործ է: Չպետք է վրիպես. չպակասեցնելու և չավելացնելու խնդիր կա: Գնահատականը պետք է լինի գնահատվողի համարժեքը: Խախտվեց այս հաշվեկշիռը, խախտված է իրողությունը, անկախ նրանից՝ քեզ են ներկայացնում, թե ուրիշին:
Տիգրան Գամաղելյանի բանաստեղծությունների ժողովածուն ներառում է իր իսկ տաղանդի գնահատականը` առանց հավելյալ ներդրման և միջնորդի: Այդպես է, որովհետև գրքի բանաստեղծական կշիռը մեծ է` կարիք չունենալով ավելորդ բարյացակամության կամ բացատրախնդրի: Ժողովածուն ձեռքիդ է, և դրանում համոզվելու համար հարկավոր է բացել տաճարի դուռը:
Երկբաժին այս «հասկ բանքը» (գրքի խորագրերից մեկն է) ուշագրավ է դասական պոեզիայի հիմնադրույթներով՝ բովանդակություն և ձև, խորքային իմաստ, կեցվածք և ոճ, հուզականություն և էլի շնորհներ: Ժողովածուի լեյտմոտիվը բանաստեղծների հավերժական ուղեկիցներն են՝ սեր, մարդ, բնություն… Եվ այս բոլորը դեռ բոլորը չէ:
Հեղինակին ամբողջության մեջ տեսնելու համար պետք է տաճարի բաց դռներից մտնել ներս: Այդժամ բանաստեղծական խնկահոտը իսկույն հասնում է քեզ, և հեղինակի քնարական Լուվրը դառնում է առինքնող: Ստորև մի քառյակ՝ առանց մեկնաբանության.
Տիրոջ մատները եթե դիպչեին
Երգեհոն հոգուս ստեղնաշարին,
Ի՜նչ պատարագներ պիտի հնչեին,
Ի՜նչ գանձեր պիտի
դրվեին նժարին:
Իրոք, Տիրոջ մատները դիպել են Տիգրան Գամաղելյանի հոգու ստեղնաշարին, արդյունքում՝ նժարին դրվածը արժեք է:
ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆ 
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
***
…Հայ պոեզիայի անդաստանում հունձքը միշտ էլ բանաստեղծներով առատ է եղել: Այդ թիվը մեծ է նաև այսօր: Դեռ իր ժամանակ Ղազարոս Աղայանն է լավ ասել, թե բանաստեղծներ շատ կան, բան ստեղծողներ` քիչ: Տիգրան Գամաղելյանն այդ բան ստեղծող բանաստեղծներից է:
Հովհաննես ՂԱՆԱԼԱՆՅԱՆ
բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։