Կիրակի. եկեղեցում / ԿԱՐԻՆԵ ԽԱԼԱԹՈՎԱ

ԿԱՐԻՆԵ ԽԱԼԱԹՈՎԱ

ՀԳՄ վար­չու­թյու­նը շնոր­հա­վո­րում է թարգմանչուհի, լրագրող, բանաստեղծուհի ԿԱՐԻՆԵ ԽԱԼԱԹՈՎԱՅԻՆ ծննդյան 60-ամյակի առթիվ
«Գրա­կան թեր­թը» միա­նում է շնորհավորանքին

Բառը գրողի նյութն է ու գործիքը, թարգմանչինը` առավել: Լեզվապաշարը գրողի ուժն է և անհատականության հավաստումը, թարգմանչինը` առավել: Ու եթե գրողն իր լեզվի լիակատար տերն ու ծառան պիտի լինի, թարգմանիչը առնվազն երկու լեզվի տերոջ ու ծառայի «բեռն» է կրում:
Կասեք` չափազանցնում եմ: Կասեմ` ո՛չ, ընդամենը մեկ անգամ ևս ամրագրում եմ վաղուց հայտնի ճշմարտությունը ու չեմ բարդույթավորվում դրանից, քանի որ անձամբ իմ օրինակով գիտեմ` ինչ է նշանակում գտնել վերջապես քո թարգմանչին, ով պիեսդ այնպես «կփոխանցի» ռուս ընթերցողին, ասես ինքն է հեղինակը: Ու էլի չեմ չափազանցնում, ապացույցը նրա թարգմանած քսանից ավելի իմ պիեսներն են:
Անմիջական, պոռթկուն, բայց նաև դժվար մարդ է Կարինե Խալաթովան: Այլ կերպ լինել չի կարող ու չի էլ ուզում լինել, որովհետև դիմացինից ևս պահանջում է այն նույն իմացությունն ու նվիրումը, որի տերն է ինքը: Ահավոր խստապահանջ է իր ու իր Բառի նկատմամբ, ահավոր ճշտակատար (համարյա ֆանտաստիկ մի բան մեր օրերում), բայց… այո՛, ինձ հասկացաք, նույնն էլ պահանջում է դիմացինից: Դժվա՞ր է… բայց այնքան վստահելի է նրա հետ աշխատելը:
Բառը թարգմանչի նյութն է ու գործիքը, բանաստեղծինը` առավել: Լեզվապաշարը թարգմանչի ուժն է և անհատականության հավաստումը, բանաստեղծինը` առավել…
Կարինե Խալաթովան այս երկու տիրույթների լիակատար տիրուհին է…

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Կիրակի. եկեղեցում

Մոմիս եմ նայում.
Այրվում` չի հանգչում – պար է գալիս`
միձեռնանի, դեղին գլխաշորով:
Սիրտ է պատռում ինչ-որ մեկի
բջջայինը եկեղեցում:
Ինչ-որ մեկի չարտասանված բառերն եմ
ես վերապրում
և աղոթքը վախվորած –
Աղոթքը` նրա անհասցե,
համենայնդեպս:
Անձրևը դադարեց: Եկեղեցու մոմերը դեռ չեն հանգել:
Վերադառնում է աղոթքը:
Բջջայինին հպվեց ականջը ծանոթ Ալևորի:
Այրվում է անվերջնական մոմս`
դեղին գլխաշորով:

Յուրայիններ

Սպիտակ ագռավը` նույն սպիտակ ագռավ ների շրջանում:
Կեչու դիմացկուն ճյուղերին փքված`
Լսնամորթները սև ագռավին էին սպասում:
Ագռավն սպիտակ
ոչ էությամբ,
ոչ ճաշակով
սրտով չեղավ
իրպես սպիտակ ցեղակիցների:

Ձյան տագնապահույզ փաթիլներն իջան`
Հիերոգլիֆ-թռչնահետքերը ծածկելով:

Քաղցածորեն կռավում էր սև ագռավը`
Հարևան կեչու վրա
տիրակալի պես տարածելով
թևերը իր ճերմակած:

***
Տարածությունն ու ժամանակը
ջնջվեցին անհետ,
ասես համակարգիչ-հսկայի երախում,
Իսկ ես, տրամաբանորեն, կախված մնացի «մկնիկիե լարից
և կառչեցի սեղմօղակից ցուցամատով
վերջին պահին:

Անմարդկայնորեն պտտվում էր գլուխս,
Սիրտս խառնում էր,
ասես կեղծվում էր ախտորոշումը:
Ես` ինձնից գոյացող քաղաքակրթություն տիեզերքից անդին,-
Իմ ճախրանքներում ինչպե ՜ ս սայթաքեցի – անկշռության մեջ.
ինքս նույնպես անհետ կորա:

Տարածությունն ու ժամանակը
Այդ թեժ պահին որոշել էին կատակել ու
պախկվոցի խաղալ ինձ հետ,
Բայց ինձնից հետո այդպես էլ երբեք չհասան դարպասներին անհատակ խառնարանի,
որ կերպարանք է առել որպես հուշարձան`
իմ հավատին ու անզորությանը
և Չգոյության սպառնալիքին:

Երգ

Մու րճով ջարդեցեք
մատները դաշնակահարի,
Ջութակահարի դաստակները
ճմլեցեք դռան տակ,
Իսկ բանաստեղծին` Հուդայի ժպիտով, մատուցեք դառնահամ հաբեր…
Օ՜, Աստված, Աստված իմ…

Ռոյալը փշրվեց,
Անտուն-մուրացիկն օգտաթափոնքի
տեղ հանձնեց ստեղները,
Հեծկլտացին լարերը… ցավից –
Կտրվելու անկարող…
Խեղկատակի ուռած-կապտած լեզուն
դուրս ընկավ,
Ու պապանձվեց բառը` հստակ, զրնգուն…
Օ՜, Աստված, Աստված իմ…

Բայց ինչո՞ւ ենք մենք այսպես… ա՜յ-ա՜յ-ա՜յ-ա՜յ…

Գիշեր էր:
Անօգնական օրորվում էին
Բոկոտն մանեքենները`
Ցուցափեղկով անջրպետված… դահիճներից:
Օ, Աստված իմ, Աստված…

Ռուսերենից թարգմանեց Էդուարդ ՀԱՐԵՆՑԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։