Այդ դո՞ւ ես, մեր սուրբ
Կարոտների քույր,
Այս մանուշակե մշուշը ցանում,
Ո՞ր ջուրը թափած սպասումների,
Ո՞ր կորած երգի,
Ո՞ր սիրո հանուն…
Սրանք խոսքեր են` գրված հենց իր մասին:
Նա ինքն է կարոտների քույրը` Մարո Մարգարյանը, համեստ մանուշակի հանգույն կապույտ երազ, բուրմունք ու բարություն է տարածում:
Գրական ասպարեզ չէր կարող չմտնել: Այնքան ասելիքներ, զգացմունքներ ինչպե՞ս կարող էր ամփոփել իր փոքրիկ մարմնում` առանց դարձնելու ուրիշի սեփականությունը: Այնքան ասելիք` հուշի, կարոտի, կյանքի, հավատի ու հավատարմության մասին: Ասում է, ասում` համոզված, որ լսելու ենք անպայման ականջակախ ձևով. չլսել չենք կարող.
Ու երբ արթնանաս//Դու խոր երազից//Ու շաղ մտքերդ//Հավաքես հազիվ,//Չես էլ հասկանա,//Թե ինչու հանկարծ//Ցանկացար դու իմ//Երգերը կարդալ:
Նույն ձևով դուստրը չի հասկանում, թե ինչու է մորը ձգում, այդ նույն ձևով երկաթն է կայծակին իրեն ձգում, թուխսը` ճուտին, արևածաղիկը` արևին: Քննել ձգողականության ճանապարհը, կնշանակի կասկածել: Բայց այս դեպքում, որ վերաբերում է Մարո Մարգարյանի ստեղծագործությունների ձգողականության ուժին, պետք է ասել, որ այն քննելու փորձը կօգնի հարաբերվել հոգու աշխարհը հարստացնող այնպիսի հասկացություններով, ինչպիսիք են բարությունը, առաքինությունը, քնքշությունը և այլն:
Գիտե՞ր արդյոք քաղաքի դավերից հեռու, դաշտերի ու մացառուտների լեզվին ծանոթ աղջնակը, որ շատ տարիներ հետո բարության, հաշտության ու սիրո երգերով շատ սրտերի հետ է խոսելու: Իսկ այդ երգերը հանելու է բանաստեղծություն կոչված իր կողովից, որի հյուսվածքն սկսել է մանկության օրերից, երբ վազվզում էր սարերով ու քարերով, վառվռուն չիթը հագին, «ծիածանը փեշին»:
Բանաստեղծների հայացքն անպայմանորեն կանգ է առնում մանկության օրերի վրա: Եվ, որպես կանոն, անպայմանորեն այն ժամանակ, երբ արդեն կայացել է հասունացումը: Դեպի ետ ուղղված հայացքը իր անցած ճանապարհի մեջ, թերևս կյանք կոչվածի առեղծվածայնությունը պարզաբանելու ձգտումն է` ոչ միայն իր հավաքածը հանրագումարի բերելու, ինքն իրեն ճանաչելու, իրեն` իր համար բացահայտելու միտումը: Ամեն դեպքում, Մարո Մարգարյանը, նաև ճանաչելով կյանքի խորդուբորդները, դեռ համեստ մի աղջնակ` վստահորեն է մտել նրա մեջ` համոզված, որ պետք է աշխատի դույզն-ինչ հարթեցնել այդ խորդուբորդն իր ցանած բարության, հավատարմության սերմերով:
Ու վազում է մի աղջիկ//Շողեր, շողեր շաղ տալով,//Ծիծաղելով ու լալով,//Զարմանալով, խնդալով://Սև հյուսերը արձակած,//Քամուն տված ու լույսին,//Մերթ հիացած ժպտալով,//Մերթ մեղմանուշ ու մերթ խիստ,//Իսկ հեռվում ծովն է մթնած`//Կապարի պես ծանրանիստ:
Հայտնի ճշմարտություն է, որ նույն գետը երկու անգամ մտնել հնարավոր չէ: Գուցե թե նաև այդ է պատճառը, որ կյանքի հոսքն զգացող բանաստեղծուհու կարոտն այնքան հարազատ ու սիրելի է հենց իրեն, այնքան շատ է կապված իր ներաշխարհի հետ: Գեղագիտական մեծ արժեք ունեցող մի շատ փոքրիկ կտավ է այս միտքը.
Շոգ է ու փոշի.//Ու շվարել են հավերը փոշում…
Բակն ամայի է: Ո՛չ ջուր, ո՛չ շարժում: Սակայն ամայության պատկերն այնքան շատ է լցված կարոտով, որ նրա լիությունը թագավոր է դարձել ամայության վրա: Նկարագրվածը ոչ թե հեռու, կտրված, անշարժում բակի պատկեր է, այլ՝ թագավորության, որի գոյությունը բանաստեղծուհու ներաշխարհի հարստության մասին է խոսում և, իհարկե, նաև որպես բանաստեղծ-արվեստագետ ունեցած տաղանդի մասին.
Մարո Մարգարյանի հիշողության բավիղներում կարոտի մղկտոց կա, ինքն իրեն կարոտներով օրորելու մխիթարություն: Սակայն այն, ինչն իր հիշողության ամենածայրում իր օրն է լցրել, դարձել բնության ու կյանքի հետ շաղկապվելու միջոց, այսօր վայելում ենք նաև մենք` մեր զգացմունքները ձևավորելով նրա հուշ-կարոտների մաքրամաքուր առկայծումներով.
Չափարի տակ դդումների//Արեգակներ բութ ու բարի,//Կայծկլտում են փշերի մեջ //Մի քանի չոր մասուր://Խաշխաշների գլուխներ չոր,//Կռատուկներ խոշոր-խոշոր,//Մոշի թանձր ողկույզներ սև,//Ու մորենու ասուպ:
Քնարական խառնվածքի տեր բանաստեղծուհու կարոտի երգերը նուրբ զգացմունքների մեղեդիներ են, այսինքն` զգացմունքն արթնացնելու կարողություն ունեն, ընթերցողի հոգու հետ կապի մեջ մտնելու կարողություն: Նրա քնարականությունը կարոտի երգերում հնարավորություն է ստեղծում պահել անցյալի հիշատակների համն ու հոտը:
…Եվ ստվերն է իմ հորեղբոր//Կալատեղում//Պտույտ գալիս://Խաղաղվում է Չալոն բարի//Եվ ինքն իր մեջ//Լռիկ լալիս://Ու ժպտացող մեծ լուսնկան,//ընկած դեզի ու կալի մեջ,//Նախշուն հարսնոց//Շոգած կրծքին//ծփանքների ու ծալի մեջ://Լույս է կաթում ամենուրեք//Ամեն սիրտ ու արարածի,//Ու նստել են կալվորները//Լուսնյակի հետ`//Նստել հացի:
Բանաստեղծուհու կարոտը վերաբերում է ոչ միայն անցյալի հիշատակներին, փշերի մեջ կայծկլտացող, հիշողություն դարձած չոր մասուրներին, այլև օրվա անցուդարձն ինքը ևս կարոտի պես է ընկալվում: Սա հոսող ժամանակի յուրօրինակ, ինքնատիպ ըմբռնում է: Ժամանակը հեռանում է կարոտի վերածվելու համար: Սա չէ՞ արդյոք կյանքի և մարդու նկատմամբ ունեցած սիրո դրդապատճառը, որն ի հայտ է գալիս քնարական նուրբ դրսևորումներով.
Խշխշում է ականջիս տակ://Մորմոքում է պաղ մի կարոտ.//Ո՞վ է այսպես անհիշատակ,//Անդարձ գնում այս առավոտ:
Կարոտների համը տեսած բանաստեղծուհին կարոտի վտանգի մասին է զգուշացնում նաև իր սիրուն, որ երևակայական է, որ դեռ չի եկել, բայց գնում է: Նա գիտե, թե ինչ հետևանք կարող է ունենալ հեռացած սերը: Դե եթե այն, ինչը քեզ հետ է, քո առօրյայում, բայց կարոտ է առաջացնում, ուրեմն` ինչպես կարող է կրակվել հեռացած սիրո կարոտը.
Հազիվ, հազիվ երևացիր//Ու գնում ես դեռ չեկած://Թե գնում ես, անդարձ գնա,//Անտես գնա ու կամաց…//Սայթաքող են ճամփաները`//Կարոտներով միգամած:
Մարո Մարգարյանի կարոտի պոեզիան միայն հիշողությունների արդյունք չէ, ոչ էլ անցնող առօրյան ետ պահելու ցանկություն: Բանաստեղծուհին ուզում է հասկացված ու բավարարված լինել, ուզում է չափսոսալ իր նվիրումների, կորցրածների համար: Ուզում է տեսնել նրանց պտուղը: Իմաստավորված է ապրել իր կյանքը, ու հիմա, մինչև նրանից հեռանալը` լարում է ուշադրությունը, ականջ դնում.
Այն ո՞վ է հեռվում անունն իմ տալիս,//Ո՞վ է իմ տանս ճամփան հարցնում:
Մարո Մարգարյանի պոեզիայի հուզականությունն ստիպում է ականջալուր լինել նրա ձայնին: Կարոտն ինքը հուզական զգացում է, և այն առավել հուզականորեն ներկայացնելը խոսում է հոգեկան ազնիվ ու բարձր հատկանիշների մասին: Այդ բարձր հատկանիշներից մեկը Մարո Մարգարյանի բարությունն է, որից ծաղկում է մեր գրականության մեջ իր գեղեցիկ ու անգնահատելի բարության պոեզիան:
«Հոգսերն անվերջ են, կորուստներն անթիվ» արտահայտության հեղինակ բանաստեղծուհին, այնուամենայնիվ, ջանք ու ճիգ չի խնայում բարին պահպանելու: Եվ ահա պահն այնտեղ է հասել, որ բանաստեղծուհին հպարտորեն կարող է ասել.
Քո ջուրը թափած//Իզուր բարությամբ,//Եվ քո բարության//Սուրբ տկարությամբ…//…Դեռ դիմանում ես//Այս դժվար դարին.//Ուրեմն դեռ չի//Պարտվել աշխարհում//Ազնիվն ու բարին:
Սակայն, որպես ազնիվ ու զգայուն հոգի, խորթ չէ նրան հոգնությունը: Ցավում է սիրտը անզորությունից և «անզորների հզորությունից»: Հանգիստ է տենչում, այնպիսի հանգիստ, ասես չի եղել ոչինչ աշխարհում.
Ամբողջ աշխարհը թող հանգստանա,//Ես հոգնած եմ շատ:
Առանց բարու օր չունեցող, առանց բարու տող չունեցող Մարո Մարգարյանի պոեզիան բարու կարոտ է նաև: Այսքան կարոտներ ինչպե՞ս է տեղավորվել նրա քնքուշ սրտի մեջ: Իսկ կարոտը պահելը դժվար է, եթե մեռած է հույսը: Հույսն արթուն է, և Մարո Մարգարյանի հույսը լավերի մեջ է: Դրժումն ու դավը վերացնողը, մութը ճառագայթով ճաք տվողը «լավերն» են, ու նրանց հետ լինելու հույսը թեթևացնում է քնքուշ կնոջ նուրբ ուսերին դրված բեռը:
Հիմա, որ պիտի օրը արթնանա// Ճառագայթումով լցված ու լուսեղ,//Ես ձեզանով եմ ուզում ընդունել//Արևածագը.//Ձեզանով բացվող օրը սկսել`//Դժվարը կիսել…//Ո՞ւր եք, հավաքվեք, աշխարհի լավեր,//Հոգիներ անգին, ջերմ ու սրտակեզ,//Ես հոգնած եմ շատ//Ես կանչում եմ ձեզ:
Բանաստեղծուհին տառապանքով է պահել իր դավանանքը, իր բարոյախոսությունը, իր համոզմունքը` հավատացնելով, որ մոլորակի վրա կյանքի դաշնությունը պահպանելու համար բարություն է պետք: Լավի ու բարու փնտրտուքի մեջ Մարո Մարգարյանը չի ուզում նկատել անգամ ու չի նկարագրում այն, ինչ կարող է մարդուն քաշել կյանքի տիղմոտ հատակը: Այնքան սահուն է նա խուսափում վատը, կեղծիքը, դաժանը կամ ստորությունը նկարագրելուց, որ թվում է, թե դա անում է, որպեսզի իր տողով նույնիսկ չհիշեցնի հոգին պղտորողի մասին, մարդու ուշադրությունը չսևեռի դրանց վրա: Վատը նրա մոտ հոգին ալեկոծող «պղտոր ալիք» է, «ծանր կապար», «մութ հատակ», «անիմաստ հատնում», «օրերի վատնում» և այլն:
Անհանգիստ է հոգին, ուզում է մեղմել խստությունը դարի, սակայն ինչպե՞ս, արդյոք ի՞նչ միջոց գտնի.
Տխրություններ մարմանդ,//Մեղմություններ մշուշ,//Խնդություններ դալար//Ու կարոտներ բարի,//Վերադարձեք նորից,//Վերադարձեք:
Մարո Մարգարյանի խոսքն ու խրատն այն մասին է, որ մարդու ապրած օրից մութը փարատվի, լույսը շատանա, բարին ավելանա:
Մի՛ ենթարկվիր հոգուդ պղտոր // Ալիքներին, // Նայիր խաղաղ// Ու լույս մանիր, // Ճառագայթներ փաթաթիր դու // Ճախարակիդ:
Մարո Մարգարյանի երգերը եղանակ են ստեղծում հայ բանաստեղծության մեջ, և այդ եղանակն ըմբոշխնելի է, հաճելի ու իր մթնոլորտում պահած գեղեցիկ անակնկալներ ունի ընթերցողի համար: Թեպետև բարու, լույսի ու հույսի մոտիվները իշխող են, սակայն դրանց հետ գրեթե զուգահեռ անցնում է թախիծը` մեծ մասամբ որպես կարոտի ընկերակից: Այդ թախիծն այնքան մեղմ է, մտերմիկ, հոգու ծալքերում շարժվող հովի պես, որ կրկին ու կրկին հանգում է բանաստեղծուհու` բարին ամուր բռնելու պաշտամունքին:
Ժամանակն անցողիկ է, և միայնությունը` դաժան: Ո՞ւմ համար է ապրում քարին մենակ նստած թռչունը, երբ չկա իր տեսակը: Փշատենին, թեպետ ամբողջովին արծաթի մեջ է, բայց այդ արծաթից թախիծ է ծորում, քանի որ դատարկ ու տխուր է կողքին ձգված ճանապարհը: Մարո Մարգարյանի բառը չի փնտրվել: Այն սահել է ինքնիրեն և տխրության ու թախիծի պատկերն էլ այնքան սահուն է գծվել.
Փշատենու թախիծ`//Իջնող արծաթ-արծաթ,//Եվ տխրություն դատարկ//Ճանապարհի…
Հետաքրքիր է, որ բանաստեղծուհու մոտ սեր, հիշողություն, Հայրենիք, բարություն թե կարոտ, ամեն ինչ փոքրիկ շրջանակների մեջ հատ-հատ դրված պատկերների տպավորություն են թողնում: Թեպետ պետք է շեշտել, որ նրա պատկերային մտածողությունն ավելի շատ վերաբերում է մանկության հուշերին, որոնց միջոցով վարպետորեն տրամադրություն է ստեղծում:
Շրջանակից դուրս ընկած//Սրբանկարի նման//Շեղ կախվել ես հուշերիս//Մերկ ու փոշոտ պատերից.//Ո՞ւր մնացիր, մանկություն…//Խոտի դեզը փեշին դրած,//Մոռ ու մասուր շեմին փռած,//Նոթերը կախ ժայռի շրթին.//Քուն է մտել խրճիթը հին:
Բանաստեղծուհու հոգու աչքը շատ գեղեցիկ ակնթարթներ է որսացել բնության մեջ.
Ճերմակ, ճերմակ// ծաղկաթերթեր`// Պտույտ-պտույտ քամիներում:/ / Ու խաղողի լապտեր շեկլիկ // Լուսաթաթախ //Վազերի տակ:
Եվ կամ ո՞ր տաղանդաշատ գեղանկարչի վրձնին չէր սազի այսպիսի պատկեր.
Ճայը լույսն է ճերմակ թևի//Կապույտների մեջ թաթախում…
Գրական այն ժառանգությունը, որ թողեց տաղանդաշատ բանաստեղծուհին, սկսվում է սև խոպոպների մեջ դեղձենու թերթիկներ ունեցող աղջկա մտածումներից, մինչև արծաթ-եղյամը գլխին ունեցող սերնդի մտածողությունը: «Ինչո՞վ է այրվում մարդը աշխարհում, ինչո՞վ է արդյոք մարդը բախտավոր»: Առաջադրելով այս հարցերը` բանաստեղծուհին իր անհանգիստ ապրումներն է առաջադրում մարդու բախտի հանդեպ: Քնքշանքի ու մեղմության բանաստեղծուհին իր անցած ուղին կրակի հետ է շաղկապում.
Ամեն, ամեն ինչ//Կրակով միայն//Քեզ մոտ սկսեց,//Ու կրակով էլ//Գնաց անզիջում://Քո ծնված օրից//Սկիզբ առավ մի//Տևական հրդեհ,//Ու չեղավ երբեք,//Չեղավ ընդմիջում:
Կանացի քնքշության տակ Մարո Մարգարյանի պոեզիան կրակներ ունի պահած, մեղմության մեջ` ցավագին ալեբախումներ: Նրա բանաստեղծությունը առինքնող ուժով օժտված խոսքի արվեստ է: Եվ այդ խոսքն այնքան պարզ է, մատչելի: Պարզ անկեղծության և անկեղծ պարզության պոեզիա է Մարո Մարգարյանի պոեզիան: Ընթերցողը նրա պոեզիայից անտառի մորու համը կարող է առնել: Քաղցր, բնական համը` համեստ, գլխահակ մորու: Ընթերցողը զուգահեռներ կարող է տանել անտառի այդ հրաշքի և բանաստեղծուհու էության միջև.
…Այս քարակտոր//Արահետներում//Ո՞վ է կորցրել//Ասա ինձ, քեզ ո՞վ,//Իմ սիրուն մորի,//Իմ անուշ մորի…//…Այդպես իմ բարի// Քո փոքրիկ լույսին//Միշտ հավատարիմ// Քաղցրություն քամիր//Ապառաժ քարից, // Ու մոլախոտի// Կոշտ թփերի մեջ // Քո չնաշխարհիկ //Լապտերը վառիր:
Մոռը, մորին, մոշը, դեղձը, մանուշակը այնքան պարզորեն են զգացմունք արտահայտում, որ փոքրիկ մանկան գուրգուրանքի պես կապվում են քեզ հետ: Պարզ ու անմեղ մի գուրգուրանք, որ ինչքան էլ դարը փոխվի, բանաստեղծների գրելու ձևն ու ոճը փոխվի, և մեքենան սկսի նրանց փոխարեն մտածել, այնքան պարզ ու անմեղ տողի արժեքը պիտի բարձրանա, և անկեղծությունը փնտրված դառնա:
Ժամանակները չեն կարող մոռացության մատնել այնպիսի բանաստեղծների, որոնք հոգու անիմանալի գաղտնարաններից թրթիռներ են հանում ու այդ թրթիռներից համանվագ կազմելով` մատուցում քեզ` ըմբոշխնելու ազնիվ ու շիտակ կյանքի կարոտը: Ամպագոռգոռ ոչ մի խոսք: Այլ, թերևս, շշուկ: Շշուկ այն մասին, որ առուն կորցրած ուլունքներ է գտել, որ կոճղացած փշի տակից մի մանուշակ իր գլխիկն է հանել, որ «հավատը նորից խփում է խորքից ու շատրվանում», որ «ծիրանի ծառ է, ծիրանի այգի, և ձյուն է գալիս ծաղկած ծառերից», որ շենանում է աշխարհը լավից…
Մարո Մարգարյանի բանաստեղծական արվեստը հարուստ է, ինքնատիպ և հայոց պոեզիայի բաժակը լցրել է թափանցիկ, անաղարտ, պարզ ու վճիտ ջրով, որից խմողը չի կարող գոնե բարի ժպիտով չժպտալ դիմացինին:
Խոսելով երջանկության իր պատկերացումի մասին` մեզնից արդեն հեռացած բանաստեղծուհին թողել է պատգամ այն մասին, որ կյանքը քո տվածով է գեղեցիկ, ոչ վերցրածով, և երբեք ուշ չէ երջանիկ լինելու համար: Նաև այն, որ ժամանակը կանգ չի առնում, երբ փակվում է կյանքի վերջին էջը, ինչպես կարոտների թագուհի Մարո Մարգարյանի դեպքում.
Այնքան կարոտ ու սիրառատ,//Սիրահոժար ու սիրասեր,//Այնքան լեցուն, այնքան վարար,//Գնում, գնում, գնում ես դեռ://Հազար սիրուց այրված, խոցված,//նորից վառած կարոտ ու սեր, // Երազներով ոսկեզօծված` // Գնում, գնում ես դեռ:
Կլանված կերպով կարդացի Ֆելիքս Բախչինյանի տպավորիչ հոդվածը: Համակողմանի ու խորիմաստ վերլուծություն էր` մեր արժանավոր բանաստեղծուհի Մարո Մարգարյանի ստեղծագործական ժառանգության վերաբերյալ: Հոդվածագրին հաջողվել է մտնել բանաստեղծուհու կարոտի, հույզերի, խոհերի ու խռովքի տարածքները և ընթերցողին մատուցել ԵՂՅԱՄԻ ՄԵՋ ԱՊՐԱԾ ՍԵՐՆԴԻ վառ անհատականություններից մեկի ՀՈԳՈՒ ՉՊԵՂՎԱԾ ԳԱՆՁԵՐԸ:
Հոդվածի շնորհիվ, մեկ անգամ ևս զգացինք փշատենու թախիծը, դաշտերով վազեցինք ծիածանը փեշերին պահող աղջկա հետ, կալատեղում հետևեցինք բանաստեղծուհու հորեղբոր պտույտ եկող ստվերին, վայելեցինք ճայի ճերմակ թևի լույսի թաթախումը կապույտների մեջ:
Ցավոք, այսօր քիչ թվով գրականագետներ են մնացել, որոնք գիտակցելով իրենց գործի խիստ կարևորությունը, արժանապատվորեն իրենց վրա են վերցրել մեր գրական աշխարհի մեծերի ստեղծագործությունները պարբերաբար հայ ընթերցողին մատուցելու ազգապահպան գործի ապահովումը:
Մարո Մարգարյանի ծննդյան 100-ամյակի օրերին ՄԵՐ ՍՈՒՐԲ ԿԱՐՈՏՆԵՐԻ ՔՈՒՅՐ հոդվածը մեծ նվեր էր բանաստեղծուհու ընթերցասերներին և պատվարժան քայլ` ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՆՍԵՐ:
Շնորհակալություն:
Անսահման բարություն, անսահման սեր, նրբություն, միաժամանակ և համբերություն, ուժ, տոկունություն, սփոփանք․․․ խորը փիլիսւփայություն․․․
Ես սփոփանքն եմ աշխարհի՝ կնոջ տեք առած ․․․
Մարո Մարգարյանին պետք է զգալ, հասկանալ, փոքրիկ քառատողերում և եզակի հանդիպող բառերում մեծ իմաստ, խորը հույզեր ու մտքեր կան՝ նուրբ ասված, բայց ներքին կրակով և անսպառ լույսով․․․
Կարդացեք Մարո Մարգարյան․․․