ՆԱՆԵ / ԵՐԲ ԲԱՌԻՑ ԱՎԵԼԻՆ ԿԱ

 

Չեմ փորփրում անսահմանությունը էլ երբեք,

որ գուցե այլ դռնով հոսում է ցած,

որպես գաղտնի մի լույս,

Եվ մի ստիպեք խոստովանել, թե մարդը հավասար է ծառերին,

Նույն էությունն է ու հոգին,

Խոսել, խոսել ծառերի հետ,

Երբ մարդը հավասար է ծովերին,

Խոսել, խոսել ծովերի հետ

…Երբ մարդը հավասար է ինքն իրեն… 

Նաիրա Եդիգարյանի «Խոսել, խոսել ծառերի հետ» բանաստեղծությունների ժողովածուն ինքնափնտրումի, մարդկային հոգու առեղծվածներում իմաստների իմաստը գտնելու մաքառումն է, կյանքի փոթորիկներում ափ հասնելու ճիգը: Նաիրան հավատարիմ է ոչ թե ինչ-որ ընդունված-չընդունված ոճի, այլ` ինքն իրեն, իր ձեռագրին, որն առանձնահատուկ է, ինչպես իր աշխարհը, որը փորձում է չկորցնել այս համընդհանուր համահարթեցման, նմանակումների խառնաշփոթ թոհուբոհում, և որ, ամենակարևորն է, հաջողվում է:

Այս գիրն իր մեջ ամփոփում է, ասես, Նաիրա Եդիգարյան մնջախաղի դերասանուհու խաղը, պարը, անբառ ելևէջումը, ժեստերի խորիմաստությունը:  Բանաստեղծություններում հույզերի անսանձ փոթորիկ է, որն ավելի տողատակերի տարածքում է վերուվարում և որտեղ բառերից ավելին կա.

Վաղուց արդեն երեկվա մեջ եմ՝ հիմա և հետո…//Հետհաշվարկ անցյալ,//երբ արարվում էր//երկիրը մաս-մաս և որոշվում ձևը ծառի…/. /Հետհաշվարկ. (էջ 3:)

Բառեր պետք չեն, ինչպես մնջախաղային պարում մարմնի ճկունության, շարժումների գալարուն տրոփի մեջ, որ հոգու խորունկների հետ ի ձույլ բացվում են հանդիսատեսին և տանում իրենց հետ, որ ավելի խոսուն են և ավելի խորհրդավոր հուշումներ ունեն իրենց մեջ:  

Բառեր պետք չեն, երբ պետք է ընդամենը «Խոսել, խոսել ծառերի հետ», զրույցի բռնվել տխրության հետ, Երկնավորի. 

Թե կարող ես, ինձ նորից արարիր,//Խորթ եմ ինքս ինձ մթի ու լույսի մեջ. (էջ 11)

Երբ պետք է ընդամենը անհուսության դեմ պայքարի ելնել ու… 

Այս պոեզիան մոգող ուժ ունի, և որքան էլ առաձնահատուկ՝ այնտեղ մեր բոլորի տագնապներն են, անհուսությունն ու Հույսը, կյանքի փորձություններից մինչ ի վերջ ջարդոտվելն ու նաև, թեկուզ մահվան գնով, հաղթելը նրանց: 

 «Դեղնակարմիր» բանաստեղծությունը, որը նվիրվել է խաղընկերոջը՝ մնջախաղաց Հովհաննես Հաջինյանի հիշատակին, ասես հուշարձան է արցախյան 44-օրյա պատերազմում թուրք-ազերու դեմ փոքր ու մեծ մարտերում ընկած մեր բոլոր քաջորդիներին: Նույն ցավը յուրաքանչյուրիս հոգում է, նույն՝ բոլորիս ոգի տվող հպարտությունը այս նվիրյալների, թեկուզ արդեն երկնային գոյության համար. 

Դու խաղացիր քո դերը վերջին//Չնայած ամեն քար ու հողի տակ մահ էր թաքնված// բայց դու խաղացիր քո դերը վերջին://Ու փակվեց վարագույրը կիսատ//Եվ հիմա մարդկանց աչքից հեռու//Տեսնում եմ քեզ լեռան լանջին,//Կամ հենց լեռն ես դու՝/ Սպիտակ ձյունը դեմքիդ: (էջ 18)

Նաիրան իր գործերում նաև ճանապարհ է բացում, շարունակվելու իր բանաձևումը տալիս…

Միայն միջին գտնենք ոչ շատ ու ոչ էլ քիչ,//Միջին զգացողություն՝ անտարբերությունից վեր//Ու հուզվելուց քիչ վար://Միայն տեղում կանգնենք, միայն չանէանանք//Հոսող հողերի պես, հոսող հողերից վար: (էջ 8)

«Խոսել, խոսել ծառերի հետ» գրքի ոչ ստվար էջերում, անշուշտ, մոլորվում ես երբեմն, մաքառում հաճախ իր պես և Լույսի փեշը գտած ու բռնած` դուրս գալիս Խավարից. Լույսի, որը չի կարող պայծառ չլինել, հատկապես այս դաժան օրերի ադամամութից հետո.

Անգամ եթե ճամփան ավարտն է

Մեկ է

ծնունդն է նախընտրությունս:

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։