Մարդու որոնման խորացող հետագիծը / Նորայր ՂԱԶԱՐՅԱՆ

Նորայր Ադալյանի «Աշնանային շրջան» արձակի և բեմախաղերի ժողովածուն (Երևան, 2016 թ.) յուրովի է նշանավորում հեղինակի ձեռքբերումները արդի փիլիսոփայական գրականության ասպարեզում: Գրողը զուգորդում է աբսուրդի և էկզիստենցիալիզմի գրականության շերտերը դասական ոճի պատումի հետ: Նախորդ վեպերի ու թատերգությունների համեմատությամբ աբսուրդի և էկզիստենցիալ գրականության բաղադրիչները, զիջելով ծավալները, անցել են խորք: Հեղինակը որոշակիորեն հրաժարվել է ժամանակի եվրոպական գրականության ուղղագիծ զուգահեռներից՝ ստեղծելով ինքնատիպ ու առանձնահատուկ պատում:
Ժողովածուում ընդգրկված բեմախաղերի խորագիրը՝ «Դիմակ և էություն», կարող է բնորոշ լինել նրա ողջ ստեղծագործությանը: Դիմակը մարդու դեմքն է՝ ենթագիտակցականի արգելակման պայմաններում: Դիմակներն, ի վերջո, նույնական են, երբ նկատի ենք ունենում, որ դրանք նախապատրաստում է հասարակությունը:
Աբսուրդի, էկզիստենցիալիզմի գրականության համակարգում գրողի հետաքրքրության առարկան հերոսի հոգեբանությունն է՝ մարդու էության փնտրտուքի թնջուկում: Սա բնորոշ է Ն. Ադալյանի հատկապես ծավալուն արձակ ստեղծագործություններին ու թատերգություններին, որոնք ժանրային պայմանականությունների տարբերությամբ ներթափանցում են որպես նույնաբանալի տեքստեր: Այդ տեքստերում կերպարային հարաբերություննրը ծրագրված են գիտակցականի ու ենթագիտակցականի, իմաստավորի և աբսուրդի հակադիր տարբերակներով:
Բազմաճյուղ չեն կերպարային հարաբերությունները, սակայն փիլիսոփայական իմաստավորումներով ամենաէականն են:
Կերպարների տարբերակային խաղը աբսուրդի գրականության գեղագիտության արդյունք է: Միանման հերոսուհիներ՝ իրարից քիչ տարբեր գործողություններում և պայմանականությունների մեջ. այս ամենը ստեղծում է կյանք-խաղ ստերեոտիպի գիտակցում: Հեղինակը հուշում է, որ ենթագիտակցականը ևս ունի դրսևորման ստերեոտիպեր, որքան էլ թվան ազատ պոռթկումի արդյունք: Պոռթկման պահին ենթագիտակցականը ազատվում է տաբուից, սակայն նրա հետևում կան հոգեբանական կայուն սխեմաներ: Ն. Ադալյանի հերոսներն ու հերոսուհիները գործում են ըստ վերլուծական հանգույցների: Ավանդական իմաստով կերպարներ չեն դրանք, այլ` արխետիպային «կառուցակարգեր»: Հեղինակը երբեմն ռեպլիկով միջամտում է հերոսների արարքներին, այդ եղանակով փորձում «խմբագրել» կերպարի այս կամ այն գիծը՝ ցույց տալով պատահականության դերը մարդու արարքների ասպարեզում:
Կերպարային տարբերակների հետևանքով պատճառահետևանքային կապերը ոչ միանշանակ են ընկալվում: Դրամատիզմը թեև սքողվում է, սակայն անցնում է խորք: Միաժամանակ արտաքինն ու ներքինը խառնվում են իրար, կորսվում է բաժանարար գիծը:
Ն. Ադալյանն ընտրում է կերպարի շարժուն հենակետերի կառույցը, որը հնարավորություն է տալիս հանդես գալու դեմքի ու դիմակի կտրուկ փոփոխությամբ: Նման փոփոխությունը տանում է ծանոթ կերպարների նմանատիպ գծերի հետ համընկնումների: Գրողն ապացուցում է կերպարների հարաբերականությունը ենթագիտակցականի ու աբսուրդի իշխող պայմաններում: Այս ամենի հետ մեկտեղ Ն. Ադալյանը պահպանում է բնական զգացմունքների ջերմությունը:
Հաղթահարվում է կերպարից կերպար օտարումը: Կերպար է բերվում բազմադեմ խաղ՝ բնորոշ մոդեռն և հետմոդեռն գրականությանը:
«Հատվածներ ցմահ բանտարկյալի հուշատետրից» վիպակն այն հանգուցակետն է, որտեղ կառուցվածքի հիմքում կերպարային զուգահեռներն են, հայելիական ներթափանցումները, ենթագիտակցական մղումները, արձակի սեռում թատերախաղային հոսքերը, ներքին դրամատիզմը, կյանքի անճանաչելիության սկզբունքը:
Այդ բարդ խնդիրները գրողի մեծ ձիրքով պատում են բերվում միահյուսված: Տարբերակային կերպարներ են Զավեն Բարսեղյանն ու Արգամ Գնունին, Եվան, Մարոն, Զիզին և Ելենա Արշակովնան:
Նշված կերպարները կերտվել են հոգեվերլուծական մեխանիզմներով: Մարոն համոզված է, որ մարդիկ չեն ճանաչում իրենց: «Ողբերգություն է, որ ես ինձ մի քիչ գիտեմ»,- ավելացնում է նա:
Վիպակում ես-երը փոխարկվում են («Նա վերջապես ինձ ներշնչել էր, թե հուշատետրի հեղինակը ես եմ», «Կարծես Մարոն ոչ թե իր կինն է, այլ` Զավեն Բարսեղյանի…», «Մի պահ մտածեցի՝ Եվան ես եմ»):
Ո՞վ է սպանել Եվային՝ Զավեն Բարսեղյանի կնոջը. սա վիպակի սյուժեի ծավալման հենակետն է: Սպանության համար դատարանը մեղադրում է ամուսնուն՝ Զավենին: Սպանողը նա չէ, սակայն Ալյոշա Կարամազովի բարդույթով լուռ համաձայնություն է տալիս մեղադրանքին՝ դառնալով ցմահ բանտարկյալ: Սպանության հանձնառությունն այսպես է բացատրում. «Մեկնումեկը պետք է բանտ նստեր, տառապեր ամբողջ կյանքում, իմ բնությունն է` սիրել և օգնել մարդկանց»:
«Հոգեբանական երկխոսություն» մեկ գործողությամբ խաղում ես-երի փոխատեղումն ավելի ուղիղ է: Դատապաշտպանն այն համոզումին է, որ իր ես-ում մեղադրյալ կա, իսկ մեղադրյալի ես-ում՝ ինքը: Այնուհետև ավելացնում է՝ մեղադրյալը ևս դատապաշտպան է:
– Հիմա և հավիտյանս հավիտենից դատապաշտպանը դու ես,- մեղադրյալին համոզելու փորձ է անում դատապաշտպանը և իր լայնեզր գլխարկը դնում է մեղադրյալի գլխին: Նրանք աթոռները փոխանակում են, ինչը նշանակում է դեմքերի կամ ես-երի փոխանակում:
«Հատվածներ ցմահ բանտարկյալի հուշատետրից»-ում մի պահ Մարոն իրեն Զավեն Բարսեղյանի փոխարեն զգում է հուշատետրի հեղինակ:
Շատ հերոսների բնորոշ է մեղքի զգացումը, որը անտարբերություն է ծնում դատարանի սխալ որոշման կամ մահվան հանդեպ: Զավեն Բարսեղյանը յուրովի ներկայացնում է կյանքի աբսուրդը. «ներսն էլ (բանտը) դուրս է, դուրսն էլ՝ ներս: Բոլորս ցմահ բանտարկված ենք ներս ու դրսում»:
Մարդը կորցնում է դեմքը (ինքնությունը). երեք Մարգոները միևնույն մահվան դիմակով են:
Մահը բերում է ընդհանուր դիմակ:
Ն. Ադալյանի բեմախաղերի հերոսները նույն պահին հանդես են գալիս ժամանակի տարբեր հատույթներում՝ միջնադար, ներկա: «Պատը» բեմախաղի հերոսները հայտնի են Շեքսպիրի ողբերգությունից՝ Ռոմեո և Ջուլիետ, որոնք գործում են Երևանի դրամատիկական թատրոնի բեմում: Նրանք առնչվում են ժամանակի աբսուրդին:
– Հիմա ո՞ր թվականն է,- հարցնում է Ռոմեոն:
Աբսուրդ է նաև մարդու էությունը, որը կեղծ կատեգորիա է՝ ենթակա ենթագիտակցական սխեմաների: Յուրաքանչյուր մարդու ներսում, ինչպես դերասանի, դրված է մի ծրագիր:
Ռոմեո.- Շատ էի ուզում Օթելլո խաղալ, բայց ռեժիսորը հանձնարարեց Ռոմեո:
Ռոմեո.- Ես միաժամանակ Օթելլո եմ, Անտոնիոս ու Ռոմեո, միաժամանակ սիրում եմ Դեզդեմոնային, Կլեոպատրային, Ջուլիետին:
Քաղաքակրթության ճգնաժամում մարդը երկատված է և բազմադեմ, կորցրած իր էությունը, որն այլևս որոշիչ դեր չունի:
Էության կորուստը մարդու կորուստն է: Գրականությունը բաժանվում է ավանդական խառնվածքից: Սարտրը աբսուրդ է համարում գոյությունը, ծնունդը, մահը: Ըստ այդմ մարդկային գոյությունն անելանելիության առջև է կանգնած:
Աբսուրդը, սակայն, ճշմարտության հասնելու միջոց է: Ըստ «Անիրական եղելություն» պիեսի՝ աբսուրդը պետք է լինի կյանքից ավելի ճշմարիտ:Այս թատերախաղի գործող անձ հեղինակը մեկ ուրիշի հարցին՝ «Մենք հիմա որտե՞ղ ենք», պատասխանում է հարցով՝ «Կյանքո՞ւմ, թե՞ պիեսի մեջ»: Նույն գործող անձը՝ Աբգարը` համոզված է, որ թատրոնն անիրականը իրական դարձնելու բոլոր հնարավորությունները տալիս է: Անիրականի ռեալացումը մարդու ձգտումն է, նրա գոյության թիրախը: Սրա հետևում պետք է տեսնել ենթագիտակցական ցանկությունների ռեալացումը:
Ն. Ադալյանի պիեսներում գործողության մասնակից է, ինչպես տեսանք, հեղինակը: Նա մուտք է գործում բեմական տեքստ, փորձում է միջամտել հերոսների խոսքին, ռեպլիկով փոխել երկխոսության տրամաբանությունը: Հեղինակը նման պարագայում գրավում է «դրսի մարդու» տեղը՝ ապականոնիկ հուշումներով: Հիմնականում նա ճեղքում է բեմական խոսքի ստերեոտիպը:
Հեղինակ.- Համլետի ժամանակներն անցել են, գող խաղա, ստախոս, կաշառակեր…
Հեղինակ-գործողության մասնակիցը բեմ է բերում առօրյա կյանքից քաղվածքներ:
Իսկ ահա «Հոգեբանական երկխոսություն» խաղում գործող անձ է բեմի բանվորը:
Թատրոն – արտաքին միջավայր ուղղագիծ միջամտությունը շարունակվում է:
Հեղինակի, բանվորի ներկայությունը բեմում ստեղծում է երկու հարթություն՝ ավանդական և հետմոդեռն: Հեղինակը բեմում ներկայանում է հեգնական դիրքորոշումով:
«Հատվածներ ցմահ բանտարկյալի հուշատետրից» վիպակին կցված է վերջաբան, որն անվանված է «Այս վիպասանության հեղինակի վերջաբանը»: Այնտեղ նշված է. «Մարոյի վեպն իսպառ զուրկ էր հասարակական բովանդակությունից և ուներ բացառապես ներանձնական բնույթ ու շարժառիթ»:
Գրողն այս տողերում բնութագրում է հոգեվերլուծական գրականությունը (իր իսկ ստեղծագործությունը, սակայն հասկանալի է, որ «ներանձնականը» կապ ունի «հասարակական բովանդակության» հետ, միայն թե շեշտադրված են գոյի պրոբլեմները):
Վերջաբանում սեղմ շարադրված է դեպքերի ավարտը: Մենք տեսնում ենք հերոսների ճակատագրերի ընդհանրությունը (Մարո – Եվա, Զավեն Բարսեղյան – Արգամ Գնունի), ինչով ցուցադրվում է էկզիստենցիալ գոյաբանության ի վերուստ գծված սխեման: Տարբեր մարդկանց ճակատագրերը նույնական են, թեկուզ ցուցադրվում են տարբեր հայելիներում:
«Ժամանակակից արտասահմանյան գրականագիտություն»-ում նշված է, որ պոստմոդեռնիստ գրողները գրական տարածությունն ընդլայնում են ենթատեքստի հաշվին: Սա բնորոշ է նաև Նորայր Ադալյանի գրականությանը:
«Աշնանային շրջան» ժողովածուում զետեղված վիպակում և բեմախաղերում գրողը տարփողում է ազատ սերը, որպես բացարձակ արժեք, որով, աբսուրդի գիտակցման պայմաններում, իմաստավորվում է մարդու էությունը և կյանքն ընդհանրապես:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։