Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ / ԴԵՄՈՍԹԵՆԵՍԻՑ  ՄԻՆՉԵՎ  ՄԵՐ ՕՐԵՐԸ  ՆՈՒՅՆ  ՏԱՆՋՈՂ  ՄԻՏՔԸ

Էդվարդ Միլիտոնյանն իր «Այսքան բան» բանաստեղծական նոր գրքում («Ծիծեռնակ» հրատ., 2023 թ.) բարձրացնում է հասարակական հնչեղություն ունեցող կարևորագույն հարցեր, որոնք քաղաքակիրթ մարդկությանը, ցավոք, շարունակում են տանջել դարեր ի վեր:

Գրքի մեջ, մեծ մասամբ, ազատ ոտանավորով քննվում են հարցեր, որոնք խորունկ միտք ունեցող մարդուն չեն կարող թողնել անտարբեր: Նա հասկանում է, արձանագրում, սակայն ինչ-որ առումով ելքը չկա, որովհետև դրանք համաշխարհային տագնապներ են, չեն վերաբերում միայն մեկ ազգի: Տագնապի տագնապն է՝ իրենց առավել հզոր կարծող պետությունների վերաբերմունքը դեպի թույլերն ու փոքրերը: Նետ ու նիզակին փոխարինած զինական ուժի կատարյալ թվացող զենքերն իրականում հին դարերին հանգույն ոչնչացնում են անմեղ մարդկանց, իսկ նրանց տերերն իրենց ներկայացնում են որպես հերոսներ: «Հարցեր հին ու նոր ժողովուրդների քաղաքացիներին, պայմանով, որ պատասխանեն միայն բանիմացները» ծավալուն խորագրով բանաստեղծությունը շատ խորիմաստ է: Հեղինակը խիստ սթափ հայացքով է նայում համամարդկային կյանքին, իրականում՝ փոքրացած աշխարհին, որում մեծ հաշվով բոլոր կրթված մարդիկ գիտեն, թե այդ աշխարհում ինչ է կատարվում:

Ես շատ կուզեի, որ այս գիրքը կարդան շատերը փոքր-ինչ քաղաքական հասունություն ձեռք բերելու համար, որովհետև մարդիկ, չիմանալով մարդկության պատմությունը, իջնում են երազանքի ու բախտագուշակի մակարդակի:

Գրքում առկա է բանաստեղծի հումորը: Դա կա նաև «Հայրենական գործակալներ» քերթվածում.

Հայրենական գործակալներ,//Խոր մտահոգ ներսից,//Հավատալով, թե փրկում են//Ցուցումներով դրսից:

Շատ համարձակ հարցադրում ունի «21-րդ դարի քաղաքականությունը» կոչվածը, որում զգուշացում կա՝ Մարիամ Աստվածածնին չշփոթել Մարիամ Մագթաղինացու հետ:

Գիտենք, որ Հայաստանն այս վերջին պատերազմում պարտվեց, գիտենք նաև՝ Ալիևին օգնում էին այլ պետություններ, իսկ մեզ՝ ոչ: Բայց արդյոք ի՞նչ արժե, երբ բոլորը գիտեն այդ իրողությունը, Ալիևի էժանագին էյֆորիան: Հիշենք՝ հանճարեղ զորահրամանատար Հուլիոս Կեսարն իր հաղթանակը ձևակերպեց ընդամենը երեք բառով.  «Եկա, տեսա, հաղթեցի»: Սա այն դեպքում, որ նա կռվում էր հասարակ զինվորի կողքին և ոչ թե ոչնչացնում հակառակորդներին բայրաքթարներով:

Աշխարհը նվաճել ցանկացող քաղաքական գործիչներին բանաստեղծը մերկացնում է՝ նրանց համեմատելով թունավոր օձերի հետ, որոնց առաջնորդում են շահն ու գահը.

Ահն ու շահը//Շահմար օձերից ավելի թունավոր//Իրար փաթաթված, փոթոթված,//Սողում են երկրագնդով//Դեպի ահ, շահ, գահ:

Բանաստեղծը շատ լավ է պատկերացնում մարդկային անցյալը: Դեռևս անտիկ մտածողները և հայ միջնադարի փիլիսոփաները գիտեին, որ մարդկության կյանքի հինքում ընկած են չորս տարրերը՝ ջուրը, հուրը, հողն ու օդը: Լոնդոնի Ազգային պատկերասրահում Վերածննդի դարաշրջանի նկարիչը այդ չորս տարրերը պատկերել է առանձին մեծ կտավների վրա, որոնք խաչաձև կախված են պատերից, պատկերասրահի այն մասում, ուր իրար են միանում չորս սրահները: Հետաքրքիր ձևով են պատկերված մարդկային խղճի դրսևորումներն ըստ բանաստեղծի: Հայերի խիղճը պահպանվում է հայ գրողների գրքերում՝ այն ազգային օրենսգիրք է:

Գրքում ուշագրավ է «Իսահակյանի վերադարձը» բաժինը: Գիտենք, որ բանաստեղծն անտարբեր չի եղել գեղեցիկ կանանց նկատմամբ. բավական է կարդալ այդ կանանց ուղղված նամակները: Նա որոշ ժամանակ ապրել է Վենետիկում, իսկ այդ քաղաքն աշխարհի հրաշալիքներից մեկն է.

Ջրի վրա՝ նավակներ,//Իսկ սեղանին՝ նամակներ://Նավակներում՝ թեթև երգ,//Նամակներում՝ խոհ ու վերք:

«Բեռլին-1921.15.03» բանաստեղծությունն ավետում է, որ նաև Ավետիք Իսահակյանի ջանքերով է Սողոմոն Թեհլիրյանը պատժել Հայոց Մեծ ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթին:

Խորիմաստ է «Տիեզերք» բանաստեղծությունը: Դեռ անտիկ ժամանակներից մարդը փորձել է իմանալ տիեզերքի գաղտնիքները և Արարչին էլ դարձրել է նրա տիրակալը: Սակայն այդ գայթակղիչ տիեզերքն անտարբեր է մարդու նկատմամբ.

Մեկ է քեզ համար՝ նա կա թե//Չկա://Քեզ համար նույնն են՝ կան ու//Չկան:

Գալիլեո Գալիլեյը, Նարեկացին, Սոկրատեսը, Շահան Շահնուրը, Մալևիչը, Մարտիրոս Սարյանը, Արիստոտելը, Պլատոնը, Դիոգենեսը, Հոմերոսը, Սոլոնը, Կուրտ Վոնեգուտը հայտնվում են տարբեր բանաստեղծություններում՝ նրանք կապում են հինը նորի հետ, նրանք կարևոր ասելիքներ ունեն, որոնք չի կարելի անտեսել: Սակայն արդյոք մարդկությունը լսո՞ւմ է նրանց: Իհարկե, չի լսում և, ցավոք, անարդարությունն ու բռնությունը առավել մեծացնում են իրենց ազդեցության ոլորտը, մամոնան հաղթում է Աստծուն:

Սրանք հարցեր են, որոնք չեն կարող անտարբեր թողնել գրողին, որն անանձնականը համարում է կարևոր:

Հատկապես հասուն տարիքում մարդն առավել ճշգրտորեն է հասկանում իր ծնողներին ու գիտակցում է, թե ումից ինչ է ժառանգել: Ահա մեր առաջ կանգնում են բանաստեղծի հայրն ու մայրը: Մայրը կյանքի հարցերը ընկալում է ավելի քան խորքով, հայրն առավել թեթևշունչ է, և գրողն ուզում է պարզել, թե ումից ինչ է վերցրել: Իսկ վերցրել է կարևորը՝ ոչ թե ոսկի, այլ կյանքի կանաչ հովիտը՝ կենսասիրությունը:

Բանաստեղծը գիտի, որ երկու հնագույն քաղաքակրթություն ունեցող ժողովուրդները՝ հույներն ու հայերը, դարերով կրել են թուրքական լուծը. Հունաստանն՝ ամբողջովին, իսկ հայերը՝ մասամբ: Սակայն դեռևս Թուրքիան նկրտումներ ունի երկու ազգերի տարածքների նկատմամբ.

Հունաստանը ցայժմ կղզիների վեճ ու կռիվ//ունի//Հիմա Թուրքիայի հետ,//Նոր ժողովուրդները ներքուստ ատում են//հին ազգերին:

Սա հայտարարություն չէ, որովհետև թուրքերը, արդեն երկու դար է, ինչ փորձում են ազատվել հայերից:

Այս և նման խնդիրները առանցքային են Է. Միլիտոնյանի գրքում, որովհետև համամարդկային խնդիրներ քննարկելով` նա մնում է ազգային բանաստեղծ և լռել չի կարող: Դրա մասին խոստովանում է գիրքը բացող «Բանաստեղծություն» քերթվածում: Բանաստեղծելու կոչումը մշտահալած հետևում է ստեղծագործողին.

Անիծյալ, քեզնից//Չէ, պրծում չկա,//Դու վախճան չունես,//Միշտ սկիզբ, ներկա:

Ահա այդ սկիզբը, ներկան էլ բացահայտված են խիստ արդիական «Այսքան բան» գրքում:

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։