ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է
բանաստեղծուհի, թարգմանչուհի
Անահիտ Թարյանին
ծննդյան 70-ամյակի
առթիվ
«Գրական թերթը» միանում է
շնորհավորանքին
ՏՈՀՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐՈՎ
Անահիտ Թարյանի հետ մինչև գրչընկեր լինելը կուրսընկեր էինք։ Ինձ և շատերին զարմացնում էր այն թվերի համար դժվարընկալելի, ժողովրդական պարերի պարուհիների նմանությամբ՝ կրունկներին հասնող հյուսքեր պահելը։ Տարիներ հետո մազերը կարճացան, սակայն մնաց ավանդներին հավատարիմ լինելը և՛ ընտանիքում, և՛ միջավայրում, և՛ գրականության մեջ։ Քեռուս տանը, երբ պատանի էի, ծանոթացել էի նաև նրա հոր՝ տաղանդավոր մանկագիր, բանաստեղծ ու արձակագիր Մնացական Թարյանի հետ, քեռիս՝ բանաստեղծ Երջանիկ Առաքելյանը, և նա, մոտավորապես նույն ճակատագրի համեստագույն, զարմանալի բարի մարդիկ էին։ Դա ժառանգել են և՛ Անահիտը, և՛ նրա եղբայր, մեր ՀԳՄ պատվավոր բարերար Նվեր Մխիթարյանը։
Անահիտի մանկական բանաստեղծությունները մեր մանկագրության լուսավոր էջերից են, նաև մեծական բանաստեղծությունները մեր ժամանակի սրտագիրն են կրում՝ հավատ, սեր, դառնություն և ոչ երբեք վհատություն։
Նա իրավացիորեն արժանացել է Վախթանգ Անանյանի անվան մրցանակի, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, բայց ամենակարևորը՝ նրա մշտական ուշադրությունն է ՀԳՄ հիմնադրամի աշխատանքների նկատմամբ և՛ որպես խորհրդի անդամ, և՛ որպես սրտացավ գրող։ Հազվադեպ գրական ընտանիք, որ գրական մեր Միությունն էլ ընդունում է հարազատի պես։
Հոբելյանդ շնորհավոր, սիրելի՛ Անահիտ, քո գրվածքներին սպասում են մանուկները, ավագները և քո ընկերները, վկա՝ քո կեսդարյա ընկեր
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆ
Իմ հոգու հունդերն ազնիվ
Սուրբ հողիդ պահ տամ, Հայաստա՛ն,
Վեր ճախրեմ որպես արծիվ,
Քեզ հաստատ գահ տամ, Հայաստա՛ն…
Ոսոխիդ աչքը հանեմ,
Սև մահվան ահ տամ, Հայաստա՛ն,
Քո սևը պատան անեմ
Եվ նրան մահ տամ, Հայաստա՛ն:
ԵՐԿԻ՛Ր ԻՄ
Երկի՛ր իմ՝ իմ սո՛ւրբ ծնող‚
Առանց մի ծպտուն հանելու՝
Պատրաստ եմ դառնալ ես հող՝
Իմ սրտում քեզ հաց ցանելու‚
Քո կյանքի‚ բախտի համար՝
Զօր-գիշեր անխոնջ բանելու‚
Ցավերը քո անհամար
Առնելու‚ ի բաց վանելու…
Պատրաստ եմ լույսը փառքիդ
Աշխարհից աշխարհ տանելու‚
Երակս կապած երակիդ՝
Արյունս կաթ-կաթ քամելու…
Հավատա՛՝ պատրաստ եմ ես
Քո խաչին ինձ իսկ գամելու…
Միայն թե դու միշտ ապրես.
Առանց քեզ ի՞նչ եմ անելու…
ՊԻՏԻ ԼԻՆԵՄ
Է՛հ‚ ի՞նչ արած‚ մարդկանց համար
Մշտապես նոր պիտի լինեմ‚
Ուզեմ-չուզեմ՝ ձմեռ-ամառ
Հանգստի ձոր պիտի լինեմ…
Եվ որպեսզի չճահճանամ‚
Վճիտ ու խոր պիտի լինեմ‚
Հոգուս լացը զսպել ջանամ՝
Գեղգեղող լոր պիտի լինեմ…
Իմ սևը՝ ներս‚ ճերմակը՝ դուրս.
Արևոտ օր պիտի լինեմ‚
Ինչքա՜ն ասես՝ մերկացած ուս.
Ծաղկավառ շոր պիտի լինեմ‚
Կապն իր կտրած դարիս համար
Հզոր շեփոր պիտի լինեմ.
Երկրիս բախտի համար անմար
Հազա՜ր կտոր պիտի լինեմ…
Է՛Լ ԲԱՎ Է
Հոգնել եմ, Աստվա՜ծ վկա,
Մարդակերպ և բութ գեժերից,
Աղջկան լավ-վատ չկա,
Բայց թո՛ղ ու փախի՛ր գեշերից…
Աղարտվեց, է՛լ ի՞նչ մնաց
Մեր ավանդական ծեսերից,
Իմ կյանքը խոտոր գնաց.
Խռով եմ ես իմ կեսերից…
Երկի՛ր իմ, որքա՞ն կախվենք
Օտարի գոռոզ փեշերից.
Է՛լ բավ է, շա՜տ կուշտ ենք մենք
Սին խոստումների լեշերից…
…ՈՒ ԱՆՑԻ՛Ր
Թե ճամփիդ ելնի մեծ գետ՝
Համարձակ մտի՛ր ու անցի՛ր‚
Հիմա՞րն է վիճում քեզ հետ.
Վերջակետ դու դի՛ր ու անցի՛ր…
Դու չարին հոգիդ մի՛ բաց.
Ճամփադ շուտ թեքի՛ր ու անցի՛ր…
Երբ մա՛րդն է անաղուհաց՝
Դու միայն թքի՛ր ու անցի՛ր…
ԻՄ ՏԵՂՆ ԱՅՆՏԵՂ Է
Առաջնագծում տեղս դատարկ է.
Բա՛ որ թշնամին նկատի՞ հանկարծ…
Այս միտքը հոգիս պայթեցնող արկ է,
Որտեղ դեռ շատ կան մոխիրներ հանգած…
Տեղս դատարկ է առաջնագծում.
Ճի՛շտ է՝ այնտեղ են մեր զինվորները,
Բայց պակասում է այդ պիրկ բռունցքում
Մեկը մատներից. չի կրում բեռը…
Այդ ես եմ, ավա՜ղ, պակասող մատը,
Որը միայնակ՝ անզոր է ու խեղճ,
Առանց ինձ մերոնք չեն շահի մարտը,
Եվ պատերազմը կերկարի մեր մեջ…
Առանց ինձ հաղթող բռունցք չենք դառնա
Եվ չենք պահի մեր առաջնագիծը,
Մենք տանուլ կտանք կռիվն այս խառնակ՝
Սևացնելով մեր պատիվն ու խիղճը…
Կռիվ եմ գնում եղբայրներիս պես,
Ուր կյանքի-մահվան վիճակ են գցում…
Թուրքի աչքերը հանող մատն եմ ես.
Իմ տեղն այնտեղ է՝ առաջնագծում…
ԱԶՆԻՎ ՑՈՐԵՆ
Մենք ազնիվ ցորեն էինք՝
Աշխարհի ցանքսի սերմացու‚
Բայց եղավ մեծ արհավիրք.
Խորշակը խփեց մահացու…
Եվ սփռվեցինք մենք լուռ‚
Աշխարհում գտանք տարածում.
Չուզեցինք կորչել իզուր
Նենգ թուրքի ջարդի աղացում…
Ցրվեցինք հատի՜կ-հատի՜կ‚
Աղ դարձանք աշխարհի հացում…
Չաճեցինք բազմապատիկ.
Հիմա մի բուռ ենք‚ մի ածու…
Մենք ազնիվ ցորեն ենք հար.
Ժեռ քարին էլ ենք մենք աճում…
Հանճարեղ մեր հացն արդար
Աշխարհն է հիմա աղաչում…
ՄԵԶ ՏՐՎԱԾ ԿՅԱՆՔԸ
Ապրում ենք մենք մեր երկրում՝
Մեր բաժին լուծը քաշելով,
Մի փոքրիկ լավից բերկրում,
Պար գալիս ուռա՜-տաշերով…
Ծնվողին մաղթում բարին՝
Մեր գինու առատ թասերով,
Մեռնողի յոթն ու տարին
Տալիս ենք՝ քարը տաշելով…
Ապրում ենք Աստծո հետ հաշտ՝
Մեզ տրված կյանքը մաշելով,
Եվ ցմահ փնտրում ենք բախտ՝
Դառնագին «Հե՛յ-վա՜խ…» ասելով…
ՄԻՆՉԵՎ ՎԱՂԸ
«…Հարբած ըլիմ մինչև էգուց»:
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
Մինչև վաղը մի գիշեր է բաժանում մեզ,
Մինչև վաղը մեր տների միջև նորից
Կփռվի ու կհավաքվի ճանապարհը,
Կուսակրոն ժամանակն իր ձեռքով անտես
Ինձ կհրի այս նույն տեղը և այն պահը,
Երբ ժպիտդ լուսացնցուղ կողողի ինձ…
Մինչև վաղը…
Ժամանակն այս բրինձ է մի՝ փոքրի՜կ-փոքրի՜կ,
Գիշերվա սուր, առնետային
Ատամի տակ ընկած փոքրի՜կ-փոքրի՜կ բրինձ…
Է՛լ քո վախը
Ո՞ր տարազով ես ընկալեմ և ո՞ր գույնով,
Տարազները երբ շատ են հին,
Եվ գույներն են անխորք, ջրիկ…
Քո այն վախը,
Որ, ներծծված սիրո թույնով,
Ծնվում է միշտ մեր բաժանման վերջին պահին
Ու զառամում մի չարչարված գիշերվա մեջ.
Չի՜ դիմանում մինչև վաղը…
Քո այն վախը,
Որ զարթնում է, սարսափահար թռչում է վեր
Մյուս օրն ինձ չտեսնելու
Հնարավոր անլուր դավից,
Մյուս օրն ինձ կորցնելուդ մրմուռ ցավից
Ու տիրատենչ
Ընտելացված գայլուկի պես հեզ ու հլու,
Հետևում է ինձ անդադար, որպես ստվեր,
Պտտվում է շուրջս անվերջ…
Մի՛ զարմացիր, որ գալիս է իմ ծիծաղը,
Երբ ամեն օր քո համբույրը հրաժեշտի
Դնում ես դու իմ շուրթերին՝
Որպես կնիք, որպես կողպեք՝
Շրթունքների համար ուրիշ,
Որպես լքված կարապի երգ…
Ավելի մեծ ժամանակ է հարկավոր ինձ,
Որ իմ սիրտը կյանքո՛վ, կյանքո՛վ մի լավ ճշտի՝
Քո համբույրը թորած ջո՞ւր է, թե՞ կենսավիշ…
Դե՛, ի՞նչ կա, որ… ե՛կ բաժանվենք առանց թախիծ՝
Մինչև վաղը,
Ու թո՛ղ նորից շարունակվի մեր այս խաղը,
Ու թո՛ղ նորից շարունակվի քո այն վախը,
Որ ապրում է մինչև վաղը…
ՄՈՐՄՈՔ
Ինչ-որ մեկն ասաց. «Դու ինձ շա՜տ ես պետք,
Եվ ես առանց քեզ ապրել չեմ կարող…»:
Ես միայն անփույթ ժպտացի, անցա…
Սրտիս խորանում մոմարցունք մի հետք
Թողեց այդ խոսքը՝ մոմի բոց մարող,
Ու ես այդ հետքն էլ սրբեցի անցավ:
Ինչ-որ մեկն ասաց… Բայց վաղո՜ւց էր դա.
Նժույգն օրերի փախել է հեռու,
Ես իմ մենության վանքում եմ անլույս.
Սեր-երազանքիս հավքը չգտա…
Հոգուս զանգերը ե՞րբ են լռելու.
Անսեր մեռնում են օրերն իմ անհույզ…
Եվ հիմա սրտիս մռայլ խորանում
Ես խարխափելով փնտրում եմ համառ
Այն սիրո խոսքից մոմարցունք մի հետք…
Ցավս մխում է, վերքս՝ խորանում,
Տնքում է սիրտս օրերում խավար.
«Դու ինձ շա՜տ ես պետք… դու ինձ շա՜տ ես պետք…»:
ԿԱՐԾԵՍ, ԼԻՆԵՐ ՎԱՂՈՒՑ
Կարծես, լիներ վաղուց‚ շատ տարիներ առաջ‚
Մեր այն վերջին‚ այն ջերմ հանդիպումը այգում.
Սիրտս՝ սիրո մի ծով‚ այնպես մե՜ղմ էր խայտում‚
Այնպես լա՜վ էր երգում‚ այնպես մանրաշառա՜չ…
Նստել էինք այգու կանաչ նստարանին.
Քո բազուկն էր ամուր գրկել մեջքս դալար‚
Վարսերս էին փռվել թավ ու սևագալար՝
Քո լայն կրծքին‚ որպես մազե վահան մի հին։
Աչքերիս մութ երկրում փնտրում էիր համառ
Սիրուս շղթայակապ բառերը՝ քեզ չասված‚
Որպես մի անվերծան‚ մի հեթանոս աստված‚
Նեկտար էիր ըմպում շուրթերից իմ անառ…
Մեզ պես խենթացել էր գարո՜ւնն անչափահաս‚
Մեր շուրջ եռում էր նա‚ ինչպես կանաչ արյուն‚
Մի առվակ էր տավղում՝ դարձած համակ ավյուն‚
Ծառն էր ծառին շրշում. «Ծաղիկ-պագիկ մի տա՜ս…»:
Կարծես‚ լիներ վաղուց‚ շատ տարիներ առաջ‚
Մեր այն վերջին‚ այն ջերմ հանդիպումը այգում.
Սիրտս՝ սիրո մի ծով‚ այնպես մե՜ղմ էր խայտում,
Այնպես լա՜վ էր երգում, այնպես մանրաշառա՜չ…
ԿԱՐՄԻՐ ԵՐԳ
Դու ինձ տեսար երեկ կարմիր շղարշներում՝
Կարմիր բոցերի պես ինձ վերից վար լափող,
Կարմիր մշուշի մեջ քո արյունն էր եռում՝
Սրտիդ գավում կարմիր գինու նման ծափող:
Մեր աչքերին թեթև քող էր իջել կարմիր,
Ամեն ինչ կարմիր էր, կարմի՜ր-կարմի՜ր երազ.
Կար մի կարմիր հասակ, կարմիր խռովք կար մի,
Ու կար կարմի՜ր-կարմի՜ր երջանկություն մի խաս…
Անգո էին բոլոր խոսքերը մեզ համար.
Մեր սրտերն իրարու տեսնում էին և մերկ…
Կարմիր փոթորիկ էր… բախտ կար, սիրտ կար, սեր կար
Եվ… այդ սիրուց ծնվող կարմի՜ր-կարմի՜ր մի երգ…
***
Իմ մանկության կապո՜ւյտ-կապո՜ւյտ‚ ժի՛ր թիթեռնիկ‚
Դու՝ տերեփուկ կապույտ՝ հովից թրթռացող‚
Դու՝ ծաղկաթերթ պոկված‚ մի պուտ մաքուր երկինք‚
Երազանքիս շուրթին իջած փիրուզ մի ցող…
Իմ մանկության կապո՜ւյտ-կապո՜ւյտ‚ ժի՛ր թիթեռնիկ‚
Ես՝ աղջընակ մի խենթ՝ տարված քո հեքիաթով‚
Ես էլ՝ մի թիթեռնիկ՝ քեզ պես ոսկեթևիկ‚
Կյանքիս առէջներում խաղում էի խինդով…
Խաղում էի զվարթ. ի՞նչ հոգս‚ ի՞նչ ցավ‚ ի՞նչ վիշտ…
Կարծում էի՝ կյանքն էլ մի հեքիաթ է ոսկե.
Երազներում լուսե պարուրելով ընդմիշտ՝
Շշնջալու էր ինձ սիրո դյութիչ խոսքեր…
Ի՞նչ իմանար‚ սակայն‚ սիրտն իմ ջահել‚ անփորձ‚
Որ քնած չեն բախտիս շանթերն ապերասան‚
Հողմացրիվ կանեն սիրուս դղյակն անխոց‚
Հոգուս նեկտարն անուշ՝ կանեն բաժա՜ն-բաժա՜ն…
Իմ մանկության կապո՜ւյտ-կապո՜ւյտ‚ ժի՛ր թիթեռնիկ‚
Երազանքիս ցողը‚ ավա՜ղ‚ անհետ ցնդեց…
Իսկ դու նույնն ես կրկին՝ նուրբ ու ոսկեթևիկ.
Կորած մանկությունս ես գտնում եմ քո մեջ…