Զգացմունքների հեղեղ Վալերի Պարանյան – 70 / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Գանգրահեր կանաչի մեջ վեր ձգվող լեռնաշղթային իր հեքիաթները պատմող գետի ջրերը գալիս ու գնում էին՝ հին ու նոր պատմություններ տանելով իրենց հետ: Ու այդ պատմություններին շունչ ու հոգի տվող ալավերդցիները ժայռերի գագաթներին ուղղված հայացքների հետ հոսող գետին էին նվիրում իրենց հուզառատ հույսերը: 1949 թվականին զգացմունքառատ այդ նույն վայրում ծնված և հասակ առած տղան որքան էլ պեղեր բնական գիտությունների, հասարակության ու մարդու իրավունքների մասին իրեն կանչող ոլորտները, այնուամենայնիվ, կյանքի ճանապարհին նրան ուղեկցողը իր զգացմունքառատ ապրումներն էին: Հենց այդ ապրումներն էին, որ բազմազբաղ առօրյայի մեջ երիտասարդին մղում են գրիչ վերցնել.
Ջի՜նջ ճախրում են ղողանջները//հորիզոնից հորիզոն.//Արևը զանգ, շողերը փող,//զանգակաձայն երգեհոն://Խառնվում են ղողանջներին//վրնջյուններ ձիերի,//Որ թռչում են երամակով՝//հևքով քշում ամպերին://Ո՞ւմ նժույգը թևավոր չէ,//երանելի ո՜վ այրեր,//Երգել, սակայն, լոկ Պեգասի//հեծյալին է արտոնվել:
Երբ Պեգասի հեծյալը դառնալու սրտի կանչը անիմանալի խաղեր էր խաղում նրա հետ, ու այլևս դիմադրել չէր լինում, երիտասարդը իրեն թույլ տվեց անել իր առաջին քայլը՝ «հեծյալներիե շրջապատում: Նրա այդ քայլն էլ առաջին անգամ արձանագրվեց 1976 թ. «Գրական թերթումե տպագրված բանաստեղծությամբ, որը խոսում է թախծախառն, հեռու ու մոտ, կյանքային ու վերերկրային զգացումների խառնարանում ծնվող երիտասարդի ապրումների մասին:
…Ու հետո այդպես, բանաստեղծական հորձանքախառն զգացումներ՝ խառնված իրականությունը ճիշտ ընդունելով, նույն իրականությանը արդարացի ձևով մասնակցությունը բերելու իր ձգտումների հետ: Իրականությունը երբեմն կլանում է մարդուն` ստիպելով նրան կորցնել իր գլուխը խաբկանքների մեջ: Սակայն Վալերի Պարանյան անունը տարիներ շարունակ ձուլվեց իրականությանը՝ որպես նրա դիմագիծը բարեշնորհ գործերով ու հայրենի երկրի դիրքն իր զարթոնքի մեջ հստակեցնողի անուն: Այդ առումով էլ ստեղծագործական ընդմիջում եղավ: Բայց… անիմանալի են Աստծու ճանապարհները…
Մի չարագույժ օր բառը հաղթեց լռությանը. այն դուրս թռավ, իր հետ քանդելով ու դուրս բերելով նրա հոգում եղած հնարավոր բոլոր զգացումները, որ վերաբերում են կյանքի ու մահվան, երկրի ու երկնքի, անհատի ու նրա Արարչի, կամ՝ երկրին հաղթելու երկնքի գաղտնիքներին: Ու կանգնեց Վալերին երկնքին պարտված երկրի ցավոտ այն կետում, որից այն կողմ փնտրեց ու տեսավ հաղթող երկնքի հետ հաշտության արևաշողերի առկայծումները: Հաշտության արևաշողեր, որ կոչվեց «Ռեքվիեմե: 1993 թվականին հրատարակված այդ գրքույկը բանաստեղծի ներաշխարհում թաքնված մարդկային հույզերի, սրտի ու քունքերի խառն տրոփյունի, անիմանալին իմանալիի դաշտ բերելու հոգեցավ ջանք ու ճիգերի արդյունք էր: Այդպես հաղթահարվեց բանաստեղծի տարիների լռությունը, որ հետո շարունակվեց, դառնալով պարզ ու մաքուր գետի համար բացված զարմանալի հորդահոս հոսքի հունը: Երանի թե լուռ մնար, երանի թե ծառս չլիներ մուսաներ բերող նժույգը և հայտնի չդառնար մեզ այսօր արդեն հայտնի իր փրփրաբաշ գոյությամբ… Միայն թե առիթ չլիներ գրելու «Ռեքվիեմըե… Սակայն, ո՞ւմ է տրված կարգավորել միայն Աստծուն հայտնի անիմանալին… Աշխարհի գիրկն ընկած մարդկային կյանքերը նման են փոթորկի բերանն ընկած նավերի, որ երբեմն ուզում են իրենցով սանձել փոթորիկները, երբեմն թաքնվում են ծովի ամեհի ալիքների տակ, երբեմն՝ դուրս գալիս բաց ծով, ուր կրկին սպասում կա ու փոթորիկ սանձողի ոգևորություն: Այն փոթորիկը, որ բանաստեղծին բաց ծով հանեց, սպասում չուներ, այլ միայն՝ հրաժեշտ: Անպատմելի որոտ, խռպոտված լեռներ, խլացած ձորեր, ուր ծովածոց ընկած ջարդուփշուր նավի միակ երազանքն էր՝
Առագաստանավը խարխուլ ու հին լինի,//Եվ ամեն մի շարժումից//Տախտակները ճռռան.-//Ճը՜ռ – ճը՜ռ…
Կարծես թե գտնված էին ժամանակի խլության հետ հաշտության եզրեր գտնելու բանաստեղծական ապրումները՝
Այսուհետև ո՛չ քայլելու եմ, ո՛չ՝ թռչելու,//Սուզվելո՜ւ եմ, սուզվելու…
Սուզվողի հոգեբանությունը, սակայն, կախված է նրան իր էության հետ հաշտ պահող տրամաբանությունից: Վ. Պարանյան ստեղծագործողը գնաց դեպի իր էության խորքերից չհեռացող, ներաշխարհային սուզումների: Այստեղ էր, որ նա հանդիպեց իր հետ գգվանքախառն ապրումների կարոտ իր նժույգներին և հեծյալ դարձավ.
…կարմիր իր ձին հեծած,//ագռավասև հագած//մի հեծյալ էր գնում://Դոփ, դոփ, դոփ, դոփ.//շուրջը դաշտ էր ձյունոտ,//դեմը՝ սար հողմածեծ,//վերն արև էր մշուշափայլ//ու ձյունաքամ ամպեր,//մաղողն ինչ որ ուներ-չուներ,//մաղե՜ց, մաղե՜ց, մաղե՜ց.//ամեն բան ճերմակեց,//նույնիսկ անգույն քամին,//բացի կարմիր իր ձին,//զգեստն ագռավասև:
«Ձմռանը թամբինե պոեմը բանաստեղծական ներսուզումներից շլացուցիչ հուզումներ է վեր հանել: Ասես մի զարկով գտնված, սեփական գոյությունն ապահովող խորաթափանց թրթիռների հետ հանդիպումներ են այստեղ: Նվագարանի լարերի հետ խաղացող մի ազնիվ ու չնաշխարհիկ կատարում է, ասես, այս պոեմը, որի սևազգեստ դիրիժորը նվագախմբի հետ աշխատում է՝ չհեռանալով նժույգաթև իր մուսայի կարմիր տարածքներից: Մարդ ու բնություն իրար խառնված առաջ են գնում` յուրաքանչյուր քայլի հետ ինքնակենսագրության որևէ կետը ներկայացնելով բանաստեղծական քանդակի հոգետեսության հնարավոր բոլոր գրավչություններով: Նույնիսկ այնտեղ, ուր բառը քանդակի համար դիմագիծ չի դառնում, լռություն կա, որ շատ է խոսուն՝
…լուռ էր: Միտքը՝ երեր://Երնեկ դուդուկ երգեր.//Սվսվոց էր, քամի:
Զգացմունքների հեղեղ է Պարանյանի բանաստեղծական աշխարհում: Հեղեղ, որն իր հետ աներևակայելի ջերմություն է բերում, նրանով պարուրում ընթերցողին: Մանավանդ, երբ մաշկիդ վրա ու հոգով ես զգացել այն ծննդավայրը, որի զավակն է նույն գրողը: Եվ, մանավանդ, որ հարազատ են նրա խոսքերը, ինչպես՝ «Նժույգների պես լեռները ծառս են լինում խավարում…ե, և կամ՝
Օ՜ այնպես ծանր կուզեի լռել//Ինչպես լռում է գիշերով Լոռին//Ձորախոս Լոռին…
Այնուամենայնիվ, եթե բանաստեղծությունը ծննդավայրի խոսքից չէ փնջված, միևնույն է՝ այն աշխարհին ուղիղ նայելու մասին է, որը երբեմն զգոն մնալու ինքնազգուշացում է դառնում.
Հրե՜ն//Հրե՜ն աշխարհը//Նայիր վերջապես//Ի՜նչ ես գլուխդ ուրիշ կողմ շրջում:
Իրենց իմաստների մեջ գեղեցիկ հույզերի անցողիկություն՝ աշխարհիկ առօրյայի կոպիտ ֆոնին: Այսպիսին է մարդ արարածի ճանապարհը: Առավել դժվար ճանապարհ նրանց համար, ովքեր զգում, տեսնում ու ապրում են իմաստի՝ քամու բերանն ընկած գեղեցկությունը: Այնուամենայնիվ, հենց նրանք են աշխարհը «կանաչե պահողները.
Օ՜ տոհմիկ հույզեր օ՜ սեր օ՜ թախիծ// Մի-մի դեղնող տերև այնինչ//Հռնդում է քամին որ ներկան է//Կոպիտ ու աշխարհիկ//Թող ամեն ոք ունենա ուժ//Փառք տա կանաչ այս աշխարհին:
Վալերի Պարանյանի շուրջը հռնդացող քամիները չեն կոտրել նրա հոգում մշտապես բարձրացող կանաչ շիվերը, որոնցով նա ոչ թե մռայլ, այլ կարմիր ու կանաչ է տեսել աշխարհը: Այդ կարմիրն ու կանաչը դեռ ալիքվում ու հորդահոս դառնալով գեղեցկացնում են ոչ միայն նրա բանաստեղծությունը, այլև՝ շուրջը եղած մթնոլորտը: Այսօր էլ մենք այստեղ ենք՝ վկայելու և խոսելու համար այդ մասին: Ես փորձեցի անել այդ, որին էլ խառնում եմ իմ բարեմաղթանքները՝ ուղղված սիրելի ընկերոջս՝ կարմիր նժույգի հեծյալ Վալերի Պարանյանին: Թող այն պահը, երբ քո ձին մի օր կորցրեց իր պայտը, հավերժական լույսերին տանող ճանապարհ դառնա, որի մեջ շարունակի հնչել քո բանաստեղծական խոսք ու զրույցը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։