ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Եթե երկու մարդ ասում են
ճիշտ նույն
նախադասությունը,-
ճիշտ նույն բառերը և ճիշտ նույն
շարադասությունը,-
ապա դա չի նշանակում բնավ,
թե ասում են նրանք
ճիշտ նույն բանը-
մեկի գլուխն է ծակ,
մյուսի` գրպանը:
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՅԳԻ
Հինգ երեխա
և մեկ ամուսին ունեցող մի կին`
դեմքի մայրական արտահայտությամբ,
և մի տղամարդ-
արական սեռի ընկերուհի`
նկատվելու համար նախատեսված շարժումներով,
և մի աղջիկ- քայլող մանեկեն`
իրենով լցված շրջազգեստը
ծառուղու պոդյումում ցուցադրող,
և մի նախկին օրիորդ- մեր թվերի Պենելոպե`
փեսացուներից մեկի հետ ամուսնացած,
գործերն ավարտած վաղուց`
«Ոդիսականը» կարդացող- լավ է գրված,
և մի պառավ չարալեզու- սև ագռավ`
Պանդորայի արկղ բերանը բացած,
որ չփակվի` ծնոտների միջև
մի մեծ, ժանգոտ ատամ ցցած,
և մի ջոկ թռչուններ երկնապահ-
երկնքի սահմանների պաշտպանության
հերթափոխն ավարտած`
ծառերին ճռվռացող,
և մի խաչակիր մորուքավոր`
Հիսուս չդարձած-
չկարողացավ գլխին
աշակերտներ հավաքել:
Սա կյանքն է- այստեղ` այգում,
նստարաններին,
ծառուղիներում ու ծառերին,
ժամանակի և տարածության մեջ,
հանգիստ ու անհանգիստ,
անվտանգ ու վտանգավոր-
լճակը, որ ճեղքում են
մոծակներն արգոնավորդ, ավա՜ղ,
Սիլովամի ավազանը չէ մաքրագործման,
և …Տրոյական ձի է կարուսելին:
ԱԴԱՄ ԵՎ ԵՎԱ
Ապրում էր պարտեզում իր համար
Ադամը` Դրախտի օրինապահ քաղաքացին-
անգիտակ էր ծառին բարվո ու չարի,
չգիտեր` մեղքն ինչ էր,
խնձորին նայեր` տանձին չէր:
Օ՜, այդ Եվան նրան
դարձրեց մարդ`
պարտազա՜նց, մեղսավո՜ր, թիապա՜րտ,
Աստծո անեծքը վրան:
ԱԲԵԼ ԵՎ ԿԱՅԵՆ
Դաշտում պառկած`
նայում էին երկնքին:
Աբելն ասաց.
– Ի՜նչ նման է լուսնի մահիկը
մանգաղի:
– Ո՛չ,- ասաց Կայենը,-
յաթաղանի է նման:
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԻՂԱՏՈՍՆԵՐԸ
«Փողը ձեռքի կեղտ է»-
և պիղատոսները ժամանակակից
հիմա ձեռքերը լվանում են միայն
ուտելուց առաջ:
ՇԵՔՍՊԻՐԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Շեքսպիրի հերոսները
արդեն վաղուց ասել են բոլոր
խոսքերը մարդկության,
և հիմա ինչ էլ ասենք մենք`
Համլետ ենք կամ Օթելլո,
Պոլոնիուս, Յագո կամ Արքա Լիր,
կամ… Յորիկ («Խե՜ղճ Յորիկ»)
և այլ, և այլ
գործող անձինք`
այս թատրոն կյանքի բեմում:
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԼՅՈՒԴՈՎԻԿՈՍ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԸ
Լյուդովիկոս 14-րդն ասաց.
«Պետությունը ես եմ»:
Լյուդովիկոս 15-րդն ասաց.
«Ինձանից հետո` թեկուզ ջրհեղեղ»:
Ի՞նչ ասաց
Լյուդովիկոս 16-րդը-
չգիտեմ, նրանից ոչ մի տեղ
չի գրվել ոչ մի խոսք` մեզ հասած,
բայց, դե, նա էլ էր թագավոր,
պիտի որ
մի բան էլ նա լինի ասած:
ՀՐԱԺԵՇՏԸ ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ
Խորն էր վիշտը, անսահման` սուգը,
ձայների մեջ մեր
լսելի էր
մեր արտասուքը:
ՀՐԱԺԵՇՏԸ ՌՈՄԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆԻՆ
Ձեռքերը` կրծքի վրա հանգչող,
դեռ պահում էին
գրկախառնության ձևը-
այդպես էինք մենք բաժանվել
վերջին անգամ:
ԷՊԻԿՐԻԶ
Ախտանշանները-
Հիվանդին թվում է, թե փող ունի,
իբր թե նստում է «Մեղեդի» սրճարանում,
վայելում սուրճ, պաղպաղակ և երաժշտություն,
ապա մտնում «Էլեգանտ» խանութ,
դուրս գալիս «Պիեր Կարդեն» կոստյումով,
ապա մոտենում մայթին կայանած
«Ռոյս Ռոլն» մեքենային` վերջին մոդել,
որի վրա գրված է` «վաճառվում է»,
բայց չի գնում`
գույնը չի բռնում կոշիկներին-
մաքուր կոկորդիլոսի կաշի:
Առկա են բուլիմիայի`
մշտաքաղցի նշաններ:
Ախտորոշումը-
Ապերցեպցիա`
իրականության անընկալություն,
որն ուղեկցվում է ասթենիայի` անզորության
և ապրեքսիայի` անգործունակության
իդիոտիպ զգացողություններով:
Բուժումը-
Ուղեղի մեթոդական լվացումներ
աշխատավարձի բարձրացման մասին
կառավարության որոշումների քաղցրաջրով,
կյանքի քաղցրացման մասին
պոլիմոդալ` բազմաբնույթ խոստումների
անուշահաբեր կիկերոնյան լատիներենով,
օրական մեկ հատ, սոված փորին,
մինչև տեսնենք`
վերջը ինչ է լինելու:
ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՕՐԸ
Հեշտ է երեխաների համար-
ցատկապարան են խաղում,
օդ թռչում`
բաց են թողնում
երկրագնդի այս տխո՜ւր, դատա՜րկ,
տաղտկալի պտույտը:
ԿՈՐԱԾ ՄԱՐԴԸ
Հեռվում կանգնած`
ես ինձ ձայն եմ տալիս- ձայն չկա:
Կողքիս կանգնած`
ես ինձ ձայն եմ տալիս-ոչ մի արձագանք:
Զանգ եմ տալիս հեռախոսով-
տանը չեմ:
Անցորդներ,- եղբայրներ և քույրեր,-
որտե՞ղ եք դուք ինձ տեսել վերջին անգամ,
ո՞վ էր անունս տալիս:
ԱՆՁՐԵՎԱՅԻՆ ԵՂԱՆԱԿ
Սոկրատի կինը` լաչառ Քսանդիրեն,
ուտում է ինքը իրեն`
անձրև է- տաշտակով
ջուր է թափում մեր գլխին,
ինչպես լաչառություն անելիս թափում էր
ամուսնու գլխին, մ.թ.ա. 5-րդ դարում,
երբ եկեղեցի չկար,
և հնազանդության երդում չէին տալիս,
բայց, ափսոս, հազար ափսոս, մենք
Սոկրատը չենք,
և… օ՜, այս ի՜նչ հեզիկ-նազիկ,
օ՜, այս ի՜նչ հլու-հնազանդ է
մեր Քսանդիրեն:
ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԳՐԱՌՈՒՄ
Երբ կինդ ձայնը գլուխն է գցում,
ծղրտում կտցարի պես,
ագռավի պես կռկռում,
օձի պես ֆշշում-թշշում,
չգիտես ինչի պես կռնչում – ճռնչում,
չշտապես ընդհատել նրան-
հնարավոր է` երգո՜ւմ է:
ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ
…և խոհանոցը լցվեց հանկարծ
այլմոլորակայիններով-
օ՜, այդ տղամարդիկ`
պահարանի ափսեները դարձնող ՉԹՕ:
ՄՈԼԼԱ ՆԱՍՐԵԴԻՆ
Ցույց տուր այն փիղը ինձ,
որ տեսել է կույրը- այնժամ
կհավատա՜մ ես,
որ դու, իսկապես,
ճանճ ես տեսել:
ԷՅՆՇՏԵՅՆ
Եվ հարցրին Էյնշտեյնին.
– Դո՞ւք եք ստեղծել
«Հավանականության տեսությունը»:
Եվ ասաց Էյնշտեյնը.
– Ամենայն հավանականությամբ:
ՆՈՐ ԴԱՐՎԻՆԻԶՄ
Ինչի՞ց են կապիկներն առաջացել-
ջունգլիների օրենքներով
կենաց ծառերը բարձրացած`
ճյուղակոտոր անող
մարդկանցից
վայրենացած:
«ԳԼՈՐԻԱ» ՆԱՎԻ ԽՈՐՏԱԿՈՒՄԸ
…և նավապետը վերջինը դուրս եկավ
խորտակվող նավից`
չմոռանալով
իր ետևից հանգցնել լույսը:
ԱՆՃԱՐԻ ՁՄԵՌԸ
Ինչպե՞ս կանգնեցնել
կարտոֆիլի պարկը դատարկ-
գիշերները` անընդհատ գլխիս մեջ,
ցերեկները մոռանում եմ հիշել:
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հավատում եմ արդարությանը,
շա՜տ,
բայց, ճիշտն ասած,
չեմ վստահում-
աչքս վրան եմ պահում:
ՀԱՅԿԱԿԱՆ ՈՐՍՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ
Այս արջի մորթին չարժե,
որ մի օր
չափչփեմ որսի ճամփեքը մոլոր-
այդքան թանկ չարժե:
Այնքան թանկ չարժե,
որ արջի ահից
կուզեկուզ գնամ,
վախենամ մահից:
Ձեռքս գրպանս կտանեմ դողով
և արջի մորթին այս կառնեմ… փողո՛վ:
ԳԵՏԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ ՁՄԵՌԸ
Ծխո՜ւմ են
Գետահովիտ գյուղի երդիկները-
ամեն տուն իր
Հռոմի պապն է ընտրում:
Այս շարքում կան իրենց տեսակի մեջ հաջողված, հետաքրքիր գործեր:
Ըստ երևույթին չթմբկահարված անուններին պետք է ավելի ուշադրություն դարձնել…