Ժաննա ՀԱԿՈԲՅԱՆ

***
Ես հասուն մայրամուտի
Վերջին ճիչն եմ չքնաղ քանդակել
Երազներիս համեստ խորանում,
Մութ թունելներով, որ ինչքան անցնեմ,
Կմախքներից հին ես չսարսափեմ,
Ոչ էլ լպրծուն այն սողուններից,
Որ գինարբուք են անում խավարում,
Ու ես անմռունչ կսպասեմ այնքան,
Մինչև ծովերը ափեր կձգեն
նաև իմ ճամփին,
Մինչև անձրևը կմաքրի փոշին
խամրած շորերիս,
Մինչև խենթ քամին կտանի իր
հետ լեռներին այցի,
Մինչև արևը պսակ կդնի մի օր մազերիս,
Որ երազներիս խորանում
հավե՜րժ լուսաբաց լինի:

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ
Զինվո՛ր, հա՛յ զինվոր,
միշտ առա՛ջ շարժվիր,
Դու քո նախնյաց սուրբ
հողն ես պաշտպանում,
Մոնթեի նման դյուցազունների
Արյունով ներկած սահմանն ես հսկում:

Զինվո՛ր, հա՛յ զինվոր,
միշտ առա՛ջ շարժվիր,
Հայրերիդ ռազմի շո՛ւնչը ունեցիր,
Որ Սասնա Դավթի ուժով են կռվել,
Գոյապայքարում Արցախյան հաղթել:

Զինվո՛ր, հա՛յ զինվոր,
միշտ առա՛ջ շարժվիր,
Քո եղբայրների անունո՛վ երդվիր,
Որ նահատակվել,
բայց հող չեն հանձնել
Նաև Ապրիլյան քառօրյա կռվում:

Զինվո՛ր, հա՛յ զինվոր,
դու առա՛ջ շարժվիր,
Մարտնչել ես միշտ, էլի՛ դիմացիր,
Սառել ես, թախծել, քաղցած մնացել,
Բայց խիզախել ես ու չես նահանջել:

Զինվո՛ր, հա՛յ զինվոր,
միշտ առա՛ջ շարժվիր,
Տունդարձի ժամն էլ քո մի օր կգա,
Ա՜խ, մեր կռիվը դեռ չի վերջացել,
Դեռ չի ջախջախվել ոսոխը վերջին:

ԿԱՐՈՏ
Երազիս մեջ այս լուսաբացին
Մայրս կանթեղով իմ շեմը մտավ,
Կարոտի՞ց ես դու մեջքից կռացել,
Թե՞ ես եմ, մա՛յր իմ, մեղքից ծանրացել:

Մի բանալի էր ափիդ մեջ սեղմված,
Ախր ո՞ր դուռն եմ ես քո դեմ փակել,
Դրախտն ես սիրո դու ինձ պարգևել,
Աստղերից էլ շատ համբույր շռայլել:

Բախտիս բանալին ձեռքիդ ես պահել,
Մա՛յր իմ, քո նման ես չեմ մայրացել,
Մենության ճամփին կարոտն եմ գրկել,
Ու ցավերիս մեջ հոգիս է ճաքել…

***
Փշրված սրտով դժվար են ապրում,
Ասում են… իսկ ես ո՞նց եմ դիմանում,
Հողմերի միջով դարեդար անցել,
Խոցվել եմ, ճկվել, բայց չեմ տապալվել:

Ադամանդի պես հղկվել է ցավս,
Չեմ ուրացել ոչինչ, ոչ էլ՝ մոռացել,
Բարության ուժն է իմ դեմ խոյացել,
Սև ամպերից էլ արև եմ ճանկել:

Ու թե հրաշքով մի կյանք էլ տրվեր,
Ես հին ճամփեքից հեռու կփախչեմ,
Գուցե թե մի օր բախտը ինձ ժպտար,
Սիրուց խենթացած մեկը մոտս գար:

Ապոլլոնի պես միշտ հզոր լիներ,
Աստվածների հետ ինձ համար կռվեր,
Որպես միակ կին հավերժ ինձ սիրեր,
Ո՞ւր էր՝ հրաշքով մի կյանք էլ տրվեր…

ՆԵՐԻ՛Ր ԻՆՁ, ՏԵ՛Ր ԻՄ
Դեպի վեր հառնող բարձունքից անհաս
Խաչի ստվեր է տարածվել գլխիս,
Թե օրհնանք է սա,
Ես ծնկաչոք եմ ընդունում, Աստվա՛ծ,
Ու աղերսում եմ՝
Քո կախարդական լույսն ամենից շատ
Սփռի՛ր այնտեղ,
Ուր Աստվածամոր նկարի առջև
Մոմեր վառելով՝
Մեր օրինազանց այրերն անձնահաճ
Խարդավանքներով կուտակված փողով
Փա՜ռք են վաստակում,
Սի՜ն ողջույններից հատորներ կազմում,
Բարեգործություն վաճառում այնտեղ,
Ուր որ կամենան…
Բայց դո՛ւ, դո՛ւ ես աշխարհում
Ամենազորը,
Մի՛ թող ախտավոր սովորույթները
Արմատավորվեն,
Փողով մարդ գնեն
Ու կենսական պահանջ դարձնեն
Զվարճանքները միայն,
Թույլ տան, որ քաղցած անասունները
Արածեն նույնիսկ գերեզմաններում:
Ա՜խ, մի՛ թող, Տե՛ր իմ,
Ցինիկությունը մինչ երկինք հասնի,
Թե չէ աստղերի լույսն էլ կմարի,
Եվ մենք այլևս էլ չենք երազի…

***
Իմ քարավանի սրընթաց երթով
Ես սարսռազդու փոսեր եմ փորում
Լեռների մեջքին,
Ու իմ սլացքը նման է հիմա
Հսկայածավալ կաղնու խոյանքին,
Որ արձագանքել կարող է միայն
Հսկա նավերի խոլ մռնչյունին,
Այնինչ ոմանք անզորությունից
Բարակ մի առու բացելու համար
Անտառն են շքեղ հատում սղոցով
Ազատության սին կոչերի ներքո,
Բայց ես պատրաստ եմ առանց զղջումի
Քարավանը իմ մեխել նույն կետում,
Միայն թե մեկը առանց տագնապի
Խորդուբորդ ճամփան ինձ հետ մագլցի…

***
Երբ երազներիս մատղաշ թևերին,
Առանց մեղքերի՝ հոգիս էր մաշվում,
Անհայտ էիր դու, նաև ստվերդ
Բախտիս փշրված հայելու ցոլքում:

Ժամանակի մեջ երազս նույնիսկ
Անցավ դժոխքով այն մութ խորշերի,
Խճաքարի պես ոտնակոխ եղավ,
Այս արևի տակ թեկուզ դու կայիր…

Թեկուզ աղոթքով ինձ էիր փնտրում,
Ես՝ սիրո ծարավ, լքված էի հեռվում,
Սառցե շերտեր էին իմ մեջ խառնվել,
Վերքերս նույնիսկ չէին սպիացել:

Աչքերիս մեջ թեև լույս է խաղում,
Չի ջնջվել սակայն անցյալի փոշին,
Երազն իմ ինչքա՜ն ճախրի երկնքում,
Մեկ է, առանց քեզ նա որբ է ու սին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։