Հեռվից՝ շուրջ տասը լյո հեռավորությունից, երբ, Ավագ շաբաթ, գնացքով Կոմբրէ էինք հասնում, վագոնի լուսամուտից երևում էր միայն ողջ քաղաքն, ասես, ամփոփող եկեղեցին, որը, կարծես, ներկայացնում էր այն, նրա մասին խոսում ու նրա անունից պատմում հեռուներին, իսկ երբ մոտենում էինք, նա, ասես հովիվը՝ բաց դաշտում, քամու տակ, իր մուգ ու երկար քուրքի շուրջն էր հավաքում իրենց գորշ, բրդոտ մեջքերով իրար սեղմվող տները, որոնց աստ և անդ համախմբում, շրջագծում էր միջնադարյան, կատարելապես շրջանաձև պարսպի մնացորդը, ինչպես՝ պարզունակ նկարում պատկերված ավանի տեսարանում: Կոմբրէում ապրելը փոքր-ինչ տխուր էր, ինչպես որ տխրադեմ էին նրա փողոցները, որոնց՝ տեղական սևոտ քարից շինված տներին նախորդում էին պպատանիքով պսակվող ու՝ նրանց առջև ստվերներ նետող սանդղամուտքերը, և տների ներսն այնքան խավար էր, որ երբ մութն սկսում էր ընկնել, հարկավոր էր վեր քաշել «դահլիճների» վարագույրները: Սրբերի պատկառազդու անուններ կրող փողոցնե՛ր (որոնցից շատերի անուններն առնչվում էին Կոմբրէի առաջին տերերի պատմությանը). Սուրբ Հիլարիոսի փողոցը, Սուրբ Հակոբի փողոցը, որտեղ իմ «հորաքրոջ» տունն էր, Սուրբ Հիլդեգարդի փողոցը, որի երկայնքով ձգվում էր նրա այգու ճաղապատը, Սուրբ Հոգու փողոցը, ուր բացվում էր այգու կողային դռնակը՝ Կոմբրէի այդ փողոցները, որ կենդանի են իմ հիշողության այնքա՛ն հեռավոր անկյունում, որը երանգված է գույներով՝ այնքա՛ն տարբեր՝ այժմ ինձ համար աշխարհն արդուզարդող գույներից, որ դրանք բոլորը ու նաև Հրապարակում վեր խոյացող եկեղեցին, հիրավի, ինձ ավելի անիրական են թվում, քան մոգական լապտերի շողարձակումները, որ երբեմն ինձ թվում է, թե Սուրբ Հիլարիոսի փողոցը ևս մեկ անգամ անցնելը կամ Թռչնի փողոցի «Նետահար թռչուն» հին իջևանատանը սենյակ վարձելը, որի նկուղային լուսամուտներից ելնում էր խոհանոցի՝ իմ մեջ մերթ ընդ մերթ դեռ գլուխ բարձրացնող նույնքան ընդհատուն ու տաք գաղջահոտը, ինձ համար կլիներ անդրաշխարհի հետ հաղորդվելո՛ւց էլ ավելի գերբնական ու հրաշալի մի բան, քան Գոլոյի հետ ծանոթանալը և Ժընևիև Բրաբանտացու հետ զրուցելը:
Պապիկիս կուզինան՝ իմ պապի զարմուհին, որի տանը մնում էինք, այդ՝ Լեոնիա «հորաքրոջ» մայրն էր. Լեոնիան, ամուսնու՝ հորեղբայր Օկտավի մահից հետո չէր կամեցել հեռանալ նախ՝ Կոմբրէից, հետո՝ իր տնից՝ Կոմբրէում, այդուհետ՝ իր սենյակից, և վերջապես՝ արդեն, իր անկողնից, և նա այլևս չէր «իջնում» մեզ մոտ՝ միշտ պառկած մնալով մի տեսակ անորոշ թախծի, ֆիզիկական նվաղության, վատառողջության, սևեռուն մտքերի ու աստվածավախության վիճակում: Նրա առանձին բնակարանը նայում էր Սուրբ Հակոբի փողոց, որը հեռվում հանգում էր Մեծ մարգագետնին (ի տարբերություն Փոքր մարգագետնին, որը կանաչին էր տալիս քաղաքի մեջտեղում՝ երեք փողոցների խաչմերուկում), և որը՝ միապաղաղ ու գորշավուն, ամեն դռան մոտ ավազաքարե երեքական բարձր աստիճաններով, հիշեցնում էր ժայռի մեջ գոթական պատկերներ քանդակողի ձեռամբ փորված մի կիրճ, ուր քանդակած լիներ մսուր կամ խաչաբլուր: «Հորաքույրն» ապրում էր ընդամենը երկու միջանկյալ սենյակներում՝ ետկեսօրեին մնալով մեկում, մինչև կօդափոխեին մյուսը: Սրանք այն գավառական սենյակներն էին, որոնք (ինչպես որ այլ վայրերի օդային կամ ծովային արձակ տարածքներ, լուսավորված կամ օծանված են լինում անթիվ-անհամար անտեսանելի միաբջիջավորներով) զմայլում են մեզ իրենց բյուրավոր բույրերով, որ սփռվում են առաքինություններից, իմաստնությունից, սովորություններից, գաղտնի, անտեսանելի, լիառատ և բարոյական կյանքից, որով տոգորված է այստեղի մթնոլորտը, իրենց նախնական թարմությունն, անշո՛ւշտ, դեռ պահպանող հոտերով ու ժամանակների գույներով, ինչպիսիք են քաղաքամերձ գյուղինները, բայց, արդեն՝ տնակյաց, մարդկային, ինքնամփոփ, այգուց՝ պահարանում հայտնված այլազան պտուղներից պատրաստված ճարտարապատում, թափանցիկ, հրաշահամ դոնդողի հոտերով, տարվա եղանակների, բայց արդեն տնական, ընտանի հոտերով, որոնք փափկեցնում են լուսամուտների եղյամի փշոտությունը տաք հացի մեղմությամբ, գյուղի ժամացույցի պես պարապ ու ճշտակատար, թափառաշրջիկ ու կարգավորված, անհոգ ու շրջահայաց, ճերմակեղենի, վաղորդայնի, բարեպաշտ անդորրը վայելող հոտերով, որը միայն սաստկացնում է տրտմատագնապը, կյանքի տաղտուկը, որ բանաստեղծության շտեմարան է նրա համար, ով անցնում է այդ հոտերի միջով՝ երբևէ նրանց մեջ ապրած չլինելով: Այդ սենյակների օդը տոգորված էր խաղաղության շարմաղ բույրով՝ այն աստիճա՛ն սնուցիչ, այնքա՛ն հյութեղ, որ ես նրան ընդառաջ էի գնում մի առանձնակի կանխավայելքով, առավել ևս՝ Զատկի շաբաթվա այդ առաջին, դեռ ցրտոտ առավոտները, երբ այն ավելի լավ էի զգում, քանի որ հենց նո՛ր էի ժամանել Կոմբրէ. նախքան «հորաքրոջ» սենյակ մտնելը՝ նրան բարի օր մաղթելու համար, ինձ սպասել էին տալիս մի պահ՝ նախորդ սենյակում, ուր տակավին ձմռան արևը եկած էր լինում երկու աղյուսների միջև արդեն բոցին տվող կրակից տաքություն առնելու համար, որը թանձրոտում էր ամբողջ սենյակի մրի հոտը, ինչպես՝ աղյուսե խոշոր գյուղական վառարանները կամ դղյակների բուխարիները, որոնց կողքին ուզում ես, որ դրսում անձրև սկսվի, ձյուն գա, անգամ տարերք մոլեգնի, որպեսզի առանձնության կեցավայելքին ավելանա ձմեռելու թովչանքը: Ես գնում-գալիս էի փոքրիկ նստարանի և դաջված թավշով պատած բազկաթոռների միջև, որոնց թիկնակներին, ինչպես միշտ, հագցված էին հելունագործ ծածկոցներ. մինչդեռ՝ կրակը ախորժելի հոտեր էր ծնում, ասես՝ խմոր թխելիս լիներ, որոնցից սենյակի օդը տապակ-պապակ էր լինում, իսկ նրանք արդեն մակարդվում ու «բարձրանում» էին առավոտվա խոնավ և լուսատոգոր թարմության պատճառով: Կրակը շերտավորում էր հոտերը, կարմրացնում, փոմփոշացնում, փքում՝ սարքելով մի անտեսանելի, բայց շոշափելի գյուղական կարկանդ, մի վիթխարածավալ «մրգակուտապ», և պատի պահարանի, կոմոդի, խայտաբղետ պաստառների ավելի փխրուն, ավելի նուրբ, ավելի համբավավոր, բայց և՝ ավելի չոր բույրերը դեռ հազիվ ճաշակած՝ միշտ մի անճառելի տենչով սուզվում էին ծաղկավոր մահճածածկոցի տարտամ, կպչուն, անալի ու անդյուրամարս մրգահոտի մեջ:
Հարևան սենյակում, կիսաձայն, ինքն իր հետ զրուցում էր իմ «հորաքույրը»: Նա միշտ ցածրաձայն էր խոսում. նրան թվում էր՝ իր գլխի մեջ ինչ-որ բան կոտրվել և գնում ու գալիս է, և եթե ավելի բարձրաձայն խոսեր՝ ինչ-որ բան դուրս կպրծներ իր տեղից, բայց եթե անգամ մենակ էր մնում երկար ժամանակ, երբեք չէր լռում, որովհետև կարծում էր, թե խոսելը բուժիչ է կոկորդի համար, և չթողնելով, որ արյունն այստեղ կանգ առնի, կպակասեին շնչահեղձությունն ու ճնշվածությունը, որոնցից տառապում էր ինքը, ընդ որում, ապրելով բացարձակ անգործունեության մեջ, նա բացառիկ կարևորություն էր տալիս իր ամենաաննշան զգացողություններին, շարժունակություն էր հաղորդում դրանց և, այդ պատճառով, չէր կարողանում դրանք թաքցնել: Ահա, թե ինչու, զրուցակից չունենալիս, որին կարելի լիներ հաղորդել դրանք, նա բարձրացնում էր դրանք՝ անդադար մենախոսության մեջ, որն իր գործունեության մեն-միակ ձևն էր: Դժբախտաբար, սովորություն դարձնելով բարձրաձայն մտածելը, նա մի՛շտ չէ, որ ուշադրություն էր դարձնում, թե մարդ կա՞ր արդյոք հարևան սենյակում, և ես հաճախ լսում էի, թե ինչպես էր ինքն իրեն ասում. «Պետք է մտքիս մեջ պահեմ մի լավ, որ չե՛մ քնել»: (Անքուն մնալու պարագան նրա հավակնությանը պատշաճորեն արձագանքում էր նրա հետ շեշտված պատկառանքով՝ մեր բոլորիս խոսքի ու վարմունքի մեջ. դիցուք, Ֆրանսուազը ո՛չ թե գալիս էր նրան «արթնացնելու» համար, այլ պարզապես «մտնում էր» նրա սենյակը, և երբ ցերեկով «հորաքույրն» ուզում էր մի քիչ ննջել, ասում էին, թե «մտորել» է ուզում կամ՝ «հանգստանալ», իսկ երբ զրուցելիս բերանից թռցնում էր. «Ինձ արթնացրեց…», կամ. «Քնիս մեջ մի երազ տեսա, թե…», կարմրատակում էր և իսկույն կոծկում խոսակցությունը):
Մի պահ չանցած՝ մտնում էի նրան համբուրելու. Ֆրանսուազը թեյն էր բռնում, իսկ եթե «հորաքույրը» բորբոքված էր իրեն զգում, փոխարենը լորու ծաղկի թուրմ էր խնդրում, և այդժամ ի՛մ պարտականությունն էր դեղորայքի տոպրակից մի քիչ լորու ծաղիկ ածել ափսեի մեջ, որն այնուհետև պետք էր թրմել եռացող ջրում: Չորանալուց ծաղիկների ցողունները ոլոր-մոլոր էին եղել և վերածվել մի քմահաճո բանվածքի, որի հյուսքանախշերի մեջ բացվում էին դալուկ ծաղիկներ, ասես մի նկարիչ կարգավորած ու զետեղած լիներ նրանց ամենագեղատեսիլ ձևով: Իրենց տեսքը կորցրած կամ փոխած թերթիկները այլազան բաների կերպարանք էին ընդունում՝ ճանճի թափանցիկ թևիկի, պիտակի ճերմակ դարձերեսի, վարդի թերթիկի, և սակայն՝ իրար վրա կիտված, մանրացված ու հյուսված, ասես նախապատրաստված լինելով բույն սարքելու համար: Դեղագործի հիասքանչ շռայլությունը վկայող հազար ու մի անօգուտ մանրուք, որոնք, անշուշտ, կվերացվեին գործարանային արտադրման դեպքում, և ահա, ինչպես որ գիրքը, ուր հրճվելով տեսնում ենք մեզ ծանոթ մեկին, ճիշտ այդպես էլ ինձ համար բերկրալի էր գիտակցել, որ դրանք իսկական լորենու ցողուններ էին՝ Կայարանի փողոցում իմ տեսած ծառերի նման, որոնք փոխվել էին հենց այն պատճառով, որ կրկնօրինակներ չէին, այլ՝ ստուգորեն իրենք էին, բայց ծերացել էին պարզապես: Եվ քանի որ յուրաքանչյուր նոր հատկություն նրանց մեջ սոսկ հնի կերպափոխություն էր, ուստի՝ փոքրիկ մոխրագույն գնդիկների մեջ ես դեռ չբացված կանաչ կոկոմներ էի տեսնում, սակայն լուսնավարդագույն մեղմ շողշողումը, որը զատում էր ծաղիկները դյուրաբեկ ցողունների թավուտի մեջ, ուր նրանք կախված էին փոքրիկ ոսկե վարդերի նման (ա՛յն նշանն է, երբ լույսի շողքը պատի վրա երևակում է ջնջված որմնանկարի տեղը, ինչպես որ տարբերում է ծառի «ծաղկած» մասերը «չծաղկածներից»), ինձ ցույց էր տալիս՝ այդ թերթիկներն իրավ նրանք էին, որոնք դեղորայքի տոպրակը ծաղկավորելուց առաջ բուրավորել էին գարնան իրիկունները: Մոմի վարդագույն բոց տակավին հիշեցնող իրենց այդ գույնը դեռ չէր մարել, նիրհի մեջ չէր ընկել դեռ՝ այս նվազող կյանքում, որ իրենցն էր այժմ, և որն իրենց մայրամուտն էր: Փոքր-ինչ անց, «հորաքույրս» արդեն կարող էր կակղեցնել փոքրիկ «մադլենը» եռացող թուրմի մեջ, որից բերկրանքով թափված տերևի կամ թառամած ծաղկի հոտն էր առնում, և երբ այն բավականին կակղում էր, մեկնում էր ինձ մի կտոր:
Նրա մահճակալին՝ մի կողմից, դեմ էին տված մեծ դեղին կոմոդը՝ կիտրոնենու փայտից և սեղանը, որը միաժամանակ ծառայում էր իբրև տնային դեղադարան և զոհասեղան, ուր Աստվածամոր արձանիկի և Վիշի-Սելեստեն շշի մոտ դրված էին ժամերգության գրքեր ու դեղատոմսեր՝ այն ամենը, ինչ հարկավոր էր, անկողնից չելնելով, եկեղեցական արարողություններին ու օրվա ապրելակարգին հետևելու համար, թե՛ պեպսին ընդունելու և թե՛ իրիկվա ժամերգության ժամն ու պահը բաց չթողնելու համար: Մյուս կողմից, «հորաքրոջս» մահճակալը հարում էր պատուհանին՝ նրա լայնքով մեկ. այնպես որ՝ փողոցը նրա աչքի առջևն էր, և նա, պարսից թագաժառանգի նման ձանձրանալով, առավոտից մինչև երեկո կարդում էր այնտեղ Կոմբրէի ամենօրյա միևնույն, բայց՝ անմռոաց ժամանակագրությունը, որն այնուհետև քննարկում էր Ֆրանսուազի հետ:
Դեռ մի հինգ րոպե չանցած, նա հետ էր ուղարկում ինձ՝ վախենալով, որ կհոգնեցնեմ իրեն: Նա դեմ էր տալիս իմ շուրթերին իր տխուր, գունատ ու թոշնած ճակատը, որի վրա, այդ վաղորդյան ժամին, նրա դնովի վարսերը դեռ հարդարված չէին, ուր թափանցորեն նկատվում էին մաշկի տակի ողոսկրերը, որոնք, ասես՝ տատասկե պսակի թշեր կամ տերողորմյայի ուլունքներ լինեին: «Դե, գնա՛, իմ անուշիկ մանչուկ, և պատրաստվի՛ր պատարագի համար,- ասում էր իմ «հորաքույրը»: – Եթե ներքևում տեսնես Ֆրանսուազին, ասա՛ նրան, որ քեզնով երկար-բարակ չզբաղվի, թող շո՛ւտ գա այստեղ. ո՛վ գիտե՝ կարող է, ինձ մի բա՞ն պետք լինի»:
Ֆրանսուազն, իրավ, երկար տարիներ նրան էր ծառայում և այն ժամանակ բնավ չէր ենթադրում, որ մի օր լիովին կփոխադրվի մեզ մոտ, բայց այստեղ մեր հյուրընկալվելու ամիսներին մի քիչ աչքաթող էր անում իմ «հորաքրոջը»: Մանկությանս տարիներին, երբ մենք դեռ չէինք գնում Կոմբրէ, և Լեոնիա հորաքույրը դեռ Փարիզում էր անցկացնում ձմեռը՝ իր մոր մոտ, ես այնքան վատ էի ճանաչում Ֆրանսուազին, որ Նոր տարվա օրը՝ իմ պապնաքրոջ մոտ մտնելուց առաջ մայրիկն ափիս մեջ հինգ ֆրանկանոց էր դնում և ասում. «Ուշադի՛ր եղիր՝ չշփոթե՛ս մարդկանց: Մի՛ շտապիր տալ, մինչև չասեմ. «Բարև, Ֆրանսուազ» և այդ պահին թեթևորեն թևիդ կդիպչեմ»: Հազիվ նոր էինք հասցնում մտնել իմ «հորաքրոջ» մութ նախասենյակը՝ իսկույն խավարի մեջ տեսնում էինք, թե ինչպես՝ կուրացնելու աստիճան ձյունաթույր, պիրկ, ասես նաբաթից սարքված, փխրուն կապագլխարկի ծալադարսերի տակից սկսում էին ծավալվել վաղօրընծա երախտիքի ժպիտի համակենտրոն ալիքներ: Դա Ֆրանսուազն էր՝ միջանցքի փոքր դռան բացվածքում անշարժ կանգնած, ասես սրբի արձանը՝ խորշի մեջ: Երբ մեր աչքերն ընտելանում էին այդ ժամատնային կիսախավարին, նրա դեմքին պատկերանում էին անշահախնդիր սերը մարդկության հանդեպ և գորովական ակնածանքը բարձր դասերի նկատմամբ, որ ամանորյա ընծաների հույս էր բորբոքում իր սրտի լավագույն անկյուններում: Մայրիկը սաստիկ կսմթում էր իմ ձեռքը և բարձր ձայնով ասում. «Բարև՛, Ֆրանսուազ»: Այդ ազդանշանից մատներս բացվում էին, և ես բաց էի թողնում դրամը, որին, թեև երկչոտությամբ, բայց այդուհանդերձ պարզում էր ձեռքը: Բայց այն ժամանակվանից, երբ սկսեցինք գնալ Կոմբրէ, ինձ համար այնտեղ ամենամտերիմ մարդը Ֆրանսուազն էր. մենք նրա սիրելիներն էինք, համենայն դեպս, առաջին տարիներին մեր հանդեպ նա նույնպիսի խոր հարգանք էր տածում, որքան և՝ «հորաքրոջս» նկատմամբ, դեռ ավելին՝ կենսաթրթիռ բարեհաճություն, որովհետև ընտանիքի մասը կազմելու հեղինակությանը (այն անտեսանելի կապերին, որոնցով արյունը սերտացնում է ազգականներին, նա ոչ պակաս ակնածանքով էր վերաբերվում, քան՝ Հին Հունաստանի ողբերգակները) նրա սովորական տերերը չլինելու հմայքն էր գումարվում: Ահա թե ինչու, երբ ժամանում էինք Զատկի նախորդ օրերին, Ֆրանսուազն այնպիսի՛ ուրախությամբ էր ընդունում մեզ և ախուվախ անում, թե՝ լավ եղանակ դեռ չի անում (այդ ժամանակ հաճախ ցրտաշունչ քամի էր փչում), իսկ մայրիկը Ֆրանսուազին հարցուփորձ էր անում նրա աղջկա, զարմիկների մասին, թե՝ լավի՞կն է արդյոք նրա թոռնիկը, նրանից ի՞նչ են ուզում դարձնել, արդյոք նմա՞ն է իր տատիկին:
Իսկ երբ այնտեղ մարդ չէր լինում, իմանալով, որ Ֆրանսուազը շարունակ դեռ ողբում է իր վաղուց մահացած ծնողներին, մայրիկս կարեկցաբար խոսում էր նրանց մասին և հետաքրքրվում նրանց կյանքի հազար ու մի մանրամասնի շուրջ:
Ֆրանսերենից թարգմանեց
Սերգեյ ՄԿՐՏՉՅԱՆԸ