Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

 

 

Հոր կարոտ

Կրակի պես է այրվում սիրտս,

Կարոտով եմ հիշում հայրենի տունս,

Արցունքով են լցվում աչքերս,

Ա՜խ, հպարտ էր ու չքնաղ Հայրս։

 

Երբ գործից հոգնած տուն էր դառնում,

Կարծես մտովի նա մեզ էր համրում,

Նայում, բոլորիս ժպտում էր ուրախ

Ու խաղաղ սրտով նստում էր Հայրս։

 

Հիշում եմ նրա ժպիտը խաղաղ,

Ա՜խ, այնքան պայծառ,

կարծես արեգակ,

Երբ նա մեզ հետ էր,

այս աշխարհի տակ

Չկար առավելը, քան հենց նա՝ Հա՛յրս։

 

 

Քեզ բառերով ստեղծագործեմ

Քեզ ստեղծագործեմ ես իմ բառերում

Ու քեզ տեսնեմ ես իմ աչքերում,

Քեզ արտացոլեմ ես իմ բառերում

Ու քեզ որոնեմ սրտիս գրպանում,

Քեզ պիտի դաջեմ ես իմ ուղեղում

Ու քեզ սերտաճեմ ես իմ բառերում,

Քեզ տեսակավորեմ ես իմ թղթերում

Ու քեզ արծարծեմ ես իմ տեսքերում,

Քեզ որոնեմ իմ նոթատետրում

Ու նորից գրեմ իմ կարճ տողերում…

 

Հոգիս

Հոգիս մոլորվել,

Շրջում է անվերջ,

Շրջում, փնտրում է,

Չի գտնում, ավա՜ղ։

Շրջում է դեպի

Ծովեր՝ անհատակ,

Լեռներ՝ բարձրաբերձ,

Երկինքներ դեպի։

Դեպի սեգ սարեր,

Դեպի լուռ ձորեր,

Դեպի անտառներ

Ու բներ թավուտ։

Թռչում, գնում է

Անամպ քաղաքներ,

Լեցուն քաղաքներ,

Լքված քաղաքներ։

Գնում է նաև

Գյուղեր՝ քաղցրատես,

Գյուղեր՝ բնակված,

Եվ լքված գյուղեր։

Թռչում է դեպի

Անավարտ տներ

Ավարտված տներ

Ու քանդված տներ։

Հոգիս ինձ հետ չէ,

Գնում է անվերջ,

Գնում է դեպի

Հայրենի եզերք…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։