Լեռնապատ
Հսկա լեռների վեհությունը գրկած՝
Լոռու լեռների արքան է կանգնած:
Լեռնապատ գյուղը՝ ոգով իր արի,
Կանգնած է ճամփին նորի ու հնի:
Դարակուռ ուղին իր ինքն է հարթել,
Եվ երբ ոսոխն է շուրջբոլորն հորդել,
Կռիվ է տվել, բռնվել մարտի,
Չի թողել պղծեն դաշտերն իր հուռթի:
Նենգ երկրաշարժը ալիքով սաստիկ
Սասանեց գյուղը, մեռան շատ մարդիկ:
Սակայն դա չեղավ վերջը օրրանի.
Գյուղը ծերունի՝ դարձավ պատանի.
Հին ու Նոր գյուղերն համերաշխ, հավերժ
Ապրում են իրենց հին լեռների մեջ,
Ու այդ լեռների վեհությամբ արբած՝
Լոռու Լեռնապատ արքան է կանգնած:
Քի՛չ է լինել հայրենասեր
Քի՞չ է լինել հայրենասեր…
Մեզնից առաջ և այսօր էլ`
Հայրենապաշտ պիտի՛ լինել,
Հանուն նրա և նրանով
Պիտի՛ ապրել ու արարել։
Պատգամ պիտի՛ դարձնել կյանքի
Նժդեհանալ,
ապրել կյանքով հայրենիքի։
Դավանապի՛ղծ լպրծուններ,
Ձեզնից մաքրել, մաղել պիտի՛
Այս լեռները ճերմակասիրտ։
Ձորերը՝ վես, դաշտ ու հովիտ
Պիտի կտրել ձեր ձեռքերից արյունամիտ։
Բայց մինչև այդ ու հետայսու՝
Հայրենապա՛շտ պիտի լինել.
Հանուն նրա և նրանով
Պիտի՛ ապրել ու արարել։
Գազել Հայրենիքին
Էս անիրավ ու անհավատ աշխարհի մեջ՝
Եդեմակերտ, լեռնաշաղախ,
ի՛մ Հայաստան։
Քանի-քանի՜ ոսոխ տեսար դարերիդ մեջ
Էս աշխարհի բկին կանգնած,
հի՛ն Հայաստան։
Ա՜խր, ումի՞ց ես նեղանում, ո՞ւմ բողոքեմ՝
Թե թշնամին տանդ մեջ է,
ո՜վ Հայաստան։
Բայց քանի կամ քո պատմության էջերի մեջ,
Պիտի ծաղկես ու ծաղկեցնես մեզ, Հայաստա՜ն։
Քանզի ինձ պես հազարները օրեր առաջ
Իրենց կյանքը տվեցին քեզ,
վե՛ս Հայաստան…