ԿՅԱՆՔԸ ԳՐԻՆ ԱՊԱՎԵՆ / Ֆելիքս ՄԵԼՈՅԱՆ

Կյանքը բեմահարթակ չի ելնում, մնում է թատրոնի պատերից դուրս: Ո՛չ դեկոր, ո՛չ գրիմ, ո՛չ թամաշա: Դերասանն էլ, թեկուզ հազարապատիկ վաստակավոր, տանը իր ոչ դերասան կնոջ կամ ամուսնու ամուսինն է, էլի անգրիմ ու անհանդիսատես: Ճիշտ է, աքլորականչ խաշի արարողության մեջ մի քիչ թատրոն կա, բայց որ մեծավաստակը «բարիլուս» է ասում հարգելի սեղանակիցներին, արևի լույսը նկատի ունի և ոչ թե թատրոնի լուսարձակների: Թատերական ներկայացման վերջում էլ, երբ անթափանց վարագույրը հանդիսատեսին կտրում է բեմից, երբ դերասանի անշնորհք խաղը հարդասենյակում փառաբանում է ծաղկախուրձը գրկին հանդիսատեսը՝ դա է անծաղիկ օրվա պատկերը, դա է կյանքը, որն իր թավալումի մեջ գեղարվեստ չի պարունակում: Թեև վատ չէր լինի, եթե ինչ-որ չափաբաժին խառնուրդ ունենար: Բայց չունի, այդ հարցում Աստծու կամեցողություն չի եղել: Ինքնաբավ, միակտուր ընթացք է, քեզ առնում է իր հունը ու կապերդ արձակում. հրեն բլրի վրայի անտեր-անտիրական կաղնին, կուզես թուղթ պատրաստիր ու մեջը բանաստեղծություն լցրու, կուզես հարթակ կապիր ու գեղարվեստ խաղա: Գեղարվեստ դերասանը բանեցնում է, որ դահլիճի զուգված-զարդարվածին բեմ բարձրացնի ու մասնակից դարձնի խաղին կամ այն ծաղիկ գրկած խանդավառին համոզի, թե իր ապրած թատրոնը կյանք է: Եվ հաճախ համոզում է:
Գրքերի բերածն էլ կյանքը չէ: Ամենամեծ գիրքը՝ «Պատերազմ և խաղաղություն»-ը ներառյալ. լիքը մարդ, ընտանի կենդանին էլ ջանջիգյար, անուն ունի, բայց մեկ է՝ գիրք է: Ո՛չ Շեքսպիր, ո՛չ Տոլստոյ: Թեկուզ մեկին տեսած կա՞ս, որ տանը խոհանոց գնալուց կամ փողոցում սրճարան մտնելուց առաջ ոտը կախ գցի ու գոչի՝ «Լինե՞լ, թե՞ չլինել»: Հետո էլ սուրճի բաժակի ունկը բռնի ու թույն լցնի մեջը: Այսինքն թե՝ օ՜, բախտ իմ դժխեմ, այս ի՜նչ դառն ես: Համլետը հնչեցնում է, և դու նրան բառերի հովտի մարդ չես համարում, լիազորում ես սերունդներին ներկայացնելու քաջարի ասպետի քո ինքնությունը:
Մեծ-մեծ չես բրդի՝ «Լինե՞լ, թե՞ չլինել», բայց հո մտածած կաս, որ եթե կամքդ զորեր՝ մուխդ կմարեիր, կյանքիդ վերջ կտայիր, որ էլ ապրելդ չի գալիս… Այդքանը հերիք է, բո՜լ-բոլ է, ինչքան էլ հիշեցնես «Գլոբուս» թատրոնի տեղը Լոնդոնում, ինչքան էլ կրկնես, թե Համլետի հոր մահվան պատմությունը արաբական հեքիաթ է՝ մեկ է, տանուլ ես տվել: Այնպես որ՝ փողկապը խելոք կապիր ու թատրոն գնա. կուզես կնոջդ առաջ արա ու քարշակը վիզդ գցիր, կուզես աքլորացիր ու առաջ ընկիր՝ ծուղրուղո՜ւ: Համլետը դու ես, որ կաս, գնում ես քո մեծարանքին:
Հարահոս, փնթի, էշը կորցրած, կախգլուխ է կյանքը, և ապրվում է աննկատ: (Է՜, ինչ հեռուներից ես գալիս, բայց Վարդան Մամիկոնյանին մի կարգին տեղը չես բերում, որ թոռանդ սրտացավ պատմես, թե Ավարայրի դաշտում ոնց մարտնչեց և խփվեց ապերախտ հայերի ձեռքով): Գրքի կյանքն էլ սևեռուն, մանրէազերծ, իմաստավոր և հավաստի՜-հավաստի: Այդ հավաստիությունը դրսի անիրավ կյանքն է ապահովում: Գրգիռներ այնտեղից են գալիս, հարմարեցված են դրանց: Թե չէ անհող երկինք կլինի, գրքի հերոսը կսավառնի-կսավառնի ու չի իջնի հողին, կմնա օդում, հողածիններիս ուշադրությանը չի արժանանա: Մենք մեզ կմնանք, գրողինը արձագանք չի լինի մեր ցավին, գրողը միակ ունկնդիրը կլինի իր դայլայլի: Այսինքն թե՝ Հայաստան աշխարհում գոնե մի խարդախ պիտի գտնվի, որ արդարացված լինի հայ գրողի սրիկա հերոսի գոյությունը, և գրողը մեզ անխարդախ ապրել ուսուցանի: Ուրեմն առաջնայինը կյանքն է, դրա հետ պորտալարը կտրեց՝ վերջ, կթաղվի անհուշ ու անհիշատակ: Թե որ այն ցուրտ ու մութ տարիները հետ եկան՝ եկան, հետները վառարան կբերեն և տարաբախտի գիրը կպչան կանեն: Հետ չեկան՝ ուրեմն նրանից ոչ մի խեր…
Ջուր եմ ծեծում, իհարկե, անտեղի մտավարժանք է, միայն թե հրահրող եղավ՝ Սուսաննա Հարությունյանն իր «Խմբանկար մեռյալներով և անմահներով» պատմվածքների և վիպակների ժողովածուով: Արժանավոր գիրք է, գեղարվեստ է՝ խաղացկուն իրավիճակների ստեղծում և պատումի ան­բռնազբոս հոսք, նյութի արտիստիկ մատուցում, մթնոլորտի ապահովում… Գրական տարբեր հնարքներ կան բոլոր գործերում և բոլոր գործերի սնուցողը մեր իրականությունն է: Բառ ու պատկերի գերեզմանոց չէ, գրի հետևը կյանքը ընթերցվում է, կյանքը գրին ապավեն է: Իրականությունը այն աստիճան չի վերացարկվում, որ անճանաչելի դառնա, որ շվարես-մնաս, մի կողմ դնես գիրքը և քեզ կապես հեռուստացույցին: Բնանկարը նույնիսկ, որ հայ մարդու աչքով է դիտված, քեզ վերագրում է կոնկրետ տարածքի: Հայրենիքդ էլ է ճանաչել տալիս, քեզ էլ: «Ծերպից բռնված ու մի կետում թևերը թափահարող թռչունը պոկվեց տեղից, խոտերից փոշեխառը խշրտոց ելավ, գետը աղմուկով կուլ տվեց բերանն ընկածը՝ մեջը քարութփի հետ գորտումորտ էլ կար… Արձագանքը ձորից խփեց, լեռան կատարին դեմ առած ամպը թռավ վեր՝ մինչև երկինք: Ի՞նչ էր… ի՞նչ էր՝ կոշտը փախավ կրունկի տակից, կինը ձգեց ողնաշարը, ետ-ետ գնաց: Թևերը, ինչպես ճշմարտության աստծո կշեռքի նժարներ՝ պայուսակները պինդ պահած, ելան ու իջան, մեկմեկու ծանրութեթև հռչակեցին և երբեք չկանգնեցին իրար հավասար… Հա՛ էր, հա՛՝ մեջքի վրա ընկնելու էր, բայց շպրտեց պայուսակները, մարմինը թափով առաջ բերեց ու պոկվեց, լանջն ի վար հոսող քարերը ալիք տված՝ տերև ու փոշի ցփնելով, դատարկ գնացին, նրան չտարան իրենց հետ: Կինը քայլեց դեպի պայուսակները, ուղղեց դրանք, թափ տվեց փոշին ու նստեց դրանցից մեկի վրա՝ շունչը ետ բերելու… Հասավ:
Բոշան թափառական էր, բայց գնչու չէր, հայ էր…» («Լուրեր կյանքից»):
Այս շարժապատկերը ինքը տեսել, մեզ տեսցնում է: Եվ սա գրական տեքստ է, օրապահիկ հրապարակագրություն չէ, որ հանց «ճշմարտության աստծո» կշռաքար ներքև է քաշում, իր ժամանակի մեջ է պահում նույնիսկ Պարույր Սևակի պոեզիան, դարձնում գրականության պատմության փաստ: Իսկ Սևանա լճի ափամերձ գյուղի բնակչուհի, համարյա այրի Բավականի ու «հոգին ավեր» սումգայիթցի բոշայի երկխոսությունն էլ շատ մոտ է բանավոր խոսքին՝ առանց քանզիների ու մինչդեռների:
Անտեր-անտիրական Բավականի ամուսինը էլի չվել է Ռուսաստան, և այս «մալադեցն» այստեղ հավատարմություն է պահում: «Սարերին քսվելով» գալիս է լուսաբացը, Բավականը խոզերին լափ է սարքում, կու է հունցում, լվացքը փռում է ծառերի ճյուղերին, «կանացին» բորբոքված է, աճուկները ցավում են, բայց շրջկենտրոն է գնում, տանձը փոխանակում ճիճվի դեղի հետ… Իսկ երեկոները, երբ հովը ընկնում է, հավաքում է խաղընկերներին՝ գրտնակ, մութաքա, «Վերք Հայաստանի» կաշեկազմ գիրք և այլն, զրուցում է հետները, խոժոռ հանդիմանում, իր կյանքի բացերը համալրում է թղթախաղով… Ծանր թշվառություն է, ամուսնու պիջակը, արմունկի մոտ կրծել է մուկը, Սևանի ջրով է Բավականը լվանում ամանները, արևից ու ավազից շիկացած պնակների մեջ գորտերը վեր-վեր են թռչում, թաթները վառվում են, «զուռնաչի Վաչիկի դագաղն առջևից յոթանասունամյա Հռիփն է տանում»: «Թո՛ւ, թո՛ւ» քեզ, կյանք՝ «Էստեղ Քրիստոս է պետք, որ հայոց քարերը վերածի բոքոնների ու բաժանի սովյալներին»…
Այս իրականության առկայությամբ, այս հողի ծնունդ են արձակագրի հղացումները: Ստեղծվում է գրական իրականություն, բնօրինակից մի քիչ խաղացկուն ու մի քիչ տարբեր, բայց շատ կյանքային: Գայանը ներկայանում է գյուղին «արդեն թագադրված, հպատակների փոխարեն կատուների բազմությունը հետևից քարշ տալով, իջնում է Գեղամա բարձունքից դեպի լիճը…» («Չամադան, այսինքն՝ ճամպրուկ»):
Ուղղակի գահավիժում է: Վրա-վրա պսակվում է Գայանը, բայց լիրբ չէ, ինչպես չարախնդում են գյուղի պառավ կնանիք, զոհ է, մեր կյանքի բաղադրիչն էլ է, և արձակագիրը այսօրվա իրողություն է ներկայացնում: Եվ այս խելառ-անտերի չգիտես որերորդ մարդը մորեմերկ պարում է՝ «շխկշխկացնելով եղած-չեղածը»: Գյուղի մայրերը իրենք մնում են հանդիսատես, իսկ աղջիկ երեխեքին ճլոթելով ներս են հրում տուն:
Որոշում են ծեծել Գայանի մարդուն: «Իյա՜, չի՞ երևում, որ ղարաբաղյան պատերազմի հերոս ա: Հլա շքանշանները ցույց տուր»: Եվ այս զարկվածը էլի սկսում է պարել:
«Սատկես դու, Գայան», սատկես…
Այս ներկայացումն էլ, «Կուկլա» ձիու վաճառքի պատմությունն էլ («Խմբա­նկար մեռյալներով և անմահներով»), քեռու արդար վրդովմունքն էլ («Անմեղության կանխավարկած»), պապի ծիսական մահն էլ («Պապիս մահը իմ կատարմամբ») և գեղարվեստական գրով իրացված մյուս հղացումներն էլ իրական կյանքի ծնունդ են, իսկ «Կռնատ խրտվիլակը» պատմվածքը կարծես լուսանկար է մեր կյանքից. Հայկազը, նրա կինը, խրտվիլակը մեր գյուղի հողվորներն են, մեր ժամանակներում են ապրում` նույն մեղավոր երկնքի տակ, նույն մեղավոր հողին:
Կյանքը կիսակատար չի ներկայացվում, ցավը մոտիկ մի տեղ տրոփում է, դու դրանից ոնց որ ապահով հեռու ես, բայց քեզ էլ է ցավեցնում: Գրողի մորմոքը Սևանի ափերից հասնում է քեզ. իր ապրած օրվա մեջ, ուրեմն, դու էլ ես ապրում: Անցյալում ծիլ են տալիս ներկայի հունդերը, անցյալն արթնանում է ներկայի կանչով: Մոտավորապես այսպես` կարտոֆիլն ապրեցնում է, ամեն ինչ է, համարյա դոշակի տակի դոլար է: Էրիկմարդ թշվառականը կանգնում է կարտոֆիլի դաշտի գլխին, հիանում դրա ու գարունքվա կայտառ ծաղկունքով: Հետո դադրած ոտները նրան մի կերպ տուն են հասցնում: Շեմին ոտնամանների հողը թափ է տալիս, վռիկն ուտում ու մրափում է: Կնիկը հերսոտում է, տեղաշորում քամակը դեմ է անում, բայց աղոթարանին հերսը թողած է լինում: Ըմբռնումով է մոտենում: Լինում է՝ խորոզ են մորթում, այս մարդը արաղ է քաշում գլուխն ու խորոզանում… Քեֆը հազար ու գիշերը՝ քարվան կտրելու գիշեր. դավաճան ոտները էս մոլորվածին տուն չեն բերում, միայնակ այրու տուն են տանում: Բայց սա դեպքից դեպք, ամենօրյան դոլար-կարտոֆիլն է ու չարքաշ կնկա փնթփնթոցը:
«Հետգրություն երկինք» վիպակի իրականությունը ժամանակով մեզ ավելի մոտ է: Այստեղ էլ փրկչական զորությամբ օժտվածը կա, միայն թե հողոտ կարտոֆիլը չէ, այլ մթերային խանութի պարտքերի տետրը: Առաքելիչին քծնում-պաղատում ես, նա էլ քո անվան դիմաց մի բուխանկա հացի գին է ավելացնում: Եվ վերջ: «Պտտվիր, պտտվիր, կարուսել, // Ես քո երգը վաղուց եմ լսել…»: Եվ այս հեղձուկ իրականության մեջ գլխին տված են ոչ միայն մոր ընկերուհի Ասյան, հոգեբան Անահիտը, բանաստեղծ հորեղբայրը, այլև հենց կոկետ մայրը… Ողորմելիների այս խրախճանքը սահմռկեցուցիչ է: Թե հարևանուհու բերած երկու կտոր տորթը ոնց պիտի բաժանվի բոլորին՝ ոչ մի Էյն­շտեյն գլուխ չի հանի, էլի ընդունելի տարբերակն այն է, թե` դու կե՛ր, կե՛ր, մենք կերել ենք…: Եվ այս «ժողովականների» մյուս հավաքը մոր մյուս մեռնելուն…
Իսկ մայրը իրոք մահամերձ է: Այս վերջին հավաքի գիշերը զանգահարում է աղջկան. «Դե լսիր,- մի պահ լռում է, որ կենտրոնանամ: Ապա լսում եմ մորս փշաքաղված ձայնը՝ մեջը կարոտ:- …«Բարև, Հայր մեր: Չվախենաս, ես եմ, ուղղակի հիվանդ եմ: Թե ուզում ես օգնած լինել, վերցրու ոսկե կշեռքն ու ծանրութեթև արա կյանքս… չձևացնես, թե բացակա ես կամ չկաս: Ես գիտեմ, որ դու կաս, նույնիսկ տեղդ գիտեմ: Ափսոս, ճամփան եմ մոռացել»…
Կյանքը տրոհվում է բաժան-բաժան կենսագրությունների: Կենսագրությունն ամբողջը չէ, բայց կյանք է: «Դու կյանքն ես տեսել, դու կյանքն ես հիշում»,- ինքն իրեն վկայում է Տերյանը: Եվ այս դեպքում կարևոր չէ, թե քեզ ուղղորդող կենսագրությունդ, որ նաև քո գոյության սկիզբն է ամփոփում, ինչ հանդերձով է ներկայանում: Կալեյդոսկոպը պատկերներ չի գոյացնի, եթե դրանք կանխավ չես տեսել, փաստերը անշարժ ու անշունչ են, եթե չեն պարուրում քեզ: Մեր կենսափորձը սնվում է մեր կենսագրությունից, և կյանքի պատկերները բեմահարթակ են ելնում որպես մարդկային կենսագրության բաղադրիչներ: Յուրաքանչյուր տան ներսում անցյալ կա, և կարևոր է, որ չգնաս բնակվես այնտեղ ու այնտեղից չհոխորտաս, անեծք չտեղաս ներկայի վրա: Այլապես կկորցնես անցյալդ, կդառնաս քո զոհը: Ինչպես «Հետգրություն երկինք» վիպակի մայրը, որ ամայացրել է ներկան և անթաղ դիակ է Առաքելիչի պարտքերի տետրում: Մենք ժամանակակից ենք մեր անցյալով, ներկայի խճանկարում անցյալի բեկորներ կան, և դա ապահովում է գրական գործի հավաստիությունը:
Ս. Հարությունյանի հայացքը բացվում է անցյալի վրա, ընդգրկում է Սևանի ափերը, մարդուն ճամփու է դնում դեպի ներկա: Կյանքն ընդհատումներ չունի, հետանկախականը շարունակում է «ստրկականին», և գրականության հերոսը անարգելք անցնում է սահմանը…
Շուկշինի «Կարմիր բռինչ» ֆիլմի Եգոր Պրոգուդինը կիրզայե սապոգները ոտքերին քաշել, հոսանքին հակառակ է գնում: Հաստակող-իրասածի է: Բայց դե պարտադիր չէ կամքը պողպատ արու լինել, կարելի է հոսանքին համընթաց էլ դիք-դիք քայլել: Քաջանվազն էլ մարդ է: Կյանքի բերանը շատերն են ընկնում, և դա անհատականության կորուստ չէ: Էլի՝ ես ես եմ: Ս. Հարությունյանի մարդիկ սրանցից են: Արու ու էգ են, խաբում-խաբվում են, կռվում-բարիշում են, իրար ջան ու զահրումար են ասում, ապրում են: Արձակագիրն ինքը հայ մարդ է, ու իր հերոսներն էլ հայ մարդիկ են: Բոլորն էլ Աստված են փնտրում: Եգոր Պրոգուդինն էլ, միայն թե այդ ըմբոստը հիմա երկնքում է և այնտեղ է ինքնուրույնությանը հետամուտ: Իսկ Ս. Հարությունյանի Արևը հրեշտակի թևերով կապուտակ վերևները չի ակոսում, նրա միջի էգը չի դինջանում, փողոցներն է գցել իրեն գտնելու… («Նա Աստված էր փնտրում և քիչ մնաց գտներ»):
Տատն ուզում է Աստծո հետ հանդիպել՝ Արևը դա է պատմում փայտագործին: Զրուցում են, փիլիսոփայում դատա՜րկ-դատարկ. «Ուրիշն էն է, որ ժամանակին ծնվես, ժամանակին մեռնես: Թե չէ՝ մեռնելու փոխարեն ապրում են, ապրելու փոխարեն՝ մեռնում, կյանք ու մահ խառնել են իրար, հարամել, հլա դեռ Աստծո երեսն էլ ուզում են տեսնել»: Հետո Արևը հանդիպում է գինեվաճառին, սա մի շիշ Աշտարակի կարմիր գինի է ապառիկ տալիս, կտոր ծախողին է հանդիպում, աչքին է ընկնում արևի տակ ոսկու պես պսպղացող «Հաց» ցուցանակը, սիրտը չամիչով բուլկի է ուզում, տեսնում է ցուցանակի տակ նստած ոտքեր չունեցող զինվորին, որ իր բրդյա շալվարն է ծախում… Հետո Արևն ինքն է Աստված փնտրում և համարյա գտնում է ձկնորսի խրճիթում…
«Անմահության սահմանը» վիպակում ես-ն էլ կա: Թուխս է: Իրեն խաբում են, ինքն էլ խաբվում է, թող չխաբեն, թող ձեռ չառնեն՝ ինքն էլ չխաբվի ու ձեռ չառնվի: Կյանքը շուրջբոլորը ծփում է, ու ինքն էլ կյանքի բերանն ընկած տարուբերվում է:
Իր կյանքի հեքիաթն ունի. գրբացն է պատմել: Գրբացի այցելու է, և այս սահմաններում՝ գրողի հղացած կերպար: Բայց արձակագրի կողքին հայտնվում է ընդդիմադիր հրպարակախոսը ու ձեռքն առնում պատումի ղեկը: Սկսվում է իրականության խեղումների թվարկումը. է՛լ «Լինսի» հիմնադրամ, է՛լ Առողջության պահպանման ամերիկյան ժամանակակից կենտրոն, թունաբուժություն (այս խցում օձը Ձեզ պիտի կծի, մյուսում Դուք՝ օձին) ու միզաբուժություն (թորած ու չթորած մեզ), է՛լ «Մենք սիրում ենք քեզ, Ռուսաստան, անգամ լենինաբար…», է՛լ ֆրանսիական կեղծ օծանելիք (տուփը 5 դոլար, շիշը՝ 8), է՛լ Քյավառում գիշերները արաղ ծախող տերտեր… Ինչ ասես կա, և ամենը՝ հավաստի… Միայն թե կյանքը դրանցով է կյանք, և բոլոր բացերը չես թվարկի. բա Զատիկի ձվի ներկը, որ շուկայի դիմաց երեսի մաշկը խարկված մի կին է վաճառում և քիմիական այդ աղբով ձու չի ներկվում, բա փքաբլիթը, որի մեջ կրեմ համարյա չկա, բա… Մի խոսքով՝ կյանքն իր համար, հրապարակագիրն՝ իր:
Գրբացի «բացած» ճամփով ընթացող մարդը կամաց-կամաց արյունազրկվում է, արձակագրի հղացած կերպարը դառնում է հրապարակագրի խոսափող: Վերջինս խոսում ու խոսում է, և շարան-շարան իրավիճակները ձգձգում են պատումը: Վիպակի մեջ ուրիշ պատմություններ էլ են գալիս-խցկվում (մազերը խտացնելու, գաղթական Օսանի բերած ձկան պատմությունը…), որ ակնհայտորեն ինքնուրույն ներկայանալու ներուժ ունեն:
Կյանքի ու գրականության սահմանը, այնուամենայնիվ, չի ջնջվում, և լավ է, որ կենսական նյութը «անխաթար» չի մատուցվում: Այս դեպքում հնարավոր էլ չէ: Արանքում ինքն է ու իր հայերենը, որպես ինքնուրույն գոյություններ, որոնց միջով հոսում է կյանքը: Նույնիսկ «Անմահության սահմանը» վիպակի ընդդիմադիր հրապարակագիրն է մնում նույն պատկերավոր լեզվի, նույն լեզվամտածողության սահմաններում, երբ իրագործում է արձակագրի հղացած կերպարը ձևախեղելու իր կոչումը: Կյանքը իր հունն ունի, իր մեջ է առնում մարդուն, նույնիսկ գրող մարդուն ու նրա գրականությունը: Կյանքը լավ-վատ՝ ապրեցնել է տալիս…
Ժուկով-ժամանակով, ուրեմն, արձակագրուհին խանութում տեսնում է իր սիրած գույնի ու նախշի գիշերանոցը: Թարսի պես ձեռքին փող չի լինում: Սա ընդդիմադիր հրապարակագրի նկատածը՝ անվանի արձակագրուհին գիշերանոցի փող էլ չունի գրպանում, վատ է ապրում ուրեմն… Մեկ էլ մի լույս բացվում է. դիմացի մայթին, գարեջրի կրպակի առաջ ամուսինը գավաթը ձեռքին ընկերոջ հետ օրորվում է: Խմած գարեջրի տակ, ուրեմն, օղի է լինում՝ ձեռքն անմիջապես գրպանն է տանում ու հանում փողը: Արձակագրուհին մեկ ուզում է ասի՝ ջնջիր դեմքիդ տխմար ժպիտը, մեկ էլ հիշում է գիշերանոցը ու փողը առնում: Սա էլ կյանքը, այսինքն թե` և դո՞ւ, Բրուտոս…
Արձակագիրը իր հերոսների ճակատագիրը կապում է մեզ հետ. ծափ զարկողն էլ ենք մենք, տրնգի պարողն էլ: Ոտից գլուխ զավեշտ ենք՝ համոզված է Ս. Հարությունյանը: Իր բնածին հումորը արձակագիրը վերագրում է մեր ողբերգական կացությանը, դրանով է պայմանավորում: Այդ կապի առկայությունն է, որ քիչ նկատելի է: Մինչդեռ անկարևոր հանգամանք չէ: Մարդը, թեկուզ համբավավոր, բաղադրիչ է, ինչպես Ռուսաստանի Պուտինն ու նրա փեշը, որից կախվել ենք: Մարդու բարոյականության վրա հույս դնել չի կարելի: Մի իմաստուն միլպետ ասել է. «Շինարար-աշխղեկն ի՜նչ. կարելի է առավոտյան գործի նշանակել, իսկ կեսօրին տասը տարի տալ, այդքան խախտում կանի…»: Մենք բոլորս նույն սանդի կտավն ենք, սխալ դրած բան տեսանք՝ գրպաններս կխոթենք… Արցախյան գալիք պատերազմի մասին էլ խաբում են, թե նրա փողերն ու կուտակած զենքը նշանակություն չունեն, թե մեր զինվորը հայ է ու հայի զավակ, իր հայրենին է պաշտպանում, իսկ նրանը լամուկ է, վախկոտ է, զավթիչ է… Ինչ-որ ճիշտ բան կա սրա մեջ, բայց ընդհանուր առմամբ քարոզչություն է, մի ականջով պիտի լսես:
Հումոր և արտիստիզմ Ս. Հարությունյանի ընտրած նյութը, ասես, ի սկզբանե ունի իր մեջ և մեծապես պայմանավորում է նրա ոճը: Նույնիսկ միջամտում է, երբ գրողի նպատակադրումը, թվում է, տխուր մեղեդի հնչեցնելն է. «Այդ՝ արևածաղկի գլխի չափ պարսկական ժամացույցը շուկայում արժեր մեկ դոլար… Թե ինչ կարժենա դա, եթե հանենք ներկրման ծախսերն ու շահութահարկը: Կստացվի, որ Թեհրանի փողոցներում դրանք ուղղակի թափած են, բայց այդ մուսուլմանական ժամացույցը կայացրել էր մարդու կյանքի հետ կապված դաժան դատա­վճիռ, կանգ էր առել» («Պապիս մահը իմ կատարմամբ»):
Հասա ջահելի գլխին Ավետարան կարդացողի, պապ-խրատողի տարիքի, բայց դաս չառա, էլի սխալը սխալի հետևից… Սա վերջինը գոնե լինի. Շեքսպիրը, ուրեմն, չկա, Տոլստոյն էլ չկա, ճիշտ է, բայց երևի թե կյանքը, այնուամենայնիվ, բեմահարթակ ելնում է: Այլապես որտեղի՞ց այսքան դեր ու դերակատար և ինչո՞ւ ենք ազգուտակ բոլորովս, արձակագիրն ու դրամատուրգն էլ հետներս, դարձել հանդիսատես:
«Լինե՞լ, թե՞ չլինել»…
«Խմբանկար մեռյալներով և անմահներով»-ը լավ գիրք է, Սուսաննա Հարությունյանը լավ գրող է:

One thought on “ԿՅԱՆՔԸ ԳՐԻՆ ԱՊԱՎԵՆ / Ֆելիքս ՄԵԼՈՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։