Եթե մեր օրերում Էրմիտաժի էքսկուրսավարները այցելուներին պատմեն, թե թանգարանի քանի՜-քանի գլուխգործոց արտերկրում վաճառված կամ պատերազմի թոհուբոհում կորած կլիներ, եթե չլիներ Մեծն տնօրենը` Հովսեփ Օրբելին: Անխոնջ, ազնվագույն, աստվածատուր գիտնականը ասես մրրիկ սուրում էր Էրմիտաժի սրահներով և նրա հպանցիկ հայացքից անգամ չէր վրիպում ոչինչ. աննշան թերացումն ուղղում էր, լրացնում պակասը` այդպես տերն է (այո, Հրանտ Մաթևոսյանի «Տերը» հիշեցի) պահում-պահպանում իր վիթխարի տնտեսությունը: Աշխատակիցներն էլ նրան «Թայֆուն» էին ասում ու վստահ էին. քանի կա Թայֆունը` թանգարանին ոչինչ չի սպառնում: Այնինչ 1930-ականներն էին և խորհրդային երկրի կառավարությունը սկսել էր վաճառքի հանել արվեստի անգին ստեղծագործությունները, բայց` շատ զգույշ, առանց հանրությանը տեղյակ պահելու, այլապես պիտի խոստովանեին, որ սոցիալիստական էկոնոմիկան փողաբեր չէ… Սկսեցին զգուշավոր, բայց շատ արագ հերթը հասցրին… Էրմիտաժի հպարտությանը` Ռեմբրանդտի «Անառակ որդու վերադարձը» կտավին: Առուծախի պայմանագիրն արդեն պատրաստ էր, ամոթալի գործարքը` անխուսափելի, բայց… այս դեպքի համար ասենք` Իոսիֆ Օրբելին նամակ է գրում Իոսիֆ Ստալինին` արհամարհելով ավելի քան իրական վտանգը: Եվ երկրորդ Իոսիֆը շփոթահար տեղի տվեց առաջին Իոսիֆին: Իսկ Լեոնարդոյի «Աստվածամայր Լիտտան» (համոզված եմ` վրձնած Աստվածամայրերից մեծագույնը) հանձնաժողովից փրկեց` թաքցնելով վերարկուի տակ ու տուն տանելով և իր տեղը վերադարձրեց, երբ այդ հանձնաժողովը լքեց թանգարանի տարածքը: Թեև «հատուցումը» միայն գնդակահարությունն էր: Բայց այլ կերպ վարվել նա չէր կարող: Նույն կերպ էլ իրենց տնօրենի «զանցանքը» մի մարդու պես թաքցրին նրա գործընկերները:
1941-ի հուլիս ամսին, երբ էվակուացվում էին թանգարանի գանձերը` նա անձամբ, մեկ առ մեկ ստուգում էր արկղները, չէ՞ որ ապրանքատար գնացքով էին դրանք փոխադրվելու…
Իսկ երբ տարեց ակադեմիկոսին ազատեցին տնօրենի պաշտոնից, նա գլխավորեց Լենինգրադի համալսարանի արևելագիտության ամբիոնը, և արևելագիտության լենինգրադյան դպրոցն աննախադեպ հաջողություններ գրանցեց. Օրբելու նման մարդիկ զարդարում են պաշտոնը, և ոչ թե հակառակը:
…Թայֆունը սուրում է Էրմիտաժի սրահներով: Խորաթափանց, հայկական աչքերը վառվում են, և աշխատակիցների հիացած հայացքներն ուղեկցում են նրան` ավելի գեղեցկատես, քան Հովսեփ Գեղեցիկն էր:
Օրբելի եղբայրներ: Հովսեփը՝ Նիկողայոս Մառի սիրելի աշակերտը: Լևոնը` Իվան Պավլովի սիրելի աշակերտը: Ռուբենը` ջրասույզ հնագետ, ով զբաղվել է Լեոնարդոյի «ծովային» տետրերի գաղտնազերծումով, իսկ ի՜նչ բարձր կարծիք ուներ նրա մասին Աննա Ախմատովան…
Որտեղի՞ց տաղանդի այսպիսի կուտակում մի ընտանիքում: Իսկ ընտանիքը իրոք սովորական չէր. հայրը` թիֆլիսեցի հանրահայտ իրավաբան Աբգար Օրբելին, մայրը` իշխանուհի Վարվառա Արղության-Երկայնաբազուկը (Արգուտինսկայա-Դոլգորուկայա)` բնությունից օժտված հզոր կամքով ու արվեստների նկատմամբ տածած սիրով: Եվ այնքա՛ն բնական է նրանց զավակների թռիչքը… Թիֆլիսյան ուսյալ հայկական ընտանիքի գեները հատեցին ամենայն սահման` փառավորելով ոչ միայն այդ ընտանիքը, այլև հայ ժողովրդին:
Հեղինակային թարգմանությունը` Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԻ