ԱՀԱ/ Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ահա բարձրանում է խաղաղիկ սիրո

         հրաշքը՝                                           

        Գառնուկ Հայրենիքի անրջադեմով:

Քո աչքաթողը անաղարտի շապիկով է,

քո աչքաթողը լուսնկայի ճիգ է՝

վերևում մի քիչ էլ մնալու:

Սիրո՛ւն երկնքի Աստված,

զգայուն լուսնի տակ արյան պարկապզուկ զլելս

մի՛ համարիր հենց այնպես մահկանացուի բախտ:

 

Իմ որսորդը քրքջաց պատերիս վրա

գնդակով,

լավ սովորույթի ձին

տարավ ինձ ամոքումից ներս,

հարության ծաղկի բիբերում տեսա թափորս,

մեծ զոհերով հաղթանակներս,

ծովից ծով իմ բարեկամ ողջ ցամաքը,

կանաչի հույսի գովական սահմանները:

 

…Մի ժամանակ

ես շռայլում էի կարոտիս ցայգաթիթեռները,

շռայլում էի աքսորս քո հոգուց,

շռայլում էի կաղությունս՝

պրեզիդենտի կամրջով անցնելիս

և անհանդես աղեղում էի ինձ մինչև մյուս ափը՝

սեթևեթ երակներս լարերի տեղ պարզած:

հլսած պառավների խորհրդով

հրում էի ինձ պարզած ձեռքերը,

մոտեցող ընտրությունները,

քեզ սազական լինելու ուշացումս

խփում էի գետնին

և հռհռում ինքս ինձ նմանվելու ձգտումից:

Ընկնում էի՝ բարձրացնելով մի ծռություն,

նռան անձկության քրքիջ,

ծայրահեղ կանացի չտրորված կածաններ,

և ինչքա՜ն մեծ էր մեր միջև եղած երկիրը:

Հմայքիդ հենաձողը պահում էր ինձ

անդունդների վրա,

ոռնոցիս տափաշիշը՝ ջրերին:

Տերերն ընկած չէին հաղթանակների տակ,

և քայքայման ոգին չէր որոշում մեր սահմանը,

վարդի համար զինվոր լինելդ

սեր էր ու հաղթաթուղթ:

Ճախրող կրծքերով աղջիկներն

ընկղմվում էին արբունքի հասած խոտերի մեջ,

ունայնապորտ քամին ծածանում էր

նրանց սպասման տերեփուկներով լաչակները,

ծածանում սահմանադրական թախիծը

եզերքների վրա,

հույսերի ջրհորների գլխավերևում՝

ինքնասուզումներին գերված պտուղների ճիչով:

 

Ահա այս ծածանումները ես եմ,

այս միայնակները ես եմ,

ես եմ,

որ ուղեկցում եմ ինձ

մինչև իմ ողջն ու մեռյալը,

իմ ջուրն ու ցամաքը-

ահա:

 

ԵՐԲ

Երբ մանուշակը թնդեց,

ավելի թնդեց իմ և ձեր արանքում,

հիշեցի արբեցատենդը լքվածների

Անի թաղամասում

և անկումը, որ նման էր ճառագող մեղքի:

Հիշեցի ավելի ապահով անկանոնը,

տոնի մասին ճիչերը`

Տերը գալու է.

իմ թիվը հասնելու է անսահմանի,

հիշեցի`

հասկը ինչպե՛ս էր դարսվել վրաս

անդաստանի հեշտանքով,

հասկը ինչպե՛ս էր բռնել ինձ

անհլու կանաչի ոլորտում

և շոյում էր դալար հիացմունքս:

 

Մի թռչուն կումերով խմում էր ինձնից:

 

Հիշեցի

շնչառությունը թռչնի,

որի հետ ազատություն խաղացի,

բացազատ թևերի վտանգները,

երկիրը,

արոտների եզերքը,

անձ ցույց տվող Գառնուկին:

Հիշեցի Գառնուկին.

նա եկավ

սիրո դեմքով,

հույսի դեմքով,

հավատի:

Հիշեցի` ինչպես ապարդյունի հերոսը

ուլունք-ուլունք կրակեց ինձ թելի վրա,

հիշեցի` մայունը ինչպե՜ս էր քսվում ինձ,

ինչպե՜ս էր ընկերանում դարավերջի ժանիքին:

Հիշեցի վերելքս.

ձեր կողքին կռիվ տալուց հետո

ինչպե՛ս հայտնվեցի ձեր ներսում.

ինձ քնքշացան հողից ելնող հևքերը,

ինձ բռնեցին երես առած ջրերը,

ինձ արտասանեցին արևի կենաց խմողները,

ինձ ներսից առան հաղթանակները.

ինձ պոռթկացին,

բաբախեցին

սիրո՛ դեմքով,

հույսի՛ դեմքով,

հավատի՛:

 

Օ՜, ՎԱՐԴ ԿԼԻՆԵՄ

Ես կհաղթեմ փշին`

իմ կարծր սովորույթ,

օտար վարդ չճանաչած փշին,

կհաղթեմ նվաստ վարդությամբ,

առանց զորանշան,

և առաջին անգամ

առաջինը կլինեմ հավասարների մեջ:

Մատնացույց մի՛ արեք,

ինձ դեսպակով չեն տանի,

կամ չեն ամրացնի

լամբակին արքայազնի:

Հենց անփուշ կլինեմ,

նորեկ կդառնամ ծանոթներիս մեջ,

իմ պատկերը կհառնի նրանց համար

իբրև խոտորնակ վարդ,

իբրև մի այլախոհ,

որ կերպից բարձր`

բույրի համար

տարածություն չունի:

Ես աննման կլինեմ.

Մի սերունդ: Երկրորդը: Հաջորդիվ:

Այլևս աննման:

Է՜յ անխոտելիներ,

Համահո°ղ, համաջո°ւր վարդմեծարներ,

Համաթո°ւփ քույրեր ու եղբայրներ,

եկեք տեսե՛ք արտասովոր չնմանիս,

տեսեք` բոլորի աչքի առաջ

փուշս ինչպես եմ թողնում:

 

ԵՍ ԱԶԱՏ ՍԵՆՅԱԿ ԵՄ

Կենսական քառակուսի լինելուս համար

երբևէ չեմ դիմել գերատեսչությունների,

դիպվածին քսմսված երբևէ չեմ ապրվել,

չեմ բնակեցվել ապօրինի կամ օրինաբար,

չեմ զբաղեցվել հնաիրերով՝

ծակ կճուճներով ու նախաձևերով,

ծոցվոր հնարավորությունների կայծքարով:

Ես ոչ մեկի սենյակն եմ

և ոչ Ագռավաքար,

իմ կողմերը պարզապես կողմ են եղել,

իրար դեմ` կողմ:

Ես ճոճք ու երասան,

ծեփոններս հալումաշ անող

առաջին երեխա,

ջրարգել հարևանների սիրալիրություն

և բողոքողի թռած պռունկ

չեմ ունեցել:

Իմ ազատ սենյակ հալով,

իմ տորիչելյան պարապ հալով,

դռնբացեքիս ծիսական մուտք եմ երազել

դեպի իմ հատակ-սիրտը,

դեպի իմ պատ-կարծրությունը,

դեպի իմ առաստաղ-երկինքը:

Թեքբախտություն`

կենսական տարածք լինելուս խնդրանքով,

թաշկինակն աչքերիս

(ասել է` պատուհաններիս),

երբևէ չեմ դիմել գերատեսչությունների

և հիմա ազատ ու անվերջ սենյակ եմ`

հեքիաթի գորգի պես բարձրացող…

 

ՃԻՉ

Զի քաղցեայ` եւ ետուք ինձ ուտել, ծարաւեցի

եւ արբուցէ՛ք ինձ, օտար էի` եւ ժողովեցէ՛ք զիս

Մատթ. ԺԳ. ԻԵ

 

Աշխարհը վրիպում է ինձ.

վրիպում են ինձ լույսը,

մանկությանս անհոգ գույները:

Ես նման եմ միլիոնավոր երեխաների

և միայնակ եմ, ինչպես ոչ մեկը.

պարանոցիս կախել եմ մի տախտակ,

որին գրված է` սեր և ջերմություն:

Չեմ ուզում կարեկցանք,

չեմ ուզում ծամված վարդ,

ամեն վայրկյան ես կորցնում եմ

պարտեզով անցումի ճանապարհը.

փողոցի շները հսկում են իմ աճը,

փողոցի շները լիզում են իմ ներկան.

ես սկսվում եմ հետնաբակերից.

հազարավոր մարդիկ հոսում են իմ կողքով

անհոգ, անտարբեր.

ես ապրում եմ նրանց հոսակորուստը:

 

Ինձ նետում են քնքշանք.

այնտեղ է դաշույնը,

նետում են խաղալիք՝ կիսամաշ, խեղված,

ծաղկին հրվող ողբը

ես գիտեմ մինչև ինձ,

ես գիտեմ դառը սիրո ժամանակը:

 

Երբ ամեն ինչ միևնույնն է,

ես քրքջում եմ.

սա իմ վերելքն է:

 

ՓՈՔՐԻԿ ԿԾԻԿ ԻՆՉՊԵՍ

Ես հանվեցի պատյանից պատյանի,

և հարցը՝

ի՞նչ նշան է աղջիկը,

մնաց իբրև քնքշություն

արևելք նայող ծաղկի:

Ես բարձրացա անուրջի գրակալի առաջ՝

իմ հոգում սեղմած ոսկեդրամն անձրևի,

և թափվեցի տեղատարափի թևերին:

 

Ո՞ւմ խոցոտումն է քնքշությունդ,

ո՞ւմ բացսիրտ ներխուժումը,

անսպառ մատնումը լույսին:

Էլ ինչո՞ւ ենք չափվում անդունդով,

էլ ինչո՞ւ՝ մատուռի տխրությամբ.

կաթի ճերմակով ողջո՛ւյն քեզ.

սիրո ճերմակը էլի՛ հո մաղթանքի պես է:

Ես չեմ շվարումի լաչակով,

տարակույսի մարմին-շապիկով.

ո՞վ է ինձ կծիկ դարձրել,

կծկել առավոտս,

տիվանդորրս,

ցայգս,

պտույտս երիցուկի շուրջը,

ո՞վ է ինձ գլորել զառնիվայր,

սիրո զառնիվերից ո՞վ է ինձ գլորել:

 

…Այդ ե՞րբ էր՝ երիցուկը գժվում էր

իր շուրջը պտտվող ինձնից.

ցոլքս նրան էր քսվում,

իմ միջով անցնող գույները խարկված էին,

էլի՛ հո կարոտի դաշտերից:

Հիմա կծիկ եմ, որին խառնվել է

սպասման չամչած ողկույզը,

կծիկ եմ, որին խառնվել է Արիադնայի թելը:

Մինչ հաջորդ առավոտվա շաղը

կհոսի իմ երազամույն թելերով,

արյունատար սկիհներիդ պատերին

ծաղիկը կհառնի էլի՛ հո արևելք նայող,

փոքրիկ կծիկ ինչպես

կգլորվեմ քո աստիճաններով

կանաչ-կարմիր օրերիդ մեջ,

և գլորումս կլինի

անապակ հիացքով,

ճերմակ սիրով,

անվերադարձ:

 

       ԴԵՌ ՅՈԹ ՍԱՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

Նա ինձ վրա նետել է նարոտ,

նա ինձ վրա նետել է սկիզբ,

նա իմ հաղթության պեսն է,

ես նրա արևի կողմն եմ,

ես նրա  տնկին եմ.

նա ինձ փխրեցրել է,

փխրեցրել է ինձ գրկող հողը:

Նա ինձ հոժարող պարտեզն է,

ինձ շշպռած մենության հովիվը,

ես նրա՝ շողերով լի զամբյուղ

ընտրությունն եմ,

նրա մանուշակից հետո

առաջին ջութակ Վարդն եմ.

հիշում եմ՝ վարդն եմ:

 

Ես ցեխ չեմ կերել,

ցեխն ինձ չի կերել,

մոլախոտը չի շոյել պարանոցս,

ձարխոտը չի լացել գգվանքս,

եզան լեզուն չի թավալվել վերքիս,

հիշում եմ՝ չի թավալվել:

 

Ծաղկումից ծաղկում

պճնել եմ ինձ

գարնան անժուժկալ հունդերով`

ջղերի զնդան մաշկս պատառոտած,

հիշում եմ` պատառոտած:

 

Իմ և նրա միջև

սիրո բարակող լիզաքարն է,

որ բաբախում է,

որ բաբախում է`

մի մազից կախված…

 

Շաքե ջան, էսքանը…

 

ՎԻՃԱԿ

Լուսինը, որ բարձրացնում է

կնոջ վիճակը,

սիրելի երազի շորթումը,

մեղկանալու տոնի մեջ լվացվող

անվերջ հանգումները,

անվերջ առկայծումները,

բաժանումը,

այլընտրանքը,

սայթաքումը,

խուռներամ տրվելը միայնակին,

անկանոն շարժման ուղեծիրը,

հակադրման ոգին սիրո,

սեռի կանչի,

մեզ շապիկ նվիրողի շնչառությունը,

ընկերային վախերը գաղտնածեսի,

հորինումի մյուս երեսը

(ըղձալի քեզ),

սիրո սիզիֆությունը,

զզվելի անառիկությունը,

մի հոգի շոյելի ունենալու համար

հոգիներ շոյելը…

Կատարյալը

ինչքա՜ն է մեզնից բարձրանում,

լուսինը,

լուսինը՝

կնոջ վիճակ…

 

 

ԽԱԽՈւՏ ԿԱՔԱՎԱՔԱՅԼՈՎ

 

Թե խելառդ լինեմ,

ուրիշ բաներ չանեմ ուրիշի հետ

բարով,

ուրիշ բառով՝

ունայնության շուքը ինձ չբռնի

ուրիշ արևի տակ,

ուրիշ արևի տա,

չլրբանա ձորը փեշիս տաքից,

փեշիս տակից չվրնջա ջուրը՝

ինձ վարարող,

ինձ վարանող աստղին

լեզու հանեմ մի քիչ էնպե՜ս…

մի քիչ էնպե՜ս լինեմ՝ քո խելառը,

եզան լեզուն կառնես,

կծածկես ինձ

կանաչ սիրահևքով,

սիրահևքով խևարածի…

 

 

 

 

ՀԱԶԱՐԱՆ ՀԱՎՔԻ ԵՐԳԸ

 

Արդ` արևով կշտանալուս

կամավորության գինը.

լույս պիտի իջնի գլխիս`

ամենաճշմարիտը:

Երանելի՞ ասեմ, թե՞ ուրիշ բան,

լույս պիտի իջնի:

Էլի ուրիշ անուններ կան` բոժոժի մեջ են,

էլի ուրիշ օրեր` բախտաբերի ու անհույսի,

էլի ուրիշ օրեր չապրելու են,

վաղվա ծարավի ալմաստները չհղկելու:

Շատ պետքս են ուրիշ օրեր,

հենց այսօր, հենց առժամայն,

ինձ սազական լույս պիտի իջնի

անբասիր վերին արտին, ներքին արտին,

արևմուտին, արևելին`

բար ու նուբարս հարկավոր օրհնելու:

Առաջ, ուրեմն, լույսի՛ իշխաններ,

ճեղքեցե՛ք ձերը, քաոսորդինե՛ր,

օ՜ն անդր, եղբա՛րք մունետիկ գզիրներ,

պիտո կարիքների մեջ,

ինչպես առաջ, առ հիմա,

մոտ-մոտ գնացողաց խերով

կյանքի երեսից չեմ շշպռվում,

տմույն ու անվավեր խելառ խոտ չեմ դառնում,

մի կերպ, պոչից քարշ գալու պես մի կերպ,

դրացու վռնդած կատու ու շուն,

պարտված ստինքներով քնձռոտ յաբու,

շատ պետքս են, չեմ դառնում:

Ձեռաց հետ թե ընկնեմ,

թերևս ադամանդն է երգում.

կարմրհատ ցորյանի խլիրտը քո ներսում

նույն աղջիկն է` անանձնուհին,

նույն փաթիլե սարդը,

ուրեմն` հեռու ինձանից

մոմ խաղացնելու եղանակները,

հեռու չար նազարի աղոթքներն ու չարական փշերը,

մուրազլու տղերքն ու երդումախպերները,

այրի դաստակը լիության եղջյուրի,

ջինի ձագերը, երկճեղքված կճղակներն ու

գարեդյութիկ կանայք,

ինձնից հրում եմ սնափառքը,

հուռութքով հղի լինելը,

գոյաբանության զուտ երկվությունը`

գառան աչքի զուլալության կողքին հիշվող:

Ու թե վիճակը գցած է,

դու մի՛ ընկնիր իմ արքայությունը,

մի՛ ընկնիր իմ ունեցածի կոկորդին,

որովհետև ես ինքս տուտու ղուշ եմ

այլևս անվերադարձ: