Արարատը՝ շարունակականության չերերացող խարիսխ/ Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ      

Նոր-նոր քայլել սկսած Արարատը հոր և մոր դիզայներա-ոճային մշակում անցած գնդակը հանդարտ հետուառաջ էր գլորում այգու նուրբ սիզախոտի վրայով: Գնդակի վրա նստեց սպիտակ պուտավոր մի թիթեռ: Արարատը հրճվանքի ճիչ արձակեց, թաթիկը տարավ դեպի թիթեռը: Թիթեռը թռավ, իսկ նրա հետևից հասնել փորձող երեխան երերաց, ընկավ խոտածածկին: Լացի ձայնը լսելուն պես միաժամանակ նրա կողմը վազեցին Սաթենը, Սոսին, Հրայրը: Առաջինը Սաթենը հասավ ու գիրկն առավ Արարատին:

– Տատի՜կ, թիթե՜լը, թը՜լ…- արցունքների միջից թոթովեց Արարատը:

Հրայրը փորձեց Սաթենի գրկից վերցնել որդուն, բայց նա խռովկան հայացքով չափեց հորն ու ավելի ամուր փաթաթվեց Սաթեն տատի պարանոցին: Սաթենը հանդիմանանքով նայեց երեխային անուշադրության մատնած ծնողներին: Հրայրն ու Սոսին մեղավոր կախեցին գլուխները՝ թաքուն աչքով անելով միմյանց:

– Եթե տատը խառնվել է գործին, էլ մենք ո՞վ ենք,- կնոջ ականջին փսփսաց Հրայրը:

Սաթենը համբուրեց Արարատին, տարավ տուն՝ համոզելով, որ թիթեռն էլի կգա:

«Գնամ մեղքերս քավեմ»,- ինքն իր մեջ ծիծաղեց Հրայրն ու քայլեց նրանց ետևից:

– Սոսի՜,- ձայն տվեց,- արվեստանոցի դուռը փակիր, ճանճեր չլցվեն:

Սոսին մոտեցավ դռանն ու նկատեց, որ համակարգիչը միացած է մնացել: Մտավ արվեստանոց, ուզում էր անջատել, բայց գամվեց-մնաց տեղում: Էկրանին բանաստեղծության շարվածք էր: Սոսին նախ հետաքրքրությամբ, հետո հափշտակությամբ կարդաց իր համար հայտնություն-բանաստեղծություններն ու հիացմունքի, կանացի փառասիրության, նաև՝ խռովքի իրարամերժ զգացումների մեջ դրանք Հրայրի համակարգչից ուղարկեց իր էլեկտրոնային հասցեին:

 

***

Որ իր ամուսինը բանաստեղծական խառնվածքի տեր է, նորություն չէր Սոսիի համար, բայց որ բանաստեղծ է՝ վեր էր ամեն սպասելիքից: Նկարիչ, դիզայներ, աշխարհի տարբեր երկրներում արդեն ճանաչում ունեցող իր սիրելին, պարզվում է, թաքուն պահած շնորհներ ունի. նա պոետ է:

Հրայրի բանաստեղծական տաղանդն ուղղակի շշմեցրել էր Սոսիին: Նրա պոեզիան մի ամբողջ տիեզերք էր բացել մանկամարդ կնոջ առաջ: Նա անհագորեն կլանում էր Հրայրի բանաստեղծություններն ու արբեցումով տարուբերվում նրա պոետական նրբագույն գյուտերի տարափում:

Հրայրի քնարը բազմերանգ էր, բազմաշերտ: Նրա անձնական ճակատագրի ու ապրած ժամանակի քրոնիկնոնն էր ասես ամփոփված այդ երկնումներում: Այստեղ բոլորը կային՝ և՛ իր մանկության մթին առեղծվածում խարխափող, հետո նկարիչ և հայրենիքի զինվոր դարձած Հրայրը, և՛ հրեշտակային Սաթենը, և՛ Գևորգ հայրն ու Ելեն մայրը, և՛ մեծ հոգու տեր ողբերգական Մարոն, և՛ ինքնաորոնումների մեջ տարուբերվող, իր թագավորական նկրտումներում չհասկացված, միայնակ Գարոն, և՛ անհայտությունից հայտնված եղբայր-չեղբայր Արմենը, և՛ իր տաք սրտի խելառ տիրուհին, և՛ իրենց մեծ սիրո ծնունդ Արարատը… Հրայրն ասես զրուցում էր ինչ-որ մեկի հետ, բայց այդ ինչ-որ մեկը լուռ էր, անհաղորդ: Սոսին կասկած չուներ, որ դա Գևորգն է, որի հետ գրեթե ծանոթ չի եղել Հրայրը երկրային կյանքի ժամանակում, ու բաց վերքի նման այդ անծանոթ-օտար հոր համար տասնամյակներով պահված ասելիքը հիմա դարձրել է բանաստեղծություն և թաքցրել այդ բանաստեղծությունն աշխարհից:

Սոսին միշտ մտածել է, որ իր և Հրայրի միջև ջնջված են լռության բոլոր սահմանները, որ իրենք մեկմեկու չասելու ոչինչ չունեն: Բայց ահա բացվել է մի ողջ թանձր շերտ, որ Հրայրը թաքցրել է իրենից, իր Սոսիից: Սոսին, որ պարզապես երջանկացել էր իրեն ձոնված բանաստեղծությունները կարդալիս, որ ինքն իրեն խոստովանել էր, թե չի պատկերացրել, որ այդքան մեծ բան է նշանակում իր գոյությունը ամուսնու կյանքում, միևնույն է, նեղացած-խռոված էր, որ Հրայրն այդքան մեծ գաղտնիք է պահել իրենից, որ չի վստահել, թույլ չի տվել իրեն մտնելու այդ հուզառատ, խորհրդավոր աշխարհը:

Հրայրը զարմանալիորեն քնարական ու երազկոտ էր անգամ իր կարեվեր հայրենիքին, իր ժամանակի դառն ու դաժան մղձավանջին վերաբերող բանաստեղծություններում: Նա ասես իր ապրած ժամանակի տարեգիրն էր դարձել այդ բանաստեղծություններում, որոնք ոչ միայն հայտնի ու անհայտ փաստերի պոետական ձևակերպումներ էին, այլև հույսի, փրկության հավատի բյուրեղացումներ: Սոսին աղոթքի նման կրկնում էր դրանցից շատերը մտքում, բայց չէր համարձակվում խոսել Հրայրի հետ դրանց մասին: Նա կախարդվածի նման շշնջում էր այդ տողերն ու ամեն անգամ նորովի վերապրում Հրայրի պատմած իրապատում հեքիաթը: Սիրո հաքիաթը: Կյանքի հեքիաթը: Հայրենիքի հեքիաթը՝ դաժան հեքիաթը, որ հեքիաթի նման էլ լուսավոր հրաշքով էր ավարտվում Հրայրի տողերում՝ ի հեճուկս անհեքիաթ, անլույս ժամանակի:

       

***

Սոսին Հրայրին ասել էր, որ երեկոյան պիտի մասնակցեն մի հանդիսության, ու որ բացակայելու որևէ պատճառաբանություն չի ընդունվում:

– Ի՞նչ հանդիսություն է, որ էդքան կարևորում ես: Ինչո՞ւ է իմ ներկայությունը պարտադիր:

-Անակնկալ է, կգաս, կիմանաս,- կարճ պատասխանել էր Սոսին:

– Էդ երբվանի՞ց ես ինձնից թաքուն գործեր բռնում, աղջի՛կ: Էդպիսի թաքուն բաներ շա՞տ ունես պահած:

– Քեզնից եմ սովորել գաղտնապահ լինել: Դուր չի՞ գալիս:

– Ինձնի՞ց: Ես ի՞նչ եմ քեզնից թաքցրել: Հո ռազմական գաղտինքներ էլ չե՞մ հաղորդելու քեզ, անո՛ւշս:

– Չէ՛, ռազմական գաղտնիքներիդ կարիքը չունեմ: Ավելին՝ ուզում եմ, որ մեր բոլորի կյանքից չքվեն ռազմական գաղտնիքները՝ իրենց անհրաժեշտության բացասմամբ:

– Դե ուրեմն, դու իմ մասին ամեն ինչ գիտես, էլ ի՞նչ մեղադրական ճառ ես կարդում գլխիս:

– Մեղադրական չի, ուղղակի կանացի կսմիթ է, դիմացիր:

– Կսմիթներիդ դիմանալում վաղուց արհեստավարժ եմ, բայց ինչ-որ շատ ես խորամանկ էս անգամ:

– Ների՛ր, կյա՛նքս, ավելին ասել չեմ կարող: Վաղը: Բոլոր հարցերիդ պատասխանը կստանաս վաղը երեկոյան:

***

Հրայրը պայմանավորված ժամին հասավ հանդիսասրահ: Հագնվել էր Սոսիի ասածի պես: Մի քիչ նեղվում էր բյուրոկրատ այդ ոճից՝ դասական կոստյում, երկնագույն վերնաշապիկ, գծավոր փողկապ, փայլուն կոշիկներ, նուրբ օծանելիք: Բայց դե, Սոսիին մերժել կլինի՞: Էնքան կբզզա ականջիդ տակ, ուղեղդ դուրս կթափվի:

Տարօրինակ լռություն էր մուտքի մոտ ու կարծես նաև դահլիճում: Բայց նա եկել էր Սոսիի ասած հասցեով, հազար անգամ ճշտել էր հանդիպման տեղն ու ժամանակը:

Երբ մոտեցավ սրահի մուտքին, ականջին հասավ Արարատի բլբլոցը: Երեխան ի՞նչ գործ ունի էստեղ երեկոյան ուշ ժամի: Կասկածանքով բացեց դուռն ու քարացավ մեկեն վառված լույսերի, ծափերի, ժպիտների տեղատարափից: Ակնթարթներ անց սրահը լցվեց ջութակի թովիչ հնչյուններով. իր սիրելի «Երկինքն ամպելա»-ն էր: Մինչ կհասցներ կռահել, որ օրվա հերոսն ինքն է, ջութակի հնչյուններին զուգահեռ ականջին հասան իրեն այնքա՜ն ծանոթ բառե՜ր, տողե՜ր, մտքե՜ր:

Սոսին խորամանկ ժպտում էր ու չքողարկված հանդիմանանքով նայում ամուսնու աչքերին: Բոլորի ձեռքին մի-մի գողտրիկ հատորյակ էր՝ պարզ վերտառությամբ. Հրայր Արարատյան, Երկխոսություն՝ առանց երկրորդի:

Բոլո՛րը, նրա պոեզիայի բոլո՛ր հերոսներն այստեղ էին: Հրայրը հասկացավ, որ դիմադրելն անիմաստ է, որ ինքը մորեմերկ կանգնած է սիրելի, հարազատ այդ մարդկանց առջև, ու որ Սոսիին ինչ-որ բանում մեղադրելը կանխադատապարտված է ձախողման: Խայտաբղետ ծամթելերով իր հոգեառ հրեշտակը միշտ ճիշտ է, միշտ անառարկելի, միշտ ցանկալի, եթե անգամ քեզ կատաղեցրել է այս աստիճան, որ պատրաստ ես սեփական ձեռքերովդ խեղդել էդ անհնազանդ անպիտանին:

Բոլորը մոտենում, գրկախառնվում էին Հրայրի հետ, քննարկում իրենց մասին գրված բանաստեղծությունները:             Սոսին պարզապես ճախրում էր երանության թևերին. էլ ո՞վ ունի էսպիսի ամուսին՝ տաղանդավոր, խորհրդավոր, սիրառատ…

Հրայրի ու Գարոյի հայացքները հանդիպեցին: Սա ամենաբարդ փորձությունն էր լռության պատնեշը տապալած պոետի ու նրա անկեղծացումներին հաղորդակից դարձած քնարական հերոսի համար: Ո՞վ պիտի աներ առաջին քայլը, և ո՞րը պիտի լիներ այդ քայլը:

Հրայրը վերապրեց իր ու Գևորգի հանդիպումը մարտական դիրքում: Հասկացավ, որ հիմա հերթն իրենն է՝ կոտրելու օտարության կարծրացած ապառաժը, որ չի կարելի սպասել մինչև մի նոր հողանցում, որ հիմա այս աշխարհում մենակն ու խորթն այլևս ինքը չէ, այլ՝ Գարոն, հատկապես Մարոյից հետո որբ ու անհենարան մնացած Գարոն, եթե չհաշվենք նրա կյանքի ղեկը ձեռքն առած ուժեղ, կամային Անուշին:

Նրանք առանց մի խոսքի միաժամանակ քայլեցին միմյանց ընդառաջ, գրկվեցին այնքան ամուր, որ երկուսի մարմիններն էլ շխկշխկացին. տասնամյակների սառույցն էր փշրվում նրանց երակներում, որոնց միջով հոսող արյունը, պարզվում է, ջուր չէր դարձել:

 

  • Հատված «Հողանցում» անտիպ վեպից