Նախշուն վերմակների տակ Սանդո մամը վերջապես խլվլաց: Ղաթ-ղաթ փաթթած բրդե շալերի տակից գլուխը դուրս հանեց ու.
– Նըխշո՜ւն…
Մեկամսյա լռությունը խախտող աղջկա` Նախշունի անունն իրարանցում առաջացրեց թոնրատանը:
– Հա՛, մա՛մ ջան:
– Նըխշուն, մայլի ճժերուն կանչե:
Քիչ անց, անուշ տաքին զատկի կարմիր բլոճների պես դուրս թափած ճժերս, բռերիս մեջ քարկտիկ ու ապակու ծաղկանախշ կտորտանք, իրար բոթբոթելով, շարվեցինք դռան առաջ:
– Սանդո մամ մզի կանչել է:
Նըխշուն մաման կռացավ մոր վրա, ինչ-որ բան շշնջաց:
Ծալ-ծալ վերմակների տակից դանդաղ դուրս ելան շաբաթ-կիրակի օրերին մեր Պապեի առաջ թույլ բոցկլտացող բարալիկ մոմերի պես մատները:
Ուղղեց անուշ չամիչի նման ճմրթված, երեսը բոլորած շալի ծալքերը, նայեց մեզ:
– Էկել ի՞ք, ճժե՛ր ջան,- չամիչը քաղցրացավ, ուրախ մի բան թրթռաց խորշոմների մեջ:
– Ձըզնից ձուն գուզիմ, սրսուռ ձուն,- մատներով ինչ-որ բան տնտղեց վերմակի վրա:
– Իդըլե ձըզի մոմպաս, օր սարի ճամպուն ուտիք,- մատները դեմ առան շորե տոպրակին: Իր ձեռքով մեկնեց ամենամոտ կանգնած եղբորս:- Արդար կբաժնիս, գա՛ռ ջան:
Եղբայրս քաշվելով վերցրեց տոպրակն ու չիմանալով ինչ անել` մեկնեց մեզ: Մամն անհանգստացավ, նայեց եղբորս: Հետո շրջվեց պատի կողմը:
Մենք` Սանդո մամի գիրկ ու ծնկին մեծացած թաղի երեխաներս, ծանր պատգամ ստացանք: Գիտեինք, որ գարնանամուտին սրսուռ ձյուն ուտելը հիվանդի վերջին փափագն է: Անիմանալի մի տխրությամբ դուրս եկանք հացատնից:
Եղբայրս գնում էր առջևից, նրա ետևից իծաշարուկ գնում էինք մի քանի մրսկան աղջիկներս` տանիքին կիսատ թողնելով մեր ուրախ խաղերը: Սանդո մամին ձյուն բերելու պարտքը մեզ կտրեց արևոտ օրվանից:
…
Մայրս մեկիկ-մեկիկ թիկունքներիս խաչկապ արեց տաք գլխաշորերս: Կապոցի մեջ դրեց հացուպանրի բրդուջները:
– Ախպորդի կըլսիք, շուտ գիքակ,- ձայնի մեջ խուլ, թաքնված տրտմություն կար:
– Էդ ո՞ւր կերթաք,- Նշե Կարոյի դռներով անցնելիս հարցուփորձ արեց Սանամ-Էսթեր ջուխտակ պառավներից մեկը` թելի կծիկը քջջելով:
– Սանդո մամին ձուն բերելու:
– Ախչի Գլարիկ, արի դու լէ գնա: Վա՜յ, Սանդո ջան:
Խոշոր դույլը օդում պտտելով` ծիծաղերես Գլարիկը տնկվեց մեր առաջ: Պառավը խաչակնքեց մեր ետևից: Փոստատար Դինաֆի հողե տան պատի տակ խաղացող Սամվելն ու Փիրուզը սկզբում անտարբեր ձևացան, բայց հենց որ հեռացանք, ներս մտան և արագ դուրս ելան, առանց կանթի մի դույլ Փիրուզի գրկին:
– Ո՞ւր գիքակ,- հերսոտած շրջվեց եղբայրս:
– Պապաս լէ ձուն գազե,- Դինաֆի` պատերազմից բերած անարժեք հուշամեդալը` ոտքի անբուժելի վերքը, կրկին բացվել էր և արդեն քանի ամիս գամել անկողնուն:
– Լավ, թող գան, մեղք ին,- բարեխոսեց ավագ քույրս` Հեղինեն:
Առանց կանթի դույլը Սամվելն ու Փիրուզը սարից փոխնիփոխ գրկած պիտի բերեին:
Գյոդակի Օսկոյի կալի միջով անցնելիս Օսկո մամը, որ եղանով փռում էր մարագից հանած խոտը, ձայնեց.
– Ճժե՛ր, ձուն բերելո՞ւ կերթաք, վի՞ր հըմար է:
– Սանդո մամի,- խուլ ձայնով ասաց եղբայրս:
– Վա՜յ, Սանդո ջան, քու վախտ լէ էկավ: Կայնեք, կայնեք չայնիկ տամ, կտորըմ լէ մեր Հերիքի հըմար բերեք:
Օսկո մամի թեյնիկին մանուշակի փոքրիկ թուփ էր նկարված, որն էլ պատճառ դարձավ, որ իրարից խլխլեինք: Տիրամոր մայլի մի քանի լալկան, մրսկան աղջիկներից ու փիլիջ-կտրիճներից կազմված մեր խումբը բռնեց Անանուն սարի ճամփան:
…
Սարի փեշին կպած ճանապարհը, որ գյուղի բկից ծնունդ առնելով, մանուկներիս գառ ու հորթերի ամենօրյա անցուդարձից պնդացել-հարթվել էր, անցնում էր հին, լքված շիրմատան կողքով` օձի թողած շապկի պես խորդուբորդ պտույտներով մտնում ու ելնում սալաքարերի արանքով: Քարերի կողքից արդեն թաքուն ծիկրակում էր նորածիլ կանաչը: Դիմացը Անանուն սարի լանջն էր, որ գարնան արևին Պռատի Աչոյի փռած քրքրված վերմակի պես արդեն տեղ-տեղ կանաչ ու սև կարկատաններով էր պատվել:
Առջևից գնացող եղբորս թիկունքում խումբը դանդաղ ու զգույշ անցնում էր շիրմատան միջով: Նրանից գաղտնի խմբին միանում էին գյուղից դուրս եկած ձնծաղիկ փնտրող երեխաները: Գնում էինք ոլորապտույտ ճանապարհով սարն ի վեր, ուր դեռ գառնուհորթի դունչ չէր դիպել: Սարալանջին գույնզգույն ուլունքաշարը ցրվեց, մեր մանկական ոտնահետքերը տեղ-տեղ իրար խառնված, մոտենալով ու հեռանալով, գարնան առաջին ճամփով գնում էր «ձուն բերելու»:
Առջևից գնացող տասնհինգամյա եղբորս թիկունքը մագնիսի պես ձգում էր մեզ: Գիտեինք, որ վաղ գարնանը սոված գայլերն իրենց ձագերի համար որսի են դուրս գալիս: Հեռու գնալը վտանգավոր էր: Բայց սարի փեշի ձյունը վաղուց էր հալվել: Վերջին հույսը Մարալդաղ սարին հասնելն էր: Ձյունը այնտեղ ուշ էր հալվում: Որքան հեռանում էինք գյուղից, այնքան ձայներս նվազում էր, այնքան մոտենում էինք իրար, խմբվում եղբորս շուրջը:
Արևը Անանուն սարի գագաթին թառած` կանչում էր, մեզնից առաջ ընկնում, մեկ թռչում էր վեր, մեկ էլ փորը քսում սարի գագաթին: Հասանք արևին, բայց նա թռավ-փախավ երկինք: Ետ նայեցինք գյուղին, հայրիկիս բաց ափի մեջ շաղ եկած չամիչի հատիկների պես սփռված տների արանքում չգտանք մեր բակն ու տունը:
– Էհե՜յ, էհե՜յ,- գոռգոռացին տղաները գյուղի հասցեին,- իմա՞լ իք:
Սարն անցանք: Վերջին անգամ երևաց Սանդո մամի երդիկից ելնող բարալիկ ծխի պտտվող իլիկը:
Դեռ գյուղից մեզ խաղընկեր դարձած գարնան գիժ քամին (որ աղջիկներիս փեշերը փռփռացնելուց զատ ոչինչ չէր անում) մեզանից առաջ անցավ:
Մեր առջև փռվեց սարահարթը` մայրիկիս թափ տված ծաղկավոր գլխաշորի պես:
– Ջա՜ն, ձնծաղիկ:
Դույլերի կանթերը երկար բռնելուց մատղաշ գազարիկների պես կարմրած ու մրսած մեր մատները հազիվ բացվեցին: Կողք կողքի շարելով դատարկ դույլերը` ընկանք դաշտի երեսը:
– Շատ չքաղիք,- զգուշացրեց եղբայրս,- թե չէ կուշանանք:
Ամեն մեկս մտովի մեզ համար մուրազ պահելով` շեղբիկով հանեցինք առաջին ձնծաղիկն ու քսեցինք աչուկներիս:
– Քու առջի լուսն իմ աչքերուն, ձնծաղիկ քուրիկ:
Ամեն մեկս մտովի մի-մի ձնծաղիկ պահեցինք Սանդո մամի համար:
Ապրիլյան արևը իր բանուգործը թողած, մեզ ընկերացած, կանչում էր, տանո՜ւմ: Քանդեցինք գլխաշորերը և արևի երեսին թափահարելով` ճվճվացինք` արև ջա՜ն, արև ջա՜ն, արի…
– Ձեններդի կտրեք,- սաստեց եղբայրս:
Մոռացել էինք սոված գայլերի ու ձագերի մասին:
– Վա՜յ, մամա ջան,- լաց եղավ Փիրուզը,- հըբը օր անոթի գելերն իգան մըզի ուտին: Ես մեր տուն գուզիմ էրթամ:
Բոլորս մեր ձնծաղիկները լցրինք Փիրուզի փեշը, որ ձենը կտրի: Մի մեծ փունջ ձնծաղիկ գրկած` Փիրուզի վախն անցավ: Եղբայրս մտահոգված նայեց մեզ: Նրա պատվերով ցեխակոլոլ կոշիկները հանեցինք, շարեցինք քարափի տակ, որ ետդարձին ցեխը չորացած լինի, համ էլ բոբիկ` արագ ու թեթև առաջ կգնանք: Քարափի գլխին փռեցինք ավագ քրոջս կարմիր շուշաններով գլխաշորը` Վարդ մորքուրիս բերած նվերը Վրաստանից: Կողքերին մանրիկ քարեր շարեցինք, որ գիժ քամին չփախցնի: Ծալապատիկ նստեցինք քարափի տակ, քույրս բացեց հացի կապոցը:
– Ջուր չկա,- նկատեց եղբայրս,- համբերեք հասնինք Մարալդաղ, ձուն գդնինք, նոր հաց կուտինք:
Թուքներս կուլ տալով կապոցը փակեցինք: Ոտաբոբիկ, քրտնած ու ծարաված, դատարկ ջրամանները զնգզնգացնելով նորից ճանապարհ ընկանք:
Սարահարթը մնաց ետևում:
– Հենց օր ճերմակ բան տեսնիք, ձեն հանեք,- նախազգուշացրեց քույրս:
Նայեցինք կողքի ձորակը, մութ ու խավար, սարսռած ետ քաշվեցինք, ցրվեցինք սարափեշով մեկ, ձյուն փնտրեցինք ամեն քարութփի փեշի տակ, նորից միացանք: Ձյուն չկար ու չկար: Սարի գլխից բարալի՜կ պղտոր վտակները ծլո՜ւլ-ծլո՜ւլ, ալարկոտ իջնում էին, թրջելով գարնան նորածիլ կանաչի մեջ թպրտացող մեր մանկական բաց տոտիկները, ցեխաջուրը ճլմփում էր մատներիս արանքով:
– Հենց սարի գլխուն հասնինք, աղջիկները թող նստին,- վճռեց եղբայրս:
Բայց մինչև սարի գլխին հասնելը դեռ շատ ցեխաջրեր պիտի տրորեինք:
…
Օսկո մամի թեյնիկի մեջ լցրեցինք Փիրուզի ձնծաղիկները, Սամվելը շալակեց քրոջը: Առաջինը եղբայրս հասավ գագաթին ու շնչակտուր ետ դարձավ: Տեղ-տեղ նստելով, երբեմն չորեքթաթ ետևներիցս դույլերը քաշ տալով մենք ձգտում էինք հասնել նրան:
– Տվեք, վեդրոները տվեք:
Հասանք նրան: Հեռվում, հորիզոնի փեշին ճերմակ ընդգծվում էր ամպի մի քուլա: Սկզբում գլխի չընկանք:
– Ձո՜ւն, ձո՜ւն,- աղաղակեց եղբայրս:
– Ձո՜ւն է, ձո՜ւն,- տղաները շալվարի փողքերն արագ-արագ վեր քշտելով, առաջկտրուկ վազքով հասան եղբորս:
– Դուք մնացեք,- հեռվից կարգադրեց եղբայրս,- նստեք, հաց կերեք, հըմի ձզի ձուն կբերինք:
Առաջին անգամ գոմից դուրս թողած գառնուկների պես հավաքվեցինք իրար գլխի, դնչներս արևին տնկած նստոտեցինք ու բացեցինք հացի կապոցը:
Չգիտեմ ինչու, ձյունը տեսնելով բոլորս տխրեցինք: Բրդուճն ուտում-ուտում էինք ու կուլ չէր գնում, գնդվում-մնում էր: Գառների տխուր աչքերով նայում էինք տղաներին:
Տղաները հասան ձյան շերտին, ձայները մարեցին, իրենք պպզեցին, փոքրացան: Երևում էր` ինչպես են փորփրում ձյան փեշը: Սառցակալած, պինդ կեղևի տակ սրսուռ, գլուլ-գլուլ ձյունն է, որին շաքար էինք խառնում ու երանությամբ բերանում հալեցնելով կուլ տալիս:
– Շաքրած ձուն շատ մի կերեք,- խրատում են մեծերը,- բկացավ կընկնիք:
Փիրուզը բացեց ափը, կարմիր-կանաչ մոմպասներն հալվել-կպել էին իրար:
– Կե՛ր, Փիրո՛ւզ ջան, կե՛ր,- համոզում էինք նրան:
– Չուտիմ, պապայիս կըպայիմ,- նորից փակեց ափը:
– Գիլու ձեն գիկա, ձագերուն կկանչե:
– Չէ՛, գել չկա, մըվախենա,- շրջապատեցինք նրան ու շոյեցինք:
…Տղաները մեկիկ-մեկիկ բերեցին դույլերն ու շարեցին մեր շուրջը: Աղջիկներս մի-մի բուռ սրսուռ ձյուն կերանք, ցփնեցինք իրար երեսի:
– Օխա՜յ, հովցանք:
Իջնում էինք` թիկունքներիս արև ու քամի: Թեթև դույլերը հալվելով հետզհետե ծանրանում էին: Ջուր կապեց ձյան երեսին:
– Էրեխե՛ք, արեք երգինք, վո՞վ գուզե…
– Ես,- ու շեկլիկ Թերեզը ձենը գլուխը գցեց:- Ձուն եմ ու կուգամ, ձուն եմ ու կուգամ, ձուն եմ ու կուգամ սարերուն: Հալիմ ու կաթիմ, հալիմ ու կաթիմ, հալիմ ու կաթիմ քարերուն…
– Սուսեք, գելերըն կըլսին,- պաղատեց Փիրուզը: Լռեցինք:
Հասանք քարափին: Քամին քանդրտել էր գլխաշորը, մտել տակն, ու ուռցրած, փքված գլխաշորը քիչ էր մնում թռներ-ազատվեր նրա ձեռքից:
– Ջա՜ն, սոլերսի չորցեր ին,- պոկեցինք ցեխակոշտերը, հագանք ու թեթև-թեթև՜ առաջ ընկանք: Օսկո մամի թեյնիկի ձյունը լրիվ հալվել էր, ձնծաղիկները, որ տնկել էինք ձյան երեսին, արդեն լողում էին ջրում: Թեյնիկից կուշտ ջուր խմեցինք, լվացվեցինք` ձեռ ու երես պահած արևին: Շոր ու շալ հանեցինք, թափահարեցինք.
– Էկա՜նք, էկա՜նք, հե՜յ,- ներքևում մեր գյուղն էր:
Եղբայրս դույլերի երեսից թափեց ձնաջուրը, ձյունը հավասար բաշխեց: Իծաշարուկ իջանք: Նորից անցանք շիրմատան կողքով: Ես իմ փնջից մի ձնծաղիկ հանեցի ու դրեցի մորատատիս կարմրաքար շիրիմին: Մյուսները հետևեցին իմ օրինակին: Քիչ անց ետ նայեցինք: Ճամփեզրի շիրմաքարերը ծաղկել էին:
– Էրեխե՛ք, սուսեք,- մեզ դիմավորելու եկած մեծ տղաները դույլերը վերցնելով իջան գյուղ:
Շփոթ ու շվար հետևեցինք նրանց: Սուսուփուս անցանք Օսկո մամի դռնով: Դուռը փակ էր: Ձյունով լի թեյնիկը դրեցինք պատի տակ: Հաջորդը փոստատար Դինաֆի տունն էր: Սամվելն ու Փիրուզը իրենց կիսատ դույլը գրկած ներս մտան: Մայրը չդիմավորեց: Ներսից լսվեց հոր ձայնը.
– Էկա՞ք, բալեք ջան… Ուշացա՜ք…
Գլարիկը դույլը դրեց Սանամ-Էսթեր պառավների դատարկ նստաքարին: Հասանք Սանդո մամի կտուրին: Սև-խոշոր մժեղների պես դռանը հավաքված մարդիկ անձեն-անծպտուն ճանապարհ տվեցին մեզ: Լուռ անցանք նրանց միջով: Ձեռքներիս ձնծաղկի մրսած փնջիկներ էին: Հացատան նախշուն կարպետին հագցրած-կապցրած խրձիկ-շորե տիկնիկի պես պառկած էր Սանդո մամը: Վախվորած անցանք շեմը: Եղբայրս առաջ անցնելով մեծավարի հանեց գլխարկն ու դույլը դրեց կողքին:
Նըխշուն մաման մեզ մեկիկ-մեկիկ շարեց Սանդո մամի շուրջը:
– Ճժեր գացին ձնի, բայց ձնծաղկով ետ էկան: Գարունքվա լու՛սն իջավ վրեդ, մեր ջան: