Հայաստանի գրողների միության վարչությունը սգում է ճանաչված բանաստեղծ ՍԵՐՈ ԱՆՏՈՆՅԱՆԻ մահը, ցավակցում է հարազատներին, մտերիմներին և ընթերցողներին:
Կյանքի 78-րդ տարում վախճանվեց ճանաչված բանաստեղծ Սերո Անտոնյանը՝ մեծ ցավ պատճառելով ոչ միայն մեր մարզի, այլև հանրապետության գրական ընտանիքին:
Նրա բանաստեղծությունների առաջին՝ «Բարի լույս» ժողովածուն, որը լույս է տեսել 1965 թվականին, խմբագրել է Վահագն Դավթյանը: Ընթերցողն առանձնակի ջերմությամբ է ընդունել ինչպես այս, այնպես էլ հետագա տարիներին հրապարակված՝ Ս. Անտոնյանի «Զուլալ աղբյուր», «Աստղոտ ամառ», «Նշենի», «Ճերմակ շուշաններ», «Ծարավ ծաղիկ», «Աշնան երկինք», «Ուշ աշուն» գրքերը: Տպագրության էր հանձնել նաև բանաստեղծությունների նոր ժողովածուն, որը, ցավոք, չհասցրեց տպագրված տեսնել:
Ս. Անտոնյանի պոեզիան բխում է իր ծննդավայրի՝ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի զուլալ աղբյուրներից, անկեղծ է, անմիջական և ընթերցողներին է հասնում՝ անցնելով հույզերի ու տվայտանքների թեժ խառնարանով:
Պատահական չէ, որ նրա մտերիմն ու պոեզիայի գնահատողն են եղել Համո Սահյանը, Հովհաննես Շիրազը, Վաղարշակ Նորենցը, այլ անվանի գրողներ:
Ս. Անտոնյանն ընթերցողին էր ներկայանում ոչ միայն իր գրքերով. նա հանրապետական ու տեղական մամուլում հաճախակի տպագրվող հեղինակներից էր:
Ստեղծագործությունների ամեն մի փունջ մի նոր երանգ էր ավելացնում Ս. Անտոնյան բանաստեղծի դիմանկարին, որը տարիների ընթացքում չկորցրեց թարմությունը և մեզ էր ներկայանում իր շիտակ ու ուղղամիտ կեցվածքով:
Ս. Անտոնյանը նաև մեծ գերդաստանի սիրված հայր էր, թոռնիկների պաշտելի պապիկ և ամբողջ կյանքում պատվով տարավ գերդաստանի նահապետի ծանր բեռը:
Երկնային արքայություն քեզ, սիրելի՛ գրչեղբայր:
ՀԳՄ ԼՈՌՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
Սերո ԱՆՏՈՆՅԱՆ
ՁՅՈՒՆ Է ՄԱՂՎՈՒՄ
Հեռուներին աչքս գամած՝
Ես չգիտեմ ուր եմ գնում,
Ճանապարհիս կամաց-կամաց
Ծերությունս թուխպ է դնում:
Ու հավքերիս երամն անքուն
Հեռանում է ալիք տալով,
Եվ իմ ծաղկած երազներին
Ձյուն է մաղվում հեկեկալով:
ՈՎ Է ԿԱՆՉՈՒՄ
Ով է կանչում ինձ հիմի
Իմ մանկության ձորերից,
Ցավոտ ձայն է գալիս մի
Այն հեռավոր օրերից:
Ելնեմ գնամ փարվելու
Ծաղկին, հողին ու խոտին
Եվ կաքավին այն շեկլիկ`
Ծեգի շաղիկը ոտին:
Խնձորենի մեր ծառին
Ասեմ` ե՞րբ ես դու բացվել,
Եվ կուրծքը չալ ծիծառին,
Որ ամպով է լվացվել:
Այն իմ սիրած աղջկան
Մի անգամ էլ ես սիրեմ,
Գառան թախիծ ու խոնավ
Մանուշակներ նվիրեմ:
Ու եղբորս, որ վաղուց
Շիրմահողն էլ չեմ տեսել,
Ասեմ` գիտե՞ս, որ շուտով
Քեզ հյուր պիտի գամ ես էլ:
Ո՞վ է կանչում ինձ հիմի
Իմ մանկության ձորերից,
Ցավոտ ձայն է գալիս մի
Այն հեռավոր օրերից:
ՂՈՂԱՆՋ ՍԻՐՈ
Զանգակներն են ղողանջում,
զանգակներն են ղողանջում,
Եվ լուսաբացն է արդեն նորից կախվել
մեր դռան,
Ով է հիմա իր հոգու հեռուներից
ինձ կանչում,
Ինչպես կակաչը վայրի,
ինչպես ծաղիկը նռան:
Ասեմ նա ուր հեռացավ մեր
ափերից այս շաղոտ,
Եվ անհագուրդ մղումով փարվեմ
ծոցին ու շնչին,
Ու թող փռեմ ծնկներին ես
հայրեններ ու աղոթք,
Ես մոռացված մի անուն և
տառապյալ մի չնչին:
Զանգակների ղողանջից՝ որպես
հրաշք արարում,
Մոլորակներն այս գիշեր թող զառանցեն նոր ուժով,
Ընդվզումս ծայրեծայր թող որ
փռեմ աշխարհում,
Եվ պարուրվի իմ հոգին
առեղծվածով ու մուժով:
Եվ նա լինի ինձ համար միակ կինը
լուսնի տակ,
Որ աշխարհում ոչ մեկին չի
երազում, ճանաչում,
Ու ես տեսնեմ, թե ինչպես եռում է
գիժ մի վտակ,
Եվ ժեռ քարերն են անգամ ծաղիկ
տալիս, կանաչում:
Ու հեթանոս իմ հորից մարմին
առած ու կորով
Ասպետի պես միանամ բորբ
օրերի շառաչին,
Զուգավորվեն մեր սիրուց մոլորակներն
այս անքուն,
Այն Աստղիկը լինի նա, ես`
Վահագնը առաջին:
Ո՞վ է հիմա լույսի մեջ,
հեռուներից ինձ տենչում,
Նա իմ հոգին հեղեղող
կրակով է հիացել,
Զանգակներն են այդ իրոք դեռ
անհանգիստ ղողանջում,
Թե իմ սիրտն է այս գիշեր
տիեզերքին միացել: