***
Ավելի լավ է լուռ հեռանալ
Ամենամոտ մարդուց,
Քան մնալ մոտ,
Բայց այդպես էլ լինել նրան օտար…
Ես սիրտդ դարձա,
Բայց դո՛ւ զարկս եղար,
Ես արբեցա քեզնով,
Կում-կում խմեցի քեզնից,
Բայց չհագեցա:
Գավաթդ դարձա,
Բայց ոչ բաժակաճառդ,
Ես երազեցի մեզ,
Բայց երազներումս քեզ չտեսա,
Ձեռքդ ամուր բռնեցի,
Բայց ափս սեղմել չկարողացար,
Հոգիդ հյուսեցի հոգուս,
Բայց դու հարդարել չկարողացար,
Աչքերդ նկարեցի բիբերումս,
Բայց վրձնահարել չկարողացար,
Ես քեզ արև դարձա,
Իսկ դու լոկ անձրև եղար,
Հորդ ու մռայլ թափվեցիր ուսերիս,
Ու վարսերս արտասվել կարողացան,
Ես քո ծաղիկը դարձա,
Դու լոկ պոկված տերև եղար,
Թափվեցիր հոգուցս,
Բայց կարոտս փնջել կարողացար,
Սիրտս սիրուդ ընկերը դարձավ,
Բայց դու սրտիս դրկից չդարձար…
Անցյալի հետքերով
Քո գրկախառնության թևքերից
կախվել էր հրաժեշտի ու անհրաժեշտի հսկա մի տարափ,
ու դու մի օր մի տեղ լքեցիր ինձ,
իսկ ես՝ մի տեղ մեկ ուրիշի,
ու արդեն կարևոր չէ,
թե ասելիքս
երբ և որտեղ արժեզրկվեց
քո անարժեք հոգու առաջ,
այն ասելիքս,
որի համար տասնյակ գիշերներ
այրել եմ լուցկու հատիկի պես,
որ շարադրեմ մտքիս կարևորի
ու արդեն սրտումս եղած անկարևորի մասին,
որ կանգնեմ քո առաջ կերպարանափոխված,
նայեմ աչքերիդ ու լռեմ ատելությանս մասին,
նայեմ էությանդ
ու լռեմ մարդկային կեղծավորությանդ նայելով,
սրբեմ ստի փոշին,
ու վերջնական մաքրեմ հիշահետքերս…
Հիմա կանգնած եմ քո առաջ,
ու ոչինչ չի մնացել քեզ ասելու,
ոչինչ չի մնացել քեզ պատմելու,
ոչինչ չի մնացել մեր միավորումից
ու ո՛չ էլ անմնացորդ նվիրումից…
Մենք մի պարզ աֆորիզմ էինք գրված՝
անհասցե, անմիտ շարադրված,
ու ոչ մեր սերը մեզ մնաց,
ու ոչ էլ՝ արդեն մենք մեզ մնացինք…
Մտքերի հորձանուտում
Դատարկված իրականության մեջ
մտքերը թափառում են տանիքներում,
անձրևի կաթիլների պես
կաթկթում վերջնահարկից
ու անձրևանոցների վրա
գլորվելով՝ թափվում
ջրափոսերի մեջ…
Լուռ է քաղաքը,
լռում են մարդիկ,
արևն առաջվա պես չի ջերմացնում զգացմունքները,
սառել է օդը,
սառել են մարդիկ,
մի տեսակ տագնապ կա,
որ հոգիներ է փոթորկում…
Բարեկամներն իրար օտարացել,
օտարներն իրար բարեկամ են դարձել,
չգիտես՝ ինչու է այդպես,
մոլորվել եմ ես,
մոլորեցրել են նրանք…
Նրանք, ովքեր ինձ այդպես էլ չսովորեցրին ատել,
ատել երբեմն չասված խոսքերի բազմակետերն
ու ասված խոսքերից հետո դրված վերջակետերը…
Երբեմն լռում եմ,
բայց ստորին կոպերս
ներս են ծալվում
արցունքներիս ծանրությունից,
արցունքներս հոսում են
դեպի սիրտս
ու երակներովս հոսում
ամբողջ մարմնիս…
Չեն տեսնում արյունակիցներս,
տեսնում են օտարներն
ու ստիպում են ինձ ժպտալ…
Ես ժպտում եմ
ու ցավից ճաքճքած շուրթերս
ներկում կարմիր մայրամուտով…
Ու մի օր ամենախորը
ցավերը լցվում են
ամենասիրուն զգացմունքի խորությամբ…