Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

ԱՅՍ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ
(Արցախյան հերոսամարտի ողջ ու նահատակ ընկերներիս)

Մենք անցել ենք ցավի ու տառապանքի միջով,
Մենք չգիտեինք, թե ուր է տանում ճամփան,
Կյանքը մահից չէր տարբերվում ոչնչով,
Մահվան աղացն էր գործում անխափան…
Կարծես վերջ չկար այդ թոհուբոհին,
Կարծես տունդարձ էլ չէր լինելու,
Վերջին ճիգերն էինք տալիս գրոհին,
Ով էր, որ գետնից էլ չէր ելնելու…
Ով էր որ լիներ՝ զավակն էր մեր տան
Ու հավատում էր մեծ հաղթանակին.
Թիկունքում՝ երկիր, սուրբ հող ու ոստան
Եվ հարազատներ. քաղցր ու թանկագին…
Ու հենց դա էր մեզ մարտի կոչում,
Ու չէինք ուզում լինել շղթայված
Ոսոխի ձեռքին բիրտ ու անկոչում.
Մեր շեն հայրենին քանդած, ավերած…
Ով էր, որ գետնից էլ չելավ վեր,
Ով էր, որ մարեց աչքը երկնքին.
Ավա՜ղ, այս էր ճամփան անվեհեր,
Որ արյամբ էր տրվում մեր կամքին…
Ու այսպես դժվա՜ր, ու այսպես՝ քիչ-քիչ
Զարկվելով կրկին, ելնելով կամաց՝
Հասանք մեր օրվան մայիսյան փրկիչ,
Բայց ի՜նչ մահերի, ի՜նչ ցավի դիմաց…
Փա՜ռք ձեզ, սիրելի, ծերացած տղերք,
Ավա՜ղ, մենք արդեն քիչ ենք մնացել,
Արդեն կորացած, ալեհեր տղերք,
Անարցունք ցավով այնքան ենք լացել…
Այրիներ կան դեռ՝ սպասող, տխուր,
Հին չէ բնավ էլ ցավը կորստյան,
Մահարձաններ են կանգնած ամենուր՝
Որպես աղոթքի մոմեր պատմության…
Հին չէ, չի խամրի նաև փառքը ձեր,
Թեկուզ անցնեն տարիներ բազում,
Դա կռիվն էր մեր սուրբ ու անվեհեր,
Որ հերոսին է իրապես սազում…
Ով էր, որ գետնից էլ չելավ վեր,
Ով էր, որ մարեց աչքը երկնքին…
Զինվորն էր արի, սիրտը անվեհեր.
Արյունը տվեց այս երկրի վերքին…

ԽՐԱՏ
(Մորս պատմածը)

«Լսիր, որդիս, պատգամ որպես,
Սիրող քո մոր խոսքը սրտանցե:
Հեռու մնա չարից անտես,
Նրա հոգին մութ է, անանց…
Ունկ չդնես ձայնին ուրիշ,
Որ չշեղվես դու քո ճամփից,
Քեզ կդյութեն նենգ ու լպիրշ,
Կեղծ է ամենը, բացի մորից…
Ապրեց տղան մորն հպատակ.
Հլու նրա ձայնին, կամքին,
Կարգին մարդ էր` ազնիվ, շիտակ,
Ունկ չէր դնում նա ամենքին…
Եվ երբ մի օր նենգ թշնամին,
Սուր բարձացրեց իր երկրի դեմ,
Տղան նստած մեծ տան շեմին
Քեֆ էր անում մինչ լուսադեմ …
Մայրը խոսեց խիստ զայրացած.
-Նենգ ոսոխը դավ է հյուսել,
Հրեն, արյունն աչքերն առած.
Մեր սահմանին է հասել..
– Դու չե՞ս լսում, անուշ որդիս,
Երկրի ձայնը քո հարազատ.
Տես, տագնապած ձայն է տալիս,
Որ հավիտյան ապրենք ազատ…
Որդին հանգիստ ելավ ոտքի.
– Մայր իմ, ախր դու ես ասում.
Ունկ չկախեմ ես ուրիշի,
Ուստի քեզ եմ ես սպասում …
-Իրավ ես դու, ասել եմ ես,
Բայց հայրենիքն է քեզ կանչում,
Ինձ սրտիցդ պիտի հանես,
Երբ երկիրն է մարտի կոչում…

ԵԼԻ՛Ր, ՀՐԱՄԱՆԱՏԱ՛Ր
(Վազգեն Սարգսյանին)

Մեր տղերքը՝ տխուր, շիվար.
Պապանձվել են քո մեծ ցավից,
Մեր տղերքը՝ շարքում անշար,
Շփոթահար քո սև մահից…
Հրամայիր՝ շարվենք նորեն,
Զենքին նորից ապավինենք,
Ծիլ են տվել արտ ու ցորեն.
Մեր հողերը գնանք՝ տիրենք…
Հրամայիր՝ նորեն շարվենք,
Ախր գործը կիսատ մնաց,
Գնանք Մուշ ու Վանին հասնենք,
Փարվենք նրանց աչքերին թաց…
Հետո՝ Էրզրում, հետո՝ Իգդիր,
Բացենք դուռը մեր կարոտած,
Հասնենք, փրկենք գերի էրգիր,
Ու երգը մեր թող որոտա…
Հրամայիր՝ շարվենք նորեն,
Որ մեր էրգիր չմնա հուշ,
Որ թշնամին նենգ, անօրեն
Ոտք չդնի մեր հողն անուշ…
Երկրապահը երդում ունի,
Երդում և քո շիրիմին լույս.
Մեր սիրտը երբեք հանգիստ չունի՝
Քանի դեռ կա անկատար հույս…
Շարքում ենք, տե՛ս, հրամանատար,
Իրար եղբայր, տեր մեր հողին,
Քանի դեռ կա հույս անկատար,
Պիտի գնանք դեռ մեր ուղին …

ՊԱՏԵՐԱԶՄ
(Հերոսամարտում զոհված մարտական ընկերներիս)

Երբ աղավնիները տուն կդառնան
Փետրաթափ ու մրոտված թևերով,
Ու աղջիկները այլևս չեն հավատա,
Որ նավաստիները մարգարիտներ կբերեն,
Երբ տերևները հրաժեշտի տխուր բառերի նման
Կթափվեն սուտ համբույրի պես սառը գետնին
Եվ կսևանան ու կփտեն ջրափոսերում,
Իսկ ծառերի մերկության համար
Գարունն այլևս ոչինչ չի խոստանա,
Երբ ամբողջ գիշեր մահճակալները
Կտնքան անհանգիստ մտքերից
Ու առավոտյան տնից դուրս եկողները
Վերադարձի համար ոչինչ չեն ասի,
Երբ մարդիկ դժվար, շա՜տ դժվար կհավատան
Վերադարձ խոստացող բառերին,
Իսկ վերադարձածների համար
Ուրախ կլինեն ոչ բոլորը,
Երբ տանիքներին կթառեն վիրավոր աղավնիներ
Եվ տանիքները կփլվեն դանդա՜ղ-դանդա՜ղ,
Իսկ ծերունիները ջրափոսերից կմաքրեն
Տերևների պես փտող կարոտը,
Երբ աղջիկների սպասումը կճերմակի
Եվ թուլակախ պարաններին
Մանկան գունավոր շորերի փոխարեն
Կճոճվեն պատկերները չվերադարձածների,
Իսկ հույսի փոխարեն ագռավներ կթառեն
Տերևաթափ, մահացող ծառերին՝
Կնշանակի.
Ծառերն ամբողջ կյանքում մերկ են մնալու…
Կնշանակի.
Ամեն ինչ պետք է նորից սկսել…

ՇՈՒՇԻ

Զինվորը տխուր մաշում էր
Սապոգներն ու խիղճը,
Նրա համար վաղվա օրը
Թվում էր թիրախի կենտրոն:
Զինվորը սպանել էր
Հարյուր կամ հազար մարդ
Եվ մասնագիտացել
Լաց չլինելու մեջ,
Նա հոգնել էր սպանելուց
Եվ մահացածներին գիրկ-գիրկ
Տանում էր վանքը մոտիկ…
Վանքը մռայլ էր, տխուր,
Ինչպես պապը զինվորի,
Իսկ մամուռը՝ գանգուր, դեղին,
Մահ էր նկարում վանքի պատերին:
Ամեն սպանված տանելուց հետո՝
Զինվորը մամուռ էր պոկում պատից
Եվ մաքրում մահոտ ձեռքերը:
Նա գիտեր հաստատ. հրամանից հետո
Նորից կգնա ու մարդ կսպանի,
Իսկ ճերմակ, պառավ,
Վանքի նման պառավ մի կին՝
Նույնիսկ շատ նման զինվոր մորը,
Մատաղ էր բաժանում սպանվածներին…
Զինվորը տխուր ու լուռ էր.
Ինչպես վանքի շեմին կապած
Մատաղացու ճերմակ գառը,
Զինվորը հոգնել էր մարդ սպանելուց
Ու կարոտել էր ծիծաղելուն…
Նա քնքշորեն գրկեց գառը ճերմակ
Եվ գնաց սպանվածներ որոնելու…
Գառը վազում էր կանաչ դաշտերով,
Վանքի պատերից թափվում էր մամուռը,
Զինվորի մայրն էր կանչում հեռվից…

ԱՐԱՔՍ
(Ականջդ բեր՝ ասեմ)

Դու գետ չես սովորական,
Այլ՝ արյան կենսատու երակ…
Քո ափերը չեն միանում երբեք,
Բայց միասին են միշտ
Եվ եզերում են հունդ ջրեկ….
Դու հոսող ջուր չես,
Այլ՝ արցունքի հեղեղ.
Քո ափերի մեջ
Ուր էլ որ փախչես.
Ցավդ թողնում ես
Ափիդ տիղմի մեջ.
Ջուրդ՝ գնացող,
Ափդ՝ մնացող…
Ու մեծ ցավ է ու անեզեր վիշտ,
Երբ ինչ-որ տեղից ոմանք եկել են երեկ
Եվ որոշում են սխալ ու ճիշտ,
Խառնում են իրար ցորեն ու կորեկ
Ու պղտորում են ջրերդ վճիտ…
Դու գետ չես սովորական,
Այլ՝ արյան կենսատու երակ.
Արդեն համբերեցինք բավական,
Ժամն է կոչենք. «Ի՜ զեն, ի՜ զարկե:

ՀԱՅԱՍՏԱՆ
(Պատգամ հայ զինվորին)

Ճակատդ՝ սուրբ մատյան,
Պատմությամբ ոսկետառ,
Աչքերդ՝ բուրվառներ,
Խնկաբույր ու պայծառ,
Ձեռքերդ՝ հանց թևեր,
Երկնաձիգ ու անծայր…
…Քեզ մի օր նկարել ցանկացա.
Տանջվեցի օրեր շարունակ.
Ի վերջո, ի վերջո հասկացա.
Վրձնեցի սեգ լեռներ կապուտակ
Ու երբ կտավից հեռացա.
Լեռներս մնացին… ամպի տակ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։