Հայկազ ԽՆԿՈՅԱՆ

ԵՐԵՎԱՆ
Այս ինչ անձրև է` օրհնության նշան,
Թագադրության ինչ հանդես է սա.
Վաղորդյան օծուն ղողանջների մեջ
Ահա շքախումբն, արքայազն ահա:

Մի ձեռքին՝ լույսի շողուն մի ճաճանչ,
Մեկում` խաղողի մի վազ դալարուն,
Սրտի մի կեսում հուրն է տքնության,
Մյուսում հասկն է
կարծրանում խոսքի,
Եվ շողշողում է դիպակն արծաթե,
Եվ շողշողում է պսակը ոսկի:

Օ՜, ինչ վեհություն, ինչ շնորհյալ ժամ:

Երբ նայում է նա,
Բիբերում լույսն է թրթռում այնժամ,
Ծփում է հոգում խնդության գինին:

Երբ ծիծաղում է,
Բողբոջում են վարդ շուրթերի վրա
Սիրո խոսքը նոր ու խորհուրդը հին:

Բարբառում է նա`
Բամբիռները մեր առնում են
նոր ձայն,
Ցնորքները նոր ձև են ստանում,
Առագաստները ձգտում են անձայն,
Եվ ի՜նչ բառեր են` հնչում են կամաց,
Եվ ինչ երգեր են`
չեն հանգստանում…

ԱՇՆԱՆԱՄՈՒՏ
Ամռան ներկապնակից
Դեռ ծորում են
Փարիզյան պչրուհու
թարթիչները`

սուր, սուրսայր:

Որտեղի՞ց են
հորդում
տապը, խլվլունը,
մրջյուններն ու
քիստերը:

Մեկը գնում է`
օրվա շրջանակում
ներկապնակը
թողած:

Գալիս է
մի ուրիշ նկարիչ`
գունավորելու
դեռ թարմ
էսքիզները:

ՔԵԶ
Երկինքը
վառում է
քո դեմ
իր մոմերն ու
խունկը:

Ամե՜ն բողբոջից
հովերը
շշնջում են
անմար:

Դու ասա՛,
և նշենին
կտա իր
բուրմունքը`

Դարձող
հավքերի հետ
նկարվելու
համար:

ԱՐԱԳԱԾ
Դու, Արագած, ալմաստ վահան…
Ավ. Իսահակյան
Քո չորս սյուների վրա` հաղթ,
պահում ես
երկնքի անհունը:

Ի՜նչ ժամանակներից
վրիպած
նետ է գալիս դեպի քո
սրտաձև դրոշմը:

Ի՜նչ դիպուկ է խոսքը
գարնան ելևէջումներից
քեզ ուղղված:

Եղի՛ր
որպես ավիշ,
որ հորդում է հողից
մեր ճախրանքներն
ի վեր:
Որպես թուրմ`
մեր հույզերի
մեղրամոմով
քամված:

Դու և
Արարատը,
բախտի կորագծի վրա`
նույն:

Կանգնած երկուսով:

Ուս ուսի:

Ո՞վ է նվագում
«Քելե-քելեն»
ձեր քարեղեն
ստեղների վրա:

Ո՞վ է ծածանում
ձեր փառքը
մեր սրտի լարերին
փխրուն,
ինչպես քղանցքները

տեր
Հիսուսի…

ՄԻՆԱՍ
Մի դաշտ կա
Հայաստանում
քո կտավի նման:

Մի լեռ կա
քո անունով:

Այնտեղ հոսում են
Ջաջուռից
քո գույները
արևային հունով:

* * *
Նույն աչքերը ջինջ,
նույն երազները.

Տագնապը:
Ցավը:
Ակնկալիքը.

Նույն ակունքից է
արարել Տերը
ծովն ու
երկինքը:

ԾՈՎ
Ծովը երգում է
ամեհի
մի երգ:

Թե ով է դյութում
հուզմունքով
նրան`

Դուք մրրիկներին
հարցումներ
արեք

Եվ հուր աստղերից
առեք
պատասխան:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։