ԱՆՁՐԵՎ
Հյուսի՛ր ինձ, անձրև՛,
Զովերով խշշող թելերիդ սաթե,
Ու գնանք մեկտեղ
Դեպի հեռավոր հովիտն իմ ցավի.
Աղբյուր կա այնտեղ,
Շուրթերին՝ լացող վին է արծաթե,
Այնտեղ երազի աճյունից ելած
Ծաղիկն է ծավի։
Այդ հովիտն ի վեր սարսուռ է լույսի,
Հով է պապանձված,
Լլկված խաչքարի տնքոց է ու ճիչ,
Ձայներ են լացի…
Այդ հովիտն ի վեր խանձված սեզեր են
Ու արտ է խանձված,
Արցունքի փոխված ցողեր են այրվող
Հեգ լուսաբացի։
Մատուռ կա այնտեղ,
Մամռոտ կողերին հետքեր են հողմի,
Իսկ քիվերն ի վար կսկիծ է քամվող
Պարտության հուշի…
Քարեքար զարկվող մի ցավոտ մայուն
Հեծեծում այնտեղ,
Թևում է մոլոր, գնում ծվարում
Խորքում մշուշի։
Ընթանանք, անձրև՛,
Դեպի հեռավոր հովիտն իմ խլված.
Ուզում եմ սիրտն իմ այդ խարկված հողի
Քարերին գամել…
Մորմոքից այրվող լույսն իմ արցունքի՝
Թելերիդ փռված,
Քո զովերի հետ նրա ճաքճքած
Շուրթերին քամել։
Դե՛, հյուսի՛ր, անձրև՛, հինի՛ր ինձ
Խշշող թելերիդ սաթե,
Ու ճամփա ընկնենք,
Գնանք հեռավոր հովիտն իմ ցավի,
Գնանք ու շոյենք աղբյուրիս
Լացող վինը արծաթե,
Շոյենք երազի աճյունից ելած
Ծաղիկը ծավի։
ԱՐՑԱ՛Խ, ԵՐԿԻՐ ԻՄ ՍՈՒՐԲ
Ափերիս մեջ լիներ
Պտղունցը քո հողի,
Սպիներն իմ շոյող նշույլն այգաբացիդ
Ափերիս մեջ լիներ.
Քեզ լո՜ւռ շոշափեի այրվող իմ մատներով,
Ու զրնգար իմ մեջ
Մանուշակով բուրող լազուրն աղբյուրներիդ,
Մանուշակով բուրող քարափներիդ
Կապույտ լռությունը զնգար։
Քեզ լուռ շոշափեի,
Եվ իմ ջլախախտիչ, դեղին տենդը մարեր
Ու տագնապն իմ մթին։
Կանչո՜ւմ ես դու հեռվից,
Քո լեռներն են կանչում՝
Վսեմ տաճարների սյուն ու գմբեթ դարձած։
Ու կանչում է, Արցա՛խ,
Որձաքարիդ ջղուտ մկաններից պոկված
Կրակը շեկ շանթի։
Եվ այդ սուրբ կանչերից
Արյունն իմ բռնկվում
Ու քամվում է, Երկի՛ր,
Խորքը երակներիդ՝
Եզերքների՜ց օտար,
Քո ծարավից այրվող
Իմ կարոտն է քամվում,
Աղոթքն իմ ծնկաչոք
Քո համերով բուրող։
Ու ես, Երկի՛ր իմ սուրբ,
Մրրիկներից այրված
Իմ կրծքի տակ պահվող
Քո բույրերն եմ շնչում,
Որ չհանգչեմ հեռվում,
Օտար հողմերի մեջ։
ՌԵՔՎԻԵՄ
Ա՜խ, սարե՛ր իմ խլված,
Գերեվարված սարե՜ր…
Ես այս գիշեր դարձյալ
Տառապել եմ անքուն,
Գալարվել եմ ցավից։
Ես այս գիշեր
Վայրի քամիների թևով
Սուրացել եմ վերև,
Որ շանթն իմ ցասումի
Տիրոջ կողը խրեմ,
Եվ իմ ըմբոստության հրե փայլակներով
Ձեր փեշերին հածող
Դեղին մուժը ցրեմ,
Ձեր վիհերից ելնող ծուխը դեղին…
Ես այս գիշեր կրկին լսել տնքոցը ձեր
Ու ձեզ մոտ եմ եկել քամիների թևով։
Եկել, աճյուններն եմ շոյել
Ձեր փեշերին հանգած ծաղիկների,
Ու թախիծն եմ շոյել
Ձեր խորքերից բուսած
Տոկուն իմ մասրենու,
Ու հետ դարձել նորից
Հովիտն իմ քարքարոտ։
Ու հետ դարձել, սարե՜ր,
Բոբիկ իմ ոտքերին՝ ձեր այգաբացների
Լույսը արնաքամվող…
ԳԹԱՍԻՐՏ ԵՂԻՐ
Այս մնջախաղից,
Այս տաք ու պաղից,
Շարժուձևերից այս խունջիկ-մունջիկ
Հոգնե՜լ եմ արդեն…
Հոգնել եմ փոշոտ այս մենությունից
Եվ այս մոլեգնող անտերությունից,
Մթին դարանից ինձ միշտ հետևող
Այս քսու դավից,
Այս ջղացավի՜ց…
Տե՛ր իմ երկնային,
Եկ ու փարատիր մորմոքն իմ հոգու,
Ինձ ձերբազատիր
Շնչահեղձ անող մղձուկից այս սև
Ու վանիր այդպես
Սիրտս ծվատող երկյուղն անկումի։
Սիրտս խոցահար…
Վիրավո՜ր է նա,
Ե՛կ, աջդ դարձրու նրան ապավեն
Ու ապաքինիր խորանիդ լույսով,
Եվ այնպես արա,
Որ իր խորքերից վերստին հանի
Մաքուր մեղեդին,
Որի քնքշանքից փխրում են, Տե՛ր իմ,
Սրտերը քարե,
Դառնում սեր ու խիղճ,
Որի քնքշանքից ծաղիկ է դառնում
Լցվող հասկերի լույսը խափանող
Որոմը լեղի։
Տե՛ր իմ երկնային,
Աղերսում եմ քեզ,
Գթասիրտ եղիր։
* * *
Աշո՛ւն, քնքշանքներդ
Դիր թևերիս, տանեմ,
Տանեմ մորս
Խոնավ շիրմաքարին փռեմ,
Ծունկի իջնեմ այնտեղ
Խոնարհ սեզախոտին,
Շուրթիս մի սուրբ աղոթք,
Քարանամ ու լռեմ…
Ա՜խ, ես նրա ցավոտ
Հոգեվարքն եմ հիշում,
Կաթիլն արտասուքի
Փակվող կոպին մարող…
Ես աղերսում անձայն
Տիրոջը երկնային,
Բայց նա էլ էր անզոր,
Նա էլ էր անկարող…
Մայրս՝ խեղճ ու ուժատ,
Խորա՜ն էր սրբության,
Փշերը կույր բախտի
Շատ են նրան խածել…
Մայրս, գիշերն ի լույս
Սնարիս խոնարհված,
Իմ ճակատի գիրն էր
Ուզում բացել։
Աշո՛ւն, հիմա նա սև ու ցուրտ
Տապանի տակ՝
Մանկությունն իմ գրկած,
Հոգնածորեն ննջում,
Ու գորովն իր հոգու
Նրա վրա փռած,
Մաքո՜ւր իր աղոթքն է
Երևի շշնջում։
. . . . . . . . . . . . . . . . .
Շշուկներ են ելնում
Շիրմաքարից խոնավ,
Դողդողալով գալիս,
Խառնվում լուսաբացին. –
Ես չգիտեմ, աշո՛ւն,
Հոգոցնե՞ր են դրանք,
Թե՞ հեռավոր ձայնն է
Մորս լացի…
ՄԱՇՈՒԿ
Հոգուս մեջ լացող աշունն այս խոնավ,
Կսկիծն այս ցավի խուլ ու սրտմաշուկ…
Փաթաթի՜ր ինձ քո սեզերով խոնարհ,
Դարձրու ինձ ցողիդ սարսուռը, Մաշո՛ւկ։
Խառնի՛ր ինձ ծխին մխացող մուժիդ
Ու քարերդ ի վար մորմոքն իմ կախիր,
Նրանց խորքերում կայծկլտող հուշի
Թախծության լույսով սիրտն իմ թաթախիր։
Դիր հողմիդ թևին ինձ՝ տառապյալիս.
Գնամ, անհայտի խորքերը մտնեմ,
Բացեմ ծալքերը ծանր խավարի,
Զոհված երգերի աճյունը գտնեմ։
Քնքշորեն շոյեմ ծաղիկը ցավիդ,
Շոյեմ կապույտիդ թևերը հածող.–
Իմ կրծքին առնեմ գնդակը դավի
Դեպի պոետի սիրտը սլացող…
Փաթաթի՜ր ինձ քո սեզերով խոնարհ,
Դարձրու ինձ ցողիդ սարսուռը, Մաշո՛ւկ.–
Հոգուս մեջ լացող աշունն այս խոնավ,
Կսկիծն այս ցավի խուլ ու սրտմաշուկ…